Նոյեմբերի 22-ին գրադարանի դահլիճում հավաքվել էին բանաստեղծուհի Գոհար Գալստյանի ստեղծագործությունների երկրպագուները: Այս անգամ տաղանդավոր բանաստեղծուհին ընթերցողների քննարկմանն էր ներկայացրել «Տանիքի դարպասներ» բանաստեղծությունների գիրքը, որը շաղախված է կանացի նուրբ զգացումներով, ապրումներով և փիլիսոփայությամբ:
Գալստյանի բանաստեղծությունների տողատակերում նշմարվում են բանաստեղծուհու կենսասիրությունը, անսահման բարությունը, ազնվությունը, որոնք հիրավի բացահայտում են գրողի ինքնությունը, որն էլ, անշուշտ, յուրօրինակ ինքնախոստովանություն է: Գրքի ծննդյան առիթով բանաստեղծուհուն շնորհավորեցին և գնահատանքի խոսքեր հղեցին Ալիս Հովհաննիսյանը, Ավագ Եփրեմյանը, Նանեն: Իր ողջույնի խոսքն էր ուղարկել նաև գրականագետ Արմեն Ավանեսյանը: Գրական հաճելի այս մթնոլորտը ընդմիջվում էր Գայանե Սամվելյանի ասմունքով: Հանդիպումն ամփոփեց գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
Միջոցառման ավարտին շնորհակալանքի խոսքով հանդես եկավ Գոհար Գալստյանը: