Ճանապարհորդություն
Երբեմն պահեր են լինում կյանքումս, որ երբեք մոռանալ չի լինի: Թվում է, թե երեկ էր, խաղում էի բակում երկմտած:
Մի օր ընկերս ասաց.
– Արի նավակ սարքենք ու գետով գնանք մի այլ, գեղեցիկ տեղ:
Հաճախ եմ այդ վայրը մտքումս պատկերացնում:
Կամրջի վրա քայլելիս շուրջս հանկարծ ճերմակեց, ձյուն էր գալիս, գետն էր ձորում աղմկում: Ավտոմեքենաների տխուր երթն էր բնության ելևէջներին արձագանքում: Մթնում էր: Կամրջի լապտերները կույր հայացքով վառվեցին:
Հանկարծ հիշեցի ֆուտբոլn ու երկրպագողների անզուսպ երջանկությունը աշխարհի ամենալավ ֆուտբոլիստի հերթական գոլից հետո: Այդ վիճակը համակեց ինձ: Հաղթողի բերկրանքը զգացի: Այդ դեպքից հետո չեմ հիշում` քանի տարի էր անցել:
Աշուն էր, անձրև, մառախուղ: Քայլում էի փողոցով ու զարմանքից քարանում:
Մի տեղ հռոմեական ոգու կառույց եմ տեսնում, մի տեղ` գերմանական ոճի շինություն, մի այլ տեղ` չինական կենցաղի նմուշներ: Մտովի ընկնում եմ Փարիզ: Մեջս անսովոր ուժ եմ զգում: Քայլում եմ ու կարծում, որ երկրագնդի վրա մի հսկա եմ ու շուրջերկրյա ճանապարհորդություն կարող եմ կատարել՝ ոտքով ու մենակ:
Հետո եկավ գարունն ու բոլոր կողմերից ծաղկեց: Իմ թաղամասը, ուր վերջերս եմ բնակվել, թվաց մի այլ երկրամաս: Անծանոթ:
Մտքերով ընկա, մի եկեղեցու շինարարությունը պատկերացրի և մի մեքենա իմ կողքը կանգնեց:
Գույնը սպիտակ էր, կարմիր խաչը վրան:
Կաղ ազատություն
Երեխա տղա էի: Պատահում էր և այնպես, որ երևակայությունս թռչում էր մի այլ տարածք, այնժամ մտնում էի աթոռների տակ, որոնք շարված էին լինում բազմոցի վրա:
Չգիտեմ ինչու, մի օր տեղափոխվել էի ճաշասենյակում քնելու: Հայրս ցուցադրաբար զայրացել էր: Ես համառում էի: Մի օր էլ հորս ծխախոտից վերցրի, իսկ մի անգամ էլ կրպակից պաղպաղակ թռցրի: Վաճառողը նկատեց: Լուրը հասավ ծնողներիս: Դպրոցական էի, մանկապարտեզս էի կարոտում, ուսանող՝ դպրոցը: Հետո մեծ նկարիչների աչքերով էի ուզում շրջապատը, աշխարհը ընկալել:
Հիմա արևը դեռ չծագած, մի անսովոր ուժ հրում է դուրս՝ ևս մի անգամ ծանոթ ու անծանոթ փողոցներում շրջելու, իրականը և երևակայությունը իրար միահյուսելու ու տարբերելու:
Արևն ու քամին են հաճախ իմ շրջագայությունների ուղեկիցը: Երկինքը, ծառերը, տները՝ գույների մի այնպիսի ներդաշնակություն են ստեղծում, որ երկար չեմ կարողանում դիտել, ինչպես սարսափելի գեղեցիկ կնոջ դեմքին: Իսկ ավտոմեքենաները սառնասիրտ էակներ են ու կարծես թքած ունեն երկնքի վրա:
Կամ գուցե նրանք շատ ավելի խելամիտ են և հավասարակշռված:
Իմ աչքերը ինձ ընկեր՝ անվերջ քայլում եմ ու մտքերիս մեջ կորում:
Մի ծերուկ գետնանցումում լիմոն է ծախում, բայց կարծես թե ուրախ է, որ բազմության մեջ է գտնվում:
Գնում եմ շուկա ու առևտուր չեմ անում կամ նստում տրանսպորտ ու ոչ մի տեղ չեմ հասնում:
Թերևս կյանքի այս խճանկարում իմ տեղը արևի տակ գտնվելու հույսերս ապարդյուն են անցնում:
Անքուն գիշերներ
Հորդառատ ամառային անձրևը կտրվեց, կեսգիշեր է: Հիմա այլ կերպ եմ ընկալում այն պահը, երբ հայրիկի հետ հայտնվել էինք խուլ մի կիսակայարանում, իջել գնացքից գետնին քայլելու հաճելի զգացումը վայելելու համար:
Գնացքը փորձառու արծվի նման թռչում էր, մեզ տանում ծովափ՝ կտրելով ժամանակը և տարածությունը միաժամանակ:
Ես ու հայրս երկու անբաժան ընկերներ էինք:
Այդ օրն էլ դաջվեց հիշողությանս մեջ, ինչպես այն գիշերը, որ անքուն մնացի, քանի որ առավոտյան պետք է մայրիկիս հետ նստեինք ուղղաթիռ և վերադառնայինք:
Տարօրինակ կերպով ուղղաթիռը նման էր մեծ բզեզի, որը բարձրացավ վեր և ընթացավ իրեն հայտնի երկնային ճանապարհով:
Պահ էր լինում, որ թվում էր, թե ձկնորս եմ և ակամա հայտնվել եմ ծովի ափին կյանքի, սակայն հիմա կանգնած մայթին, թվում է՝ հայտնվել եմ ծովի խորքում: Շուրջս լողում են փայլուն ձկներ ու երազներիս ստվերները աչքիս առաջ անցնում են ու թափառում. նավեր-ուրվականներ:
Անդեմ իմ նոր բնակավայրը հիշեցնում է ծովն անսահման, որտեղ չկա և գեթ մի հին ծանոթ:
Շենքերն այստեղ ձանձրալի են ու ժանգոտված, ավտոմեքենաների բազմազանություն է, թռչունների առատություն ու սովահար շների ու կատուների առկայություն:
Գուցե թաքուն ձգտում էի մի այսպիսի վայրում ապրել ու տրվել գիշերային արկածներին, անքուն մնալ ու վայելել առասպելական վայրի լռությունը:
Երազ է լուսաբացը, երեկոն՝ խառնաշփոթ հեքիաթ, կեսօրին, երբ ստվերները չքանում են, արևը գաղտնիքներ է սփռում շուրջ բոլորը և հիշեցնում, որ կյանքիս կեսը կույր եմ ապրել:
Անշուշտ, աշխարհում կան մեծ քաղաքներ և արկածներ, սակայն նրանց արձագանքը ես գտնում եմ այստեղ ու գիշերներն արդեն փորձում եմ, որ լավ քնեմ:
Ոսկե քաղաքի մի զարկերակը
Ամեն անգամ կենտրոնական այս փողոցը հատելիս քիչ է մնում մեքենայի տակ ինձ գցեմ, և այդ մաղձը չի անցնում, երբ գետնանցումից եմ օգտվում:
Փորձում եմ մի բան հասկանալ: Քաղաքում ծիրանենին առաջինն է ծաղկում:
Զատկի տոնն է մոտենում: Սովորությանս համաձայն փողոցում եմ շրջում և ի՞նչ եմ փնտրում:
Կրկին սև ագռավ տեսա ու կարծես թե գանձ գտա:
– Սև ագռավների քաղաքը,- ուզում էի բղավել, բայց թուքս կուլ տվեցի:
Հիշում եմ, դպրոցական էի, տրոլեյբուսն ասես նավարկում էր գետում՝ հույս ունենալով, որ շուտով կհասնի ծովին մեծ:
Նավակների պես լիքը սև հին շենքեր կային և իմ երազներն էլ նրանց պես էին:
Հաճախ նստում էի այդ շենքերի բազրիքին ու քաղաքի կենցաղին հետևում: Իսկ հիմա ասես ագռավների աչքերով էի տեսնում-նայում ոսկեզօծ քաղաքի կյանքը:
Ծառերը նմանվել են որբուկների տխուր ու կառչել են երկնքի բազմագույն փեշից:
Չգիտեմ, գուցե ագռավների կռռոցը վատ բանի է նախապատրաստում:
Ազատության հրապարակը այլակերպվել է:
Հանկարծ հայրական տան ջերմությունը զգացի:
Պապիս ու տատիս փորձեցի պատկերացնել: Ոսկեթև մանկությունս վերապրեցի:
Հայրս «ոսկի հարևան» էր ասում մեր հարևանուհիներից մեկին:
Մեր դեղին պատշգամբում էինք թաքցնում գաղթական պապիս թուրքական ոսկե դրամները:
Որ կողմը նայում եմ, ոսկի է շաղ տված, ոսկե շենքեր են, ոսկե դեմքեր, ոսկե գարուն է:
Մի սև հրեշտակ աչքիս երևաց, որը ոսկե ձեռքեր ուներ:
Ասում են՝ ոսկի տղա է կամ էլ ոսկի է: Ճաշ է:
Ջուրը ոսկի է:
Նման տեսիլներով տարված՝ հանկարծ մեքենաները հիշեցրին ինձ զատկի ներկած ձվերն ու նրանց բոլոր գույները:
Այդ օրերին քաղաքում հայտարարվել էր անվտանգ երթևեկության միջոցառում, որը, կարծում եմ, պատահականություն չէր բնավ:
Կախարդական թռչունը
Հսկա լեռան ստորոտում մի վանք է լինում սրբատաշ քարից կառուցած, որի շուրջը խմբվում են ահել ու ջահել և իրենց երազները պատմում առ Աստված:
Ուղիղ մեկ շաբաթ գյուղում հրաշք է լինում. կատարվում է բոլորի ցանկությունը:
Ամռանը սարերը ոսկի են հագնում: Քամին երգում է, ծառերը՝ պարում, կենդանիները լեզու են առնում, երկնքից ադամանդե անձրև է թափվում:
Գյուղացիները տեսնում են, թե ինչպես վանքի կատարին ոսկե մի թռչուն է նստում, որն իր փետուրները քամուն է տալիս:
Լուրը հասնում է հեռավոր քաղաք:
Օրերից մի օր ջահել մի տղա թողնում է այդ գյուղը և գնում իր բախտը փնտրելու:
Երկար է գնում թե կարճ, հասնում է մի այլ թագավորություն, օտար մի քաղաք, որտեղ ապրում են կիսաֆանտաստիկ մարդ-արարածներ:
Ոչխարի մորթով գայլեր ու աղվես, գետաձի, գոմեշ, ընձուղտ ու շնաձկներ: Ավտոմեքենաներ՝ տարբեր տեսակի, որ նման են լինում կարծես այլմոլորակային կենդանիների:
Բացի շներից ու կատուներից, այդ քաղաքում այծերն ու ագռավներն էլ են աղբանոցներում կեր փնտրում: Կռապաշտների հոծ մի բազմություն, որոնց կեցության արքան դրամն է լինում: Պաշտոնյաների հզոր մի բանակ, ովքեր չեն զիջում իրար և ոչ մի հարցում:
Տեսնում է մուրացիկ-երաժիշտների և հարբեցող նկարիչների: Եկեղեցիներ արծաթե խաչով, որի շուրջը հավաքվում են բոմժեր ու գողեր և մանր-մունր առևտրականներ:
Անվստահության մթնոլորտ է տիրում ամենուր:
Տղան այդպես էլ գլխի չի ընկնում, թե ինչն էր իրեն ստիպում լքել ծննդավայրը:
Բոլորն են ուզում կարծես երկնքից մի փետուր որսալ, բայց փոխարենը գտնում են անտակ դրամապանակներ:
Երկնքից երեք փետուր է ընկնում, մեկը՝ բնական, մյուսն՝ արհեստական, երրորդը՝ կախարդական:
Թե ջահել տղան խոր ծերությունում որ մեկն է ընտրում՝ գաղտնիք է մնում: