ԻՆՉ ՈՒՏԵԼ / Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Վլադիմիր ՀայրապետյանՈւտուշախումուշասեր ժողովուրդ ջան, էս մեր սերիալների, թոփ շոուների, Հայաստանի ու «ռայոնների» ձայների մեջ կա մի սիրուն, բայց կիսատ հաղորդում, էդ «Ի՞նչ ուտենք այսօրն» ա: Տո, տնաշեն, ինչ ուտելս ո՞րն ա, ինչ ընկնում ա ձեռդ` էն էլ կեր, այսինքն` ինչ որ երեկ, երեկ չէ մեկել օր ու ըտենց ողջ կյանքդ, ցավդ տանեմ, այսինքն` վերմիշել, վերմիշելով քյուֆթա, վերմիշելով խորոված կամ վերմիշելով հարիսա: Բա թե չէ` խաշ կեր, հնդուհավի խորոված կամ ամոթ ա ասել` գառը մտցրու թոնիր… Ամոթ ա, ամոթ, ինչ էլ հիշողություն ունես: Հետո էլ մեր նպատակը չի քո պես սոված, աչքը միտինգներին ու ցույցերին մարդկանց կշտացնելը: Էդ, մեր կարծիքով, ուրիշ հաղորդաշառի… կներեք, հաղորդաշարի, պետական ալիքի գործ ա ու օրինադեմոկրատաազնիվամաքուրական ճանապարհով ընտրված մեր ղեկավարության խնդիրն ա կամ վարժությունը: Մերը, ինչպես նշեցինք, լրացնելն ա «Ի՞նչ ուտելը» թեմային: Իսկ ի՞նչ էին ուտում հին Հայաստանում:
Նախնադարի մարդը (հետո էլ` կնիկն ու էրեխեքը) մեր հայկական բարձրավանդակում (հետագայում նաև ցածրավանդակում ու մյուս վանդակներում) հայտնվել է անհիշելի ժամանակներից: Հայտնվել են, որովհետև այստեղ հայտնաբերվել է ուտելիք: «Լֆիկական» կոչվող քարանձավ- խանութ-սուպերմարդկերներում (պաշտոնական հիերոգլիֆներում` սուպերմարդկերտ) մինչև այժմ էլ պահպանվել են նախնադարյան շաքարավազի ու կարագի, երշիկի ու պանրի նմանվող սննդի հետքեր և այն կերած մարդկանց ժամանակակից կմախքներ: Նախապատմական այդ դարաշրջանում հայտնի են եղել արդեն այնպիսի ճաշատեսակներ (աղքատների համար` ճաշատեսանքներ), ինչպիսիք են` խաշը, խորովածը, դոլման…
Խա՜շը… Բիհիստունյան արձանագրություններում կա սեպագիր վկայություն, թե ոնց են պարսիկները (է‘ն, էս չէ) հայերից (նրանցի‘ց, սրանցից չէ, սրանց էղածը մի քանի կիլո պղինձ, մոլիբդեն, ժեշտն ա) հարկ պահանջել խաշի ոսկորներ: Հարգի են եղել փղի, ցլի տոտիկները, «օլիգարխ» կոչվող անասնատեսակի ոտիկները և էլիտար գլուխը («քյալլա»): «Խաշ» տոտեմից են առաջացել մի շարք խաշնարած ժողովուրդներ (ճիշտ թարգմանությամբ` «խաշն առած»): Լֆիննական նախնադարյան խաշանոց-սաունաներում քարանձավների պատերին մինչև հիմա էլ ընթեռնելի են «Օ՜, խաշ, դու խաղաղություն ես», «Խաշ ջան, ուտեմ քեզ» սրտառուչ սեպագրումները, իսկ քարե մեծ, «Դոդի» կոչվող սեղանին մակա­գրություն` «Աղանիկ, ինչքան գաս, խաշն բեր»` ինչ-որ խաշասերի կողմից: Հայտնի են նաև միջնադարյան հայտնի խաշակիրների կամ խաշակերների արշավանքները: Էդ կռիվները մինչև հիմա էլ շարունակվում են, միայն զենքերն են փոխվել: Հիմա հաճախ է օգտագործվում «օղի» (միջին դարերում` «ցխի») արբալետը, որը, եթե տնական է ու «քարահունջ»` միանգամից խփում է գանգիդ ու ցխում: Շատ է օգտագործվում բողկը, որպես գաղափարական զենք («Հլա սրա կերած բողկերին նայեք»), ծիծակը (ինչքան փնտրեցինք, մի վայելուչ բացատրություն, բացի… չգտանք, բայց այ ախպեր, դա ի՞նչ կապ ունի խաշի հետ): Վերջապես, կա նաև «Խաշագողի հիշատակարանը» գիրք-հրահանգը` մեր մեծանուն խաշասեր ու խաշասան Րաֆֆու գրած:
Ավարտում ենք «Ի՞նչ էին ուտում պատմական Հայաստանում» հաղորդումը և էն խաշը վկա` հաջորդ անգամ կանդրադառնանք դոլմային, եթե իշխանությունը թույլ տա ու մի քիչ էլ եղ ու բրինձ տա` դոլմայի համար:
Գովազդային կարգով ասենք (հին հայերենով` ջիջիլ), որ դոլմա են կերել բոլորը և այդ մասին կան վկայող դոլմեններ ու վիշապաքարեր: Այդ են վկայում նաև Երևանի մոտակայքում գտնվող Դոլմայի այգիները: Դեռ մինչ պոմիդորի, բադրիջանի ու կաղամբի հայտնագործությունները, մեր նախնիները հաջողությամբ օգտագործել են թթի, խաղողի ու լոբու տերևները: Ամենահինը համարվում է թզի տերևը, որով Ադամն ու Եվան փաթաթել են իրենց… եղածն ու չեղածը: Որոշ գիտնականներ հենց դա էլ համարում են մարդկության հնագույն և մինչ օրս էլ ախորժակով ուտվող դոլմատեսակը:
Բարեկամներ, բավարարվենք այսքանով: Հաջորդ հաղորդմանը խոստանում ենք նոր անակնկալներ…
Երկնքից էլ հալբաթ գոնե մի երեք խնձոր կընկնի, մեկը կառավարության գլխին` մրգի պլան կատարելու համար, մեկը ձեր միամիտ գլխին` հավատալու, մեկն էլ` հենա, հա, ոնց որ թե գլխիս ա գալի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։