***
Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունները անցկացվելու են… «Երևանն առանց գրախանութների» նշանաբանի ներքո. գումարած 20 տոկոս:
***
Տարեցտարի ավելի է հասունանում … չգրելու պահանջարկը. ինչի համար անստորագիր նամակներով իրենց շնորհակալությունն են հայտնում ավագ սերնդի սկսնակները և երիտասարդ սերնդի դասականները: «Գրելը և առողջությունը» թեմայով կազմակերպվող գիտաժողովին մասնակցելու համար փնտրվում են միջին առողջության գրողներ:
***
«Գրական թերթին» մոտ կանգնած հավաստի աղբյուրների համաձայն Երևանում Հայ գրատպության 500-ամյակի նախատոնական օրերին կենտրոնական փողոցներում տեղադրվելու են … արհեստական գրախանութներ, հետտոնական օրերին ապամոնտաժելու` դեղատներով փոխարինելու համար. ընթերցանությունը վնասակար է առողջությանը:
***
Այս տարի Կառավարության կողմից նախատեսված համապատասխան քանակի և որակի տեղացող ձյան և անձրևի պատճառով չի անցկացվի երկնքին անվստահություն հայտնելու հանրաքվե:
Նախատեսվում են համայնքային լցոնումներ և խորհրդարանական խցանումներ:
***
Ըստ հավաստի աղբյուրների` հին ընկերները այլևս չեն դավաճանում, ոչ էլ քցում են: Քցելու ողջ ծանրությունը ընկնում է … դոլարի կուրսին համարժեք: Այս մասին «Թեյը քցովի խմողների» համայնքի պատասխանատուները նենգորեն լռում են: Նրանք չգիտեն, թե` ինչու, չեն էլ իմանա, թե` ինչպես»:
***
Ռուսերենը մայրենի լեզու հռչակելու առաջարկությամբ հանդես եկող մի շարք գրողների համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է ռուսերենի արագացված, անվճար դասընթացներ:
***
Մի շարք բնապահպան, հասարակական կազմակերպությունների առաջարկով, Պրոսպեկտի շուկան վերանվանվելու է … Բարսեղ Կանաչյանի շուկա: Վերանվանման շինարարական աշխատանքները պարզեցված հարկերով հսկվում են Կոմիտասի շուկայի փորձառու բանջարավաճառների կողմից:
***
Անցյալ գիշեր տեղացող հորդառատ ձյան պատճառով փակվել են մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները. ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է` հնարավոր քաղաքական սայթաքումներից զերծ մնալու համար… մնալ տանը:
***
«Մերն ուրիշինինն է» սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակներում կազմակերպվում է դրսից ներկրված ապրանքների լայն տեսականու տոնավաճառ` ՀՀ ազգային արժույթով «ԱՄՆ դոլար»:Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Ես չէի պատկերացներ, որ հայրենի երգիծանքը այսքան անմակարդակ դարձած է: Ափսո՜ս: