ՀԳՄ բանավեճի ակումբի հերթական նիստը նվիրված էր գրականության դասագրքերին: Լավ է, որ դասագրքերը ուշադրության են արժանանում: Խնդրի գիտակցումն առավել կարևոր է, քանի որ գրականության դասագիրքը ազգային արժեք է:
Վերջերս ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը կվերանայվեն ամբողջովին, որովհետև «այսքան տարում… ընդհանուր հատակագծային փոփոխություններ չեն կատարվել» («Կրթություն» շաբաթաթերթ, 21.05.2014, էջ 9): Գնահատականը սկզբունքային է, երբ հաշվի են առնվում հասարակական համակարգային փոփոխությունները:
Այնուամենայնիվ, գրականության ներկայիս դասագրքերը կազմվել են ժամանակի պահանջների հաշվառումով: Մեզ ավելի հուզում են մի քանի կոնկրետ խնդիրներ: Առաջինը, որ կցանկանայինք նշել, դասագրքերի հագեցվածությունն է առատ գրապատմական փաստերով, որի պատճառով թեմաները դժվար ուսուցանելի են:
Դասագրքերում պետք է տեղ ունենա գլխավորը, էականը. դրանցում պետք է բացակայի մենագրական տարրը, որը դեռևս հաղթահարված չէ:
Անհրաժեշտ է հրաժարվել գրական երկերին տրվող հուզազգացմունքային գնահատականներից, որը մղում է դեպի մակերեսային ընկալումներ: Դասագիրքը պետք է պահպանի մատչելի գիտականության և սուբյեկտիվ գնահատականի բացակայության սկզբունքը: Եկեք խորհենք դասագրքի առողջ բարոյական դիմագծի մասին, ինչը ենթադրում է պատմական ժամանակաշրջան-գրական ստեղծագործություն կապի ճշգրիտ վերհանում:
Հումանիտար և բնագիտական հոսքերի դասագրքերը բովանդակությամբ և շարադրանքով քիչ են տարբեր, առանձնանում են նյութերի ծավալաչափով: Սա ի վնաս է բնագիտական հոսքի աշակերտության, որովհետև գրականության մատուցման եղանակը հումանիտար հոսքից բոլորովին այլ պետք է լինի:
Բուհ ընդունվելու համար տեստերը անգիր են յուրացվում (ինչ-որ քանակի աշակերտների կողմից), իսկ դասագրքի` իմացության աղբյուրի դերը աստիճանաբար անտեսվում է: Դասագրքի հսկայական նյութը` միտված աշխարհայացքին, գեղագիտական ու բարոյագիտական թիրախներին, ստորադասվում է «առաջնայինին»` ընդունելության միավորների ձեռքբերմանը:
Դասագիրքը օտարանում է աշակերտին:
Ուսուցիչներին, բնականաբար, առաջադրանք է տրված կանխել կրկնուսույցներրի դերակատարությունը: Բայց, ահա, ծնողները կրկնուսույցների կողմն են: Աշակերտը կարող է դասագիրքը չիմանալ, բայց շտեմարանը նրան ներս կտանի բուհ: Հաղթում են սոսկական հիշողությունը, կաղապարը:
Ուրանալ չի կարելի` տեստերը աշակերտին կապում են բնագրի հետ: Ցավոք, նաև չկարդացած բնագրի հետ:
Ուսուցիչը, լինելով ծանրաբեռնված, դժվարանում է ստուգել երկերի ընթերցումը, և դասը անց է կացվում համարյա միայն դասագրքով:
Համակարգչի և դասագրքի մրցակցությունը մեր ժամանակի մարտահրավերն է: Այս նկատի ունենալով` առաջարկում ենք՝ դասագրքերն ունենան համացանցային տարբերակներ: Նման պարագայում հեշտ կլինի զուգահեռել դասանյութն ու տեստը, առաջադրել բառացանկեր և այլն:
Աշակերտը պետք է ոչ միայն լուծի տեստային առաջադրանքը, այլև տեստեր կազմի, ինչը նրան կմղի բնագրի հետ ինքնուրույն աշխատանքի:
Գրականության դասագիրքը, ըստ էության, դասական գրականություն է մատուցում:
1960-ականներից սկիզբ առած գրականությունը (մոդեռն) դասագրքից դուրս է մնում, որը լուրջ ճանապարհ է անցել և կապի մեջ է ընդհանուր մշակույթային զարգացումների հետ: Հասարակական, գաղափարական, գեղագիտական վերափոխումները, արտացոլված ներկայիս գրականության մեջ, չեն կարող երկար անտեսված մնալ: Դասագրքերը աշակերտին պահում են երկու և ավելի տասնամյակ հեռավորության ցանկապատից այն կողմ: Մոդեռն և նեոդասական գրականության ուսումնասիրման ժամանակը 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակն է, որը հիմնականում տրված է կրկնություններին: Այժմ նույնիսկ դասական ստեղծագործությունների մատուցումը պահանջում է արդիական հայացք ու չափանիշներ:
Ուշացած է ոգևորությունը դասագրքերում արևմտահայ, սփյուռքահայ հեղինակների առկայության համար: Այժմ խնդիրը միասնական հայ գրականության ուսումնասիրումն է` ազգային գաղափարաբանության ռեալացման հիմքով: Լայն դիտանկյունով պետք է ներկայացվեն հայրենիքի և Սփյուռքի գրականությունների միասնական, ազգային ճակատագրով և շահերով թելադրված ընդհանրությունները:
Տասներորդ դասարանի ընդհանուր հոսքի դասագրքում համապատասխան տեղ չունեն հոգևոր գրականության ժանրերը, ինչը հետևանք է նախկին տխուր ավանդների շարունակության:
Տասներկուերորդ դասարանի հումանիտար հոսքի գրականության դասագրքում զետեղված (էջ 154-184) «Նորագույն շրջանի հայ գրականությունը» ակնարկը պարզապես վերաբերում է 20-րդ դարի երկրորդ կեսի գրողներին, ուրեմն այդպես էլ պետք է վերնագրվեր:
Լավ է, որ նույն դասագիրքը ավարտվում է «Հայ գրականության պատմական նշանակությունը» ամփոփումով, որը հայ գրականության միեղեն նպատակի ու ճանապարհի հակիրճ գնահատականն է:
Ավագ դպրոցի գրականության ուսուցիչը պետք է հանդիսանա կենդանի դասագիրք, նա պետք է անձնական գործունեությամբ տա դպրոց-բուհ մերձեցման երաշխիք:
Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ