Սրտերի ներդաշնակություն. Բելառուս-Հայաստան

ՍրտերիՆոյեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հայ և բելառուս գրողների արձակ և չափածո ստեղծագործությունների «Սիրում եմ քեզ, հայրենիք» ռուսերեն անթոլոգիայի շնորհանդեսը: «Սրտերի ներդաշնակություն. Բելառուս-Հայաստան» խորագրով գիրքը հրատարակել է «Звязда» հրատարակչական տունը, որի նպատակն է ընթերցողին ծանոթացնել ԱՊՀ երկրների բանաստեղծների և արձակագիրների հիմնականում ետխորհրդային շրջանում ստեղծած լավագույն գործերին: Ժողովածուն այդ շարքի 3-րդ գիրքն է, ուր ընդգրկվել են հայ և բելառուս գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները:
«Կենդանի կոթողներ» ընդհանուր խորա­գրով ներկայացվել են Ա. Ավագյանի, Ռ. Հովսեփյանի, Հ. Էդոյանի, Լ. Խեչոյանի, Հովհ. Գրիգորյանի, Դ. Հովհաննեսի, Ա. Հարությունյանի, Վ. Մուղնեցյանի, Էդ. Միլիտոնյանի, Վ. Իսրայելյանի, Հ. Թամրազյանի, Վ. Գրիգորյանի, Ռ. Դավոյանի, Ն. Ադալյանի, Ղ. Սիրունյանի ստեղծագործությունները:
«Իմ ճակատագրի ակունքը» ընդհանուր խորագրով ներկայացված են 11 բելառուս հեղինակ:
Բացելով շնորհանդեսը` ՀԳՄ նախագահ Էդ Միլիտոնյանը ընդգծեց, որ տարբեր երկրների հետ գրական-մշակութային կապերը դինամիկ զարգացման փուլում են: Նոր գրքերի, ծրագրերի առաջարկություններ են լինում և իրագործվում, որոնցից մեկն էլ այս ժողովածուն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել նաև Մինսկում` արժանանալով ընթերցողների լայն արձագանքին: Նրա հավաստմամբ «Звязда» հրատարակչության հետ աշխատանքները շարունակվելու են փոխադարձ նոր թարգմանություններով, նոր հրատարակություններով: Էդ. Միլիտոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ նախքան այս ժողովածուն, Բելառուսի «Նյոման» ամսագիրը հայ գրականությանը նվիրված մի ամբողջ համար էր հրատարակել: Ապա հավելեց, որ ժողովածուն ներկայացնում է հիմնականում պետական և ՀՀ նախագահի, ինչպես նաև գրական այլ բարձր մրցանակներ ստացած հեղինակների:
ՀԳՄ նախագահը գնահատեց նաև Ա. Նալբանդյանի, Գ. Բարենցի, Գ. Կուբաթյանի և մյուս թարգմանիչների կատարած բարձրորակ թարգմանությունները:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը ողջունելով ժողովածուի լույսընծայումը` նշեց, որ թարգմանական գրականությունը Հայաստանում սկսվել է 5-րդ դարից` հիմք հանդիսանալով մինչ օրս ավանդաբար նշվող Թարգմանչաց տոնին: Նա միաժամանակ գնահատեց թարգմանիչների կատարած աշխատանքը` փաստելով, որ նրանք ռուսերենին տիրապետում են, ինչպես ռուսներն իրենց լեզվին:
Ըստ ՀԳՄ քարտուղար Պ. Դեմիրճյանի` ծավալուն աշխատանք է կատարվում, քանի որ խոսքը գրքերի շարքի մասին է, որոնք առաջիկայում պիտի լույս տեսնեն: Նա «Սիրում եմ քեզ, հայրենիք» ժողովածուն համարեց լավ սկիզբ, որն անպայման պետք է շարունակություն ունենա, քանի որ «մշակույթը, գրականությունը հոգու այն մասն է, որ միշտ միավորում է ժողովուրդներին»:
Բելառուսական և հայկական գրականու­թյունների ընդհանրությունների մասին ելույթ ունեցան, կատարված աշխատանքը գնահատեցին և գրքում ընդգրկված իրենց գործերից կարդացին նաև Ա. Հարությունյանը, Ա. Ավագյանը, Ա. Նալբանդյանը, Գ. Կուբաթյանը, Գ. Բարենցը:
Երկու երկրների բարեկամությանն անդրադարձավ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության խորհրդական Վադիմ Միխայլովը` ժողովածուն համարելով երկու ժողովուրդների մշակութային, պատմական ընդհանրությունների վառ օրինակ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։