Գրողները գրողների մասին / Պատմում է Ալեքսանդր Թոփչյանը

Ալեքսանդր-Թոփչյան***
Ընկերներիցս մեկին խիստ անհրաժեշտ էր, հնարավորին չափ շուտ, մի կարևոր փաստաթուղթ հասցնել Փարիզ: Զանգեց ինձ՝ հարցնելու, թե որևէ մեկին չգիտե՞մ, ով վաղը կամ մյուս օրը մեկնում է այնտեղ:
– Բախտդ բերեց,- ասացի ես:- Զուլալ Գազանճյանը վաղն առավոտ վերադառնում է: Քիչ առաջ խոսեցի հետը, հիմա հյուրանոցում է, պատրաստվիր, մեքենայով կգամ, կվերցնեմ քեզ:
Զուլալի մոտ ինչ-որ մարդիկ կային, որոնք փաթեթներ էին բերել և թախանձագին խնդրում էին, որ հետը տանի և հանձնի իրենց ազգականներին: Նա բացահայտ դժկամությամբ համաձայնեց, ճամփու դրեց իր այցելուներին և հարցական նայեց մեզ:
– Սիրելի Զուլալ,- հնարավոր քաղցրություն հաղորդելով ձայնիս՝ ասացի ես: – Մեր խնդրանքը համեստ է, ընդամենը մի ծրար…
«Ծրար» բառը լսելուն պես, Զուլալը պոռթկաց.
– Ո՛չ մեկ ծրար, պահարան եթե ունիք՝ կը տանեմ, տասը, հարյո՜ւրը, սակայն ո՛չ մեկ ծրար:
Ես անմիջապես հասկացա լեզվական թյուրիմացությունը. արևմտահայերը «ծրար» ասելով հասկանում են փաթեթ, իսկ մեր «ծրարը», որի մեջ նամակ ենք դնում, նրանց «պահարանն» է: Այնուամենայնիվ, որոշեցի հոգու հետ մի քիչ խաղալ:
– Չէ, Զուլալ, չպիտի մերժես, ընդամենը մեկ ծրար է, շատ կարևոր է, հասկանո՞ւմ ես…
– Եղբայր, ես քեզի ըսի՝ եթե պահարան է, հարյուրը կը տանեմ, սակայն ծրարի համար տեղ չունիմ:
Այդ ժամանակ ընկերս, որ արևմտահայերենի նրբություններից կատարելապես անտեղյակ էր, վրդովված ասաց.
– Արի, արի գնանք, չես տեսնո՞ւմ, սրտումը տեղ չկա, ասում ա հարյուր հատ շկաֆ կտանեմ, բայց ծրար, դաժե մի հատ, չի ուզում տանի…
Զուլալը բացեց հսկայական ճամպրուկը, որ լեփլեցուն էր «ծրարներով» և ասաց.
– Սրտումս տեղ կա, սակայն վալիզիս մեջ չիկա: Խնդրեմ, պարպե և ծրարդ մեջը դիր:
Առանց որևէ բան «պարպելու», խնդրո առարկա «պահարանը» դրեցի «ծրարներով» լեցուն ճամպրուկի վրա: Եվ այդ պարզ շարժումով, այնուամենայնիվ, մի բան պարպեցի. լեզվական թնջուկը:

***
1955 թ. ամառն էր, Սևանի Գրողների միության հանգստի տանն էինք: Հաճելի եղանակ էր, ջուրը տաք, օդը մեղմ, միայն թե բոլորը բողոքում էին ճաշերի միապաղաղությունից: Մի օր երեկոյան, ընթրիքի ավարտին, Վախթանգ Անանյանը հայտարարեց.
– Ժողովուրդ ջան, խոհարարին ասել եմ, որ վաղը գործի չգա: Առավոտ շուտ ընկերներիս հետ գնում եմ ձուկ բռնելու, այնպես որ, վաղը ճաշին ձուկ ենք ուտելու:
Հաջորդ օրը, նախաճաշին, Վ. Անանյանն իսկապես բացակայում էր, բայցևայնպես Սերո Խանզադյանը մտահոգ էր երևում.
– Էս որ Վախթանգի հույսին մնացինք, էսօր ծոմ ենք պահելու: Նավակը պատրաստիր, գնանք Ցամաքաբերդ:
Հանգստի տունն իր նավակն ուներ, որը ջահելներով փոխնիփոխ թիավարում էինք:
Ցամաքաբերդի ափին ձկան շուկան էր: Սերո Խանզադյանն արդեն ընտրել էր իր ուզածը և գինն էր սակարկում.
– Թանկ եք ասում, Երևանում ավելի էժան է, քան այստեղ:
– Ընկեր Խանզադյան, հիմա սեզոն չի, մենք ձեզ էժան ենք տալիս, մի կես ժամ առաջ Վախթանգ Անանյանը եկավ, ավելի թանկով առավ, տարավ:
Սերո Խանզադյանի դեմքին ժպիտ հայտնվեց.
– Ասում եք՝ Վախթանգն առավ, հա՞… Քանի՞ հատ առավ…
– Մի քսան հատ եքա սիգ առավ, մի տասը հատ էլ իշխան…
– Դե լավ, որ այդպես է, ես մի հատ յաբանի կվերցնեմ:
«Յաբանին» իշխանի խոշոր տեսակն էր, որի քաշը երեք և ավելի կիլոների էր հասնում, միսն էլ՝ առանձնապես համեղ: Հիմա այլևս չի հանդիպում:
Հանգստի տուն հասանք ճիշտ այն պահին, երբ Վախթանգ Անանյանն իր ավարը ձեռքին պատրաստվում էր բարձրանալ աստիճաններով: «Յաբանին» տեսնելով՝ զարմացած և փոքր-ինչ հեգնանքով հարցրեց.
– Սերո ջան, էդ որտե՞ղ բռնեցիր:
– Նույն տեղը, ինչ դու, Վախթանգ ջան, մենք քեզնից հետո գնացինք, ընդամենը էս մեկը կարողացանք բռնել… Հրեն, նավակը տես, նոր եկանք:
Այդ օրը իսկական քեֆ եղավ, և բոլորը խմում էին հաջողակ «ձկնորսների» կենացը:

***
1959 թ. մայիսն էր, ես սովորում էի Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Մի օր, դասամիջոցին ինձ մոտեցավ Տիգրան Բակուրը և հայտնեց, որ հոնորար ունի ստանալիք «Սովետական Հայաստան» թերթից, որ այնտեղ մի մեծ բանաստեղծություն է տպագրել և որ ինձ ու մի քանի ընկերների հրավիրում է ռեստորան: Նա ցույց տվեց թերթի՝ ապրիլի 21-ի համարը, որտեղ իսկապես մի մեծ բանաստեղծություն կար Լենինին նվիրված, բայց տակը գրված էր Սիլվա Կապուտիկյանի անունը:
– Բանաստեղծությունն իմն է,- ասաց Տիգրանը, – բայց թյուրիմացաբար Սիլվա Կապուտիկյանի անունն է գրվել:
Իրողությունը հետևյալն էր. ապրիլի կեսերին Տիգրան Բակուրը Մոսկվայի Գրողների Միության Կենտրոնական տանը, ուր մուտքը բացառապես Գրողների միության անդամության տոմսերով էր (դա Տիգրանի համար, անշուշտ, խնդիր չէր, քանի որ, ցանկության դեպքում, նա կարող էր նաև Կրեմլ թափանցել), նա հանդիպում է Սիլվա Կապուտիկյանին և, իմիջիայլոց, հայտնում, թե հաջորդ օրը, օդանավով, վերադառնում է Երևան: Բանաստեղծուհին, օգտվելով առիթից, մի բաց ծրար է հանձնում Տիգրանին, որի վրա՝ իր ձեռքով, նախապես գրել էր. «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր ընկ. Կարո Վարդանյանին», իսկ ծրարի ներսում՝ Լենինին նվիրված բանաստեղծության ձեռագիրն էր:
– Խնդրում եմ տեղ հասնելուն պես հանձնես խմբագրին:
Տիգրանը կատարում է բանաստեղծուհու խնդրանքը, մի տարբերությամբ. բաց ծրարի մեջ, Ս. Կապուտիկյանի ձեռագիր և ստորագրված բանաստեղծության փոխարեն, «թյուրիմացաբար», դնում է իր ան­ստորագիր, մեքենագրված և դարձյալ Լենինին նվիրված բանաստեղծությունը: Խմբագիրն էլ, որ անհամբեր սպասում էր վաղօրոք խոստացված ձոներգը, ստանալուն պես դնում է թերթի առաջին էջին՝ որպես Ս. Կապուտիկյանի բանաստեղծություն, մինչդեռ դրա հեղինակը, դե ֆակտո, Տիգրան Բակուրն էր:
Գրական այս միստիֆիկացիան մեծ աղմուկ առաջացրեց հանրապետությունում: Չեմ հիշում՝ թերթն արդյոք հերքում տպագրե՞ց, թե՞ ոչ, բայց Տիգրան Բակուրը կարողացավ սկանդալների գնով կորզել իր՝ իսկապե՜ս արդար վաստակած, հոնորարը և հյուրասիրել ընկերներին:

One thought on “Գրողները գրողների մասին / Պատմում է Ալեքսանդր Թոփչյանը

  1. Յարգելի՛ խմբագրութիւն, Ալեքսանդր Թոփչեանի յօդուածը՝ «Հայերէնի խլխց(ու)ող ականջը», անաւարտ մնացած է, կարելի՞ է լրացնել զայն: Շնորհակալութի՛ւն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.