Ընդհանրապես մեր մեջ կան սնահավատներ, որ 13 թվի հանդեպ ունեն երկյուղալի նախապաշարմունք: Անկեղծ ասած` ամբողջ կյանքում 13 թվի նկատմամբ չեմ ունեցել որևէ կանխակալ վերաբերմունք: Հիշում եմ, որ Գ. Կասպարովը պանծացնում էր այդ թիվը: Շախմատի Աշխարհի 13-րդ չեմպիոնն էր, և իր ծննդյան օրն էլ էր 13 թվի հետ կապվում:
Սակայն անցնող տարին ցավալի էր մեր հրաշալի գրողների կյանքից հեռանալու առումով, հիշենք նրանց և նրանց գործերը, նրանց ստեղծածով մխիթարվենք:
Հույս ունեմ, հավատում եմ, որ գալիք 14 թվականը, ինչպես ասում են, երկու յոթի կոմբինացիայով, բարի և ստեղծագործական լիցք է հաղորդելու մեր ստեղծագործողներին:
2014 թվականի համար բազմաթիվ ծրագրեր ենք մշակել, առաջնահերթ ուզում եմ ասել, որ լրանալու է Գրողների միության 80-ամյակը, ՀՀ մշակույթի նախարարությունում ծրագիրն արդեն ընդունված է, և այդ ուղղությամբ աշխատանքներ են արվում: 2014 թ. նախատեսված բազմաթիվ մյուս միջոցառումները` հոբելյաններ, համաժողովներ, Թարգմանչաց տոն, Պոեզիայի փառատոն և այլն, նույնպես սպասում են իրենց իրագործմանը:
Միջազգային կազմակերպությունների հայտարարած մրցույթների կապակցությամբ կազմվել է առաջարկությունների ծրագիր և ներկայացվել է պատկան կազմակերպություններին:
Մեր հիմնական խնդիրներից մեկը լինելու է մինչև ապրիլ ամիսը հերթական գրական մարաթոնի կազմակերպումը: Կարծում եմ` սա մեր բոլոր գրողների ջանքերով պիտի իրականանա, ու նաև կոչ եմ անում գրականության և գրողների նկատմամբ սիրով տոգորված մարդկանց ևս մասնակցել մարաթոնին:
Տարբեր նախարարությունների հետ համատեղ աշխատանքների ծրագրեր ենք մշակել` ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն որոշակի ծրագրեր ընդունել է, ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ քննարկվում են ներկայացված ծրագրերը:
Առանձնապես ուզում եմ նշել մարզերում գրական աշխատանքի աշխուժացման խնդիրը:
Այլ երկրների Գրողների միությունների հետ համագործակցության երկուստեք նախագծեր են իրականացվելու: Սկսնակ և երիտասարդ գրողների հետ աշխատանքը բոլորիս ուշադրության կենտրոնում է լինելու: Որոշակի բուհերից կան առաջարկություններ` համատեղ կազմակերպելու ուսանողական և ստեղծագործող երիտասարդների փառատոներ, նաև գրքերի, անթոլոգիաների հրատարակություններ:
Եկող տարի մեր արձակի և պոեզիայի բաժանմունքները նախատեսում են անցկացնել ստեղծագործական պլենումներ:
Մի շարք երկրներում անթոլոգիաներում և գրական ամսագրերում պիտի հրապարակվեն ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ:
Այս ծրագրերի մի մասն արդեն ուժի մեջ է, մյուսները` ընթացքի:
Հավատում եմ` 2014 թվականին մեր բոլոր ստեղծագործողները իրենց նոր գրքերով, նոր հրապարակումներով մեր գրականությունը կհասցնեն պառնասյան բարձունքի: