Ամեն մարդ պիտի քայլի իր ճամփով,
Ամեն մարդ պիտի իր հողն ակոսի,
Իր ջուրը խմի սեփական ափով,
Եվ Աստծո հետ իր բարբառով խոսի…
Ինքն է խորհուրդ տվել և հավատարիմ իր դավանանքին` մեր գրական մայրուղում իր ինքնատիպ ճամփով է քայլել, ստեղծագործական իր ակոսն է բացել, և Աստծո, Մարդու, Բնության, Աշխարհի հետ խոսել է իր բարբառով: Արդյունքում` գրական պատկառելի վաստակ` հայրենախոս բանաստեղծությունների, քառյակների, վիպակների, պատմվածքների, մեծերին ու փոքրերին հասցեագրված տարաժանր ստեղծագործությունների բազմաթիվ ժողովածուներ: Արդյունքում` բազմահազար ընթերցողների անկեղծ սեր և նվիրում, ինչը ամենաբարձր գնահատանքն է գրողի համար: Խոսքը անվանի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Լիպարիտ Սարգսյանի մասին է, ում ծննդյան 75-ամյակին նվիրված մեծարումի հրաշալի հանդիսություն տեղի ունեցավ նաև ծննդավայրում` Լոռու Վահագնի գյուղում` դպրոցամերձ հրապարակում: Մասնակիցները ոչ միայն գյուղի մեծերն ու փոքրերն էին, այլև հարևան գյուղերի բնակիչներ. եկել էին նաև Վանաձորից, Երևանից` գրողի գրչակից ընկերներ, ընթերցողական սերունդների ներկայացուցիչներ:
Ցերեկույթը բացեց և Լիպարիտ Սարգսյանի ստեղծագործական ճանապարհը հակիրճ ներկայացրեց «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Ապա գնահատանքի խոսք ասացին Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, բան. գիտ. դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը, մայրենիի դպրոցական դասագրքերի հեղինակ, գրող Վաչագան Ա. Սարգսյանը, ՀԳՄ Վանաձորի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, Լիպարիտ Սարգսյանի մանկության ընկեր, համադասարանցի Սեյրան Ղազարյանը: Լոռու մարզպետարանի մշակույթի վարչության պետ Արամ Ռևազյանը գրողին հանձնեց մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորագիրը:
Հանդիսության մասնակիցները ջերմորեն ընդունեցին Երևանի թիվ 135 դպրոցի աշակերտների ելույթը, ովքեր ներկայացրին Լիպարիտ Սարգսյանի լավագույն բանաստեղծությունների, քառյակների մի փունջ: Հայրենի գյուղի Անտոն Քոչինյանի անվան և Վահագնաձորի դպրոցների սաները նույնպես հանդես եկան գրողի ստեղծագործությունների արտասանությամբ: Միջոցառումը ընդմիջվում էր ՀՀ վաստ. արտիստ Ստեփան Դալլաքյանի` գուսան Զաքարյանի հեղինակած երգերի, ասմունքող Գայանե Սամվելյանի` Սարգսյանի բանաստեղծությունների կատարումներով:
Շնորհակալության հուզիչ խոսք ասաց գրողը. «Ինչի որ հասել եմ կյանքում, ամենից առաջ պարտական եմ իմ ակունքներին, իմ հարազատ գյուղին, նրա հրաշալի մարդկանց: Իմ երգը, սերն ու նվիրումը Ձեզ` հայրենի Լոռի, թանկագին ու նվիրական ոստան Վահագնի, սիրելի հայրենակիցներ»:
Լ. ԿԱՐԱՅԱՆ