«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից
• Պետք է իմանաք, որ երբ մարդն իր հանդեպ անփույթ է և չի ձգտում ինքն իրեն բարեփոխել և մաքրագործել՝ զսպելով իր մարմնական ցանկությունները, նա սկսում է ենթարկվել իր ցանկություններին և յուրաքանչյուր օր և ժամ նրա հոգու բեռն ավելի է ծանրանում, որի արդյունքում աստիճանաբար խամրում և ի վերջո, բոլորովին մարում է նրա հոգու լույսի կերոնը:
• Արդյո՞ք չի եկել այն ժամանակը, որ մենք սկսենք բարեփոխել մեր հոգիները և բուժենք մեր հիվանդությունները: Մենք անիմաստ վատնեցինք մեր երիտասարդության կապիտալը, սատանայության և ցանկասիրության արդյունքում հեշտությամբ կորցրինք այն երիտասարդությունը, որի շնորհիվ կարող էինք ապահովել երկրային և անդրշիրիմյան կյանքի բարօրությունը: Այժմ նույնպես չենք ցանկանում բարեփոխվել, որպեսզի կարողանանք օգտվել մեր մնացած կյանքի բարիքներից՝ մաքուր հոգով և հանգիստ խղճով այս աշխարհից հեռանալու համար:
• Սիրելիս, արթնացիր խորը քնից և Ղուրանի և ավանդապատումների միջոցով ապաքինիր քո հիվանդությունները և օգնություն հայցիր Ամենակարող և Բարեգութ Տիրոջից ու ապավինիր նրան: Աստծո Մարգարեն մեզ ավետել է, որ մենք կարող ենք ապավինել Տիրոջն ու նրա միջոցով փրկվել բնության այս դաժան հորից, ազատվել կապանքներից ու շղթաներից՝ միանալով և շարունակելով մարգարեների և առաքյալների ուղին:
• Իմացած եղիր, որ եթե բարօրության ու բարեփոխման ճանապարհին մի քայլ կատարես, թողություն խնդրես ու խոնարհվես Բարձրյալ Տիրոջ առջև, քո դեմ կբացվեն երջանկության դռները, և դու կվայելես ամեն ինչ:
• Այո, ինչպես յուրաքանչյուր գործի սկիզբ, բարեպաշտների ու միստիկների համար նույնպես մաքրագործման և ճգնակեցության առաջին քայլերը դժվար են թվում: Սատանան, ընչաքաղցությունն ու ցանկասիրությունը նույնպես նպաստում են այդ գործողությունների բարդացմանը և աշխատում են թույլ չտալ, որպեսզի մարդը մաքրագործվի: Սակայն այդ գործողությունները սկսելուն պես ամեն ինչ հեշտանում և ավելի դյուրին է դառնում: Կատարելության և Աստծո ճանապարհին մարդու կատարած յուրաքանչյուր քայլ ավելի դյուրին է, քան՝ նախորդը, քանզի ուղղորդվում է աստվածային լույսով, որը հեշտացնում է ճգնակեցությունն ու մաքրագործումը:
• Երբեմն աստվածաբանությունը, իսլամական իրավագիտությունը, բարոյագիտությունը կամ միստիցիզմը մարդուն դժոխք են ուղարկում: Գիտությունը չի կարող մարդուն ուղղել, մաքրագործվել է պետք:
• Աստված մի արասցե այն օրը, երբ որևէ մեկը, նախքան մաքրագործվելը հայտնվի հասարակության մեջ և մարդկանց կողմից ճանաչում ստանա: Այս պարագայում հիշյալ մարդը կպարտվի և կկորցնի իրեն:
• Հենց դադարես հասկանալ այս աշխարհը, ամեն ինչ կավարտվի, և դու չես կարողանա բարեփոխել ու վերահսկել ցանկություններդ:
• Աշխարհիկ վնասներից չէ՞ այն, երբ մարդն ասում է. «Ոչինչ, որ այսօր չստացվեց, վաղը կստացվի, կամ՝ ոչինչ, եթե վաղն էլ չստացվի»: Սա դժբախտություն է, որը վերջ չունի:
• Ով սառնասիրտ մարդ, խորհիր, տես, թե որն է քո սրտի հիվանդությունը, որը քարացրել է քո սիրտը և այն չի կարող ընդունել կապանքներից և տանջանքներից ազատվելու համար ուղարկված Ղուրանը:
• Սիրելիս, աշխատիր, որ մարմնական ձգտումներդ ու ցանկություններդ չավարտվեն այստեղ և հանդերձյալ աշխարհի համար նույնպես պահպանիր:
• Երբ մարդն իր հետ պատահած ամեն ինչի համար մեղադրում է հասարակությանն ու իշխանավորներին, դա եսասիրություն է:
• Քանի դեռ ձեր ցանկությունների և մարմնի գերին եք, չեք կարող պայքարել Աստծո համար և պաշտպանել Նրան:
• Երբ մարդու ցանկասիրությունը, փառասիրությունը, իշխանատենչությունն ու նմանատիպ բաներն այնքան խորն են մարդու մեջ, որ երբ Մեծ Մարգարեն զրկում է վերջինիս դրանցից՝ մարդը թշնամանում է Մարգարեի հետ: Երբ հասկանում է, որ Աստված է նրան զրկել այդ ամենից, սկսում է թշնամանալ նաև Աստծո հանդեպ: Սա մարդկության մեծագույն չարիքներից է:
• Մարդը չի կարող միաժամանակ բարեպաշտ և եսապաշտ լինել: Մարդը չի կարող միաժամանակ պաշտպանել և՛ իր, և՛ իսլամի շահերը: Այս երկուսից մեկը կարող է լինել:
• Ով սիրելիս, քանի դեռ բնության մութ վարագույրները ամբողջովին չեն ծածկել լույսը, քանի դեռ ամբողջովին չես տարվել աշխարհիկ ցանկություններով, գոտեպնդվիր և քեզ համար դեպի բարօրություն մի դուռ բաց արա:
• Ամեն դեպքում, մարդը չպետք է զերծ մնա իր սխալներն ու թերությունները ուղղելու և ճշմարիտ բարիքից ու օրհնությունից օգտվելու հնարավորությունից՝ պարզելով իր ձեռքերն առ Աստված և նրանից աջակցություն և օրհնություն հայցել: Հուսով ենք, որ որոշ ժամանակ այդ գործողությունը կատարելուց հետո մարդու սիրտը կողողվի աստվածային սիրով և օրհնությամբ:
• Անչափ լավ կլիներ, եթե որևէ երիտասարդ մաքրեր իր հոգում տեղ գտած և դեռևս նոր արմատավորվող յուրաքանչյուր վատ ցանկություն, ինչպես օրինակ նախանձը կամ ժլատությունը՝ բարենորոգելով իրեն:
• Երիտասարդ հասակում երիտասարդ և ամուր են նաև մարդու կամքն ու որոշումներ կայացնելու կարողությունը: Այս առումով մարդու բարենորոգվելը նույնպես ավելի հեշտ ու դյուրին է: Ծեր հասակում մարդու կամքը թույլ և ծեր է, այս դեպքում մարդը մեծ դժվարությամբ է փոփոխության ենթարկվում:
• Յուրաքանչյուր արարածի հետ սրտանց կապվելը, ինչպիսին էլ վերջինս լինի, Աստծուց հեռանալ է նշանակում:
• Աստծուց բացի որևէ մեկի հետ սրտանց կապը, որը Աստծուց հեռանալու նշան է, հանգեցնում է հոգու խավարի և աստվածային լույսի մարման: Սա մարդկության ամենամեծ վտանգներից մեկն է: