Դեկտեմբերի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Վրեժ Իսրայելյանի «Եվ ձին իր հեծյալին ասաց…» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Այն գրողի վերջին գիրքն է, որը լույս է տեսել հետմահու: Գիրքը ներկայացնում է հայ մարդու մտորումները, տեղը, դիրքը համաշխարհային թոհուբոհի մեջ:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը բացման խոսքում ցավով նշեց, որ թեև Վ. Իսրայելյանն այսօր մեր կողքին չէ, սակայն գրողը շարունակում է ապրել իր գրքով և ապրեցնել նաև մեզ: Ըստ նրա` Վ. Իսրայելյանը, իր էությամբ հակված կենցաղային մանրուքներին, մշտապես իր մեջ կրում էր բազալտի, գրանիտի պես ծանրություն, որ և՛ պատմությունն էր, և՛ իր կյանքը, և՛ իրենց տոհմի կենսագրությունը, որոնք գումարվել և դարձել են այն պնդությունը, այն ուժը, որ բերեց Վրեժը իր արձակում: «Ինչ-որ բան հաղթահարելու կամքը մշտապես նրա արձակի մեջ էր»,- ասաց նա: Անդրադառնալով գրողի մանկապատանեկան պատմվածքներին` ՀԳՄ նախագահը ընդգծեց, որ այդ գործերը ուղղված-հասցեագրված են պատանիներին ու երիտասարդներին` կարծես ցանկանալով, որ մտածեն իր նման` շեշտակի և ուղղորդված:
Ռոլանդ Շառոյանի հավաստմամբ` Վրեժը որպես գրող նախանձելի լեզու ուներ, իր ծանր մտածողությունը հրաշալի, ոսկեղենիկ հայերենով կարողանում էր դարձնել իր գրականության առանցքը:
Բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը Վ. Իսրայելյանին բնութագրեց իբրև զարմանալի մարդու, գրող-մտածողի, իսկ նրա գրականությունը` մեծ, ազնիվ, ճշմարիտ գրականություն՝ մարդու, կյանքի, հարաբերությունների մասին: Ըստ նրա՝ պարտված ժողովրդի պարտված պատմության զավակն էր և իր գրականությամբ ուզում էր հաղթահարել այդ պարտության դառը ցավը: «Իբրև մարդ, իբրև այդ պարտությունից ծնված զավակ` ուզում էր ուժ ունենալ, որովհետև գիտակցում էր, որ աշխարհում առանց ուժի, թուլությամբ պարզապես հնարավոր չէ ապրել»,- ընդգծեց նա:
Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, Արմեն Շեկոյանը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ:
Շնորհանդեսը վարում էր Անուշ Վարդանյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ