«Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը նվաճել է 8 մրցանակ

PENTAX ImageՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ մայիսի 21-22-ը Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային ամենամյա 11-րդ մրցույթին նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Անտարես» մեդիա հոլդինգի գրահրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը, «Արևիկ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը, «Փրինթինֆո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մկրտիչ Կոշեցյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, «Էդիտ-պրինտ» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «ՎՄՎ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Մնացականյանը, «Զանգակ-97» հրատարակչությունում տպագրված «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հեղինակ Արտակ Մովսիսյանը:
Մրցույթը 2004 թվականից կազմակերպվում է ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակ- չության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանի- տար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
«Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը այս տարի մասնակցել են 9 պետության 77 հրատարակություններ: Հայաստանը ներկայացրել է 9 գիրք, որից 8-ն արժանացել են մրցանակների` հինգը առաջին մրցանակ, մասնավորապես` «Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում Հ. Թումանյանի «Հեքիաթները» («Արևիկ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.) ռուսերեն թարգմանությամբ, «Մշակույթների երկխոսություն» անվանակարգում` Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» («Փրինթինֆո», Երևան, 2013 թ.), «Գիտություն և կրթություն» անվանակարգում՝ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» («Ան- տարես մեդիա հոլդինգ», Երևան, 2013 թ.), «Արվեստի գիրք» անվանակարգում՝ Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնես-Արևելյան գորգը» (Հայաստանի պատմության թանգարան, «Ասողիկ» ՍՊԸ, Երևան, 2013 թ.), «Տպագրված է համագործակցությունում» անվանակարգում` Շմավոն Շմավոնյանի «Արարատ» («Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.) գրքերը: Ալբերտ Միքայելյանի «Հայոց երևելիներ» («ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.) հանրագիտակը «Համագործակցություն» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի, «Գրան պրի» անվանակարգում Նոմինանտի դիպլոմ ստացավ Յու. Պետրոսյանի կազմած «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ» («Էդիտ Պրինտ» հրատարակչություն», Երևան, 2013 թ.) գիրքը, «Իմ երկիրը» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» («Զանգակ հրատարակչություն, Երևան, 2014 թ.) գիրքը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ուրախությամբ փաստեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարվա ձեռքբերումները ավելի են և հավելեց. «Սա ընդամենը մեր գրաշուկայում ընթացող գործընթացների արդյունք է և հետագայում էլ այդ ձեռքբերումները, կարծում եմ, չեն նվազելու»:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ով մասնակցել էր մրցանակաբաշխությանը, նշեց, որ մրցույթին ներկայացված գրքերն անցել են հանրապետական մրցույթով և զգալիորեն տարբերվում էին իրենց գեղարվեստական, տպագրական, բովանդակային որակներով. «Մեր գրքերը աչքի էին ընկնում իրենց բազմազանությամբ, դասական ավանդները շարունակելու հմտությամբ»: Ապա ընդգծեց, որ առաջին անգամ է «Գրքարվեստի» պատմության մեջ մի երկիր 5 առաջին մրցանակ ստանում:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։