Գրիգոր ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ

Գրիգոր ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Մենք հիրավի աշխուժացանք,
Երբ մեկնարկեց օլիմպիադան,
Չորս հոգանոց թիմ ունեցանք,
Ովքեր հաղթանակ խոստացան:

Սակայն, ցավոք, նմանվեցինք
Օլիմպիական այն օղակին,
Որից լույսեր չարձակվեցին՝
Մյուսների պես տենդագին:

Չշահեցինք ոչ մի մեդալ,
Բայց կարող ենք հպարտանալ,
Որ պայքարը եղավ բեղուն,
Չմնացինք վերջին տեղում:

Կարևորը մեդալը չէ,
Մասնակցությունն է կարևոր,
Մեր անունը դեռ կհնչի,
Երբ հաղթանակ տանենք մի օր:

ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՎԻ ՀԱՐԿ
Իբր թե քիչ էինք առաջ հարկ տալիս,
Տուրք ու տուգանքից դաղվում ու լալիս,
Հիմա էլ պիտի այնպիսի հարկ տալ,
Որ եփած հավն իսկ կարող է խնդալ:
Մշակել են մի նախագիծ հիմար,
Հարկ տալ շուն, կատու պահելու համար,
Կարող են հարկեր գանձել այսուհետ,
Եթե տան մեջ կան մկներ ու առնետ:

Կամ էլ կարող են դնել այլ պահանջ,
Որ խոնարհ լինենք օրենքի առաջ
Եվ հարկեր մուծենք մենք պարտաճանաչ,
Եթե տանը կա ցեց, ոջիլ ու ճանճ:

Հերի՛ք է թակեք դուք մեր դռները,
Թո՛ղ հարկը մուծեն ձեր գամփռները,
Մեր սոված շներն ու կատուները
Չե՛ն կարող լցնել ձեր գրպանները:

ՏԵՍԱԽՑԻԿ
Փողոցներում բարեկեցիկ
Դրել են նոր տեսախցիկ,
Ինչպես նաև արագաչափ,
Հարուցելով վախ ու խուճապ:

Էլ չի սուլում ոստիկանը,
Որ առարկենք կամ սակարկենք,
Սարքն է ճայթում հանց ականը
Եվ ճար չունենք, որ փրկվենք:

Մենք խաղում ենք ասես լոտո,
Պարտվում ենք ու տուգանվում,
Կարիք չկա գնալ ֆոտո,
Այժմ ձրի ենք նկարվում:

Կարող են և մեզ նկարել
Պառկած տանը տաքուկ ծոցում,
Թե ինչու ենք չափը անցել,
Քնելու կամ սիրո հարցում:

Հարցին պիտի տրվի լուծում,
Որ ունենանք ճար ու պրծում,
Ախր շատ ենք մուծվում, հյուծվում,
Ճիշտ չե՞մ ասում, ի՞նչ եք կարծում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։