Կան գրողներ, որոնց կենսապատումը նրանց ստեղծագործության լավագույն մեկնաբանությունն է, իսկ գեղարվեստական երկերը՝ կյանքի լավագույն արդարացումը: Վ. Բելինսկու խոսքերով, այդպիսի գրողների առջև ժամանակը ծունկի է գալիս: Այս առումով առանձնահատուկ ու բացառիկ է Հովհաննես Թումանյանը: Նա մեր ինքնաճանաչումն է ու գենետիկ կոդը, նրանով կարելի է հասկանալ հայ մարդուն, նրա բնավորությունը, անցյալն ու ապագան միաժամանակ: Թումանյանն է հայի ու հայկականության խորհրդանիշը: Վերջերս մահամերձ երիտասարդ մի կին հիվանդանոցում ասում էր. «Այնպես եմ մրսում, ոնց որ Գիքորն էր մրսում»: Զարմանում ու ապշում ես, ինչպե՞ս կարելի է նկարագրել ֆիզիկական երևույթը, որ այն նույնպես դառնա խորհրդանիշ:
1904 թ. նամակներից մեկում գրողը խոստովանում է, որ անցավորը շատ վաղուց է ընկել սրտից, իսկ անանցի հետ իր կապը լռության էր մատնում, քանի որ հոգին որոնումների մեջ էր, և դեպի անհունը իր ճանապարհին գտավ տիեզերքը՝ իբրև տուն. դարձավ աստվածային ուխտագնաց. «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին». ասես դա քիչ էր, դարձավ տիեզերքի տերը: Գուցե մաշվել են Թումանյանի բացառիկության մասին խոսքերն ու համեմատությունները, սակայն դրանք միշտ արդիական են, ինչպես բնության իրողությունները, ինչպես որ առածներն ու ասացվածքները:
Համաշխարհային գրականության մեջ քանի՞ գրող գիտենք, ով այդքան բազմազբաղ էր և վիթխարի դեր է խաղացել հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ո՞վ է միաժամանակ նախագահել տասնյակ կազմակերպություններ (Հայ գրողների, Հայ որբախնամ, Հայկազյան ընկերություններ, Հայրենակցական միությունների միություն, Վշտապատում բյուրո, Հայ արվեստի տուն, ՀՕԿ և այլն և այլն), կատարել քաղաքացիական սխրանքներ՝ բազում անգամ վտանգելով իր կյանքը:
Աշխարհացունց և ոչ մի արհավիրք ի զորու չեղավ կասեցնելու անվերջ զոհաբերություններով լի կյանքի ուղին, շեղելու նրան իր գաղափարական համոզմունքներից ու բարոյական սկզբունքներից՝ ինչն ապացուցվեց նրա կյանքով՝ սկսած վերարկուն վաճառելուց ձեռք բերած գումարով Արևմտյան Հայաստանի ազատագրության համար հրացան գնելուց և 45 հայորդիներով թուրքական իշխանությունների դեմ դուրս գալու ռոմանտիկական ծրագրերից մինչև ազգամիջյան բախումների, արյունահեղության դադարեցում, մինչև Առաջին աշխարհամարտի օրերին այցելություններ Արևմտահայաստան՝ ավերակների ու դիակների աշխարհ, մինչև Էջմիածին՝ որբերի ու գաղթականների խնամք, մինչև կարևոր, հաճախ կեղծ խոստումներով լի, երբեմն էլ արդյունավետ հանդիպումներ վրացի, ռուս, գերմանացի, իսպանացի և այլ ազգերի դեսպանների ու հյուպատոսների հետ, գավառապետերի ու նահանգապետերի, ռուս գեներալների ու զինվորների, հայ կամավորների հետ, մինչև քաղաքացիական պատերազմը կանխելու անհաջող փորձ, մինչև չիրականացված գործուղում Ռուսաստան՝ կայսր Նիկոլայ Երկրորդի մոտ, մինչև ՀՕԿի առաջին նախագահի պաշտոն…. և սա բոլորը չէ… միայն թվարկելիս մարդու շունչը կտրվում է, թվում է, թե ամենքս էլ գիտենք, և ամոթ է, որ չիմանանք… նման վարքագիծը բացառիկ է՝ բնորոշ միայն նահատակության գնացող առաքյալներին: Նա ապրեց հույսերի ու հուսահատությունների, հոգեկան վերելքների ու դառը պարտությունների, ապրելու ճիգերի ու հայրենազրկման իրականության մեջ և կարողացավ նույնիսկ ավերակների ու դիակների աշխարհում պահպանել լուսավոր իդեալները, մարդուն գազանից մարդ դարձնելու երազանքը, որն այդպես էլ անկատար մնաց, ինչպես որ «Հազարան բլբուլը»:
1915-ի սոսկալի ամիսներին քանի՛քանիսը չանցան նույնիսկ Էջմիածնի կողքով, իսկ ոմանք էլ անկեղծ հայրենասիրությամբ նետվեցին այնտեղ՝ օգնելու, սակայն ֆիզիկապես չդիմացան դժոխային տեսարաններին, ինչպես, օրինակ, Մարտիրոս Սարյանը: Դեռ Սարյանի բախտը բերեց. վշտից ու ցավից նրա ուշագնացությունն ու հիվանդությունը, ո՞վ գիտի, գուցե բարեբախտություն էին ու փրկեցին նրա կյանքը: Իսկ Արամ Մանուկյանին դա չհաջողվեց. նա վարակվեց գաղթականներից ու վախճանվեց: Նույնը տեղի ունեցավ մեծահարուստ բարեգործ, Երևանում «Ջանփոլադյանի թատրոնի» հիմնադիր Եսայի Ջանփոլադյանի հետ: Նա նույնպես, իր տանը ապաստան տալով որբերին, նրանցից վարակվեց անբուժելի հիվանդությամբ և իր մահկանացուն կնքեց՝ որբ թողնելով անչափահաս երեխաներին: Նահատակության գնացող այդ բացառիկներից էր Թումանյանը, որ, ընդհատելով իր բուժումը, շտապեց Էջմիածնի դժոխքը ու ամիսներով մնաց այնտեղ, և դա էլ ասես քիչ էր, դստերն էր կողքին պահում, վտանգում հարազատ զավակի կյանքը: Սա արդեն հայրենասիրության ուրիշ, բացառիկ որակ է: Չափահաս բոլոր զավակներին զորավար Անդրանիկի տրամադրության տակ դնելը (չորս որդիներին՝ զինվոր, չորս դուստրերին՝ գթության քույր) ինքնազոհաբերում չէր միայն, այլ զոհաբերության առավել բարձր որակ: Եվ պատնեշի վրա էր մինչև իր կյանքի վերջ, երբ չանսաց մեծ կանխազգացումով օժտված մոր նախազգուշացնող ու աղերսական ձայնին. համաձայնվեց մահացու ու անբուժելի հիվանդությամբ ուղևորվել Պոլիս՝ դառնալու կամուրջ արևմտահայության բեկորների ու խորհրդահայ նոր երկրում ծվարած ժողովրդի համար, աջակցելու նրանց, որ բռունցքվեն և սատար լինեն միմյանց՝ ընդդեմ բոլոր թշնամիների: Մահկանացու Թումանյանը կառքի գալու պահին խորհում էր, թե երանի ոտքերը կոտրվեին ու չգնար, բայց հաղթում է անցավորի հետ իր կապերը խզած բանաստեղծը, ով ուզում էր վերջին շնչում անգամ օգտակար լինել իր ժողովրդին, որովհետև գիտեր՝ իր մահվան օրը մեկնելու էր անմահություն:
Եթե Թումանյանը նույնիսկ գրող չլիներ, միևնույն է նա մնալու էր մեր պատմության մեջ: Ամենուր նրա իդեալը չարի վերջը տեսնելն էր: Այդ նպատակի համար նա ընտրել էր ոչ թե սպանելու և ոչնչացնելու, այլ ուժ տալու ու կենդանացնելու ազնիվ, այսօր կասեին «կոնստրուկտիվ» ճանապարհը. «Միայն մի բան կկամենայինք, որ վերանար… բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից, տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատության, լայն ու պայծառ հայացքին… և, փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու, աշխատենք ուժ տալ ու կենդանացնել»:
Թումանյանը հայի հուզական աշխարհի, ստեղծագործ մտքի ու արթուն բանականության ներդաշնակ միասնությունն է, ով իրողություն դարձրեց ամենքի հետ ու ամենքի համար ապրելու իր նվիրական երազը՝ «Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի». ինքն իր համար այլևս գոյություն չուներ: Նա ողջակիզվեց, որ շատանա լույսը. (Քանի՛ ձեռքից եմ վառվել):
Արդեն մեկ դար է, ինչ գրողի յուրաքանչյուր հոբելյան դառնում է նրա ժողովրդականության վառ ապացույց: Նա այն երջանիկներից է, որի մեծությունը խոստովանել են նրա բոլոր ժամանակակիցները, հատկապես մեծերը, գրեթե առանց բացառության, առաջնության դափնին տվել են Թումանյանին, որովհետև իսկապես մեծ էին և չէին վախենում ամենամեծի հետ համեմատվելուց: Սա նույնպես հազվադեպ երևույթ է համաշխարհային գրականության մեջ: Նրանց պաշտամունքն ասես փոխանցվեց գրողների ու գրական հաջորդ սերնդին, որն ավելի առաջ անցավ ՝ աստվածացնելով նրան, վստահ ենք՝ այդպես է լինելու նաև հետագա դարերում, և եթե այսօր ոմանք լռում են, ուրեմն դեռևս չունեն իրենց մեծության գիտակցությունը, միայն մեծերն են խոստովանում Թումանյանի անառարկելի մեծությունը: Թումանյանական սեղմությամբ՝ «Աստծո որդի», «Հայր աստված», «զորավար արքա», «կատարելության խորհրդանիշ» արտահայտություններով է բնութագրել մեծ լոռեցուն նրա մեծ հայրենակիցը՝ Հրանտ Մաթևոսյանը. «Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք»: Ինչպես կասեր ինքը՝ պոետը.
Դու Աստվա՛ծ ես, դու անհո՛ւն ես, անանուն ես, ու անես…
Պուշկին-Թումանյան զուգահեռի մասին խոսվել է միշտ՝ սկսած նրա ժամանակակիցներից՝ իշխանուհի Մարիամ Թումանյանից ու Վ. Տերյանից մինչև մեր օրերը և վաղուց գիտականորեն ամրագրվել է Թումանյանի՝ Պուշկինի հոգևոր երկվորյակը լինելու իրողությունը: Ապոլոն Գրիգորևը 1859 թ. ասել է. «Պուշկինը մեր ամեն ինչն է». արտահայտություն, որն այդ օրից դարձավ թևավոր և անառարկելիորեն բնորոշում է նաև Թումանյանին: Եթե այդ խոսքը բնութագրում է Պուշկինին, ով հիմնականում արվեստում դարձավ ռուսական հոգու և ռուս մարդու բնավորության կրողն ու ներկայացուցիչը, ապա որքա՛ն այն սազում է Թումանյանին, ով հասարակական կյանքի անհամեմատ շատ, գրեթե բոլոր ոլորտներում դարձավ ազգայինի լավագույն ներկայացուցիչը, և ոչ թե որևէ գրող կամ քննադատ, այլ հենց ինքն իրեն անվանեց ամենայն հայոց, ու ժողովուրդը նույն վայրկյանից կառչեց այդ բնորոշումից՝ նրան հռչակելով «Ամենայն հայոց» բոլոր ասպարեզներում՝ բանաստեղծ, թամադա, որբերի հայրիկ և այլն: Երբ նրանից հետո եկան Տերյանն ու Չարենցը, նրանց կողքին էր Թումանյանը: Նա նաև այսօրվա գրողների կողքին է, բոլորի, անխտիր, անգամ նրանց, ովքեր կարող են մերժել ու չխոստովանել նրա մածությունը: Նա կլինի նաև գալիք սերունդների հայ հանճարի կողքին և կսովորեցնի ապրելու և արարելու արիություն:
Այո՛, Թումանյանը մեր ամեն ինչն է, նրա մեջ մեր անցյալն է, ներկան ու ապագան, մեր ավանդույթներն ու ավանդախախտությունը, նա և՛ հողեղեն է, և՛ աննյութական, նրա մեջ մեր բնությունն է, հայոց բառ ու բանը, մեր հացն ու ջուրը, առօրեականը և տիեզերականը, նա կատարելության ու զոհաբերության խորհուրդն է, հայ ժողովրդի խիղճը, գութն ու կարեկցանքը, և հեռացավ կյանքից իր ազգի համար անշեջ հուրը փնտրելու ճանապարհին: Իր բնազդով ու հոգու աչքերով էր տեսնում անտեսանելին. «Ես հազար աչքով բաներ եմ տեսնում… Հազար ականջով ձայներ եմ լսում…»:
Հայրենազրկված պոետի, որդեկորույս հոր, ամենայն հայոցի «Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ» հոգին հաճախ է ճչացել վշտից ու ցավից, բայց նա ժպտացել է, շռայլորեն ժպիտ պարգևել ամենքին. չէ՞ որ «Քեֆ անողին քեֆ չի պակսի» հեքիաթի հեղինակն էր, թեև իր հոգում անթեղած հայոց վշտի ծովը անհամեմատելի է իր հեքիաթի հերոսի ցավի հետ: Ամեն ինչ արել է՝ թաքցնելու հայոց վշտի մեծ ծովից ծնվող վիթխարի տառապանքն ու իր տղամարդկային արցունքները, ու չի նկատել, որ բացի հարազատներից, դրանք տեսել են ժամանակակիցներից մի քանիսը՝ Հ. Տեր – Միրաքյանը՝ Ղ. Աղայանի աճյունի մոտ, գթության քույր Նվարդ Եգիբյան-Բաղդասարյանը՝ 1915 թ. Էջմիածնում՝ դիակների սայլի մոտ, Տիգրան Հախումյանը՝ 1918 թ մայիսի 29-ին, երբ Թումանյանը Սանահինի ձորով հայր Օհանի պես անօթևան գաղթականներին առաջնորդելիս նրանց անեկդոտներով ու սրամտություններով ուրախացնում ու նույնիսկ ծիծաղեցնում է «Էրեկլու բաղում», իսկ բոլորի քնելուց հետո՝ նստում հեռավոր կոճղին ու մռայլվում, արտասվում:
Թումանյանը… «զարմանալի զարմանք», մի գերմարդ, որ ամենքի հետ ապրում ու ամենքի չափ տառապում էր, ինչպես ինքը կասեր՝ հանճարի կնիքը ճակատին, ժողովրդի զգացմունքը սրտում, լույսը հոգու մեջ, պատմությունը թիկունքին, ապագան ու գալիքը՝ աչքի առաջ: Ինչպես կարող է մեր ամեն ինչը չլինել մի պոետ, որի մասին վաղուց ասված է, թե մեր «ոգու Աստվածաշունչն է ու մեր կյանքի հանրագիտարանը»:
Թումանյանը մեր ամեն ինչն է, քանի որ նրա պոեզիայում կան մեր անցյալի ու իր ապրած օրերի հայ մարդու մոլեգնող զգացմունքների փոթորիկներն ու ապագայի բազում-բազում հորիզոնները միաժամանակ: Նա եկել էր իբրև առաջնորդ, նահապետ, զորավար ու զինվոր, իբրև մարտիկ հեղեղի նման հայության վրա թափվող զարհուրանքների դեմ, եկել էր մեղմացնելու նրա վիշտն ու տառապանքը, եկել էր իբրև բժիշկ՝ դարմանելու Հայաստանի չապաքինվող վերքերը, բալասան դառնալու ու պահելու ազգի հինավուրց հավատն ու ապագայի հույսերը: Անգիր գիտեր ու մեզ զգուշացրել է, որ «Չարն էլ է միշտ ապրում անմեռ», դրա համար էլ չարի ու բարու սահմանին կանգնած սահմանապահն էր նա, որ պաշտպաներ բարուն չարի ոտնձգություններից և թույլ չտար, որ բարին ու լավը գայթակղվի ու անցնի սահմանի հակառակ կողմը, թույլ չտար, որ մյուս կողմից էլ սահմանն անցնի տկար լավին հաղթած վես տմարդին և անարգել հայտնվի գեղեցիկ երազների աշխարհում: Իմաստուն պատգամախոսն էր դարերի և զգուշացնում էր անողոք իշխողներին և իրենց անպարտելի, ամենազոր հորջորջողներին. «Միշտ ուժեղից ուժեղը կա, Իսկ ամենից ուժեղը՝ մահ» («Հսկան»): Աշակերտն էր հայրենի հողի, բնության ու ժողովրդի, և լավ էր սերտել նրանց դասը. Շատերն էին աշակերտել նույն ուսուցիչներին, բայց քչերին, բացառիկներին է հաջողվել յուրացնել նրանց դասերը. ծաղիկը դրված է մեջտեղը, բայց միայն մեղուն է նրանից մեղր քաշում: Գազանմարդու իշխանության տակ հեծող թույնով ու մաղձով լի դարում նա մեղր էր քաշում, որ լույսով հաղթեր խավարին ու բարությամբ՝ չարին («Ո՞նց էր համը իմ ձագի»):
Մեր բազմադարյան պատմության մեծերի մեծն էր: Անհիշելի ժամանակներից նա միշտ եղել է մեր բոլոր մեծերի կողքին, և՛ երբ կռվում էին Բելի դեմ, և՛ երբ քրիստոնեություն էին ընդունում, և՛ երբ գրերն էին արարում, բոլոր նրանց կողքին, ովքեր մեր ազգային մշակույթն ու պատմությունն էին կերտում: Ահա թե ինչու նա մեր ամեն ինչն է, մեր Պուշկինն է ու մեր Շեքսպիրը, մեր Հայկն է ու Տրդատ Մեծը, մեր Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, մեր Խորենացին ու Նարեկացին, մեր Օձնեցին է ու Խրիմյան Հայրիկը, մեր Աբովյանն է, Կոմիտասն ու Սարյանը, Անդրանիկն ու Նժդեհը, մեր հարազատ հողն է ու բնությունը, մեր պատմությունն է ու գիտությունը: Բայց սա դեռ բոլորը չէ: Ամենից շատ Թումանյանն է բարձրաձայնել իր դառնացած ժողովրդի՝ ամբոխի վերածված զանգվածների թերություններն ու հոռի կողմերը, ամենից շատ նա է «խալխին» նախատել յուրաքանչյուր հանցավոր հայի համար, անխնա մեղադրել ողջ հանրությանը, որովհետև «ծառիցն է ընկել պտուղը»: Ամենից շատ նա է զայրույթի նետեր շռայլել խանդի ու նախանձի, չկամության ու տգիտության, կեղծիքի ու ստի, բարոյական ոճիրների դեմ: Համարձակվել է ասել. «ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով…մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած», ամենից շատ նա է ընդգծել անկեղծ խոստովանության ու ապաշխարանքի դերը. «…Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
Եվ հենց սրանով նա դարձել է մեր դատախազը, դատավորն ու պաշտպանը միաժամանակ, մեր առաքինությունն ու «ազնվականության վկայականը», մեր հասարակական հիվանդություններն ախտորոշողն ու դրանք բուժելու, ապրելու ու հարատևելու դեղատոմսեր առաջարկողը: Ընդ որում, մարդկության մեծ ընտանիքում նա պաշտպանում էր թե՛ մեզ մեզանից ու մեր սխալներից և թե՛ անխիղճ օտարից, վերջինիս՝ մեզ ծնկի բերելու մշտական հարձակումներից: Այսօր էլ նրա Սասունցի Դավթի շուրթերից հնչող սպառնալիքն ու իմաստուն խոսքերը արդիական են թե՛պատերազմներ սանձազերծող ամեն մի իշխանավորի. թե՛ մեր զինվորի ու զորավարի, թե՛ քաղաքական ու պետական գործչի համար, ովքեր այսպես պիտի պատասխանեն մեր դարավոր ոսոխի բոլոր սպառնալիքներին.
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին,
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր Կեծակին…
Հայ արվեստագետի հեղինակային իրավունքը պաշտպանելիս նա սահմանում էր բարոյական օրենքներ, քանի որ դրանք բացակայում էին, իսկ եղածն էլ չէր գործում: Ամոթանք էր տալիս այն օրենսդիրներին, որոնց ստեղծած օրենքների հիմքում բարոյականի պաշտպանությունը չէր. «…Անարդարություն է… ինչ օրենքի անունով ուզում է այդ կատարվի: Օրենքներ կան, որոնցով ամոթ է օգտվել»: Սոս Սարգսյանն ասում էր՝ «Թումանյանը մեր դեռևս չգրված սահմանադրությունն է, մեր անձնագիրը աշխարհի առջև»: Եթե գրվի նոր՝ թումանյանական սահմանադրություն, այլևս չեն մնա օրենքներ, որոնցից օգտվելն ամոթ լինի:
Այժմ էլ դժվարին ժամանակներ ենք ապրում, և այսօր նույնպես, ինչպես միշտ, անհրաժեշտ է Թումանյանը օդի ու ջրի պես: Ամենայն հայոցի իր անխախտ իրավունքով նա հիշեցնում է, որ որքան էլ մարմինը սպանեն, հայի ոգին ընկճելն անհնար է, և արդեն ժամանակն է, որ ամենքը հավատան.
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Էսպես չի մնա, քանզի այլընտրանք չկա: Սևակն ասում էր՝ ազգերը ոչ թե մեռնում, այլ ինքնասպան են լինում, և չսովորել Թումանյանից՝ նշանակում է ինքնասպան լինել: Թումանյան ունեցող ազգը չի կարող և չպետք է ինքնասպան լինի…
Статья написана великолепно! Пронзительно, глубоко, емко, с привлечением бргатейшего фактического материала, матерски поданного автором. Читая эту статью, еще и еще раз убеждаешься, что Туманян в нашей жизни и литературе – явление уникальное и неповторимое. Браво!
Магда Джанполвдян