Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ


Քիմիկոս ճանճը

Մի ճանճ կար, գոնչո գլխով,
Ամեն գործի մեջ մտնում,
Ամեն բանի խառնվում,
Բարձրաձայն ու ամենուր
Իր կարծիքն էր միշտ ասում.
– Տըզզ-հա՜-տզզ, տըզ-տըզ-տըտզզզ.
Տնտեսագետ եմ,
Ապրանքագետ, աստղագետ,
Քաղաքագետ իմաստուն
Ու քիմիկոս հանճարեղ…
Ինձ հետ հանկարծ չվիճեք…
Քթից քիթ էր նա թռնում,
տըզտըզում էր, բըզբըզում,
Իր երկար քիթը կեղտոտ ամեն տեղ էր
նա խոթում,
Ու մի օր էլ մեր գոնչոն
Ափսեի մեջ շատ շքեղ, տեսավ լիքը
թան համեղ:
– Չէ՛, թան չէ սա, մածուկ է սա
քիմիական,
Կփորձեմ ու կիմանամ սրա համը
իսկական:
Թռավ ընկավ թանի մեջ ու խեղդվեց
ճանճը խեղճ…
Մարդիկ էլ կան ճանճի պես,
Ամենուր ու ամեն տեղ
Իրենց քիթն են խոթում զուր,
Խեղդվում են ու կորչում
Մեր քիմիկոս ճանճի պես:

Պարծենկոտ հավը
Երկար տարի հավանոցում
Մի չածան հավ էր կենում,
Բայց թե ինչպես, չգիտեմ ես,
Բախտի բերմամբ թե պատահմամբ,
Այդ հավիկը մի օր մի հատ
Եղունգի չափ ձվիկ ածեց,
Աշխարհով մեկ ձենը գցեց,-
– Կոոկոո՜ – կրաակիիիկաա՜
Ինձ նման հավ չկա, չկա,
Ձու եմ ածել ճիշտ փութ ու կես,
Մեր մեծ ցեղի հանճարն եմ ես:
Ձվիկ չէ սա, ադամանդ է…
Շողշողում է ադամանդի ու
ոսկու պես…
Շատ որ գլուխ տարավ հավը,
Չհամբերեց հարևանը.
– Բավ է, քույրիկ, գլուխ տարար,
Մի ձվով հո մարդ չդառա՞ր…
Կրակ կտրեց չածան հավը,
Ասաց՝ գիտեմ փորիդ ցավը,
Նախանձից ես ասում այդպես,
Որ իմ փառքի ճամփան փակես…
Մարդիկ էլ կան այս հավի պես,
Մի ձվի չափ դեռ գործ չարած,
Կչկչում են աշխարհով մեկ.
– Եկե՛ք, տեսեք, եկե՜ք, տեսեք,
Ինձ նման մարդ ու գործարար
Դուք չեք տեսնի երբեք, երբեք:

Երգչուհի մոծակը
Մի մոծակ, լուսաբացից մայրամուտ,
Ճահճուտում գոլ, արևոտ,
Երգում, պարում էր կրքոտ.
– Տը՜զզ, տը՜զզ-հա-տըզզ,
տաղանդ եմ ես,
Պիտ պարեմ ու երգեմ աշխարհի
մեծ բեմերում,
Շատ մեծ փառքի տիրանամ,
Ուտեմ, խմեմ, գիրանամ…
Ով լսում էր մոծակի անդուր
ձայնն ու տզոցը,
Երկու ձեռքի ափերով, աչք ու
ականջ փակելով,
Ասում էր բարձրաձայն.
– Սատկի այս սև մոծակը, մտնի
գրողի ծոցը…
Բայց մի օր մոծակն այդ,
Բախտի բերմամբ, պատահմամբ,
Պարեց, երգեց խենթացած,
Գորտի որդու խնջույքին:
Երգն ու պարը մոծակի
Շատ դուր եկավ հայր գորտին.
– Օ՜, ի՜նչ ոտքեր, ի՜նչ հասակ,
Սա մոծակ չէ հասարակ,
Երգչուհի է հանճարեղ,
Պիտի երգի ու պարի ամեն,
ամեն, ամե՜ն տեղ,-
Կռռաց գորտը ձայնով մեկ ու հիացած
ծափ տվեց:
Ոտքի ելավ խուլ որդը, հազաց, մաքրեց
կոկորդը
Ու որդային իր խելքով գովեց մոծակին
երգով.
– Կյանքումս երբեք, ոչ մի տեղ
այսպիսի երգ, երգչուհի
Ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել. օ՜, չքնաղ է,
շատ շքեղ,
Մեր մոծակին փառահեղ պետք է
կոչում շնորհել,
Մեծ մեդալներ պարգևել…
Ոտքի ելավ բլոճը՝ իրենց ցեղի
մեծ ջոջը.
– Հմայիչ է մոծակը, ինձ
հատկապես դուր եկավ
Նրա փորն ու կոճակը, նրա
կլոր ճակատը…
Ծափ տվեցին, գովեցին, մինչև
երկինք հանեցին
Մեր տզտզան մոծակին:
Ու մոծակը մեծամիտ, գովեստներից
թև առած,
Թռավ, թառեց ծիրանի ճյուղին
նոր ծաղկած
Ու բարձրաձայն տըզտըզաց…
Հենց այդ պահին մի ճնճղուկ խփեց
գլխին մոծակի,
Կտցին առավ ու կուլ տվեց…
Պարզ է միտքը առակի,
Մոծակն ինչքան էլ տըզա,
Ինչքան փառքի տիրանա,
Միշտ էլ մոծակ կմնա…

Սոխի գանգատը
Խոհարարը ճաշի համար
Ուներ մթերք լավ ու հարմար.
Սոխ, կարտոֆիլ ու վերմիշել,
Էլ չգիտեմ որը հիշել…
Մթերքները մաքրեց զատ-զատ
Ու շունչ քաշեց մի պահ ազատ:
Վառարանն էր վառում շատ խիստ,
Ջուրը եռում էր անհանգիստ…
Երբ որ հերթը հասավ սոխին,
Խոհարարը լացեց-կոծեց,
Աղի-լեղի արցունք թափեց:
Էդ ժամանակ սոխը տեղին
Մի հարց տվեց իր ոսոխին.
– Թե ինձանից ես դու լալիս,
Հե՞ր ես դանկի բերան տալիս…

One thought on “Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։