ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, երկիրը միանգամից առասպելական կլենտավրոսին հիշեցրեց, մի կեսը Եվրոպա, մյուսը Եվրասիա` իրենց համախոհներով ու ընդդիմադիրներով: Ու թեև կամ-կամ-ի և և-և-ի խնդիրը շրջանառու­թյունից հանվեց, այդուհանդերձ, հարցականները չպակասեցին: Կկարողանա՞ արդյոք Եվրոպական միությունը անվտանգության ոլորտում փոխարինել ռուսական ներկայությանը, եթե, ի տարբերություն ԱՄՆ-ի, ԵՄ-ն չունի «կոշտ ուժի» արդյունավետ գործիքներ, և այդ հարցում փաստացի ամբողջությամբ կախված է ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից: ԵՄ-ն, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը ի՞նչ բացասական ազդեցու­թյուն կունենա երկրի տնտեսական զարգացման վրա: Հնարավո՞ր է ՄՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսով լրացնելու տարբերակը՝ որպես տնտեսական և դիվանագիտական հավելում ռազմաքաղաքական ձևաչափին: Բոլոր դեպքերում դժվար է լիարժեք պատասխաններ փնտրելն ու ենթադրություններ անելը, առավել ևս, երբ առաջարկվող ռուսական նախագծերը (Մաքսային միություն և Եվրասիական միություն) դեռևս ձևավորված չեն ամբողջ ծավալով, իսկ եվրոպականի դեպքում՝ առաջադիմական հռետորաբանությունը երբեմն առաջ է անցնում իրականությունից: Անշուշտ, հարցականների թիվը կպակասեր, եթե ՄՄ-ին միանալու որոշումը կայացվեր հասարակական և քաղաքական քննարկումների արդյունքում, ինչը թույլ կտար առավել ճիշտ գնահատել ռիսկերն ու օգուտները: Հապճեպությունը ենթադրել է տալիս, որ ՄՄ-ում այնքան էլ չեն «գժվում» Հայաստանի համար, որ իրականում Ռուսաստանի հետաքրքրության շառավիղները Հայաստանից դուրս են, և որ Հայաստանի ներգրավումը Մաքսային միության մեջ ընդամենը խայծ է՝ նետված Ուկրաինային, քանի որ Հայաստանն այն ներուժը չունի, որպեսզի միությանը որակական ինչ-որ փոփոխություն հաղորդի: Այլ է Ուկրաինան՝ իր տնտեսական և արդյունաբերական հզոր պոտենցիալով: Թերևս սրանով պիտի պայմանավորել, որ եթե Հայաստանի վրա ռուսական ճնշումը այնքան էլ բացահայտ չէր և հնչում էր որպես զգուշացում, ապա Ուկրաինայի դեպքում այն ավելի սպառնալիքների ու պատժամիջոցների նրբերանգներով է և դրսևորվում է առավել ակտիվ ու առանց դիվանագիտական շպարի: ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Յալթա քաղաքում եվրոպամետ ուկրաինացի միլիարդատեր Վիկտոր Պինչուկի կազմակերպած համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ «համաձայնագրի ստորագրումը Կիևին կարժենա միլիարդավոր դոլարներ, քանի որ Ռուսաստանը, ի պատասխան ստորագրման, մաքսային հարկեր կսահմանի, և այդ ամենի արդյունքը կլինի Ուկրաինայի դեֆոլտը: Անխուսափելի դեֆոլտն Ուկրաինային կարժենա 25-35 մլրդ եվրո, որն ինչ-որ մեկը պետք է վճարի: Եվրոպան արդյո՞ք այդ պատասխանատվությունը կստանձնի»,- ասել է Գլազևը: Այս և համանման հետևանքներից խուսափելու համար Ուկրաինան` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, փորձում է Մաքսային միության՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերու­թյունները զարգացնելու հնարավորություն գտնել, ինչի մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է` ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Bloomberg-ին տված հարցազրուցում: Սակայն Ռուսաստանի կողմից փորձ իսկ չկա մեղմացնելու կոշտ ու ինչ-որ տեղ անհարգալից դիրքորոշումը: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Յանուկովիչը, իրադրությունը մեղմելու նպատակով, նշել է, որ Ուկրաինան կամուրջ է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, և շատ կարևոր է համոզվելը, որ այդ կամուրջն ամուր և վստահելի է: «Երկխոսությունը Ուկրաինայի և Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև առևտրի հարցերով հնարավոր է մոտ ապագայում: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ կլինեն Մաքսային Միու­թյան օգտին»,- շեշտել է նա: Ի պատասխան Ուկրաինայի ցանկությանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասել է, թե «ուկրաինացիները ցանկանում են ձևաչափ գտնել, որը համատեղելի կլիներ: Սակայն մենք փորձում ենք նրանց ցույց տալ, որ դա պարզապես անհնար է»: Թուրքական Star gazete թերթն էլ, անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի լարված փոխհարաբերություններին, մեջբերել է նախագահ Պուտինի խոսքերը. «Եթե Եվրոպայի հետ լինես, մոռացի՛ր ռուսական շուկայի մասին, որի վրա դու տնտեսապես հիմնվում ես, և եթե կարող ես, քո ապրանքները Եվրոպայում վաճառիր»:
Առայժմ` Ուկրաինային Մաքսային միություն ներքաշելու ռուսական հոխորտանքներն ու ջանքերը ոնց որ հաջողություններ չեն արձանա­գրում: Եթե Ուկրաինան ԵՄ-ն հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրի, բացառված չէ, որ դրանից հետո Հայաստանին այդ կառույցի մեջ ներքաշելու Ռուսաստանի հետաքրքրությունը ոչ միայն նվազի, այլև իսպառ վերանա: Չնայած իրատեսական է նաև, որ ի վերջո Ուկրաինան էլ տեղի տա ռուսական սպառնալիքներին ու Հայաստանին հետևի, քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանը մինչև ստորա­գրման արարողությունը չի հրաժարվելու պայքարից: Արդյունքում… բայց սա արդեն ուրիշ թեմա է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։