Թուրքիայում վերջին շրջանի կոռուպցիոն սկանդալից հետո «Al-
-Monitor» պարբերականը, անդրա- դառնալով երկրի ներքաղաքական զարգացումներին, գրում է. «Օտարերկրյա դիտորդները կարծում են, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու նախագահ Գյուլը հակասություններ ունեն, ավելին, անգամ թշնամիներ են, որ Գյուլը լավ հարաբերությունների մեջ է Գյուլենի հետ: Գյուլենական ԶԼՄ-ները նույնպես այդ տպավորությունն են թողնում: Գյուլենականները նշում են, որ դեմ են Էրդողանին, սակայն լավ հարաբերություններ ունեն Գյուլի հետ, ինչը բոլորովին այդպես չէ»: Իսկապես էլ, գոնե Հայոց ցեղասպանությունը ժխտելու մոլագարությամբ, Գյուլն ու Էրդողանը, ինչպես և նրանց նախորդները, սիամական երկվորյակներ են հիշեցնում: Մեկ տարի է մնացել Հայոց ցեղասպանության 100-ամյակին, և թուրքերը, բնականաբար, պատրաստվում են գերֆիզիկական և գերֆինանսական միջոցներ ներդնել սպասվող բացասական հետևանքները կանխարգելելու համար: Գյուլը, թուրք դեսպանների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին, նշել է, թե հավանականություն կա, որ Թուրքիան կարող է բացասական լույսի ներքո ներկայացվել միջազգային ասպարեզում, և թուրք դեսպաններին հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի «թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և դրական լույսի ներքո երևա»: Նույն ժամանակահատվածում Թուրքիայի վարչապետը դեսպաններին զգուշացրել է, որ Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականի իրադարձությունները միակողմանի ներկայացնել, և ասել է, որ «այդ սև քարոզչության առաջ մենք պետք է ամուր կանգնենք»: Այն, որ Թուրքիան հերքել, հերքում և դեռ հերքելու է 20-րդ դարասկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման փաստը, նորություն չէ: Վերջին օրինակը Գերմանիայում Էրդողանի հանդիպումն է Անգելա Մերկելի հետ, երբ Հայոց ցեղասպանության թեման բացել է հենց Էրդողանը: «1915 թ. դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու: Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք: Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների մասին»,- ասել է նա: Մերկելին զայրացրել է թուրքի կշտամբանքը, և նա խոսել է Հայաստանում ապրող, ինչպես նաև ողջ աշխարհում ցրված հայերի մասին: «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մի՛ միջամտեք: Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը: Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են: Թուրքիան պետք է բացի սահմանը»,- ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է. «Այսինքն մեզ ասում եք, որ ընդունենք մի բան, որը չե՞նք արել: Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները: Ողջ աշխարհին կոչ արեցինք, որ գան ուսումնասիրեն, սակայն ոչ ոք չեկավ: Թուրքիայի հանդեպ անարդար մի՛ եղեք»: Անհասկանալի է, ինչ են ուզում ապացուցել թուրքերը, երբ աշխարհը վաղուց կարիք չունի Հայոց ցեղասպանությունն ապացուցող հավելյալ փաստարկների: Չէ՞ որ մոտ 30 երկրներ ու կազմակերպություններ արդեն ճանաչել ու դատապարտել են թուրքական ոճրագործությունը: Հարց է, եթե ոչինչ չի եղել, այդ երկրներն ի՞նչն են ճանաչել ու դատապարտել: Եվ ինչու Թուրքիան չի բողոքել ու դատի չի տվել նրանց, ովքեր, ստացվում է, «զրպարտում ու վարկաբեկում» են իրեն: Մի բան ակնհայտ է: Թուրքերն իրենք էլ սկսել են ակամայից ենթարկվել ճշմարտության ճնշմանը, և ժխտելու քաղաքականությունը նրանց մեջ էլ է սկսել ճաքեր տալ: Գնալով ավելի շատ թուրքեր են հասկանում, որ հանցագործության ժխտումը նույնպես հանցագործություն է: Ցավոք, թուրքական ինքնագիտակցությունը կրիայի քայլերով է տեղաշարժվում, և առայժմ պիտի պատրաստ լինել, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ժխտողականության առավել այլանդակ և քողարկված դրսևորումների: Թուրքիայում ընտրությունները հեռու չեն: Այս պահին իշխող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 34%-ը: Կասկած չկա, որ վարկանիշի կորած տոկոսները թուրքերը փորձելու են վերականգնել հակահայ առավել կոշտ քաղաքականության հաշվին: