«Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում իմ սիրելի Հայաստանի հետ նշանավոր իրադարձություն է: Հայաստանի հետ շփումը ինձ համար ավելին է, քան բարեկամությունը: Դա իմ ուշացած սերն է, սակայն մի տարբերությամբ, այն ծնունդ էր առել դեռ վաղուց՝ իմ ծաղկող երիտասարդության տարիներից: Այդ իսկ պատճառով էլ այն այդքան ուժեղ է՝ ինչպես առաջին սերըե,- այս խոսքերը պատկանում են լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսին, ով ինքնամոռաց սիրել է Հայաստանը՝ այն համարելով իր երկրորդ հոգևոր հայրենիքը, խորին ակնածանքով խոստովանել, որ եթե Հայաստանը ոչինչ անգամ չունենար մեծն Նարեկացուց բացի, այդ էլ բավական էր՝ ընդունելու նրա վիթխարի ավանդը համամարդկային մշակույթի ասպարեզում: Նշանավոր բանաստեղծի համար հայ ժողովուրդը դարձավ հոգեհարազատ իր ավանդույթներով, ազգային յուրահատկություններով. նա ընդհանուր շատ բաներ նկատեց հայ և լիտվացի ժողովուրդների բնավորության, պատմական ճակատագրի, լավատեսության մեջ:
Այդ է պատճառը, որ իր ստեղծագործության մեջ զգալի տեղ հատկացրեց թե՛ Հայաստանին, թե՛ հայոց մեծերին:
Իր գրական ճանապարհին Մեժելայտիսը գրել է տասնյակ հոդվածներ, գրախոսություններ, որոնք ընդգրկվել են վերջերս լույս տեսած «Իմ կրկնակի Արարատըե ժողովածուում (կազմող և առաջաբանի հեղինակ՝ գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյան):
Գիրքը բացահայտում է գրողի գրականագիտական նախասիրությունները, գեղագիտական հայացքներն ու գրական բարձր ճաշակը:
Ժողովածուն բացվում է Վասիլի Բիկովի «Հայ ընթերցողինե ուղերձով, որից հետո «Ոգեղեն համանվագե խորագրի ներքո Ֆ. Բախչինյանը, ով անձամբ ճանաչել է Մեժելայտիսին, պատիվ ունեցել երկար տարիներ վայելելու նրա ջերմ բարեկամությունը, ներկայացրել է Հայաստանը՝ Էդուարդաս Մեժելայտիսի պոեզիայում, միաժամանակ ընդգծել, որ լիտվացի բանաստեղծի կողմից Հայաստանի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը պատահական չէ, լիտվացի գրողների, գրականագետների, պատմաբանների բուռն հետաքրքրությունը դեպի հայ մշակույթը խոր արմատներ ունի, որոնց վերաբերյալ նա որոշակի տեղեկություններ է հաղորդում: Մեժելայտիսը երեք անգամ (1969,1979,1982 թվականներին) տարբեր առիթներով այցելել է Հայաստան և տարիների ընթացքում մտերմացել, ճանաչել ու սիրել մեր երկիրը՝ գրելով այս ինքնաբուխ տողերը. «Հայաստանն ինձ առինքնել է առհավետե:
Այդ սիրուց են ծնվել բանաստեղծական երեք շարքերը, որոնց հանգամանալից քննությանն է անդրադառնում Ֆ. Բախչինյանը՝ թափանցելով բանաստեղծությունների խորքը, վերծանում գրողի ինքնատիպ ընկալումների ու գեղարվեստական խորիմաստ պատկերների աշխարհը:
Խորհրդանշական խորագիրը կրող «Քարե գինիե շարքի (թարգմ.՝ Վ. Դավթյանի) հինգ բաժնից կազմված բանաստեղծական հյուսվածքներից յուրաքանչյուրը, ինչպես նկատում է գրականագետը, յուրահատուկ իմաստային ծանրաբեռնվածություն է կրում, բանաստեղծական տողերից հառնում է Հայաստանի կերպարը այնքան վառ ու շոշափելի, որ օտարազգի գրողի ժողովածուում ամեն մի ընթերցող ոչ միայն կհիանա հայոց աշխարհի գեղեցկությամբ, մշակույթով, այլ նաև կճանաչի պատմության քառուղիներով անցած տաղանդավոր ժողովրդին, որը դիմակայել է ճակատագրի բոլոր փորձություններին և երբեք չի վհատվել, այլ «արարել է իր խորությամբ ու բարդությամբ եզակի մի հրաշալի մշակույթե:
Գրքի բաժիններից է «Սրտի աչքերովե ընդհանուր վերնագրի տակ տեղ գտած հոդվածների, դիմանկարների, էսսեների հավաքածուն, որոնց թարգմանությունը կատարել է Ֆ. Բախչինյանը, բացառությամբ («Ինձ դուր չի գալիս թզենու տերևըե, «Վաղ շրջանի Չարենցըե, թարգմ.՝ Ա. Կրկյաշարյանի, «Հոգու և քարտեզի միջօրեականներե, թարգմ.՝ Ֆ. Մելոյանի, «Սիրով բանաստեղծի հանդեպե, թարգմ.՝ Պ. Դեմիրճյանի):
Լայն ու բազմակողմանի է Մեժելայտիսի հետաքրքրությունների շրջանակը. Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սևակ, Կապուտիկյան, Սահյան, Դավթյան և ուրիշներ:
Իմաստությամբ ու խորին նվիրումով են շարադրվել թե՛ հայոց մեծերին նվիրված դիմանկարների շարքը, թե՛ ակնարկներն ու էսսեները, որոնք հագեցված են նուրբ դիտարկումներով, ինքնատիպ ու թարմ եզրահանգումներով:
Մտերմիկ, անկեղծ հարաբերությունների վկայությունը հաստատող նամակների փունջը՝ ուղղված Ֆ. Բախչինյանին (ռուս թարգմ.՝ Կ. Խոդիկյանի), առաջին հայացքից կարող է անձնական տպավորություն թողնել, բայց ընթերցման ժամանակ բացահայտվում են գրողի ներաշխարհը, մտահղացումները, ծրագրերը, իսկ տողերի արանքում անկարելի է չնկատել բանաստեղծի անսահման սերը, նվիրվածությունը Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ:
Գրքի էջերը հարստացնում է լուսանկարների բաժինը՝ ստեղծելով Մեժելայտիսի գրական, բարեկամական հանդիպումների հիշարժան ակնթարթները:
Ժողովածուն ավարտվում է «Իմ կրկնակի Արարատըե եզրափակիչ խոսքով (թարգմ.՝ Ա. Կրկյաշարյանի), որը կյանքի փորձով հարստացած, Հայաստանը խորապես ճանաչելու իրավունքը վաստակած բանաստեղծի սիրո խոստովանանքն է հայ ընթերցողին:
Գիրքն ունի ճանաչողական նշանակություն՝ պայմանավորված տարաբնույթ հոդվածների թեմատիկ բազմազանությամբ, արդիականությամբ և հնարավորություն կտա նոր կողմերով ճանաչելու հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ Էդուարդաս Մեժելայտիսին: