Գարուն է, ձնհալ: Վարարել են Աղստև, Հախում, Ջողազ գետերը, առու և աղբյուր: Վարարել են և գնում են, բայց ո՞ւր: Այս հարցին գուցե շատերը պատասխանեն` դե, դաշտեր, որ այգի ու արտ ջրվի, բայց ինչպե՞ս: Ամեն անգամ այս հարցն եմ տալիս ու միշտ էլ մնում եմ անպատասխան: Գիտեմ, որ այս հարցն ամենից շատ հուզում է հողագործին: Նրանցից քանի՞սն են այս հարցն իրենց տվել: Գուցե՝ այո՛, բայց իրենց հարց ու պատասխանի մեջ որքան էլ արդարացի լինեն, միևնույն է, ոչինչ անել չեն կարող: Չեն կարող, որովհետև իրենց գործը չէ, նրանց գործը հող մշակելն է, վարուցանքը, բարիք ստեղծելը, որքան էլ դժվար, ծանրացած հոգս ու ցավի մեջ, բայց կարողանում են: Հարցին պատասխանողն ուրիշն է: Միամիտներից էլ չեմ, որ ասեմ՝ այս մասին մտածողներ չկան, կան, իհարկե, բայց սա հարց է, որի մասին ոչ թե գեղովի, այլ ազգովի պիտի մտածենք: Որովհետև ազգային հարց է: Ջրառատ են մեր լեռները, ջրառատ են նաև Տավուշ աշխարհի լեռները, սարերը, և նրանց ջրերը չգիտես՝ ուր են գնում և ում արտ-այգին ջրում: Տարեկան քանի՞ խորանարդ ջրաքանակ է կազմում Տավուշի տարածքով հոսող գետերի պաշարը, և որքան բաժին ենք վերցնում մեր իսկ գետերից: Տավուշի մարզը մեր հարևանների հետ 300 կմ սահմանագիծ ունի: Սահման, որ արդեն քանի տարի գնդակոծության տակ է՝ գիշեր-ցերեկ, քնած ենք թե արթուն, խրամատներում ենք թե տան նկուղներում:
Սահմանագծից այն կողմ հիստերիա, վայնասուն է, սադրանք,- մեր գետը, մեր ջուրը… Իրենցն են արել ջրամբարներն ու գնդակոծության տակ են պահում հայ ջրվորին: Նույն վիճակում են հայտնվել Նոյեմբերյանի ու Բերդի գյուղական համայնքների հողագործները: Եվ, ո՛վ զարմանք` Սարսանգի ջուր են ուզում:
«Սովետական Հայաստան» թերթում, 1978 թ. փետրվարի 12-ի «Ոռոգումը կվերստեղծի երկիրը» վերտառությամբ ծավալուն հոդվածը նվիրված է Ջողազ գետի վրա կառուցվող ջրամբարի շինարարությանը՝ որպես բարեկամության կառույց: Կարդում եմ` «Մեր շինարարները մեծ խանդավառությամբ ընդունեցին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի` «Հայկական ՍՍՀ-ում ոռոգելի հողատարածության հետագա զարգացման և արդյունաբերության բարձրացման միջոցառումների մասին» որոշումը, որը հայ ժողովրդի նկատմամբ հարազատ կուսակցության և կառավարության ջերմ հոգատարության վկայությունն է: Այն իսկական բարեկամության կառույց է»: Եվ ինչպես շարունակության մեջ է նշված, որովհետև այն ոռոգելու է ոչ միայն Իջևանի և Նոյեմբերյանի, այլև հարևան ադրբեջանական Ղազախի շրջանի մոտ 4700 հեկտար վարելահողեր: Այո՛, բարեկամության կառույց…
Ինչևէ. այդ օրերին իրականացվեցին 8 միլիոն ռուբլու շինմոնտաժային աշխատանքներ, որի նպատակն էր ոռոգման ենթարկել 300 հեկտար հող, շարք էին մտնելու 1-ին և 2-րդ աստիճանի 3 հզոր ջրհան կայաններ, 160 կմ ոռոգելի ցանց, մայր ջրանցքներ, 3 էլեկտրակայան և այլն: Ջրամբարի ծավալը 45 մ3 է: Վերը նշված տողերում տեղադրված թվային տվյալները կարդացողին գուցե զարմանք թվա` այդքանից հետո ոռոգման խնդի՞ր: Շտապեմ ասել, որ այդ ամենը հակառակորդի գնդակոծումից շարքից դուրս են եկել, «Ոնց թե, մեր եղբայրներին ջո՞ւր»: Պայթեցվել են ոռոգման ցանց ու ջրհան կայաններ: Նման իրավիճակում ջուր որտեղի՞ց:
Ականատեսիս վկայությամբ, երբ նոր էին սկսվել հատակագծային չափումները, նրանց կողմից «քննադատության» էր ենթարկվում, անգամ գաղտնի պայթուցիկ նյութեր էին բերում և տեղանքը պայթեցնում ուշ գիշերներին: «Չենք ուզում մեր գետը բանտվի»-պատճառաբանելով: Բայց «բարեկամության» կառույց էր, կառուցվեց: Ո՞նց դեմ գնային լենինյան քաղաքականությանը: Կառուցվեցին նաև Հախումի (12 մլն մ3), Այգեձորի (4 մլն մ3) ջրամբարները, որոնք ամբարում են շուրջ 66 մլն մ3 ջուր: Եվ այդ ամենը 2016 թ. 01-01 դրությամբ պիտի ոռոգելի դարձնի (կադաստրային հաշվարկով) այսպես` Իջևանի տարածքային 5333, Նոյեմբերյանի տարածքային 10432 և Բերդի տարածքային 5024 հեկտար հողերը: Մինչդեռ հաշվարկներն այլ են, ավելի ճիշտ, իրականությունը ցույց է տալիս, որ հնարավոր է, ոչ ավել, ոչ պակաս, ընդամենը 8000 հա, որը կբաշխվի Իջևան՝ 1500, Նոյեմբերյան՝ 4000, Բերդ 2500 հա հողատարածքների միջև: Այ քեզ եղբայրություն, այ քեզ քաղաքականություն, իսկ մենք այս գործում ինչ ենք շահում, կամ այդ ջրերն ուր են գնում, երբ մեր վայ-հարևաններն անվերջ ջուր են ուզում, «ծարավ ենք, Սարսանգի ջրամբարի ջուրն ենք ուզում» աշխարհով մեկ բղավելով: Իսկ մենք մոռանում ենք, որ թուրքի զենքը միշտ էլ սադրանքն ու դեմագոգիան է: Ասենք, թուրքը թուրք է, իսկ մենք չե՞նք կարող վերոհիշյալ տվյալները մտցնել աչքները, կարող ենք, չէ՞: Ոչ թե, ինչպես մեր պատվիրակության պատճառաբանությունն է` «պատրաստված չէինք»: Ոնց թե… Չէ՞ որ դա նման է որսորդի` առանց հրացանի անտառ մտնելուն: Մեր դարավոր թշնամուն նո՞ր պիտի ճանաչենք: «Պատրաստ չէինք» արտահայտությունն ինքնին անգամ զայրացուցիչ է:
Տարիներ առաջ ԱԺ-ի մեր պատգամավորը հանդիպման ժամանակ մեր հարցերին պատասխանելու, տեր կանգնելու փոխարեն ասաց. «Գիտեք, դեռ նոր եմ, պիտի սովորեմ՝ նոր…»: Դահլիճից մի տարեց հեգնեց. «Վա՛յ մեր գլխին, ինչ է, քեզ նոր դպրոց ենք ուղարկել սովորելո՞ւ, թե՞…»:
Հիմա մեր պատվիրակությունն է:
Ինչ որ է… Մի՞թե հայտնի չէ, որ նշածս ջրամբարները մերն են ու մերը չեն: Ի՞նչ պատասխան պիտի տանք հողագործին, երբ սկսված են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Չպիտի մոռանանք, որ օրեր անց այն հողը, որ մեզ կերակրում է իր բերք ու բարիքով, հողվորից ջուր է ուզելու, «ծարավ եմ, ջո՜ւր» է կանչելու: Այն էլ ջրառատ ջրամբարների հարևանությամբ: Հատկապես` սահմանապահ Բերքաբեր գյուղը: Գետի տարիքն ունեցող այս գյուղը ոռոգման ջուր չունի, առաջ 609 հա օգտագործելի, որից միայն վարելահող 450 հա և 157 հա այգի, ունեցողին այժմ մնացել է 153 հա միայն և 45 հա հացահատիկի դաշտ ու խոտհարք: Ավելին, ծփացող ջրամբարից ջուր առնելու փոխարեն միակ հույսը դեռևս 1937 թ. 15 կմ հեռավորությունից բերված ջրատարն է, որի և՛ տարողունակությունն է ցածր, և՛ պահելու ծախսերը: Գյուղացուն ամենօրյա կրակոցները թողնում են ընդամենը տան շեմքի մի ափ բանջարանոցը խնամել: Կրակոցների տակ ո՞նց մշակի: Առանց այն էլ մեկ տասնյակից ավելի զոհ ունի, էլ չենք ասում` վիրավոր հող ու բնակիչ: Ո՞նց անեն, ի՞նչ պատասխան տալ… Ինքս էլ դժվարանում եմ, գիտեմ մի բան, որ մեր ժողովուրդը գիտակցում է ժամանակի շունչը, որ իրենք են այս երկրի տերը, որ 300 կիլոմետր սահմանային գծում, որի հակառակ կողմում մեզ բաժին է ընկել նման հարևան, զգոն պիտի լինել: Հիմա, որ Սահմանապահ է, ոչ Սահմանամերձ, ինչպես առաջներում էինք անվանում, երկրապահ ու զինվոր: Առաջ, երբ բանակ չունեինք, երկրապահ էր մեծից փոքր, փոքրից մեծ: Հրացանի տեղ բահ ու եղան առած կամ էլ մի քանի որսորդական հրացան` ժանգոտ ու հին: Թեև այդպես էր, այդպես է և հիմա, մեկ է` սահման էին պահում ու պահում են հիմա` մեր զորավոր, կայացած բանակի թև ու թիկունք են: Ափսոս, որ զոհեր էլ են լինում, որ այդ զոհերի հարազատները որքան էլ վշտանում, տեր են կանգնած իրենց ոտքի տակ եղած կտոր հողին: Նախնիների խոսքը` «Հողը սուրբ է, հաց ու կյանք, լքեցիր, դավաճան ես», բա ոնց, հողը քեզ կերակրի, դու նրան լքե՞ս… Ցավալի է: Էս օրերին գնացողներ էլ կան: Ինչո՞ւ առաջները չեն առնում: Երբեմն հեռուստացույցով էդ գնացածներին ցույց են տալիս իրենց շքեղ մեքենաներով ու ճոխ հագուկապով, գովազդում արտասահմանում նրանց ապրելակերպը, ասես նպաստում են արտագաղթին, ո՞նց կլինի: Թող գովազդեն հողի մշակին, սահմանապահ գյուղացուն: Հեռուստացույցի էկրաններին հաճախ ենք տեսնում դերասանի և երգչի, ովքեր «Չէին սպասում», հասկացանք, վատ չէ, բա էդ «Չէին սպասումը» ինչո՞ւ մի անգամ չի մտնում սահմանապահ որևէ համայնքի տներից մեկը, նրանք էլ «Չէին սպասումին» կարոտով են սպասում: Կամ մայրաքաղաքում, մի՞թե այդքան «աստղեր» կան, աստղերը սահմաններում ու խրամատներում գիշեր-ցերեկ կանգնած տղաներն են, մեր բանակի մարտիկները՝ հպարտ ու տոկուն: Փառք ու պատիվ նրանց, նրանց ծնողներին: Այ, ասում ենք՝ գարունը եկավ, ուրախացանք ձյան առատությամբ, բայց ո՞ր մեկիս մտքով է անցել, որ մեր տղաների ոտքերը ձմռան բոլոր օրերին խրամատներում են եղել ու… Եվ կրկին ուզում եմ հիշեցնել մեր «Չէին սպասումին», թող այցելեն որդեկորույս այն մայրերին, որոնք գյուղ ու սահման չեն լքում:
Հիշում եմ, 90-ականներից հետո էր, արտասահմանցի հոգևորականներ էին եկել մարզ, ես էի նրանց ուղեկցում: Սահմանային գյուղերն էինք շրջում, այցելում զոհված ազատամարտիկների շիրիմներին, նրանց խմբում նաև երեցկին կար: Ամեն անգամ նահատակաց շիրիմներին խոնարհվելով՝ շշնջում էր. «Երանի իմ որդիս ալ հոս, աս հողին վրա նահատակված ըլլար»: Լսում էի նրան ու զարմանում: Այս տողերը գրում եմ ու նրա խոսքերն եմ հիշում: Նաև՝ մորս խոսքը` «Գյուղը չլքեք»: 86 տարեկանում հեռացավ կյանքից: Շուշիի ազատագրման օրը, երբ ազերիները մեր բանակի ուշադրությունը շեղելու նպատակով գնդակոծում էին նաև Բերքաբերը (այդ օրը 32 արկ կպավ գյուղին), ուզում էինք տարեցներին ու փոքրերին տեղահանել, ոչ մեկը չհամաձայնեց, այդ թվում` մայրս. «Իմ տան մեջ, իմ հողի վրա թողեք մեռնեմ… Մեծերիս հանելով՝ գյուղն եք ուզում լքել, չէ՛, չեմ հեռանա իմ սուրբ հողից»:
Սա միայն նրա խոսքերը չէին, նույն կերպ էին մտածում մյուսները:
«Գյուղը չլքեք»: Ու ես համոզված եմ, որ սահմանի վրա յուրաքանչյուր նահատակվածի շուրթերին սառած վերջին խոսքերը հենց դրանք էին` «Գյուղը չլքեք»:
Փառք նրանց` գյուղը պահող ու նահատակված, խոնարհում նրանց ու նրանց ծնողաց, այրիացած հարսներին, սիրած աղջիկներին, որոնց սերը փշրվեց չարագործ ազերիների արձակած գնդակներից: Օրերը խառն են, լուրերը` չարագույժ: Ուզում եմ զգոն լինենք, հավասարակշիռ ու ազգովի միաբան, քանի որ դեռ գործում է հակառակորդի քարոզչամեքենան: Այցելենք սահմանապահ գյուղերում ապրող մարդկանց և ազգովի տեր կանգնենք մեր հարստությանը, որ սահմանը չխախտվի, որ հողը ծարավ չմնա…
Բերքաբեր – Իջևան, 2016 թ.