«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻ» արխիվից
Վարուժան Այվազյանը և… հոբելյանական տարի՞ք… Մեր այս «անավարտ ժամանակների» համար անհավանական է, բայց հնարավոր է, թերևս, որպես «ստեղծագործական տարիք»… Դժվար է նույնիսկ կռահել, թե ինչպես եղավ… Այվազյանը ասես «երեկ» էր, որ եկավ իր մուտքի բեռով, և քչերը կարողացան դիմավորել անսպասելին…Թեև, չգիտես, սա մկրտությու՞ն էր, թե՞ իսկական գրողի ճակատագիր, ում հայտնությունը եթե չեն ընկալում, ապա մեկնաբանական աղավաղումները գոնե լինում են նվազագույն, ինչը չի վիճակվել ոչ միայն Այվազյանի սերնդին, այլև իր նախորդ՝ մաթևոսյանական շրջանի գրականությանը:
Վ. Այվազյանի գրական ոդիսականը սկսվում է 80-ականների վերջին, բայց գրական ընթացքը միասնության է ձգտում 90-ականներին, ամբողջացման միտումներ դրսևորում արդեն դարասկզբին: Ստեղծագործական ճանապարհի առումով էլ Վ. Այվազյանի մուտքը՝ «Հին ահ» (1991) վիպակից և պատմվածքներից մինչև «Ճանճի ամիսը» (1998) և վերջին՝ «Համեմատական կենսագրություններ» (2004) վեպերը, պատմվածքները և էսսեները, զուտ այվազյանական էսթետիկական համակարգի ձևավորման ընթացք է, որ նշանակալի հանգրվաններ է կազմավորում արդի գրական պրոցեսում՝ միտում ունենալով ոչ միայն ժառանգականությունը նորոգելու, այլև մեր արձակում հանդես գալու սկզբնավորողի և, ինչու չէ, հայրության օրենքով…
Ո՞վ էր ասում (կարծեմ՝ Պաստեռնակը). «Միակ նորությունը տաղանդն է…»: Ասել է՝ տաղանդը նորության խարիսխն է, բայց տաղանդը հայրության վերջին սահմանը չէ: Նա պետք է նախևառաջ ստանձնի գրականությունը, որովհետև նրա թիկունքում ոչ միայն Գիրքն է որպես մշակույթ, որ «ընթերցել» են մեր հայրերը՝ «ճանաչել(ու) զբանս հանճարոյ», այլև հանձնառել են Խոսքը՝ դառնալով «բանի սպասավորները»: Վ. Այվազյանը ևս, երկուտասնամյա ստեղծագործական ճանապարհի ջանքին հլու, ստանձնել է գրականությունը, բայց ստանձնել է որպես ճակատագիր, որն ապրում են տրված ժամանակում, նրա ոլորտում արտահայտում Խոսքի ժամանակը, որ երկխոսական ձայն ունի, թեև հնչում է իբրև կենսագրական ակտ: Բայց՝ ճակատագիր, որ մենախոսական ռիթմի արձագանքին համապատասխան, նշանակում է նաև՝ «երկուսի խորհուրդը մեկ է» (ինչպես Վ. Այվազյանն է ասում մի դեպքում), որովհետև մենախոսության (թե՞ խոստովանության) աղբյուրը մի սկիզբ ունի՝ Բանի ոլորտը, դեպի ուր առնչություններ է որոնում հեղինակը, տարրալուծվում նրա էության մեջ: Հետևաբար ինքը չէ, որ «խոսում» է, այլ ստեղծագործության ճանապարհով առնչվում է նրա ոլորտին, ուր և (լեզվի մեջ) հեղինակը «ոչ ոք» է, որովհետև ապրում է Խոսքի ոլորտում, մի հավիտենության մեջ, որ ստեղծագործությունն է…Հետևաբար, Այվազյանի արձակը, իր կենսագրական ակտի միջով անցնող և Բանի ոլորտում առնչություններ որոնող ասացություն է և ոչ թե նոր է արարում աշխարհը, այլ արարված աշխարհն է մեկնաբանում:
Մեկընդմիշտ ասված է արդեն՝ «Ի սկըզբանէ էր Բանն և Բանն էր առ աստուած և ամեն ինչ նրանով եղավ», ուստի աշխարհի ամբողջականությունը մասնատված է ոչ թե տարածությամբ, այլ՝ խոսքի նշանային և ոչ նշանային հակադրությամբ: Ուրեմն՝ խոսքի նշանային ոլորտը արտահայտում է առարկան և առարկայությունը՝ տրոհելով աշխարհի միասնությունը, իսկ ոչ նշանային խոսքը՝ արտահայտում իմաստը, որ ռեալական աշխարհի քաոսը հաղթահարելու ուղին է: Վ. Այվազյանը ստեղծագործության ճանապարհով անցնում է այդ սահմանը…և՝ ոչ միայն կենսագրական «արարի», այլև… աշխարհը և կյանքը ստանձնելու գրի և լեզվի նշանը պառակտելու, այնուհետև՝ նրա վերջը և սկիզբը միասնական արտահայտելու միջոցով, բայց, արդեն, ոչ թե ռեալիայի, այլ ռեալականության մի այլ սահմանում, որ պահպանում է խոսքի ոլորտը: Ուստի լեզուն և նշանը արտահայտում են ոչ թե այս աշխարհը և նրա ռեալությունը, այլ՝ միայն նրա պատրանքը:
Վ. Այվազյանի գեղագիտական այս «սկիզբը» մի այլ օրինաչափություն է սահմանում նաև. այն է՝ լեզուն աշխարհի պատրանքը արտահայտելու ոլորտն է, ուր ոմանք իրենց խաբկանքն են որոնում, ոմանք՝ ստեղծագործությունը՝ ապրելով նրա մեջ և հանդես գալով նրանում: Լեզվակենտրոն այս գիր-ը, Այվազյանի մեկնաբանությամբ, գրականության միջոցով պատրանքը հաղթահարում, հանգում է կառուցվածքայնության գաղափարին, ուստի լեզուն, իբրև գրականության ոլորտ, փոխակերպության շարժումն է արձանագրում: Մինչդեռ մեր գրականության լեզուն, ինչպես Դոն Կիխոտը իր պատրանքի մեջ, արշավում է հողմաղացների վրա՝ միամտաբար կարծելով, թե խոնարհելու է իր դեմ ամրոցը… Այվազյանի լեզուն, ի հեճուկս պատրանքասերների, Ոդիսևսի ճամփորդության և որոնումների ուղին է ընտրել, որպեսզի ինքն իրենով արտահայտի աշխարհը, բայց՝ արարված, միասնական աշխարհը, և, հաղթահարելով պատրանքների քաոսը, մի երազանք ունի.- հասնել և ձուլվել գրի ակունքին, որ «հոգու հայրենիքն է» նաև, նախասկզբի ամբողջությունը: Լեզվական այս «վայրում» է հնարավոր վերստեղծել Գիրքը, ինչը, որպես նախահիմք, ստեղծագործության «վայրն» է, որը Վ. Այվազյանն ընկալում է «երկրագնդի նման անխարիսխ ու անհենարան» (Ֆլոբերի երազանքի նման), որովհետև լեզուն «ինքն իր վայրն է» («ինքն իր վրա է հենված») և նրա «ներսում» է տեղի ունենում ամենայն շարժում, միահյուսվում սկիզբը և վերջը՝ մեկնաբանելու կյանքը և աշխարհը ժամանակի միասնության ոլորտում: «Գրական երազանքի» այս տառապանքից է ծնվել Վարուժանի արձակը, մասնավորապես «Համեմատական կենսագրություններ» վեպը, ուր օնտոլոգիական այվազյանական շրջադարձը աշխարհընկալման նոր հանգրվան է ստեղծում՝ դեպի ուր տանում է գրականության գալիքը, կանխորոշում վաղվա օրը…
Արդի գրական պրոցեսում Վ. Այվազյանի ձայնը լսելի է, ճանապարհ է բացում թերևս, որ ահռելի ջանք է պահանջում: Ոմանք կարծում են, թե Այվազյանի արձակը դժվարընթեռնելի է՝ չմերժելով նրա նորությունը, բայց, ի՞նչ կա որ, ամեն մի նորություն դժվարընթեռնելի է և լավ է այնքանով, որ ճանապարհի խոստումներ ունի: Քիչ չեն թե՛ մեր, թե՛ համաշխարհային գրականության մեջ ամբողջականորեն չընթերցված հեղինակները և կարծես Վարուժանի արձակը համեմատելիս օրինակը տեղին է ասելը. Ջոյսի «Ուլիսը» մեկհարյուրամյակ մնում է անհաղթահարելի, Պրուստի արձակը՝ չբացված գիրք է դեռևս, Հ. Օշականը՝ մտքերի և ապրումների ներքին քաոսում անհաղթահարելի է վերստին… Վ. Այվազյանի արձակը, երբեմն, զուտ արտաքին պոետիկայի համակարգում, համեմատում են Պավիչի ստեղծագործության հետ, որ լավ խոստում է… Թեև ամեն մի համեմատություն անստույգ է այնքանով, որ այն կաղում է, ուստի ինչո՞ւ չհիշատակել այլ անուններ ևս. Ումբերտո Էկոյի «Վարդի անունը», անգլիացի Էմիսի «Ժամանակի սլաքը» վեպերը, Ելինեկի ստեղծագործությունը և այլն… Իսկ եթե Այվազյանի արձակը թարգմանվի և ներկայացվի համաշխարհային գրականությա՞նը, շահողը մենք ենք լինելու և մեր գրականությունը: Մինչդեռ… եթե չենք անտեսում, ապա չենք հիշում հաճախ, երբ… գրական մրցանակներ ենք բաշխում, հանդիսություններ ձոնում: Քեֆի և հրճվանքի սեղանից հեռու են իրավ մշակները, նրանց շատերի հոբելյանները չենք նշել, անցած ճանապարհը չենք մեկնաբանել… Վ. Այվազյանին էլ, ինչպես Դ. Վարուժանն է ասում Սիամանթոյին, չենք ասել՝ «պատիվ ըրեք վսեմական քերթողին»:
Մաղթա՞նք… սա էլ կասեմ: Կուզեի, որ ընթերցվի Վ. Այվազյանի արձակը, հրապարակվի նոր գրված վեպը՝ «Պատմություն մեծ Կովկասի», որ քննության նոր մակարդակ է պարտադրելու մեր քննադատությանը, իսկ ճանապարհը, որ վերելքի և ընդլայնման ընթացքի մեջ է, շարունակվի ամբողջանալու հունով և չկորցնի իր որոնումների ուղին: