ՕԼԻԳԱՐԽԻ ՕՐԱԳԻՐԸ / Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լսեցի, որ բոլոր ճանաչված մարդիկ օրագիր են ունեցել, էն Ալեքսանդրը` Մակեդոնացի, Նապոլեոնը, իր տեղակալ Բոնապարտը… Թիկնապահիս` Գվոյին, ասի. «Ա՛յ տղա, քելե մի երկու հատ էլ մեզ առ…»:
– Շեֆ,- ասում ա,- Վերնիսաժում ճշտել եմ` էդ դու պտի գրես:
– Ո՞նց թե,- ասում եմ,- խի, ձեզ բա ընչի՞ եմ պահում: Գրի, ես կստորագրեմ: Մենակ մեջը շատ խոստումներ չլցնես: Չորս կողմ սոված, ուզվոր ժողովուրդ…
– Չի ըլնի,- ասում ա էս հլա չխփնված խփնվածը,- ճշտել եմ…
– Լավ, կլինի՞ կնկաս ասեմ…
– Երևի չէ,- ասում է,- համ էլ կարող ա ինքն էլ ա պահում, թաքուն…
– Աղչի՞,- ասում եմ իրիկունը,- էդ օրագիր ես պահո՞ւմ, ինձանից թաքո՞ւն…
– Ի՞նչ օրագիր, այ մարդ, հո չորրորդ դասարան չե՞նք,- ասում ա,- մեր հախուհաշիվներն եմ պահում, մեր ոսկի-մոսկիների…
Հա՜: Է, ինչ անեմ, էդ անտեր ողջ եղած-չեղածը իր անունով ա: Իր ու իրա մոր: Ստիպված ես եմ սկսում էդ անտեր օրագիրը, իհարկե` գրել-ջնջելով: Համարյա հասել էի պապիս, որ էդ ոչխար խմբագիրս` Գվոն, ասում ա.
– Էս վայ թե օրագիր չի…
– Բա ի՞նչ ա,- ասում եմ,- չե՞ս տեսնում, ամեն էջին մեծ-մեծ գրել եմ` «Օրագիր»:
– Չէ՛, սա վայ թե կենսա­գրություն ա, շեֆ: Էդ օրագիրը, ամեն օր «օրագիր» գրելու տեղը պտի գրես, թե էդ օրը ի՞նչ ես արել… ում հետ…
– Արա, խայտառակ հո չես, ամեն ի՞նչ…
– Չէ, ընչի,- ասում ա,- էն մնացած բաներն ընենց էլ հասկանալի ա…
Սկսեցի ըտենց գրել, էն խեղճ պապուս-տատուս ջնջելով: Ու ոնց որ թե` լավ էլ ստացվում էր: Նապոլեոնինը չճարեցի, որ մի հատ համեմատեմ: Էս Գվոյիս ուշքը գնում էր կարդալուց: Ըհը, էս վերջերս գրածներիցս.

Երկուշաբթի: Առավոտ:
Հելա: Ասի` շուտ ա: Նորից պառկա: Վարսավիրս էկավ, պառկած թրաշեց: Ինքն էլ: Բացի բեղերիցս: Բեղերիս վրա երդում եմ կերել` մահ կամ ազատություն: Էդ բեղերով եմ, կարելի ա ասել` մարդ դառել: Հետո էլ` ուրիշները: Հիմի էլ իրենք են երդում ուտում բեղերիս վրա:

Երեքշաբթի: Ժամը մոտավորապես ցերեկը:
Տղես եկավ: Ասի` հը՞: Ձեն չհանեց: Պարզ էր, ձենը հետո էր լսվելու, դատարանում: Զանգեցի ճանապարհային ոստիկանապետին: Ներողություն խնդրեց, որ ուշադիր չեն կարդացել ամփոփագիրը: Պարզվեց` ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Համենայնդեպս, ոստիկանապետին էլ զանգեցի, էն հանրապետական: Չէ, վայ թե հանրապետության: Շաբաթ օրը կանչեց խաշի:

Ամսվա եսիմ երբ: Օրն ու ժամը չեմ հիշում: Ոչ էլ պետք ա:
Խաղում էինք: Հետո` բիլիարդ: Ամերիկանկա: Առավոտվա կողմը մի պստիկ հան­րախանութ կրվեցի, մյուս օլիգարխներից Գրսոն` մարզպետի պաշտոն: Երեկ զանգել, հարցնում էր, թե մեր մոտ ամենապստիկ մարզը ո՞րն ա: Ասի` բա ի՞նչ գիտես, որ մեր մոտ, կարող ա` ռուսակա՞ն մարզ ես կրվել… Զանգի Շեֆին…
«Վայ, մամա ջան,- ասեց,- արա, էս ի՞նչ ես ասում… Շեֆը գլխիս հաստատ նահանգ կսարքի… ամերիկական…»:

Ամսի 20: Կեսօր, օֆիս:
Դեսպանատնից զանգեցին, ոնց որ թե Անգլիայի: Հրավիրեցին աշխատանքային ճաշի: Ասի` ապրեք, հետս արաղ-մարաղ բերե՞մ: Ըտենց էլ չհասկացա՝ ինչ տանեմ: Հեռախոսը ցած էին դրել: Գնացի: Համենայնդեպս, հետս մի քիչ բաստուրմա-սուջուխ վերցրի: Լիքը մարդ կար: Տարբեր երկրներից: Նեգր էլ կային: Սպիտակ հագած: Բայց մեկ է` նեգրությունը երևում էր: Նստեցինք սեղան: Էդ ախմախները դեմս չորս հատ պատառաքաղ էին դրել, արի հասկացի` խի՞: Էն երկուսով, քաղաքավարությունից ելնելով, կոտլետ վերցրի: Բայց մեկ է, շատ անհարմար էր երկու ձեռով ուտելը: Նայեմ, տեսնեմ էն դեսպանը ժպտալով հենց ձեռքով էլ ուտում ա: Շատ ջիգյարով մարդ դուրս եկավ: Բա կնիկը: Պաչ-պռոշտիով բաժանվել եմ: Գվոն ասում էր` էտի վերջն էր: «Ո՞նց թե, այ տղա,- ասի,- դեսպան ախպերս էկող շաբաթ չայի ա հրավիրել, ի՞նչ վերջ…»:

27-ը հլա անցած ամսի:
Նախընտրական հուզմունքների մեջ էինք: Ընդդիմադիր Գագոն զանգեց: Հերթական տրանշն էր խնդրում: «Լսի,- ասի,- հերիք չեղա՞վ, հո տրաս չե՞ս գցում: Մենակ դու ե՞ս… տրանշ… հրեն, տրասի վրա ամեն իրիկուն դիմադրող՝ լիքը…»: Վիրավորվեց: Ասում ա. «Որ ըտենց ա` հացադուլի եմ նստում»: «Լավ,- ասի,- նստիր: Մի ամիս հաց-մացդ ես կուղարկեմ»: «Մի քիչ էլ փող,- ասում ա,- երեխուս հետ կարող ա նստեմ, մի կարգին կոշիկ չունի…»:

Օգոստոս:
Ասում են` երկրից գնում են: Հա, բա ի՞նչ անեն: Խի, էս երկիր ա՞… Հրեն, ես էլ եմ գնում: Համարյա ամեն ամիս: Ըստեղ մնալու տեղ չի, այ ախպեր… տո, էս ինչ շոգ ա…

Ամսվա վերջ:
Օրը գնաց, խաթեն մնաց: Շեֆը կանչեց: Ասում ա` նոր «բիզնես-պրոյեկտ» են մտածել: Համազգային եկեղեցի: Ամբողջ ազգով հավաքվում ենք էնտեղ ու անմիջական դիմում Աստծուն: Ներդրումներ են պետք: Ցուցակ է կազմվում: Առաջարկեց գլխավորել ցուցակը: «Բայց իմ ազգանունը «Ֆ»-ով է: Շեֆ, ոչի՞նչ…»: «Ոչինչ,- ասաց,- «Ֆ»-ից կսկսենք… Կարո՞ղ ա դեմ ես…»: «Չէ, հա,- սփրթնեցի ես,- հենց հմի կամավոր գրեք, ես ձեր ցավը տանեմ… հլա էրկու պստլիկ «բիզնես-պրոյեկտ» եկեղեցի էլ իմ տարածքում` իմ կողմից…»: Փառք Աստծո` ժպտաց: Մնաց՝ բախտն էլ մեզ ժպտա` ռադ ըլնենք, պրծնենք…

Դեկտեմբեր, Նոր տարվա դեմը:
Էն անտեր բախտը ժպտաց: Բայց շատ դառը: Շեֆը էլի կանչեց: «Դեսպան ես գնում,- ասեց,- շնորհավորե՞մ»: «Հմի՞,- խեղճ-խեղճ հարցրի ես,- շորերս չփոխե՞մ…»: «Չէ,- ասեց,- եղած-չեղածդ մնում ա… նոր «պրոյեկտ» կա»: «Բա ըտենց չլութ ո՞ւր որ,- թուքս կուլ եմ տալիս ես,- Շեֆ ջան, չես ասի՞…»: Չասեց: Երևի պետական գաղտնիք էր` «պրոյեկտը»: Նաև՝ ես:

Նոր տարի: Հլա չանցած:
Էկել եմ: Հլա որ չգիտեմ` ուր: Գոնե լավ է, ասին` դեսպան: Ահագին բան հասցրի փոխել` քարտուղարուհի, վարորդ, վարսավիր: Գվոն ասում ա` «Օրագիրդ էլ փոխի, շեֆ, դասղեկդ փոխվել ա…»: «Այսինքն»,- ասում եմ: «Այսի՞նքն,- ասում ա,- ըստեղ «դիպլոմատի» օրագիր ա պետք… կարճ, քիչ, ասում ես միայն էն, ինչ որ չես կարող չասել…»:
Ըտենց էլ անում եմ: Նոր օրագիր եմ բացում ու գրում մեջը.
«Իսկականից ես ձեր…. է՛ն, ինչ չեմ կարող չասել…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։