ՉԱՐԸ՝ ՏԱԿԸ, ՔԱՐԸ՝ ՎՐԱՆ (Հատված «ՎԻՊԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ» անտիպ վեպից) / Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Վառլեն-ԱլեքսանյանԲաբոն մի կում սուրճ ֆռթացրեց, հենվեց աթոռի թիկնակին, աչքերը թեթևակի փակեց ու մտովի վերադարձավ իր համար սովորական դարձած զբաղմունքին: Վերհիշեց 1958-ի այն շոգ կեսօրը, երբ Աղբրակի ջահելները, հետևները գցած յոթ-տասնհինգ տարեկան երեխաներին ու պատանիներին, վճռականորեն շարժվեցին դեպի Համբարձումի աղբյուրը, որից սկիզբ առնող առվակի ափերի թավիշ խոտերի վրա աշխույժ եռուզեռի մեջ էին ծննդավայր քեֆի եկած Գնձիկ Սաղոն ու իր շառավիղները:
Պարսատիկից պոկված առաջին կլոր ու ողորկ քարը կպավ կրակի վրա քլթքլթացող պղնձե կաթսային՝ անասելի զրնգոց արձակելով: Երկնահաս այդ պատուհասից սարսափած՝ Գնձիկ Սաղոյի ավագ որդին՝ Շիլ Բուդյոնը, ով քափը քաշելով վայելում էր խաշլամայի անուշ բուրմունքը, գոռոցով վեր թռչելիս շերեփի կեռով կառչեց կաթսայի պռնկից ու քիչ մնաց վրան շուռ տար տակի քարերը խախտված կաթսան: Քույրը՝ Կլարան, ում անունը դրել էին Կլարա Ցետկինին մոռացումից փրկելու անթաքույց մտայնությամբ, «Ամա՜ն, էս ի՞նչ էր…» որոտալով՝ ձեռքից նետեց աղցանի ափսեն, որ պատրաստվում էր դնել կանաչի վրա փռած սփռոցին: Մյուսները, որ քարափի տակ մի հով տեղ գտած՝ մինչև սեղանը գցելը գրազով նարդի էին խաղում, նարդին շրխկոցով շուռ տալով, սլացան ծավալվել խոստացող դեպքերի վայրը:
Մոտավորապես հինգ րոպե անց, երբ կարծես ամեն բան խաղաղվել էր, և Սաղոյի շառավիղները երկնքից իջած բարի նշանի տեղ դնելով կատարվածը՝ հենց այդ առթիվ էլ բաժակները չխկացնելու վրա էին, ձորում գտնվող՝ մատուռի վերածված մոտակա քարայրից, որի ճեղքերի մեջ հեթանոսական պաշտամունքի հիշողությունից անտեղյակ աղբրակցիք քրիստոնեական մրմնջյունով իրենց շորերից պոկած պատառիկներն էին խցկում՝ չգիտես որ սրբի թե ոգու զորու­թյամբ բաղձանքները կես ժամ հետո կատարված տեսնելու այրումով, լսվեց քարայրի բազմաթիվ խորշերը մտած ու արձագանքով հետ դարձած մեղմիկ, ալիք-ալիք հնչող երգաձայն ու խորհրդավոր, ասես հնագույն ինչ-որ առասպելից պոկված խմբական բարբառանքը. «Ձե՜րը չէ՜ ա՜յս կյանքի՜ արքայությո՜ւնը, սաղոյածիննե՜ր, և ո՜չ է՜լ ա՜յն կյանքի՜նը, ձե՜ր հա՜յրը մեղանչե՜ց մարդո՜ւ հանդե՜պ, զավակնե՜րը պարտավո՜ր ե՜ն քավե՜լ: Հեռացե՜ք խաղաղությա՜մբ, այլապե՜ս երկրայի՜ն պատի՜ժն անխուսափելի՜ է՜»:
Նույն պահին սև ամպի մի ծվեն սողալով եկավ, ստվերը չարագուշակ փռեց կաթսայի շուրջը հավաքված Սաղոյի շփոթված-մոլորված հետնորդների վրա, ապա սկսեց դանդաղ հեռանալ դեպի մոտակա բլուրը, այդուհանդերձ, ամպի հեռանալուց ահագին ժամանակ անց էլ նրանց գլխավերևում դեռևս կանգնած էր դրա ստվերի սպառնալից ստվերը:
«Երկրայի՜ն մեղքերի՜ համա՜ր նա՜խ երկրա՜յին պատի՜ժ է՜ հասնո՜ւմ»,- դարձյալ երգի տոնայնությամբ, սակայն այս անգամ երաժշտական լսողությունից ակնհայտ հեռու, բայց հաստատակամ մի ձայն փորձեց հողեղենի իր անառարկելի բանականությունը հակադրել առաջին՝ Աստված գիտե, կատարվելիք թե չկատարվելիք երկնային պատժի կասկած հարուցող գաղափարին:
– Աստվա՛ծ ջան, ի՞նչ երկրային մեղք, ի՞նչ երկրային պատիժ,- վախվորած մրմնջաց Կլարան՝ կասկածանքով նայելով հոր՝ Գնձիկ Սաղոյի կողմը, ով բանից անտեղյակ, մոտակա քարափի ստվերում քնած՝ վայելում էր երեսունականներին, դեռևս կոմսոմոլ ժամանակ իր ձեռքով կուլակաթափ արված Համբարձումի խոտհարքի խոտ ու ծաղկի կենարար բուրմունքը: Այն նույն Համբարձումի, ումից հիշատակ էր մնացել մի ժամանակ իրեն պատկանող հանդամասում բխող աղբյուրի, նույնն է, թե՝ իր անունը:
Սաղոյի կրտսերը՝ Լազոն, խորհրդավոր երգասացությունը հրաշագործ ուժերին վերագրելով, դողալով փորձում էր փաթաթվել միջնեկ եղբոր՝ Սոսոյի, այսինքն՝ Իոսիֆի ազդրին, վերջինս խմբական ձայների մեջ ծանոթ ելևէջներ որսալով և գլխի ընկնելով, թե հապաղելն ինչ կարող է նշանակել, Լազոյին մի կողմ հրելով՝ նետվեց դեպի քարափի տակ երազում հրեշտակների թևերի վրա սավառնող Սաղոն՝ աշխատելով առաջ անցնել շվարած քրոջ հայացքից, որով այն ժամանակ դեռևս էքստրասենսների մասին գաղափար իսկ չունեցող Կլարան փորձում էր տարածության վրա արթնացնել նախքան հիմնական ճաշը մի կտոր հաց ու պանրի և կանաչու հետ արդեն երկու բաժակ օղի ըմբոշխնած Սաղոյի գնդլիկ մարմինը: Սոսոյի հետևից վազելով՝ դեպի քարափն էր սլանում Շչորսը՝ Լազոյից մեծը՝ հույս ունենալով որևէ ապահով տեղ գտնել մինչև ինչ-որ հրաշքով միգուցե կվերանար երկրաերկնային պատժի սպառնալիքը:
«Թո՜ղ անմեղնե՜րը քա՜ր նետե՜ն»,- այս անգամ բավական մոտիկից, արդեն առանց խմբի ձայնակցության, լսվեց այն նույն ձայնը, որ բազմաձայն վանկարկումների մեջ այնքան լավ տարբերել էր Սոսոն. իր մանկության խաղընկեր Շավարշի ձայնը, ով միայն 1953-ի մայիսմեկյան ուռաների ծփանքների ներքո իրենից հինգ տարով մեծ Գեղամից լսեց, որ հորն անվերադարձ Կոլիմա է ուղարկել Գնձիկ Սաղոն:
Գեղամն այդ օրը շատերին էր «լուսավորել», դրա համար էլ մայիսյան այդ տոնական շամանդաղից հետո Շավարշի տարեկից քսան-քսանհինգ տղա հինավուրց՝ ցորենի, մեղրի, կտավատի, պանրի, կարագի, լծասարքերի ու էլի մի շարք պիտանի ու անպետք բաների պահեստի վերածված եկեղեցու և կոլխոզի գրասենյակի, որտեղից առանց հրաժեշտի հեռավոր «ուղևորության» էին տարել իրենց հայրերին, միջև ընկած հինգը յոթի վրա հրապարակի՝ տեղ-տեղ երեքը երկուսի, երկուսը՝ մեկի վրա նեղայիններում սպասում էին Սաղոյի՝ բանից անտեղյակ զավակներին, որ գուցեև իսկապես ոչ միայն օրվա սպասվելիքից, այլև իրենց ծնվելուց առաջ և հետո Ստալին պապին, անծայրածիր հայրենիքին ու սովետական բազմազգ ժողովրդին անվերապահ նվիրված իրենց հոր արարքներին անհաղորդ, ձեռքները շալվարների ծակ գրպանները խրած՝ շվշվացնելով բարձրանում էին գեղամեջ: Թեև, մեղքներս ի՞նչ թաքցնենք, շիլ Բուդյունին, ով նույնպես անտեղյակ էր ձևանում, համախոհների հետ հոր զրույցները դռան ճեղքից լսելով՝ բավական շատ անուններ էր մտապահել՝ «հակահեղափոխական», «ժողովրդի թշնամի», «կուլակ», «աքսոր», «Սիբիր» ու էլի ինչ-որ բառերի կողքին:
Ամենանամուսովն, իհարկե, ամենամեծը՝ Լոլոզ Կամոն էր դուրս եկել, քանի որ ոչ միայն ամեն ինչից հիանալի տեղյակ էր, այլև երրորդ դասարանում հոր ստիպելով առանց հասկանալու երկու թուղթ էլ ինքն էր գրել, որոնց վրա եռանկյունաձև ծալելուց հետո ստորագրության փոխարեն իրենց թանաքոտած ցուցամատներն էին դրել չթվոր Լևիկն ու հոտաղ Գալոն, իսկ շրջանում աչք էին փակել՝ չհարցնելով անգամ, ինչո՞ւ է գիրը քսաներորդ, իսկ ստորագրությունը՝ քարի դարի:
Ուրեմն այս ամենանամուսովը, այն բանից հետո, երբ Գեղամը հոր վրեժն առնելու և Սաղոյի սիրտը մղկտացնելու համար նրան տարել էր Վարազի քարափից ձորը գցելու, և միայն կովերի հետ բանից անտեղյակ նախրապանի խոսքուզրույցը լսելուց հետո էր բաց թողել, երեք օր անց հորը մանրատառ հայհոյանքներով ճխտած և տնից ընդմիշտ հեռանալու երդում պարունակող մի էջ թողնելով՝ գյուղի մոտակա սարի երկու գագաթների արանքով, արցունքն աչքերին՝ գիշերով հեռացել էր:
Սաղոն էլ մեկ օր, այդ առթիվ օղու օգնությամբ մի քանի կաթիլ արցունք թափելուց հետո հայրական պարտքը կատարած համարելով և թաքցրած տեղից հանելով մեծ առաջնորդի՝ «Սովետական Հայաստան» թերթից կտրած ու հնամաշ տախտակի վրա ալրախյուսով կպցրած պատկերը, գյուղով մեկ գոռացել էր. «Հե՛ր ջան, հակաները քու գլուխն են կորցրել»:
Իսկ Սոսոն, իհարկե, լավ հիշողու­թյուն ուներ, մանավանդ որ ամեն բան կատարվեց այդ հիշարժան տարին, այդ անմոռաց ամիսը, այդ խռովյալ օրը, թեև ժամն էլ առանձնապես մոռանալու բան չէր:
Լուսնի շողերի տակ միանգամայն դատարկ գյուղամեջը, որ այդ ժամերին սովորաբար լիքն էր լինում ջահելների ու պատանիների աղմուկ-աղաղակով, զարմացրեց Բուդյոնին ու Սոսոյին:
Նրանք ոչ միայն լավ էին հիշում, այլև երբևէ չկարողացան մոռանալ այդ տարին, ամիսը, օրն ու ժամը, որովհետև մինչ այդ դատարկ հրապարակի անկյուններից գլխներին տարբեր գույների վեղարաձև ծածկոցներով եկեղեցու պատերի խորշերից ու հրապարակին կից անկյուններից ուրվականակերպ ինչ-որ արարածներ սկսեցին սողոսկել հրապարակ:
– Բուդյո՛ն, Սոսո՛, էրեխեքին տուն ղրկե՛ք,- խոսեց առջևից եկող ծաղկավոր չթից վեղարը:
– Ի՞նչ կա, Շավո՛,- այն ժամանակ էլ այդ ձայնը, որին դարձյալ կեղծ ու խորհրդավոր երանգ էր տրված, առաջինը ճանաչեց ու հարց տվեց Սոսոն, թեև, ըստ ամենայնի, Բուդյոնը գիտեր, թե ինչ կա, ուստի, տագնապած անհասկանալի ինչ-որ բան քրթմնջաց, ապա շրջվեց, գնացինք ասելով՝ փորձեց եղբայրների հետ հեռանալ:
– Չէ՛, դուք մնացե՛ք, էրեխեքին տուն ղրկե՛ք, գործ կա…,- անառարկելի պնդեց «վեղարը»:
Երբ Շչորսն ու Լազոն, հետ-հետ նայելով, սկսեցին դիքն իջնել, Շավոն ու մյուս տղաները շրջապատեցին Բուդյոնին ու Սոսոյին:
– Ձեզ մե ամիս ժամանակ. հորդ առեք ու էս գեղից ռադ էղեք, ու էլ ոտ չդնեք ըստեղ…
– Ընչի՞,- տարակուսած հարցրեց Սոսոն:
– Աքսորո՞ւմ եք,- անվստահ ըմբոստացավ Բուդյոնը:
– Հա՛, աքսորո՛ւմ ենք,- պատասխանեց Շավոն ու դարձավ Սոսոյին.- ընչին էլ հորդ կհարցնես:
– Օր չեթա՞նք,- Բուդյոնն էր:
– Բացատրե՛մ,- վրա եկավ պատասխանը, ու չթե վեղարի տակից դուրս սողացող ձեռքի ու Բուդյոնի ձախ այտի արանքում բռնկված բոցը մի ակնթարթ լուսավորեց հրապարակը:- Ձեր հալն էս ա էղնելու… էս մեր վերջին խոսքն ա…
Բուդյոնը նույն կերպ չփորձեց պատասխանել. հասկացող տղա էր ու արագորեն ծանր ու թեթև անելով հնարավորությունները՝ վարանոտ ավելացրեց.
– Լավ, կեթանք… աշունը… կարտոլն ու ցորենը նոր ենք ցանել…
Շավոն աչքը գցեց մի տասը մետր այն կողմ լուսնի լույսի տակ համեմատաբար լավ նշմարվող բարձրահասակ, ձեռքին հովվի դագանակ բռնած վեղարի կողմը: Վերջինս բարձրացրեց գավազանը, բացասաբար շարժեց, շրջվեց ու հեռացավ:
– Գեղամն ա,- մտքում ասաց վեղարին ճանաչած Բուդյոնը, և հետագա բանակցություններում հաջողության հասնելու շանսերը միանգամից զրոյական դարձան:
– Կարտոլն ու ցորենը հավաքողներ կճարվին. լսելով՝ էս տարի արանում եղանակները լավ են, տղերքն էլ շատ միրգ են առնելու,- դարձյալ խոսեց անզիջում վեղարը:
– Թող ձեր ըսածով էղնի,- կիսաձայն ավելացրեց Բուդյոնը՝ դառնալով եղբորը՝ գնացինք, Սոսո՛, ու գնացին:
– Գնա՜ք խաղաղությա՜մբ,- եկեղեցու պատի վերնամասի կիսաքանդ մեծ խցից լսված ձայնի հետ մի քանի բուռ առվի ափի մանր ավազ օրհնանքի նման շաղ եկավ հավաքվածների վրա:
– Բաբոն ա,- մտքների մեջ ասացին Շավոն, Բուդյոնը, Սոսոն ու մնացածները,- աղունիկ ա բռնում…
Երրորդ անգամ «Թո՜ղ անմեղնե՜րը քա՜ր նետե՜ն» բառերի հետ մոտ քսան-քսանհինգ քար սլացան դեպի քլթքլթացող կաթսան, ապա սկսեցին երևալ ճիլ խոտերից գործած պսակաձև օղակները գլխներին. մրոտած դեմքերով ձորից բարձրացող կերպարանքները:
Սաղոն, չհասկանալով Սոսոյի աղմուկ-աղաղակով իրեն քաշքշելու պատճառը, քնի մեջ անորոշ շարունակությամբ «ընկեր Ստալինը…» մրմնջալով շրջվեց մյուս կողքի, ու համբերությունից արդեն դուրս եկած Սոսոն չդիմացավ.
– Տո քու մե՛րն էլ, քու ընկեր Ստալինի մե՛րն էլ, ելի՛, քանի սաղ ես,- Սաղոյի հետույքին իջած աքացին մեկեն սթափեցրեց նրան:
Երբ ձորից դեպի Համբարձումի աղբյուրը ձգվող «հիսուսների» շարանը տեղ հասավ, բեռնատարը սարալանջի քարքարոտ, նեղ ճանապարհով արդեն հեռանում էր: Վառած չոր խոտի փունջը բուրվառի նման տարուբերելով՝ վերջինը ձորից բարձրացող Բաբոն մեքենայի հռնդյունին արձագանքեց. «Գնա՜ք», բայց այս անգամ բերանը չբռնեց ասել ավանդական դարձած «խաղաղությա՜մբ» շարունակությունը:
Հեռվից լսվում էր հարբած Սաղոյի խռպոտ-անորոշ բարբաջանքը, որից ավագները, որ հիանալի տիրապետում էին Աղբրակի թիվ մեկ մատնիչի բառապաշարին, մեքենայի հռնդոցի արանքում նրա հանճարեղ հայհոյախառն մենախոսություն-սպառնալիքի ընդհանուր տեքստից ջոկելով «հակահեղափոխական», «հակայի ճտեր», «ընկեր Ստալին» բառերը՝ իսկույն վերծանեցին-վերականգնեցին Սաղոյի մենախոսությունն ամբողջությամբ, իրար լրացնելով թելադրեցին ձորից վերջինը բարձրացող Բաբոյին, ով անսխալ գրի առավ ու թուղթը մեկնեց Շավոյին: Հետո մեծերը հինգ-վեց հոգով մի կողմից բարձրացրին մի հսկա քարաբեկոր, թուղթը դրեցին տակը, քարն իջեցրին ցած ու բոլորը միասին երեք անգամ կրկնեցին. «Չարը՝ տակը, քարը՝ վրան»:
Կրակի վրա դրված խաշլամայի բուրմունքից գլխահան՝ դեռահասները հարցական հայացքներն ուղղեցին մեկ Շավոյին, մեկ կաթսային…
Շավոն մատը բացասաբար թափ տվեց դեռևս առկայծող կրակի շուրջը շրջանաձև կանգնած՝ սոված տղաների քթի առջև, ապա փոքրերին հրահանգեց՝ երեսներդ թեքեք, ու սկսեց արձակել տաբատի կոճակները: Մեղմ թշշոցը տղաների բոլոր հույսերը կտրեց: Հերթով հետևեցին Շավոյին: Ամենափոքրը՝ Լևոնը, «սրբազան» ծեսը վերջինը կատարելուց հետո երեսը շուռ տվեց ու հեկեկոցը զսպելով՝ սկսեց արցունքները կուլ տալ: Շավոն Լևոնին գրկեց, թշերը համբուրեց, ցած դրեց, ապա դարձավ տղաներին.
-Տեղներիցդ ժաժ չգա՛ք, հեսա գալում եմ: Ավո՛, գնացե՛ք գեղից հաց ու պանիր բերե՛ք: Հոռոմն արաղ ա ծախում, իրեք շիշ էլ արաղ: Աշունը Սաղոյի արտի ցորենից կուտանք: Հա, մեկ էլ մե հատ ղազան,- ասաց ու սարալանջը դեմն արած՝ սկսեց վեր բարձրանալ:
Երբ տղաները վերադարձան, Շավոն արդեն Սաղոյի օջախից բավական հեռու վառած կրակին դրած շամփուրից քաշած սիրտ ու թոքի առաջին պատառը մեկնել էր այդպես էլ տաբատը չկոճկած Լևոնին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։