Մեր ընկերական շրջապատում գրեթե բոլորն էլ ակնածանքով էին վերաբերվում նրան: Կիրթ ու ողջախոհ, հանրագիտարանային գիտելիքների տեր, ամենագետ մարդու համբավ էր վայելում: Եվ ինչպես ասում են` «Աստված տվել, չէր խնայել»: Արտաքնապես էլ առինքնող էր: Հասակը թեթևատլետ Իգոր Տեր-Հովհաննիսյանինն էր, դեմքը` Ալեն Դելոնինը, մազերը` Պուշկինինը…
Պետք է ասել, որ ամենևին կարիք չկա նրա արտաքին մյուս բարեմասնությունները համեմատել աշխարհի այլ հանրաճանաչների հետ, քանզի այդ կապակցությամբ էլ նա կորցնելու որևէ բան չուներ: Եվ հենց դրա համար էլ բոլորս անվերապահորեն հպարտանում էինք նրանով: Մի օր էլ, երբ կրկին նրա գովքն էինք անում, ներկաներից մեկն առաջարկեց չար կատակ անել, ստուգել նրա գիտելիքները: Իհարկե, առարկողներ եղան, պատճառաբանելով, որ մի տեսակ անպատվաբեր է կասկածի տակ առնել մեր ընկերոջ հարուստ գիտելիքները: Սակայն նկատի ունենալով «Փորձը փորձանք չէ» հանրահայտ առածի իրողությունը` որոշեցինք գոյություն չունեցող, լատինամերիկյան ժամանակակից գրողի անուն հորինել և մեր ամենագետ ընկերոջ ներկայությամբ խոսել այդ չեղած գրողի մասին:
Հաջորդ օրը, երբ, սովորականի նման, հավաքվեցինք մեր հավաքատեղին և ինչպես միշտ, խոսք ու զրույցի միջոցով «բզկտեցինք» աշխարհում տեղի ունեցած լավն ու վատը, հանկարծ (ըստ նախապես ծրագրված սցենարի), մեզնից մեկն սկսեց հորանջել ու տրորել աչքերը:
– Ի՞նչ է պատահել,- հարցրի ես:
– Գիշերը գրեթե աչք չեմ փակել:
– Հասկանալի է, Դոն Ժուան:
– Ոչ, այն չի, ինչ ենթադրում ես,- առարկեց «գիշերը գրեթե աչք չփակածը» և պարզաբանեց,- վեպ էի ընթերցում:
– Հավանաբար լավ վեպ է եղել, որ գիշերվա անուշ քունդ զոհաբերել ես:
– Լավն էլ խո՞սք է: Ես դեռ մինչև հիմա նման վեպ լատինամերիկյան գրականությունում չեմ կարդացել…
– Իսկ ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվում վեպը,- խայծը կուլ տվեց մեր քայլող հանրագիտարանը:
– Հեղինակը Նոբելյան մրցանակակիր Խորխե Դիվարոն է: Վեպը կոչվում է «Անգույն ծիածան»:
– Դա Խորխե Դիվարոյի ամենաթույլ գործերից է,- վստահ եզրակացրեց քայլող հանրագիտարանը և ապա խորիմաստ կկոցելով աչքերը` ավելացրեց,- այ, եթե դու էլ ինձ պես անկաշկանդ իսպաներենին տիրապետեիր, խորհուրդ կտայի բնագրով կարդայիր Խորխե Դիվարոյի «Կակտուսի արցունքները» վեպը, որի համար, իմիջիայլոց, նրան Նոբելյան մրցանակ են շնորհել…
Դեռ ուզում էր հանպատրաստից հորինած ուրիշ ստեր էլ բլբլացնել, երբ ռումբի նման պայթեց անզուսպ քրքիջը: