ՀԳՄ Կլոր սրահում Աղասի Այվազյանի ծննդյան օրվա առթիվ հավաքվել էին նրա գրականության երկրպագուները, բարեկամները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով սկսվեց հանդիսությունը: «Աղասի Այվազյանը Թիֆլիսից Երևան եկավ 40-ականներին և 60-ականներին արդեն բուռն մասնակցություն ուներ գրական կյանքում, իսկ «Եռանկյունին», «Հայրիկ» ֆիլմերը, որ նրա սցենարով նկարահանեց իր մանկության ընկերը՝ Հենրիկ Մալյանը, նրան մեծ ճանաչում բերեցին հայի տեսակի իր նորովի բացահայտումներով: Նա միանգամայն նոր շունչ բերեց հայ գրականություն, բերեց հումորի, թիֆլիսյան խայտաբղետ գույների, հայի ճակատագրի իր պատկերացումները: Ինձ բախտ է վիճակվել վայելել նրա ընկերությունը՝ իր տանը, գրական միջավայրում, և վստահաբար կարող եմ ասել, որ նա մեր ժամանակի մեծ մտածողներից էր»:
ՀԳՄ քարտուղար, բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանն իր խոսքում ասաց. «Աղասի Այվազյանը մեր գրականության մեծերից է: Նրա գրականությունը կենսասեր է: Նա կյանքով լեցուն անձնավորություն էր, արտիստիկ գրող: Ա. Այվազյանի գրվածքներն ընթերցելով՝ ոչ միայն գեղագիտական հաճույք ես ստանում, այլև շատ բան ես սովորում մարդու, կյանքի մասին»:
Հավաքը վարում էր գրականագետ, բան. գիտ. թեկնածու Անի Փաշայանը, ում թեկնածուական թեզը նվիրված էր Աղասի Այվազյանին: Նա պատմեց գրողի հետ իր առաջին հանդիպման մասին և շարունակեց. «Աղասի Այվազյանը նորարար է առաջին հերթին գրականության մեջ: Նորարար է իբրև դրամատուրգ, ռեժիսոր, խիստ ինքնատիպ է նաև նրա գեղանկարչությունը: Սակայն գրականության մեջ նա բերեց արտասովոր կերպարներ՝ կնոջ, մոր, քաղաքի, հանցագործի, արվեստագետի: Եվ վրձնեց իր հայրենիքի ապագան: Նրա քաղաքական դասերը շատ արդիական են»:
Հայ կինոյի զարգացման մեջ Ա. Այվազյանի դերը իր հակիրճ, բայց տարողունակ խոսքով բնութագրեց կինոգետ Սիրանույշ Գալստյանը: «Աղասի Այվազյանին 1981 թ. վերջապես հաջողվեց իրականացնել իր վաղեմի երազանքը` կինո նկարել: Պալանգայում կայացած միջազգային սիմպոզիումում խորհրդային դարաշրջանի խոշորագույն կինոդրամատուրգ Եվգենի Գաբրիլովիչը հիացմունքով «Լիրիկական երթ» ֆիլմը դիտելուց հետո ասել է. «Այդ կինոնկարն իդեալի բացակայության մասին է, այն մասին, որ եթե իդեալ չկա, ապա այն պետք է հնարել…»:
Գրիգոր Ջանիկյանը և Ալիս Հովհաննիսյանն իրենց խոսքում հիմնականում հիշեցին Ա. Այվազյանի հետ «Հայություն» թերթում աշխատելու շրջանը, երբ նյութերը հավաքվում, գրվում ու տպագրվում էին դեռևս մեր պատերազմական վիճակում գտնվելու տարիներին: Գ. Ջանիկյանը պատմեց Աղասու հետ իր ջերմ հարաբերությունների մասին: Խոսվեց այն մասին, որ Աղասին իր շուրջ էր հավաքել համախոհների մի փոքրիկ խումբ, որին միանգամայն վստահում էր ոչ միայն աշխատանքները բարեխղճորեն կատարելու, այլ նաև ստեղծագործելու, սեփական կարծիքը դրսևորելու առումով:
Գրականագետ, բան. գիտ. թեկնածու Լիլիթ Անտոնյանը խոսեց Ա. Այվազյանի հերոսների ինտելեկտուալ կերտվածքի, դրանց հոգեբանական խորության մասին: Այս առումով նրան համեմատեց Դոստոևսկու հետ:
Երիտասարդ ռեժիսոր Գայանե Ասլանյանը խոսեց Ա. Այվազյանի ստեղծագործություններով իր հիացմունքի մասին և հայտնեց, որ պատրաստվում է բեմադրել նրա «Մանչեր» պիեսը:
Ներկաները հաճույքով ունկնդրեցին երիտասարդ դերասաններ Նարեկ Մարգարյանին և Անուշ Գալստյանին: Նարեկը կարդաց Աղասի Այվազյանի «Կիրակոսը» և մի քանի էսսեներ, իսկ Անուշը՝ «Սուրհանդակ» պատմվածքը: