Մեծ բանաստեղծի մասին նրա մոսկովյան մտերիմները / Ջուլիետա ԿԱԺՈՅԱՆ

Մոտենում էր 1984 թվականի հունվար ամիսը` Պարույր Սևակի ծննդյան 60-ամյակը: Որոշեցի այդ օրվան նվիրված հաղորդումն ամբողջովին նվիրել Սևակի մոսկովյան տարիներին: 1951 թ. բանաստեղծը մեկնել էր Մոսկվա՝ ուսանելու Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո էլ նա երկար ժամանակ մնացել է Մոսկվայում, աշխատել նույն ինստիտուտում` վարելով հայ թարգմանիչների համար կազմակերպված դասընթացները: Պ. Սևակը Մոսկվայից վերադարձավ 1958 թվականին: Հետաքրքիր էր, թե մոտ 30 տարվա հեռավորությունից ինչպե՞ս են հիշելու, ի՞նչ են պատմելու մեր մեծ բանաստեղծի մասին նրա մոսկովյան մտերիմները, գործընկերները, ռուսական գրականության անվանիները: Հաղորդումը եթեր գնաց Սևակի ծննդյան օրը:
30 տարի առաջ եթերում ընդամենը մեկ անգամ հնչած մոսկովյան ելույթների հայերեն թարգմանությունը պահպանվել է, դրանցից երեքն ուզում եմ ներկայացնել «Գրական թերթի» ընթերցողներին:

Ջուլիետա ԿԱԺՈՅԱՆ

Բելլա Ախմադուլինայի խոսքը

Պարույր Սևակ…
Իսկապես, ես ի՞նչ պատմեմ ձեզ նրա մասին, չէ՞ որ դուք նրան ավելի լավ եք ճանաչում: Դուք ինձանից երջանիկ եք: Նրան կարդում եք ձեր լեզվով: Իսկ ձեր լեզուն, որքան էլ որ ես սիրում եմ, այնուամենայնիվ, ինձ համար մնում է որպես չպարզաբանված հարմոնիա:
Եվ այսպես. ես ի՞նչ պիտի ասեմ ձեզ, երբ դուք ինձանից լավ եք ճանաչում նրան:
Չգիտեմ…
Ես այսպես ծածկում եմ աչքերս, դուք տեսնում եք, որ ծածկել եմ աչքերս, իսկ ես տեսնում եմ 50-ական թվականների վերջերը` իմ երիտասարդությունը: Իմ անցած երիտասարդության համար ես չեմ ափսոսում: Ես սիրում եմ ուրիշների երիտասարդությունը և ավելի շատ փայփայում իմ այս տարիքը:
Բայց խոսքը Պարույրի մասին է:
Եվ այսպես, երբ ծածկում եմ աչքերս, տեսնում եմ նրա դեմքը, նրա աչքերը: Հիմա ինձ չի թվում, թե Պարույրը մեծ է ինձանից, իսկ այն ժամանակ դա շատ զգալի էր, և ես հասկանում էի, որ այդ մարդու մեջ, նրա դեմքի վրա, նրա քայլելու, խոսելու մեջ կյանքը ճանաչելու մեծ փորձ կար, ավելին, քան ինձ էր տրված հասկանալու, իմանալու:
Ամեն ինչում կարելի է սխալվել, բայց տաղանդի հարցում՝ երբեք, նամանավանդ, երբ այդ տաղանդը քո կողքին է:
50-ականների վերջերին, 60-ականների սկզբներին շատ բանաստեղծներ մեծ ճանաչման արժանացան: Նրանք դահլիճներում և լսարաններում իրենց պոեզիան էին ներկայացնում հասարակությանը, ժողովրդին:
Պարույր Սևակը դրանց չէր մասնակցում, և ես հիմա եմ հասկանում, որ նրա այդ անշտապողականությունը, փառքի չձգտելը նրան տվեց ավելին` իր հարազատ ժողովրդի մեծ սերը: Պարույրը լավ ու մաքուր գտնվեց նրանցից, ովքեր իրենց ժամանակը ծախսում էին ելույթներում` իրենց հանրաճանաչ դարձնելու համար:
Ես մեղավո՞ր եմ Պարույրի առաջ: Ո՛չ:
Ես մեղավոր եմ հայ ժողովրդի առաջ: Այո՛, որովհետև քիչ եմ թարգմանել:
Մենք մեծ կսկիծ ու վիշտ կրեցինք` նրան կորցնելով, բայց եկեք դա կորուստ չհամարենք, որովհետև իսկական բանաստեղծի կյանքում կորուստ, պատահականություն, դժբախտ պատահար չի կարող լինել: Դա նշանակում է` Պարույրը գնում է մեզանից, որ ընդմիշտ մնա մեզ հետ: Մեզ համար, իր ժողովրդի համար անելով այն ամենը, ինչ որ նա կարող էր անել:
Ուրեմն, եկեք մխիթարվենք նրա ներկայությամբ, նրա մտերմությամբ հիմա և ընդմիշտ:

Բանաստեղծ Յուննա Մորիցի խոսքը

Ես ծանոթացել եմ Պարույր Սևակի հետ գրականության ինստիտուտի միջանցքում 1955 թվականին:
Այդ տարիներին ինստիտուտում գրականության հարցերի շուրջ բորբոքված վեճերից օդը շիկացած էր: Մարդիկ բանաստեղծություններ էին կարդում, վիճում իրար հետ: Հանկարծ մեկն ինձ ասաց. «Նայի՛ր, լուսամուտի գոգին նստած է հայ նշանավոր բանաստեղծ Պարույր Սևակը, և հիշի՛ր` նա անհատականություն է»: Ես նայեցի լուսամուտի գոգին նստած մարդուն, նա նման էր եթովպացու. վտիտ էր, թուխ, աչքերը փայլում էին: Նա ինձ ժպտաց, և այդպես մենք ծանոթացանք:
Երեկոյան Պարույրը եկավ հանրակացարան, որտեղ ապրում էին պոեզիայի և արձակի բաժիններում սովորող աղջիկները: Նրանցից յուրաքանչյուրը հավատացած էր, որ Պարույրը իր մոտ է եկել:
Մենք Պարույրի հետ բարեկամացանք, և այդ բարեկամությունը շարունակվեց տարիներ: Մենք հանդիպում էինք թե՛ Մոսկվայում և թե՛ Երևանում: Ես թարգմանում էի նրա բանաստեղծությունները: Նա հիմնականում գոհ չէր և գանգատվում էր, որ իր ստեղծագործությունները վատ են թարգմանում:
Պարույրը միայն հայ ժողովրդի մեծ բանաստեղծը չէր. նրա բարերար ազդեցությունը իրենց վրա զգում էին բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակ սովորում էին գրականության ինստիտուտում:
Իր բանաստեղծություններից մեկում նա ասում է, որ եթե իրեն լուցկի մոտեցնեն, ինքը կարող է բռնկվել: Ես կարծում եմ, որ Պարույր Սևակը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ պոեզիայի նավթն է: Ինչպես նավթը, որ մի կողմից այրվելու վտանգ ունի իր մեջ, մյուս կողմից՝ ջերմացնող մեծ հատկություն:
Պաստեռնակն ասում էր, որ պոեզիայում ամեն ինչ կարելի է սարքել, բացի խառնվածքից: Պարույրի պոեզիայում զայրույթը, ինչպես նաև մյուս կրքերը բերնեբերան են:
Նրա պոեզիայի ամենակարևոր առանձնահատկու­թյունը նուրբ ու խորը սերն է դեպի մարդկությունը, խղճահարությունը մարդկային թուլությունների հանդեպ:

Բանաստեղծ Եվգենի
Եվտուշենկոյի խոսքը

Չես կարող ճանաչել ժողովրդի ոգին, եթե չես բաժանում այդ ժողովրդի ոչ միայն երջանկության ու հաղթանակների բերկրանքը, այլև նրա կորուստները:
Իմ բարեկամությունը հայ ժողովրդի հետ այսպես է եղել: Ես առաջին անգամ Հայաստան եմ եկել այն օրը, երբ հայ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Ավետիք Իսահակյանին:
Հետո երկու մեծ կորուստ ևս ունեցա, երբ մահացան Մինաս Ավետիսյանն ու Պարույր Սևակը:
Պարույր Սևակ և մահ հասկացությունները իրար չեն բռնում: Նրա հոգում այնքան շատ էր կյանքի ծարավը, որը զգացվում էր ամեն ինչից` նրա աչքերից, լայն շրթունքներից, նրա խոսելաձևից:
Մենք ծանոթացել ենք Պարույրի հետ 1952 թ., երբ նոր էի ընդունվել գրականության ինստիտուտ: Պարույրը մի փոքրիկ սենյակ էր վարձել Մոսկվայում: Երկուսս էլ բավական աղքատ էինք, և երբ մեզանից մեկը հոնորար էր ստանում, անպայման այն նշում էինք ամենա­շքեղ ռեստորանում:
Այն ժամանակ` 50-ական թվականներին, հայ գյուղը շատ դժվար կացության առաջ էր կանգնած: Հիշում եմ` հյուրասիրության իմ հերթն էր: Պարույրը ուշացավ: Սեղանին ամեն ինչ կար, սև և կարմիր ձկնկիթ, շամպայն, ֆրանսիական կոնյակ, մի խոսքով` ամեն ինչ: Եկավ, սկզբում ժպտաց, հետո տխրեց ու ասաց. «Գիտե՞ս, ես հիմա մտածում եմ մեր գյուղացիների մասին, որոնք դժվար օրեր են ապրում…»: Հետո լռեց, ափսեն հեռացրեց իրենից և համարյա ոչինչ չկերավ: Մեկ ուրիշն այդ բանը կասեր ձևականության համար, բայց ոչ Պարույրը: Ուրիշի կյանքը, ժողովրդի կյանքը, նրա դառնությունները Պարույրի մտահոգության հիմնական առարկան էր: Դա մեծ արվեստագետի առաջին հատկանիշն է, երբ իր ժողովրդի վիշտը իր սեփական փառքից բարձր է դասում:
Երբ ես նրա համար կարդում էի իմ նոր գրած որևէ բանաստեղծություն, նա չէր շտապում հաճոյախոսել կամ գովեստի խոսքեր ասել: Եթե նրան դուր չէր գալիս, առանց թաքցնելու, ուղղակի ասում էր իր կարծիքը: Միաժամանակ, նրբանկատ էր այնքան, որ այդ ճիշտ, դաժան խոսքը երբեք չէր ասի երրորդի ներկայությամբ:
Պարույրը իր մեջ կրում էր երկու սկիզբ` նախ, որ շատ լավ գիտեր իր ժողովրդի պատմությունը, երկրորդ՝ նորարար էր, շարունակում էր Չարենցի և Մայակովսկու ավանդները:
Նա սիրում էր կատակել, ուրախանալ, բայց և հաճախ տխրում էր իր ժողովրդի դառը ճակատագրի համար, որ ցրված էր աշխարհով մեկ, և շատ էր ուզում, որ այդ կապը չկտրվի:
Մի հատկանիշ ևս, որը բնորոշ է մեծ բանաստեղծներին. Պարույրը չար ու նախանձ չէր տաղանդների հանդեպ: Նա երբեք ժլատ չէր ընկերոջը բարի խոսք ասելու և ոչ էլ վախկոտ` ճիշտ խոսք ասելու համար:
Հայաստանը, առանց որի անհնարին է պատկերացնել համաշխարհային մշակույթը, պետք է բարձր պահի իր տաղանդավոր զավակների, Պարույր Սևակի նմանների հիշատակը: Իսկ որ այդ հանճարեղ ժողովուրդը դեռ կծնի նոր Սևակներ, ես հավատացած եմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։