(Վահան Վարդանյանին, Լևոն Խեչոյանին և մյուս հեռացած տղերքին)
Տղերքը կերտող
գնում են հերթով,
գնում են, և թող՝
չմնա դատարկ
հողը իր բերքով,
մարդը իր երգով,
չմնա պարտված՝
ամբոխի ներքո,
կամ բռնադատված՝
անազնիվ երկով…
Բայցը հողը կրկին
շուտով կհերկվի
ու բեմի, գրչի,
ամենափրկչի
դուռը կթակվի,
այդ ամեն ինչի
լույսը հեռացած,
ներս կպարփակվի…
…տղերքի կերտող
մուսան իր երգով՝
բերման կենթարկվի…
ու հողն իր խորքով
դեռ չի դատարկվի,
կեղծիքը երկրի
էլ չի շահարկվի…
ոգին ձեր հղե՞ք
որն արյուն էր, վերք,
…մենք կտանք նոր բերք
ձեր տեղը, տղերք։
ՎԵՐՋԱԿԵՏ
Հիշողությանս պարկը այն
որ ուսերիս է դեռ՝
տարա-հասցրի ես հարկը այն,
որն էլ չունի՛ վերև…
…սիրուց հյուսված մի շենք էր,
հասա խորքին անկյան,-
«-Հը՞, ո՞ւր է նրա դեմքը,
տեսնե՛մ գեթ մի վայրկյան…
Ասեմ,- «Ահա, ես գնացիե,
իմ ցանկալի դահիճ…
չխաղացի դեր քնածի,
ես կռվեցի մի քիչ…
…ովքե՞ր կային ճամփիս կյանքի
ո՞ւմ եմ տեսել, լսել…
…երեք ընկեր… մի խաղաղ կին,
վերջում՝ փոքրիկ մի սեր…
…Սա վերջ չի, բազմակետ է,
զորու է միշտ հնչել,-
«Մենա՞կ է նա, ինձ հետ է՞ե, .
..ու հույս կա։ -Կշնչեմ։
խլվեց իմ սերն, իսկ ես էլ՝
հարցրի, բայց անարդյունք…
-«Քեզ ո՞վ կսիրի իմ պես էլ
մինչև անեզրությունե…
…Նայում եմ հայացքով վախկոտ
իմ խաղացված դերին…
…չէ, չեմ գնա էսպես աղտոտ
ես կգնամ ստերիլ։
Ներիր, հետո՛ կսուրամ ցած,
ինձ մի հանձնիր դողին.
չլինի քեզ բարկացրած՝
փախչեմ գաղտագողի…
Ներիր ինձ։ Տուր մի արյան հոսք
մտքերդ լուռ փոխիր,
ներիր, լինի դա՝ դաժան խոսք,
լինի՝ թափվող մոխիր։
Ու ես արդեն կընկնեմ ներված,
իմ հատակին փոշոտ,
կանշարժանամ՝ կրկին գերված
քո աչքերով խոշոր։
Տանում եմ ես՝ անգին հուշեր
թողնում եմ սեր ու հույս,
մաղթիր դու ինձ՝ «Բարի գիշերե,
իսկ ես քեզ՝ «Բարի լույսե…
Դեհ, ի՞նչ, արդեն թռչո՞ւմ ես,
դու՝ կյանք առանց չակերտ…
Թե սե՛ր տեսա վերջում ես՝
զգացված եմ։ Վերջակետ։
ԱՅԴ ԳԻՇԵՐ
Ես չեմ սպասի ոչ մեկի,
ով կայցելի այս գիշեր,
որ այն ամենը հերքի,
ինչ կուզեի վերհիշել։
Ես կմեռնեմ այդ գիշեր։
Ու չեմ սպասի ես նրան,
ով իմ մահճին կհասնի,
և կսկսի անվարան
խոսել միայն ի՛ր մասին…
Ես կմեռնեմ անբասիր։
Ու չեմ խոսի իմ մասին։
Ես կմեռնեմ այդ պահին,
երբ աշխարհի այն կողմում
լուռ կնիրհի Սերը հին,
իր նորագույն անկողնում…
և մտքերն իր կբաշխի
կեղծ-հաճելի երազին,
մեղմ կլողա, կըմբոշխնի,
կջերմանա ավազին…
Այդ վայրկյանին անպատճառ
չի կարենա ինձ հիշել…
և կտխրեմ ես անչափ,
որ կմեռնեմ այդ գիշեր։
ԱՌԱՎՈՏ
սառնաշունչ երեկո… կրակներ.
գիշերվա մղձավանջ ահավոր,
ճգնելուց դուրս պրծած երակներ`
և անվերջ կրկնվող առավոտ…
…առավոտ, որ կորզում է սրտից`
տագնապներն ու պարտքերը հոգու,
ժպիտներ, որ սառել են ցրտից
և կրքեր, որ էլ չեն բորբոքում…
դու չունես շիշ` ոգու շտեմարան,
հայելի խաբուսիկ դրախտի…
դեղահա՞բ, իսկ գուցե` պարան.
մեկնումեկն ի վերջո կհաղթի…
Երկյուղած հարցումներ ուղեղին,
որոշում, երդումներ անարդյունք,
Մոռացում, կատակներ անտեղի
և ծածուկ հեծկլտոց անարցունք։
Մտրակի պես դաղող մտքերի
մի շարան` կիսամեռ, բայց շնչող։
և անցած ճամփեքի հետքերին`
երկու ձեռք` այս ամենը ջնջող։
Պոռթկումներ…
անկողին անավարտ…
երազներ սարսափի… վարանոտ.
և հավերժ անլվա մի գավաթ,
և անվերջ կրկնվող առավոտ։
ՀՐԱԺԵՇՏ ՎԻՍՈՑԿՈՒ ՌԻԹՄՈՎ
“Как зайдешь в бистро-столовку…”
Հենց լինես օտար վայրում դու,
Հենց խմես կոկտեյլդ,
Մոռացիր, որ կյանքը մութ է,
Որ չկա ընկերդ…
Կյանքն արցունքի մի շարան է,
Փաղաքշում, կոպտում է,
Բայց մի տեղ կա էս Վահրամը։
Ինչ-որ տեղ ժպտում է։
Կյանքդ հիմա, տե՞ս, ազատ է։
Խելքդ լուռ նիրհել է,
Բայց ընկերդ հարազատ է։
Քանի որ՝ սիրել է։
Մի՛ խոսիր, կողպիր մտքերդ,
ու ցավը պոկիր իմ,
Կհնչեն մեր հին երգերը,
Ու կապրենք, հոգի իմ…
ԳԵՐԻՐ
ժպտա՛
պահանջում եմ, լսի՛ր,
լսի՛ր պահանջն իմ,
Ապտա՛կ
տուր թշնամուն…
թող հենց հիմա նահանջի…
Ելի՛ր
իմ դեմ, որ ես տեսնե՛մ,
զննե՛մ դեմքը քո,
Գերի՛ր
սիրտս… ու չեմ մեռնի քո ներքո։
Բացի՛ր
սիրտդ, հանի՛ր մեջդ
բուն դրած «եսե-ին,
լացի՛ր
բայց ժպիտդ թող մնա քո երեսին։
ՆԱԽԱԿԱԹՎԱԾ
Կերել եք մեր հացը,
պղծել նիստուկացը,
ու տեղը մեր թաց է,
իսկ մենք՝ շփոթված…
Բայց դուք երերում եք,
երրորդ դերերում եք
թեև դեգերում եք
նախակաթված…
Անգամ պատին քո
փակցնես բախտի նալը,
ու վեհափառը
մեղքդ թողնի,
Մեկ է քո հալը,
քո կրիմինալը,
էսօր, էգուց քեզ
կտա հողին…
Շրջվում է ձեր գահը,
եկել է թեժ պահը,
էս հողը, էս բահը
ձեր դուռն են թակել…
Ոգին մեր դեռ քաջ է,
ու թույլ չի մեր աջը,
կանայք էլ ձեր՝ հարճ են,
իսկ դուք՝ լակեյ։
ԱՆՈՒՆԴ
Անունդ լուսե,
զուտ բառ չէ, այլ՝ կանչ,
և ամենամեծ զանգակներից էլ
զնգո՛ւն է նրա ձայնը հիասքանչ,
շնչառություն է, շշուկի միջից,
և մութ գիշերվա
կեսին լռելյայն`
կանչում է հատուկ ճիչով հոգետանջ:
Անունդ լուսե,
որ կրկնում եմ միշտ,
արձագանքվում է, կտրում է հողից,
հետո սեղմում է հոգիս երկուտակ,
որից սարսռում, ցնցվում եմ դողից,
մաշկիս տակ փռում
օվկիան անհատակ:
Եվ ես չեմ քնում,
գիշերվա եզրին
իմ կանչն է մնում,
իմ սիրո պես հին:
Անունդ լուսե
կարծես թե վախի,
երկյուղի ճահճում
ուրախություն է անվերջանալի,
ու թեև սիրտս սեղմում է, տանջում,
սակայն իմ հոգին սնուցում է նա.
տալիս հարություն…
նման է հույսի,
աստղի առկայծող,
որն ուղեկցում է ճամփեքին անանց,
ու դարձնում է ինձ
անվերջ սեր հայցող…
Անունդ լուսե
այրում է, վառում,
դառնում է մոխիր,
բայց առկայծում է
օրվա արանքում,
գիշեր-ցերեկի
լուռ հերթափոխին,
վերածվում է զուտ սիրային խոսքի,
երկինքը հատում
և ինձ հանձնում է
արյունիդ հոսքին,
հոգիս է քանդում,
դարձնում բանտարկյալ`
գիշերվա և քո
անունի բանտում…
Անունդ լուսե
վերև խոյացած դրոշի նման
ծածանվում է միշտ,
հոգիս է քերում,
և գետնին կանգնած երազով ապրող
թշվառիս համար
գույներ է տալիս ժամանակների
ուղիղ եթերում…
Անունդ լուսե,
որ ցանկանում եմ
գրել պատերին, ծառերին խրոխտ,
երկնքին, ջրին,
կանչ տալ աշխարհի
տանիքներից բյուր,
խենթի պես հանձնել
անձրևներին հորդ…
բայց նա հանում է,
սուզում է, փրկում,
սառում է, եռում,
կանչված անունով
կորչես իմ գրկում,
կամ էլ հեռանաս բոլորից հեռու…
Անունդ լուսե
օդում թափառող,
ինձ հետապնդող հնչյուն է անձայն,
գալիս է հեռվից,
երկնքով անցնում,
թռչում իմ կողքով, բացում է կածան,
փարվում է հանկարծ
և ինձ արբեցնում,
կամ ինչպես մի նետ`
դիպչում է սրտիս,
խաղում արյունիս
և մտքերիս հետ…
Անունդ լուսե
հնչում է, շնչում`
շուրթերիս, մարմնիս,
ցանկություններիս
և բնազդներիս
միջով անդադար,
նրբին է և ջերմ`
դրդում է վաղվա
հանդիպմանը մեր,
և ես հաճույքից
դողում եմ, լողում,
քանզի անունդ
իմ մեջ է հոսում…
իմ մեջ է խոսում,
քանզի կարող եմ,
առանց երկյուղի
ապրել ու մեռնել,
ապրել ու մեռնել`
քո անվան ներսում…