Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն ավելի հակադիր բևեռներում ընթացող մենամարտ է հիշեցնում, բացարձակորեն չհարաբերվելով կառույցի քաղաքականության տրամաբանությանը: Նախ՝ «Աննախադեպ ճնշումները Ադրբեջանում» թեմայով քննարկում և ապա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևի ընդունում` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնության աճը» վերնագրով: Եթե Ադրբեջանում այլախոհների նկատմամբ հետապնդումների, ճնշումների, սպառնալիքների մասին տեղեկատվությունը հայտնի իրողություն է, ապա Ադրբեջանի և Ղարաբաղի պարագայում երկու իրարամերժ արժեքների համատեղումն առնվազն զավեշտալի է: Եթե առաջինի դեպքում Ալիևի կառավարությունը մոտ 100 քաղբանտարկյալ է պահում, կրկնակի ավելի, քան Բելառուսում և Ռուսաստանում միասին վերցրած, ինչի առիթով արևմտյան և միջազգային երկրների պաշտոնյաներն ու կազմակերպությունները մտահոգիչ քննադատության հայտարարություններով են հանդես եկել, ապա Ղարաբաղի դեպքում հակառակն է, որի համար չճանաչված հանրապետությունը բնորոշվել է որպես տարածաշրջանում ամենաժողովրդավարը: Սակայն ԵԽ-ում ճշմարտության չափորոշիչը ոմանց համար հավանաբար կաշառքն ու նվիրատվություններն են: Նավթի և գազի պաշարները թույլ են տալիս ազերի բռնատիրական իշխանությանը ահռելի գումարներ ծախսել՝ քողարկելու երկրի իրական պատկերը, օգնելու ներքին իրավիճակի առնչությամբ ներողամիտ դիրքորոշում «գնել», Արևմուտքում ազդեցություն և ընկերներ հավաքագրել: Եվ պիտի արձանագրել, որ ադրբեջանական խայծը գնալով շատերի քիմքին է հաճո դառնում: ԵԽԽՎ-ի կողմից Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի և Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը հենց այս գործոնով պիտի պայմանավորել: Պատահական չէ, որ Ադրբեջանի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովան ԵԽ պատգամավորներին է մեղադրում Ադրբեջանում ստեղծված բռնատիրական իրավիճակի համար: «Երբ Մամեդյարովն ու Ալիևը ելույթ էին ունենում ԵԽԽՎ-ում,- նշում է նա,- իբր, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան, հենվում էին հենց ձեր` 2013 թ. քվեարկության վրա, երբ դեմ քվեարկեցիք քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի բանաձևին: Այդ օրը հատուկ էր քվեարկությանը մասնակից պատգամավորների քանակով, չգիտեմ՝ ինչ էր տեղի ունեցել, բայց հույս ունեմ, որ դա կապված չէր փողի ու «խավիարային» դիվանագիտության հետ: Դուք հաշվի չեք առնում, թե ձեր քվեարկությունը ինչպիսի վտանգ է այլ մարդկանց համար: Իլհամ Ալիևն էլ հայտարարում է, թե ԵԽ-ն հաստատեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան»: Իռլանդացի պատգամավոր Մայքլ Մաքնամարան «Աննախադեպ ճնշումներ Ադրբեջանում» նույն քննարկմանը բացահայտորեն հայտարարել է, որ ադրբեջանական լոբբիստներն իրեն առաջարկել են Ադրբեջանի օգտին աշխատելու համար: Պատգամավորը համոզված է, որ ինքը մեկն է բազմաթիվ պատգամավորներից, որոնց արվում է այդ առաջարկը` հավելելով, որ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ կապված է փողի և նավթային գումարների հետ, առաջարկելով բացահայտել կաշառակերներին և այդ մասին տեղեկացնել նրանց ընտրողներին, որպեսզի ընտրողները հասկանան, թե ինչ քվեարկություն են կատարում իրենց ընտրած պատգամավորները ԵԽԽՎ-ում: Սակայն իրադարձությունների ընթացքը փաստում է, որ ԵԽ պատգամավորների մի մասի համար պատասխանատվության, բարոյականության խորհրդանիշերը բացառապես նյութական արժեքներ են: Ղարաբաղյան խնդրին վերաբերող բանաձևի վերնագիրն իսկ կողմնապահության և սուբյեկտիվության հրավառություն է: Զավեշտ է, թե Ղարաբաղում ով ում վրա է բռնանում, մանավանդ «օկուպացված տարածքներում», որոնք բնակեցված չեն: Հակառակ հայկական պատվիրակության հակազդեցությանն ու ջանքերին, ապացուցելու, որ ԵԱՀԿ-ն միակ կառույցն է, որին էլ պատկանում է ԼՂՀ հակամարտության կարգավորման մանդատը, և ԵԽԽՎ-ի առաքելությունը չէ ղարաբաղյան խնդրի քննարկումը, այդուհանդերձ, հայկական առաջարկը` բյուրոյի որոշումը ուղղել մոնիտորինգի կոմիտե, քվեարկության արդյունքում մերժվեց 41 կողմ, 74 դեմ ձայնով: Կրկին պատգամավորներին հետաքրքիր չէր, որ իրենց քվեարկությամբ կարող է լարվածությունն ավելանալ սահմանին, խորանալ ժողովուրդների միջև անվստահությունը, անմեղ զոհերի թիվը՝ բազմապատկվել… Այդօրինակ դավանափոխությունը միանշանակորեն իր գինն ունի: Ղարաբաղը ԵԽ անդամ չէ, իսկ որպես Ադրբեջանի մաս դիտարկելու դեպքում երևի մոռացել են, որ «Աննախադեպ ճնշումները Ադրբեջանում» թեման արդեն քննարկել են: Այս դեպքում նպատակահարմարը գուցե Ղարաբաղի անկախության ճանաչման խնդիրն առաջ բերելն է: Ամեն ինչ հնարավոր է, եթե միայն ազերիների նավթագազային պաշարները սպառվեն:
Կարդալ նաեւ․․․
ՀԱՍԱՆՔ ՍԱՀՄԱՆԻ՞Ն / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կառավարության այս առաջարկը (թե՞ արդեն որոշումը) ինձ սահման է…
Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը… Սպասումներ, ակնկալիքներ…
Արամ ԱՐՍԵՆՅԱՆ Ջոնաթան Դեմիի հանրահայտ ֆիլմի հանգույն խելահեղ ոգևորությամբ ընտրելուց…
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
Գոնե հեքիաթում կարողանում ես թշնամուդ իսկական դեմքը ցույց տալ աշխարհին,…
