Գորիսում նշվեց Ակ. Բակունցի ծննդյան 115-ամյակը: Այն իրենց ներկայությամբ պատվել էին գրողներ Երևանից ու Գորիսից `ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ, Արցախից՝ գրողներ Վարդան Հակոբյանը, Ռոբերտ Եսայանը, պաշտոնատար անձինք:
Իրար են հաջորդում ելույթները: Եվ բոլորի ելույթներում շեշտադրվում է Բակունց գրողի տեսակը, Բակունց մարդ տեսակը: Իսկ շատերին չէ, որ վիճակված է նման ՏԵՍԱԿ ունենալ: Ու այդ հանրագումարի արդյունքն է, որ Բակունցը, ինչպես ասաց ԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադիա Ծատուրյանը, սկսվում է Զանգեզուրով ու ծավալվում համաշխարհային օվկիանոսի ափերում և հայ գրականությանը տալիս նոր ռիթմեր, որոնց շնորհիվ Բակունցի արձակը գալիքվելու այցեքարտ է ստացել:
Էդ. Միլիտոնյան (ՀԳՄ նախագահ) – Բակունցը մեր լեզվամտածողության, գրական ճաշակի ձևավորման տեսանկյունից անկյունաքարային իր տեղն ունի: Նրա արձակը մեր ժողովրդի պատմությունն է, ժողովրդի հոգեբանությունը բանաստեղծական ընկալմամբ է ներկայացված: Բակունցը հզոր կաղնի է մեր գրականության պատմության մեջ:
Վ. Հակոբյան (Արցախի ԳՄ նախագահ) – Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Բակունցի հարկի տակ, ունենում եմ անբացատրելի զգացումներ, որովհետև ֆիզիկապես այստեղ հայտնվելով, ես դառնում եմ Բակունցի տան բնակիչը: Բակունցի ստեղծագործությունները բարձրացնում են մարդուն: Իսկ այդ զգացումը առավել ևս ունենում ես այստեղ, ու քեզ թվում է, թե մտել ես մի սուրբ տաճար, ուր ամեն պատ պիտի համբուրես:
Ա. Վարդանյան (բանաստեղծուհի) – Բակունցը այն գրողներից է, ում գործերն ընթերցելով ես դարձա բանաստեղծ: Արվեստագետի մեծությունը այն է, որ կարողանում է կախարդական արվեստի աշխարհ տանել ընթերցողին: Իսկ Բակունցը մեծ արվեստագետ է: Մենք երջանիկ ենք, որ ունենք նման հզոր արձակագիր:
Գ. Դավթյան (բանաստեղծ) – Լաստի խութից մինչև Խուստուփ, Իշխանասարից մինչև Կապուտջիղ, Մթնաձորից մինչև Կարմրաքար Բակունցը ամեն քարի ու թփի, ծաղկի ու ծառի լեզուն իմացող մեծ արվեստագետ է: Եվ որպես այդպիսին, նա անկրկնելի է: Նա հայ գրականության պատմությունում եզակիներից է: Եվ այսօր ես այստեղ եմ Բակունցի հրավերով:
Գրողի հոբելյանը նշվեց լրիվ նորոգված հայրենական տանը: Տուն թանգարանը հարստացվել է Բակունցի մասին պատմող նոր փաստաթղթերով, լուսանկարներով: Այստեղ միրհավ էլ կա, որ արդեն ձագ է հանել, ալպիական մանուշակ էլ:
Տուն թանգարանի բակում քայլում են Բակունցի հերոսները: Ու Արթին պապը նամակ է գրում ռուսաց թագավորին: Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանների բեմադրությունն է: Իսկ Բակունցի տուն թանգարանին կից գործող «Միրհավ» գրական խմբակի ուսանողները, գրականագետ Թեհմինա Մարությանի ղեկավարությամբ, ներկայացնում են հատվածներ Բակունցի ստեղծագործություններից: Գրողի անունը կրող քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ևս մասնակցում են բակունցյան կոլորիտը ներկայացնելուն:
Բակունցի ծննդյան 115-ամյակին ներկա էին նաև գրողի թոռները, ծոռը` Ալեքսանդրը:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ