ՊՐՈՖԵՍՈՐԻ ՄՈՏ ԱՅՑԵԼԵԼԸ ԹԱՆԿ Է ԽԻՍՏ / Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Արամ
Քանի օր էր, տեղս կորցրել էի էս աշխարհում, գիշերով քրտնաբեր մղձավանջներն իջնում ու քրքրում էին ուղեղս, գանգիցս դուրս էին կորզում հարյուր տարվա և երկու ժամվա հուշերս, մի լավ իրար էին խառնում ու թափով շրմփացնում էին ճակատիս, ցերեկները մահաբեր առօրյան էր ավերում հոգիս, քթիցս բռնած մերթ պարտատեր պատվիրա­տուիս մոտ էր քարշ տալիս, որ անվերջ կրկնում էր` «Ես կզանգեմ քեզ», մերթ էլ տանում էր Ազատության հրապարակ, որտեղ ինքը կշտանում էր սին հույսերով, իսկ ես ավելի էի քաղցում: Եվ գլխումս անվերջ պտտվում էին պապիս խոսքերը` «Հեչ չիդեմ, թե ինչից է»:
Հեռախոսի զանգը, կարծես, դժոխքից եկավ: Մեր համքարապետն էր, հանկարծ հիշել էր:
– Էդ ի՞նչ էիր գրել: Բա մեկը չկա՞ր, որ մի լավ բան տեսներ ու էդ հսկա էջի վրա մի երկու դրական բառ գրեր:
Նստածս տեղը երերացի, աթոռիս ոտքը ճռռաց: Եվ մարմնովս դարձյալ սարսուռ անցավ:
Չէ՛, երևի պետք է բժշկի գնամ: Էն օրը մերոնք մի լավ մասնագետի մասին էին խոսում, գուցե կրկին փորձեմ:
Շատ չանցած, բուժհետազոտությունների տռզած թղթապանակը թևիս տակ, հիվանդանոցի ճեփ-ճերմակ ու մահասառը միջանցքում հայտնվեցի:
Դուռը թակելու կարիք չկար, կրնկի վրա բաց էր, և շուրջ երեսուն սևաչվի ու սևահեր տղա ու աղջիկ, ճերմակահանդերձ հրեշտակների պես, նստած և կանգնած էին ընդամենը վաթսունվեց ու վեց քառակուսի մետրանոց սենյակում, որի ձախ պատի տակ հանդիսավոր բազմած հաստաոտ գրասեղանի ետևում թիկնել էր կլորադեմ, կլորաբեղ ու կլորամորուս մի կլոր ճերմակություն: Կլոր էին նաև բզով ծակած նրա աչքերը, որ անկարող էին մեկ ակնթարթից ավելի նույն կետին նայել:
– Համեցե՛ք,- խիստ քաղաքավարի ներս հրավիրեց:- Ի՞նչ բողոք ունեք:
Հավանաբար աչքերս շատ էին կլորացել, դրա համար էլ հարցրեց.
– Ոչի՞նչ, որ օրդինատորներս ներկա լինեն: Պարապմունք ենք անում:
Խելքի՜ աշեցեք: Սա ուզում է, որ մարմինս ու հոգիս մերկացնեմ երեսուն զույգ արծաթափայլ աչքերի առաջ: Էդքան աչք նույնիսկ փորձարարական ճագարին չի նայում:
– Մի քիչ շատ չե՞ն,- դժգոհեցի:
– Եթե դեմ չեք, գոնե չորսը կամ հինգը թող մնան:
– Միայն ջահել աղջիկները,- տեղի տվեցի` մի կերպ զսպելով ինձ, որպեսզի չասեի` սիրունները, չնայած նրանք, կարծես, այդ օրը դասի չէին եկել:
Անհաղորդ հայացքներով քսանհինգ ճերմակազգեստները լքեցին ասպարեզը, ճերմակ կլորությունը ծանրաշարժ դուրս լողաց սեղանի ետևից` չգիտես ինչու օտար լեզվով դիմելով ներկաներին: Բառերն անգլիական էին, առոգանությունը` սյունիքա-արցախյան, պայթականներն ու մի քանի այլ բաղաձայնները` ռուսական: Ձևացրի, թե այսօր մեզ համար արդեն մաստակային դարձած այդ լեզուն անծանոթ էր ինձ:
Բժիշկը փոկային շարժումներով մոտեցավ, ձեռքիցս վերցրեց թղթապանակը և սեփական հետույքը պատուհանագոգին հենելով` մատնացույց արեց ազատ աթոռը, որ դրված էր շրջանաբոլոր հրեշտակակերպների ուղիղ մեջտեղում: Նստեցի և ինձ թվաց, թե բոլորովին մերկ էի, չնայած չէի հասցրել նույնիսկ վերարկուիս կոճակներն արձակել: Թղթերի մեջ խորասուզված բժիշկը մի-երկու հարց տվեց ինձ և անսպասելի պոռթկաց.
– Look! Հարցաթերթիկ է, для своей диссертации!
Ուղեղիս բջիջներն իրար անցան, մեկն ասում էր` люк, մյուսն էլ թե` gyozluk: Հետո հիշեցի, որ հարցաթերթիկը ջահել բժշկուհին էր տվել, բայց ո՛չ լրացրել էի, ո՛չ էլ ետ էի վերադարձրել, պարզապես թղթերիս մեջ էր մնացել:
– Well, աղջիկնե՛ր, մի հատ քրքրե՛ք,- սպիտակազգեստներին դիմեց բժիշկը, ու մարմնովս կրկին սարսուռ անցավ:
Աղջիկները երկար սպասել չտվեցին: Մեկն արծաթափայլ մուրճը ձեռքն առավ ու սկսեց ծնկներս ու արմունկներս թեթևակի թակել, ասես լանգետացու միս էր ծեծում: Հետո մյուսը մոտեցավ և սեփական մուրճն աջ ու ձախ տանելով` կարգադրեց անթարթ դրան հետևել, երրորդը բռնեց ուսերս, ինձ ոտքի հանեց ու թափով իր կողմը քաշեց, և երբ մտքովս անցավ, թե ուր որ է` ամուր գրկելու էր, ուժգին ետ հրեց ու ակնթարթորեն բռնեց մեջքս, որպեսզի գետին չտապալվեի: Եվ այդ պահին լսվեց բժշկի բարկացած ձայնը.
– Գրողը տանի՛, էս ի՜նչ են արել: So much դե՜ղ, ասեղի վրա են նստեցրել:
– Ընդամենը երկու դեղ եմ խմում, բժի՛շկ,- առարկեցի:
– Բա էս սրսկումնե՞րը:
– Երկու տարվա ընթացքում քսան ասեղ եմ ընդունել:
– Բայց диагноз-ը սխալ է: Ձեր հիվանդությունը էդ չի:
– Երկու ուրիշ բժշկի, քսանից ավելի մասնագետի մոտ եմ եղել, բոլորն էլ նույն ախտորոշումն են հաստատել:
– No! No! Հիմա ինչ-որ հարկավոր է, կանե՛նք: Դե՜, աղջիկնե՛ր, ի՞նչ կասեք:
Աղջիկները բազմանշանակ հայացքներ փոխանակեցին, և բոլորը միասին սկսեցին չորս կողմից անհասկանալի քրթմնջոցների տարափ տեղալ, սկզբում հանդարտ ձյուն էր իջնում, հետո համաչափ կտկտում էին կարկտահատերը, և հանկարծ հորդառատ անձրև սկսվեց, ասես ինչ-որ մեկը կատաղել էր երկնքում և հսկայական դույլերով ու թասերով գոլ ամպաջուր էր թափում գլխիս, որ ցած հոսելով լցվում էր ականջներիս մեջ և, մերթ ընդ մերթ սեղմելով ու ազատ թողնելով ականջաթաղանթս, խտղտում էր գլխումս անհանգիստ շարժվող առողջ բանականության բջիջները: Երանություն էր իջել վրաս, դուրեկան մշուշը պարուրել էր սենյակը, ձյունաճերմակ հրեշտակները թևածում էին ուղիղ իմ գլխավերևում, իսկ անլռակյաց հրեշտակապետը բերանից քուլա-քուլա դուրս հոսող կարմրա-նարնջագույն առատ գոլորշով ակնոցի հախճապակյա ապակին էր սրբում:
Հետո հրեշտակներից մեկը պատուհանագոգին իջավ, ճիշտ բժշկի կողքը, մի մեծ մագաղաթ գտավ ու գոգին առավ, վերցրեց գրիչն ու գրեց, գրեց ու գրեց, ասես Արմեն Շեկոյանն էր իր բազմավեպի հերթական հատորը շարադրում: Գրչի ամեն մի շարժման հետ մշուշը դանդաղ ետ էր քաշվում, մինչև վերջնականապես հավաքեց փեշերն ու անհետացավ փակ պատուհանի միջով: Հենց այդ ժամանակ էլ բժիշկը մագաղաթն ու գրիչն իր ձեռքը առավ, խազեց-խազմզեց մագաղաթի վրա, որ ո՛չ խաչ էր, ո՛չ վեցանկյուն ու ո՛չ էլ շրջան, պարզապես խզբզոց էր: Երևի իր իմացած օտար լեզվով էր:
Տեղիցս վեր կացա, և բժիշկը թևս մտավ ու մինչև դուռն ուղեկցեց: Երբ մագաղաթն ինձ էր մեկնել և ինձ ծանոթ լեզվով ինչ-որ բառեր էր մրմնջում, նրա հայացքը վարանոտ էր, աչքերը սենյակի տարբեր անկյուններում անվերջ փոշի էին փնտրում և երբ չգտան, սկսեցին քիչ-քիչ դեպի առաստաղը բարձրանալ:
Արդեն ոտքս դուրս էի դրել շեմից, ականջիս հասավ բժշկի ծորուն ձայնը, որ անսպասելիորեն խրոխտ էր դարձել.
– Չմոռանա՛ք երկրորդ հարկում գանձապահին մոտենալ:
Աստիճանավանդակին հասնելով` այլևս չհամբերեցի և բացեցի մագաղաթը: Առաջին ընթերցումից հետո թվաց, թե տեսողության ու ընկալման բջիջները բացարձակապես անգործունյա էին դարձել գլխուղեղումս և արդեն վաղուց ձայնա­գրած ժապավենն էին ետ պտտում: Այդ պահին Ազգային ժողովի խոսնակը հայտարարեց, որ անցնում ենք երկրորդ ընթերցմանը, իսկ ամենաբազմաքանակ խմբակցության ղեկավարը լվաց ու սթափեցրեց ուղեղս: Ամեն բան ճիշտ էր, նույն ախտորոշումը և նույն դեղերը: Պարզապես ութ դեղատեսակ էր ավելացել մինչև այժմ ընդունածներիս, ընդ որում` չորսը սրսկվելու համար: Իրո՛ք ասեղի վրա եմ նստելու:
Գանձապահի ճերմակադռան մեջ կլոր անցք էր բացված, չնայած ապակին ուղղանկյուն էր, և ստիպված չորս կողմից սև մետաղով էին երիզել: Սկզբում թվաց, թե աթոռին նստած գանձապահը կռացել էր և հատակի վրա ինչ-որ բան էր փնտրում, բայց հետո հասկացա, որ կլոր գլուխն այնքան մոտ էր հաստակլոր մարմնին, որ ապակու միջից անհնար էր տարբերել: Իսկ երբ տարբերեցի, նկատեցի, որ ինձ նայեց բարեհամբույր ու կասկածկոտ ժպիտով, մի անգամ էլ նայեց, հետո դրամարկղային մեքենայի վրա ինչ-որ թիվ հավաքեց ու մեքենայի արձակած տհաճ ղռռոցից հետո ինձ մեկնեց կտրոնը: Կտրոնի վրայի թիվը տեսնելով` աչքերս, հավանաբար, կլորացել էին, որովհետև գանձապահն անմիջապես վրա տվեց.
– Պրոֆեսորին այցելելն այդքան արժե:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։