ՆՈՐՕՐՅԱ ԱՌԱԿ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե Խոդիկյան

Արվեստանոցում լույսը հավաքվում էր միայն կենտրոնում՝ անկյունները թողնելով անորոշ կիսախավարի մեջ, որտեղից ավարտուն կամ անավարտ քանդակների հատվածներն էին երևակվում: Ամբողջական երևում էր միայն կենտրոնում պատվանդանին դրված քանդակը: Քանդակագործն այդպես էլ չհասկացավ՝ ի՞նքը գրանիտից դուրս բերեց նրան, թե՞ նա, իր ցանկությամբ, քանդեց քարե պատնեշն ու հայտնվեց՝ ինչպես եղել ու մնացել էր հիշողների ու չիմացողների մտապատկերում՝ կամային ծնոտ, խորաթափանց աչքեր, որոնց ուղղությունը երբևէ որևէ մեկը գուշակած չկար: Քանդակագործը, ճիշտն ասած, չէր ուզում անգամ ինքն իրեն խոստովանել, որ արձանը ինքը դուրս պրծավ գրանիտից ու գուցե դա էր պատճառը, որ դատապարտված ժպիտով էր ընդունում Հանձնաժողովի շնորհակալության խոսքերը արված աշխատանքի համար: Հետո արվեստանոցի դուռը փակեցին ու գնացին՝ ամեն մեկն իր գործին, իսկ քանդակագործը զարմանքով զգաց, որ առաջին անգամ չի ուզում հարբել, մինչդեռ ամեն ավարտված քանդակից հետո քեֆ էր անում գիտակցությունը կորցնելու աստիճան: Առավոտյան նա բացեց կողպեքը, ներս մտավ ու… արձանի մատները կարմիր էին: Չենթարկվող ոտքերով մոտեցավ, ձեռք տվեց, այդպես էլ չհասկացավ՝ նե՞րկ էր, թե՞ արյուն… Իսկ կես ժամ չանցած Հանձնաժողովն արդեն քննում, զննում ու տնտղում էր «հանցանքի վայրը»: Ոչ մի եզրակացության չհանգելով՝ որոշեցին շուրջօրյա հսկողություն սահմանել արվեստանոցի շուրջը:
Հաջորդ առավոտ քանդակագործը պահակազորի պետի հետ ներս մտավ ու… արձանի ձեռքերը մինչև դաստակները կարմիր էին: Հանձաժողովը, որ այս անգամ 15 րոպեում էր տեղ հասել, որոշեց տեսախցիկներ տեղադրել, քանի որ պահակազորի պետը երդվում էր, որ գիշերվա ընթացքում ոչ ոք ու ոչինչ… ու ոչ մի կասկածելի բան…
Հաջորդ առավոտ արդեն հանձնաժողովն էր քարացել արձանի առջև: Քանդակագործը չկար, ասացին՝ այնպես է հարբել, որ մի շաբաթ դեռ ուշքի չի գա, իսկ պահակազորի պետն առաջինն ուշքի եկավ ու դողացող ձեռքերով միացրեց էկրանը: Հանձնաժողովը չէր ուզում հավատալ աչքերին՝ արձանի ձեռքերն իրենք իրենց էին կարմրում… Ու մինչ նրանցից ամենանյարդայինը զգույշ, ոտնաթաթերի վրա ետ-ետ կքայլեր դեպի դուռը, պահակազորի պետը խոշորացրեց պատկերը, ու բոլորը տեսան, թե ինչպես է արձանի աչքերից կաթում անգույն հեղուկ, ու միայն սրահում տարածված սուր աղահոտը ոմանց ինչ-որ բան հուշեց:
Հանձնաժողովը զգույշ, ոտնաթաթերի վրա ետ-ետ քայլելով, դուրս եկավ ու հեռացավ առանց մի խոսք ասելու: Պահակազորի պետը ուզեց փակել, բայց բանալին չպտտվեց կողպեքի մեջ, լռվեց ու քարացավ: Նա ուսերը թոթվեց ու առանց ետ նայելու գնաց՝ ծուլորեն մտածելով, որ քանդակագործը հիմա ստիպված արվեստանոցի նոր տարածք պիտի փնտրի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։