Ով ընդհանրապես կասկածում է դրախտի գոյությանը, թող բարեհաճի գեթ մեկ անգամ լինել այն կազմակերպությունում, որտեղ, ի երջանկություն ինձ, աշխատում եմ:
Թեև ես բացարձակապես անտեղյակ եմ դրախտի նիստ ու կացին, հրեշտակների աշխատանքային փոխհարաբերություններին, սակայն, քաջ ծանոթ լինելով դրախտի մանրակերտ հանդիսացող մեր կազմակերպությանը, խորապես համոզված եմ, որ դրախտում էլ գլխավոր տնօրեն հրեշտակից մինչև հավաքարար հրեշտակը փոխադարձաբար հասկանում, հարգում ու սիրում են միմյանց:
Սակայն քանի որ հավերժ մնայուն ոչինչ չկա այս արևի տակ, ուստի մի տգեղ օր էլ հերթը հասավ նաև մեր դրախտ կազմակերպությանը:
Հակադրախտային ընդդիմության արմատական թևին հարող մի քանի գերչարացած, վայ քլունգողներ, ելնելով մարդու հիմնական իրավունքների Եվրո հռչակագրից, մի ավերիչ բողոք ներկայացրին Դժնդակ Հադեսի թագավորությանը, թե հավաստի աղբյուրներից ճշտել ենք, որ Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքում, կղզյակի կարգավիճակով, գոյություն ունի մի կազմակերպություն, որի աշխատակիցները, անկախ զբաղեցրած դիրքից, հաշտ ու խաղաղ են միմյանց նկատմամբ և իրենց զգում են ինչպես դրախտում…
Այս տհաճ իրողությունը, որքան զայրացրեց, այնքան զարմացրեց խավարի ու սարսափի երկրի անողորմ տեր ու տիրակալին: Ինչպես միշտ, կնոջ` Պերսեփոնեի խորհրդով իր մոտ կանչեց եռամարմին, նույնքան գլխանի, հրեշների տնօրեն Հեկատե աստվածուհուն և կարգադրեց.
– Հիմնովին վարել դրախտ կոչեցյալ վերոհիշյալ կղզյակ-կազմակերպությունը և տեղը դժոխք ցանել:
– Սակայն ինչպե՞ս, Հադես արքան ապրած կենա, երբ այդ կղզյակ-կազմակերպությունում փոխադարձ սերն ու հարգանքը միանգամայն անկեղծ է:
– Յա՜,- զայրույթախեղդ ֆշշացրեց Հադեսը,- այնպես ես խոսում, կարծես ոչ թե իմ թագավորությունում ազդեցիկ պաշտոն զբաղեցնող պատասխանատու անձ ես, այլ պարզապես աստվածաշնչյան առաքյալ…
– Բայց…
– Ոչ մի բայց,- խիստ ընդհատեց Հադեսը,- մի՞թե չգիտես, թե ինչի՞ է ընդունակ քո կրտսեր գործընկեր, գեղեցկատես Հիպնոսը:
– Գիտեմ:
– Դե որ գիտես, ուրեմն ի գործ:
Եվ ահա, օգտվելով եսակենտրոն, ընչաքաղց մարդ արարածին գայթակղելու իրենց անսպառ զինանոցից` գործի անցան:
Որտեղից-որտեղ փնտրեցին, գտան մեր դրախտի կղզյակ կազմակերպության գլխավոր տնօրենի բանսարկու ազգականներից մեկին և ոտքերն ամպոտ, հրեշտակի կարգավիճակով գործուղեցին մեզ մոտ աշխատելու:
Եվ ահա, մեր կազմակերպության մշտաջինջ երկինքը, որ բամբասանք ամպի նույնիսկ մի ծվեն էլ չէր տեսել, հետզհետե մթագնեց և հանիրավի մեղադրանքների տեսքով սկսեց զրպարտանքաշաղախ խառնակչություներ տեղալ մեր, ամենայն առումով, անմեղ գլխներին:
Պատասխանատու աշխատողից մինչև դռնապան, բան ու գործը թողած, կա՛մ մեղադրում էր որևէ մեկին, կա՛մ պաշտպանվում համանման մեղադրանքից: Զրպարտվում ու զրպարտում էին, վարկաբեկում ու վարկաբեկվում էին, ծեծում և ծեծվում էին… Կարճ ասած, մեր նախկին դրախտի կղզյակ-կազմակերպությունը վերածվեց կատարյալ դժոխքի:
Ով ընդհանրապես կասկածում է դժոխքի գոյությանը, թող բարեհաճի գեթ մեկ անգամ լինել այն կազմակերպությունում, որտեղ, ի երջանկություն ինձ, այլևս չեմ աշխատում…