ԱԿԱՆՋԴ ԲԵՐ՝ ԱՍԵՄ – 2 (Հակոբ Պարոնյանը ներազգային հարաբերությունների բովանդակության մասին) / Արսեն ԳԼՋՅԱՆ

Ինչպես գիտենք, Զարթոնքի առաջին գործիչները` Գր. Օտյանը, Ն. Ռուսինյանը և մյուսները, մտահղացել և մեծ ջանքերի գնով Սուլթանի հավանությանն էին արժանացրել հայ հանրության մեջ «Ազգային սահմանադրություն» հորջորջվող մի «Կանոնադրություն», որի առաքելությունը հայության առաջադիմությանը ծառայելն էր` գավառի և կենտրոնի միջև կապող օղակ դառնալը, Ազգային և Կրոնական ժողովների գործունեության մեջ կարգուկանոն մտցնելը, եկեղեցականների և մեծահարուստների ներազգային իրավունքներն ու պարտականությունները որոշ բանական շրջանակի մեջ դնելը: «Ազգային սահմանադրության» միջոցով հնարավորություն էր ստեղծվել համախմբելու ազգի կարող ուժերն այնպիսի առաջնային խնդիրների շուրջ, ինչպիսին էին կրթությունը, դպրոցը, հիվանդանոցը, աղքատախնամը, տպագրական գործը, հայ եկեղեցին խորթ ազդեցություններից հեռու պահելը:
Պարոնյանը ոչ միայն գիտակցել է Ազգային սահմանադրության կենսական նշանակությունը, այլև ընդգծել է, որ գաղափարը կյանքի կոչելուց հետո կարևոր է, որ հայ հանրության, մասնավորապես, սոցիալապես ազդեցիկ շերտերը ողջամիտ վերաբերմունք դրսևորեն նրա նկատմամբ: Ցավոք, «նոր հայերը»` «երկաթապետության, կտավապետության և բրդապետության» իշխանները, Ազգային ժողովի երեսփոխան դառնալով, ամիրաներից մնացած արատավոր ավանդույթին հետևելով, փորձում են ազգային վարչությունը վերածել իրենց տիրապետությունը հավերժացնելու գործիքի՝ «Ազգային սահմանադրությունը» ազգային «սանձադրության» միջոցի վերածելով: «Բարեկա՛մ, անձրևեն փախչինք ըսինք, կարկուտի բռնվեցանք, ամիրաներու ձեռքեն խալսեցանք, երեսփոխան ամիրաներու ձեռքը տվինք հոգինիս»,- վրդովմունքով բողոքել է Պարոնյանը:- Գերագույն ժողովի մեջ անիրավությունն այժմ ճշմարտության ներկայացուցիչն է. բռնությունը, «գավազանը ձեռին» նախագահում է ամենուր, «իրավունքը» որոշողը «ֆալախան» է1: Հայ մեծահարուստները պետք է հասկանան, որ «Մեծ տարբերություն կա ոսկիի և իրավունքի մեջտեղը,- ընդգծել է նա, «ոսկին ոսկի չունեցողին կրնա տրվիլ, բայց իրավունքը` իրավունք ունեցողին միայն տրվելու է» (8,304): Սահմանադրության գաղափարն ինքնին ոչինչ է, եթե գործնականում կյանքի չի կոչվում: Ներկայումս «Սահմանադրությունը ծույլ մարդու կը նմանի, որ եթե ձեռքեն չբռնես, չքալեր, նստած տեղը կը մնա, օրքանզօր կը տկարանա և կը մեռնի»,- նշել է նա. «Սահմանադրությունն ի՞նչ կրնա ընել ինք իր գլխուն, ոտ չունի, որ քալե, երեսփոխանները պետք է զանիկա քալեցնեն» (1,121): Հայ հանրության բարոյական վիճակը բարվոք չէ. «քայլ մը առաջ» անելուց հետո «տասը քայլ» ետ է գնացել: Այդ են վկայում Սահմանադրության հռչակմանը նվիրված տոնակատարությունները, որոնք վերածվում են «առանց գործերի՝ հավատքի օրվա»: Լուսավորյալ ազգերին իբր նմանվելով՝ հայությունն էլ իր «Սահմանադրության» օրը հանդեսներ է կազմակերպում, դրա առիթով սեղան շտկում, օղի և գինի խմում, զվարթանում, կարծելով, թե ազգի առաջադիմության ուղին երգել ու պարելն է, հեգնել է գրողը: Մինչդեռ հարկ է, որ գոնե այդ օրը դրա խորհուրդի (10, 308), նախորդների գաղափարները զարգացնելու, ազգային վերընթացի ուղին ապահովելու խնդիրների շուրջ մտորեն:
Պարոնյանը ոչ միայն քննադատել է հայ հանրային կյանքում ստեղծված կացությունը, այլև Բալզակի նման այն տեսակետն է պաշտպանել, թե ազգի առաջադիմությունը հնարավոր է ապահովել միայն ներազգային հարաբերություններում Ժողովրդավարությունը զարգացնելու՝ ընտրական համակարգը, «օրենքների ստեղծման այդ հիանալի սկզբունքը»2 կիրառելու միջոցով: Գրողը բացասական դիրք է գրավել ազգային ինքնավարության մարմիններում՝ Ազգային ժողովում, Կրոնական ժողովում, Դատաստանական խորհրդում տիրող բարքերի, իրենց «ազգային գործիչ» հորջորջողների ճղճիմության, գաղափարազրկության, եսամոլության նկատմամբ: «…Ճզմե՛ այդ երեսփոխանաց գլուխը, որ զքեզ դուրս վռնդել կուզեն…»,- դիմելով էսնաֆությանը՝ կոչ է արել գրողը` ընդգծելով. «… անոնք հիսունմեկ ձայն ունին, դու, ժողովու՛րդ, գիտե՞ս ինչ ձայն ունիս, քու ձայնդ աստծո ձայն է» (8, 331):
Պարոնյանը «արժանավայել հարգանք» (10,284) է տածել հասարակության բոլոր շերտերի` «ամեն աստիճանի ազգայնոց» նկատմամբ: Նա բարձր դասերին առանձնապես չի համակրել, սակայն դրա պատճառն այն չէր, որ սոցիալապես բարեկեցիկ էին: Գրողն ազգային գործերում պատրաստ էր ընդունել բարձր դասերի առաջնությունը, եթե նրանք դրան արժանի լինեին: Բարձր դասի ներկայացուցիչ էր Սարգիս պեյ Պալյանը, սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի գրողի հիացմունքին բոլորից շատ նա արժանանա: Պարոնյանը գործնականում անսահման արհամարհանք է ունեցել հայ հարուստների նկատմամբ, քանի որ նրանք, ինչպես դեռ Մ. Նալբանդյանն էր նկատել, այնպիսի «մարդիկ» էին, «որ արծաթի սանդուղքով» վեր բարձրանալով «ազգի մակերևույթից»3, խորթ աչքով էին նայում նրա շահերին: Հայ հանրությունը ոչ թե բարձրաշխարհիկ խավ ունի, այլ, պարզապես, «փարա ունեցողներ» (10,272),- արհամարհանքով նշել է Պարոնյանը: «Կ’աղաչեմ, ցույց տվեք ինձ հարուստ մը որ ճշմարտասեր և մարդասեր ըլլա» (10, 426): Մեր ապրած ժամանակաշրջանի «լեցուն գլուխները» նրանք են, որոնց «փորն ու քսակը լեցուն» են: Ազգի գործերը կառավարում է ոչ թե նրա ուղեղը, այլ՝ ստամոքսի «տրամաբանությունը» (10,315):
Պարոնյանի վերաբերմունքն աշխատավոր դասերի նկատմամբ ևս խորամիտ է: Ստորին խավերը ձևավորվել են ոչ թե որևէ մեկի ցանկությամբ, այլ բնական ընտրության օրենքի համաձայն, գիտակցել է գրողը, ուստի, նրանց չպետք է վերաբերվել միակողմանի հայացքով: Սոցիալական ու քաղաքական լծի տակ կքած, գոյության կռվի պարտադրանքով դեմքն ինչ-որ չափով կորցրած այդ մարդիկ (որոնց կենցաղի ու բարքերի մեջ միահյուսված են արժանիքներն ու թերությունները) պետք է սրտացավ վերաբերմունքի արժանանան, քանի որ, ինչպես իրավացիորեն նկատել էր դեռ Մ. Նալբանդյանը. «Մի ազգ, թող որքան կամի, հարուստ լինի երևելի մարդերով, այնուամենայնիվ այդ ազգի ազգության մեքենան շարժվում է հասարակ ժողովրդի վրա: Սա է այդ մեքենայի առանցքը, լծակը և հաստարանը»4: Հասարակ ժողովուրդը պատմական փորձության պահերին կարող է վճռորոշ դերակատարություն ստանալ, իր հերթին նշել է Պարոնյանը. «Ժողովուրդ բառն անուշ և հրապուրիչ է» դառնում, այդ ճշմարտությունը գիտակցող «մեծ մարդիկ» այն իրենց «դրամագլուխն» են դարձնում (5, 276):
Գրողը բացահայտել է նաև մի կարևոր ճշմարտություն: Օսմանյան հասարակությունը պատմականորեն ծնել է իր հարազատ «զավակներին»՝ թուրք և քուրդ ավազակախմբերը, «քրդակապիկը», բայց նաև՝ «հայ կապիկը» (10, 267-268), որոնք իրենց հանցագործ էությունը դրսևորելու շատ նպաստավոր ասպարեզ են ստացել: Սրանք, գրողի խորին համոզմամբ, վիժվածքներ են, որոնց հանդեպ անհրաժեշտ է ֆիզիկական կոպիտ ուժ կիրառել:

——————-
1. Պարոնյանից քաղվածքները արված են Երկերի ժողովածու տասը հատորով, հ.1-10, Եր., 1964-1979 թթ. հրատարակությունից` փակագծում նշելով միայն հատորը և էջը` 2, 86-87:
2. Օ. դը Բալզակ, Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 1, Առաջաբան, Եր., 1955, էջ 57:
3. Նալբանդյան Մ., Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հ. 3, Եր., 1983, էջ 181:
4. Նույն տեղը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։