Արևշատ Ավագյանի ցուցահանդեսը

Արևշատ Ավագյանի ցուցահանդեսըԹանգարանների միջազգային օրը բազմամարդ էր Երևանի Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանը: Այստեղ մեծ հանդիսավորությամբ բացվեց անվանի բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի գեղանկարչական անհատական ցուցահանդեսը: Հաստատության տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը իր բացման խոսքում բովանդակալից և խոր վերլուծությամբ ներկայացրեց Արևշատ Ավագյանի «զարմանալի և անշփոթելի աշխարհը», նրա սովորական-անսովոր գունախաղերն ու լուսաճառագ արևահունչ պատկերները… Տաղանդավոր գեղանկարչի բազմամյա ճանապարհի, նրա հին ու նոր աշխատանքների գունամտածողության, «լռության ու ձայնի», խորհրդանշանների բազմազանության, խորհրդի ու խորհրդավորության մասին գնահատանքի խոսքեր ասացին գրականագետներ, դոկտորներ Ազատ Եղիազարյանը, Սուրեն Դանիելյանը, Սամվել Մուրադյանն ու Լյուդվիգ Կարապետյանը: Ա. Ավագյանի ինքնատիպ ոճի, խոսքի ու գույնի փոխլրացումների, հոգեմտավոր փայլատակումների մասին կարծիքներ հայտնեցին ու շնորհավորեցին գեղանկարիչ Սերխաչը (Սերգեյ Խաչատրյան), բանաստեղծներ Ռուզան Ասատրյանը, Նիկոլայ Շահնազարյանը, ասմունքող Աննա Կոստանյանը, մանկավարժ Ռոմա Դալլաքյանը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ուսուցչուհի Գոհար Պետրոսյանը… Ցուցահանդեսին մի առանձին շուք հաղորդեցին Արսեն Համբարյանի երգերը` բանաստեղծի խոսքերով, ինչպես նաև Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաների (ղեկավար` Լիլիթ Մարգարյան) ասմունքն ու սաղմոսների թեմաներով արված ինքնատիպ նկարները: Ցուցահանդեսում իրենց պապի գործերի արտասանությամբ հանդես եկան թոռները` Անին, Հեղինեն, Նարեկն ու Արևշատիկը…

Ն. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։