«Բաց նամակի» («ԳԹ», 23.05.2014թ.) հեղինակներ՝ պրն Կարո ԱՐՄԵՆՅԱՆԻՆ և պրն Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Գրողների միություն«Բաց նամակի» («ԳԹ», 23.05.2014թ.)
հեղինակներ՝ պրն Կարո ԱՐՄԵՆՅԱՆԻՆ
և պրն Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Մեծարգո՛ բարեկամներ, ինչպես բոլորը, ես ևս խորությամբ ապրում եմ հայ գրականության ներկայացուցիչների՝ Ցեղասպանության զոհ դառնալու ահավոր իրողությունը: Այո՛, թուրք ենիչերիներն իրենց ստոր նպատակին հասնելու համար առաջինն ազգի ոգին մարմնավորողների գլխատմանը գնացին:
Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի, նաև հայ գրականության ներկայացուցիչների հիշատակին է կառուցված Ծիծեռնակաբերդում վեր բարձրացող հոյակերտ հուշահամալիրը: Եվ երբ հիշողության տուրք է տրվում Հայոց ցեղասպանության զոհերին, անշուշտ, նկատի են առնվում նաև եղերական վախճան ապրած գրողները:
Դուք գրում եք. «Եղեռնի հուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակությամբ և նշանակությամբ, ավելի կամբողջանա ու իր լրումին կհասնի, եթե արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացույց անի նախադեպը չունեցող այս եղեռնագործությունը»:
Ի՞նչ տրամաբանությամբ առանձին հուշակոթող կառուցել զոհված գրողների հիշատակին՝ նրանց առանձնացնելով մյուսներից: Զոհվել են նաև այլ ոլորտների շատ մտավորականներ՝ մանկավարժներ, նկարիչներ, հոգևոր գործիչներ և այլն, նրա՞նց համար էլ առանձին հուշարձան կառուցել:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրն իր ճարտարապետական հորինվածքով և բովանդակությամբ բացառիկ կատարյալ է՝ ամբողջական և լիովին համապատասխան էությանը: Եղեռական նախճիրի զոհ դարձած գրողներին նվիրված առանձին հուշակոթողի կառուցումը ոչ թե կամբողջացնի և կլրացնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, այլ կմասնատի, կթուլացնի գաղափարի ամբողջականությունը, կխախտի կուռ և միասնական հորինվածքը:
Ասենք ավելին. Բաքվի և Սումգայիթի հայերի 1990-ական թթ. ջարդերն իրավամբ համարվում են Հայոց ցեղասպանության շարունակությունը: Ցեղասպանության հուշահամալիրում նաև դրանց խորհուրդը կարելի է տեսնել: Այդ առումով` Բաքվի, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները (տեղադրված Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մերձությամբ) ըստ էության ո՛չ հորինվածքային առումով և ո՛չ էլ բովանդակությամբ բան չեն ավելացնում եղածին:
Հավանություն տալով ձեր առաջարկությանը՝ նահատակված գրողներին «առանձնապես հիշելու համար», կարծում ենք, նպատակահարմար կարող է լինել Հայոց ցեղասպանության թանգարանում առանձին բաժնեմասի ստեղծումը՝ զոհված գրողների առավել հանգամանալից և փաստարկված ներկայացմամբ:

Հարգանքներով ՝
Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ
ՀՀ գիտ. վաստ. գործիչ, ճարտ. դոկտոր

One thought on “«Բաց նամակի» («ԳԹ», 23.05.2014թ.) հեղինակներ՝ պրն Կարո ԱՐՄԵՆՅԱՆԻՆ և պրն Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

  1. Սիրելի Գառնիկ, սիրելի պաշտօնակից,
    Իրաւունք ունիս, յուշահամալիրը ամբողջական է, ու կողքին ուրիշ յուշարձան զետեղելը բան մը կը պակսեցնէ անոր ամբողջականութենէն։ Սակայն եկուր մտածենք ինչպէ՞ս կրնանք մեր մեծ գրողներու կորուստն ալ սգալ ու յիշատակը յաւերժացնել արժանաւոր կերպով։ Այն երկար պատին վրայ զետեղուած են մեր հայրենիքի կորուսեալ վայրերուն անունները։ Իրաւա՛մբ։ Թերեւս նոյն ձեւով ալ յիշուին մեր գրականութեան տիտանները՝ Վարուժանը, Սիամանթոն, Զոհրապը եւ ուրիշներ, որոնց կորուստը նոյնքան մաս կը կազմէ հայրենիքի՝ հոգեկա՛ն հայրենիքի կորուստին, որքան այդ վայրերը՝ ֆիզիքական հայրենիքի կորուստին։ Ճիշդ ու յարմար լուծում մը գտնելու ենք…
    Վրէժ-Արմէն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։