ՍԻՐՏԸ
Լևոն Խեչոյանին
Քաղաքն է սուզվում մշուշների մեջ,
Իսկ ես սուզվում եմ խորքը խավարի,
Նրանք խրվում են իրար մեջ, ու մենք
Կդիմավորենք այսպես նոր տարին,
Որ պիտի դուրս գա անհուն խավարից,
Որ պիտի ճեղքի սիրտը մթության,
Որ կորուստները մեր անդառնալի
Եվ ժամանակներն՝ հավետ մշուշված
Իբրև ցնորքներ ու միգամածներ
Եվ ակնաբիբեր – խավարի խորքում
Աստեղային նոր ուղիներ բացեն,
Որ տիեզերքը ցնորող ոգու
Էլ չպղտորի ակունքը բառի,
Կառչած չմնա ցավի արմատից,
Ու ցոլարձակի անհուն խավարից,
Որ մահվան կորը տարին չհատի…
Քաղաքը իբրև քարեղեն մի նավ
Այս մշուշների մեջ է խորանում,
Եվ ընդունում են և ծնունդ, և մահ
Սիրելի մարդիկ՝ անուն առ անուն:
Այնտեղ հեղվում է երգն՝ իբրև մեռոն,
Եվ աշխարհներն են իրար ներհյուսված,
Եվ հավերժորեն խփող սիրտը, որ
Ալեկոծում է խորքը բնության…
Ու դու՝ թոթափած ամեն վիշտ ու ցավ,
Ոգեկոչում ես բառերն արարման,
Բայց հեռու է դեռ շունչը հարության
Այդ մահվան կորը կտրելու համար:
Մենք աղոթքներ ենք միայն շշնջում,
Ու պատարագն այդ երկար է տևում,
Ու երազների մեջ ենք մենք շրջում,
Ու հայտնվում ենք
հանկարծ այնտեղ, ուր
Մոմեր են վառում սիրելի մարդիկ,
Ու բոցկլտում է սերն՝ իբրև կերոն –
Նրանց կփարվես սահմանից անդին,
Ու քեզ կփրկի սիրտը ընկերոջ…
Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ
8.01.2014
Իր գիրքն է սեղանիս` «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», ընծայագիրը` «Գուրգենին: Օրհնյալ լինի թույնի բաժակը մեր»…
Մեր մտերմությունը սկզբնավորվեց 1993-ի աշնանը` «Գարունի» խմբագրությունում ծանոթացանք, հետո դուրս եկանք փողոց, զրուցելով բարձրացանք Մաշտոցի պողոտայով, անձրև սկսվեց, իմ տունը մոտերքում էր, Թումանյանի վրա, մտանք սուրճ խմելու, անձրևն ուժգնանում էր, տանիքն սկսեց կաթել, սովոր էի, հին կիսախարխուլ տուն էր, թասերը խորդանոցից բերեցի, շարեցի կաթոցների տակ, նայեց առաստաղին, թասերին, ինձ… աչքերում անկեղծ ցավ էր գոյանում: Հաջորդ օրը, վաղ առավոտյան, փողոցից ձայն տվեց, թե` արի բարձրացնենք… Հրազդանից մի ահռելի բեկոր ձյութ էր բերել և մի քանի փաթեթ տոլ, որ տանիքը ծածկենք-ձյութենք, մտածեցի` ասում են գրականությունը չի տալիս, խլում է, այնինչ, ահա, գրականություն նոր ոտք դրած` իսկական ընկեր ունեցա: Քսան տարի անցավ այդ օրից, քսան տարի` քսան օրվա պես, և այսօր, ահա, արդեն կորցրի ընկերոջս… Մեծ ցավ է, ահավոր կորուստ, բոլորիս համար, գրականության համար… Բայց այն, ինչ ստեղծել է, անտարակույս` ոսկյա տառերով է դաջել գրականության ժամանակագրքի իրեն մատուցած էջերին, ինչի համար խորին շնորհակալություն նրան` Լևոն Խեչոյան մեծ գրողին: Հրաշալի ընկերոջս:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Ահա «սպիտակ թուղթը», որի հետ կռիվների, անհաշտությունների ու հաշտությունների մասին հաճախ է ասել Լևոնը: Եվ հիմարացել, լալկվել եմ մի տեսակ: Կարծում եմ` ինչ էլ դուրս գա լեզվիս տակից, դեռ նրան ասվելու չափ հասուն չի լինելու: Նրան, ով գտավ մեզ բնորոշ, մեզ սպառնացող, մեզ տանջող մարդկային շատ հիվանդությունների, ախտերի պատվաստանյութերն ու առանց տատանվելու` առաջինն իր վրա փորձարկեց: Մեր բոլոր թուլությունների ու թերությունների մասին հերոսականորեն առաջին դեմքով խոսեց: Կարծես ինքն էր պատասխան տալու ամեն ինչի համար: Իր գրականությամբ խոստովանեց կատարած ու չկատարած մեղքերը, որ գուցե իրեն հատուկ էլ չէին երբևէ: Մեր փոխարեն էլ ուզեց անել այդ բանը:
Եվ սա է մեծությունը, որի առաջ այսպես կարկամել եմ այսօր:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քո տեսակն է երկիր ստեղծում` արժանապատիվ, արդարամիտ, մարդասեր…
Քո գրիչն է գրականություն ստեղծում` ամուր արմատով իմաստնացած, վաղվա օրը տեսնելու շնորհով` կենսահաստատ…
Քո անկաշառ ներկայությունը ամեն պահ շեշտում էր պատեհապաշտի խեղճուկությունը: Քո Բառին սպասում էին Մաքուր խոսքի կարոտները, մնացածները… Աստված իրենց դատավոր:
Պարզ ճակատով անցար Սահմանագիծը` մեզ թողնելով Գրականությունդ ու ապրած կյանքդ, որոնցով նաև կստեղծվի այն երկիրը, որի սպասումով հեռացար` դառնացած, բայց անչար:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Մարդ էր, քաղաքացի էր, ընկեր էր. շատ սովորական ու շատ տարբեր: Կոչված էր առաքելության: Լուռումունջ, անթիվ դժվարություններից կքված, բայց ոչ երբեք ծնկած կրեց իր խաչը, թույլին, զարկվածին, ընկածին ապավեն եղավ, իշխանավորին, ուժեղին չքծնեց, չընկրկեց՝ անդավաճան մնալով իր հավատամքին, սկզբունքներին և էությանը: Իսկ առաքելությունը՝ դարերից եկող հայ գրականության, ի մասնավորի, արձակի դժվար, բայց անընդհատ զարգացող ընթացքի մերօրյա հենասյունը լինելն էր Խորենացուց, Աբովյանից, Բակունցից ու Մաթևոսյանից հետո:
Աստված իր ետևից եկողներին զորավիգ:
Մովսես ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Մհերի դռան գիրքը», որ հայ էպոսի գեղարվեստական, «թեմատիկ» և «հերթական» մշակումը պիտի լիներ՝ ըստ ընթերցողական սպասելի ընկալման, իրականում պատգամախոսական բնագիր է, բանահյուսական ատաղձի անսպասելի կիրառություն, ինչը միանգամայն նոր մոտեցման և մեկնակետի հորիզոն է պարագծում հայ գրականության ոճաբանական դաշտում: Այստեղ Խեչոյանը հայ մշակույթի արմատներին վերադառնալու բացահայտ կոչ է անում՝ որպես հոգևոր-մշակութային դաշտը վերափոխելու կոչված արվեստագետ:
Գրողի խոսքը՝ ուղղված ընթերցողին, Աբովյանի «Վերքի» առաջաբանի խոսքային երանգի ուղղակի շարունակությունն է՝ նույն մտահոգությամբ և վրդովված հոգին աշխարհի և ազգի առաջ բացելու անհաղթահարելի մղումով: Ազգային վեպի հերոսները, գաղափարներն ու դրվագները վաղուց անտի դարձել են Խեչոյան գրողի մտահոգությունների առարկան, մշուշապատ տեսիլքներից ժամանակի ընթացքում միս ու արյուն են առել, որպեսզի բանալի դառնան ազգի գոյութենաբանական իմաստը մեկնաբանելու համար՝ դրանով իսկ հիմնավորելու գրողի և մարդու գոյությունն այս աշխարհի վրա: Սա նաև ազգի ապագայի մասին ծրագրային ուղերձ է, անցյալի թաքնախորհուրդ իմաստների վերհանում, որի անհրաժեշտության գիտակցումը Աբովյանի «փակ լեզուն բացեց»: Եվ եթե Աբովյանը Հայաստանի վերքերն էր ցուցահանում՝ ապագայում դրանք բուժելու հեռանկարով, ապա Խեչոյանը նոր ժամանակների մտահոգությունների ջահակիրն է՝ զտարյուն քաղաքացու ահազանգեր և հայրենասերի հորդորներ է հնչեցնում՝ դրանք Աբովյանի նման ուղղելով երիտասարդությանը: Կա նաև մի ուրիշ՝ զուտ ստեղծագործական ազդակ: Ժամանակագրական առումով գրողի վերջին հրապարակումներից մեկը լինելով՝ թվում է, թե այն գրվել է գրողի ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, ավելին՝ հենց ստեղծագործական մուտքից առաջ և հետո, մշտապես ուղեկցել է նրան որպես տեսիլ և փարոս, անընդհատ փորձել է բյուրեղանալ և անընդհատ փշրվել է՝ մինչև որ գտնվել է այն ամրացնող, իրականացնող, նյութականացնող էույթը, գոյն ու հիմը: «Սասունցի Դավիթ» վեպը իրականում Խեչոյան արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողներին: Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար:
Գուրգեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հատված «Մհերի դռան գիրքը»
վեպի վերջաբանից
Առաջին անգամ Լևոն Խեչոյանի հետ հանդիպել եմ Արցախյան ազատամարտից հետո: Մինչ այդ ծանոթ էի նրա գրականությանը, սիրում էի և շատ բարձր էի գնահատում: Հատկապես լեզուն` կախարդական ուժ ունի: Կլանում է, կապում, ստիպում նորից ու նորից կարդալ, վայելել ինքնատիպ երաժշտությունը, բառերի ու զգացողությունների հրավառությունը:
Նստեցինք սրճարանում ու մի քիչ լռեցինք. ո՛չ ես էի շատախոս, ո՛չ ինքը: Սակայն մեր զուսպ երկխոսությամբ անմիջապես հասկացանք իրար: Երկուսս էլ խոստովանեցինք, որ կարդում ենք միմյանց և տպավորվում, երբեմն ներշնչվում: Ինձ համար շատ մեծ ուրախություն էր և հպարտություն: Պատերազմից նոր էի վերադարձել, կարոտել էի գրական աշխարհին: Հետո, բավականին ուշ իմացա, որ Լևոնը Սասունի ջոկատում նույնպես մասնակցել է ազատամարտին: Նա ինձ համար ավելի թանկ ու սիրելի դարձավ, որպես սակավաթիվն այն գրողներից, ովքեր մի կողմ դնելով գրական գործունեությունը, զենք էին վերցրել և մասնակցել ազատագրական պայքարին: Նա գործի մարդ էր, Հայրենիքին նվիրված դիֆերամբներ չէր գրել, այլ անհրաժեշտության պահին կյանքը վտանգելով առաջին գիծ էր գնացել: Լևոնն այն քչերից էր, ով լավ գրող լինելով նաև լավ, բարձր, հայրենիքի սիրով ապրող քաղաքացի էր: Երբ նրան ներկայացրին պետական պարգևի, նա հրաժարվեց և ուղղակի ասաց.
– Ես ինչպես կարող եմ ստանալ այդ պարգևը, երբ իմ մարտական ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են անում` իրենց ծանր սոցիալական պայմանների պատճառով…
Ժողովրդի կողմից, գրական շրջանակներում սիրված գրողը, սակայն, ապրեց համեստ, կարծես լուռ կյանքով: Առանձնացած իր մենության ու լռության մեջ` Լևոնը մարգարիտներ էր ստեղծում և շռայլորեն սփռում շուրջը: Նա այդպես էլ կապրի իր ստեղծած աշխարհում, իր գրականության մեջ` որպես հավերժի ճամփորդ:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Գալը հեռվից էր` մեր երակներում հոսող արենական հիշողության խորքերից: Եկավ ու տեսավ, որ մեր մեղքերի ու արժանիքների հարուստ ժառանգության ծանր բեռն ուսելու հերթն իրենն է, որ լոկ ի՛նքն է ի զորու տանել այն… Բեռն ուսեց սիրով, քանզի իրեն վիճակված էր Սիրել, ու այդ սերը ստիպում էր անընդմեջ ետուառաջ անել այն անցուղիներով, որ ձգվում են մեր արյան խորքից դեպի մեզ…
Վայե՞լք էր այդ ճամփեքով անցնելը, թե՞ դժոխք իջնել-վերադառնալու պես մի բան… Դա ի՛ր ճամփան էր, իմանալիքն էլ` իրենն էր… Գնում բերում էր կորսված գանձերն անցյալից, ապագայից ու բուռ-բուռ բաշխում որպես նշխար…
Հետո նորից շրջում էր մեր մեջ, կաթիլ-կաթիլ հավաքում էր ցավն` ինչպես մեղուն է նեկտար հավաքում: Հետո իր բառերից շինած փեթակի մեջ ցավանեկտարից սիրո մեղր էր արարում…
Այսուհետ քեզ միմիայն կարոտել կարողանալու գիտակցման ցավը ներժայթքում է իմ ամեն մի բջջի մեջ` արտամղելով տղամարդկային գրեթե ցամաքած արցունքի վերջին բաժինները, բայց արցունք դուրս չի գալիս, հոգուս անցուղիներում լավայի պես քարանում է` դառնալով մարմնիս մեջ հավերժորեն խրված ցավի ապառաժ` կարծր, ամուր, ինչպիսին դու էիր, քո կուռ ու ծանր գիրն էր: Էն գիրը, որ իրար է կապում մեր անցյալը, ներկան ու ապագան, էն գիրը, որը մեր առջև պիտի բացի Մհերի դուռը:
Գևորգ ԳԻԼԱՆՑ
ՕՐԸ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՄՇՈՒՇՈՒՄ
Լևոն Խեչոյանին
Ես իմ ճերմակ քաղաքի բնակիչն եմ:
Որտե՞ղ է վարագույրը, դեղին մուժի վարագույրը:
Ծաղիկների երկինքը երազի տխուր աչքեր չեն,
Հոկտեմբերը՝ աղ ծաղիկների թերթերին:
Ես եմ՝ իմ
քլթքլթացող ընդերքից,
Ես եմ՝ ակնապիշ:
Ես ընդունում եմ օրը, –
օրը տենդ-մասրենի:
Արևը կայունության
մի կետ ունի,
Մեր պապակ երկիրը հիմա
ծածկված է անտառներով,
Ուր գայլերը
քնում են ստվերներում,
ինչպես արևածաղկի գլուխ,
Իսկ ճանճերը ձու են
դնում լուսնի տակ:
Հա՛:
Երեխաները թող պարսատիկով ծնվեն,
գլուխները՝ առաջ,
Ճիչը՝ ջուր,-
Անաղարտությունն
իր գույնն ունի:
Հուզմունքս թիթեռ:
– Ես որտե՞ղ եմ:
Եթե պատռեմ կուրծքս,
Թանաքաման-սրտի փոխարեն
Մի քրքրված ցանցազամբյուղ է:
Հիմա արդեն ասում եմ
գիծ ու նշան,
Դժխեմ իմ երևակայություն,
իմ մանկական ձեռքերով
կապված լճակ:
Շոգը շատ է շոգ,
Մի քայլ այն կողմը ամառ է,
Մուժը` վարագույր:
Ու ես հարցնում եմ,
Ես գալիս եմ
հավիտենական քնից
Ու հարցնում եմ.
Լապտերները թևատակիս,
Լուսատտիկ
աչքերիս, ականջներիս,
Ես միայն հարցնում եմ,-
Ո՞ւր է թռչունը, որ
կոպերիս տակից թռավ,
Կտուցին՝ ելակ: Թևերը՝ կրակ, պոչը՝ կրակ,
Իսկ ծղրտոցը…
Երկիրը՝ կրակ, ու
վայրէջքի տեղ չկա,
Ես գալիս եմ հավիտենական քնից հետո,
Իմ քլթքլթացող ընդերքից
Ու հարցնում եմ՝
Ուրիշ ի՞նչ կարող եմ անել:
Մեր պապակ երկիրը հիմա
ծածկված է անտառներով,
Ուր գայլերը քնում են ստվերներում,
ինչպես արևածաղկի գլուխ:
Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ