Մանկության վարդագույն քամիների հետ այլևս միայն վերհուշների մեջ տուրևառություն ունեցող բանաստեղծական այս հոգին կյանքի արևային կողմերին ձգտող հայացքն այս ու այն կողմ տանելուց հետո էլ դեռևս փնտրում է մանկության «կորուսյալ երկինքն» ու իր «եթերային շապիկը»` նրա մեջ: Ճանաչումի լուսախառն դառնություններն իր շրթունքներին` նա փնտրում է արևի համը, նույն այդ արևային զգացումներով կյանքի հետ «սոսնձվելու», շփումներ հատատելու գոյության կերպը, որովհետև միայն նրա միջով է հնարավոր բռնել անմահության ճանապարհը:
Տեր, զուգիր ինձ//Մանկության//Քամիներով վարդագույն//Ու արևով հերարձակ//Իմ կորուսյալ երկնքի,//Իսկ նրան դու հագցրու//Շապիկը նույն եթերի,//Որ ծոցիկում սրտիկը//Սիրուց չմարի: //Եվ մրգով արևահամ,//Տեր, շուրթ-շրթի սոսնձիր,//Դող ու շրթունք սոսնձիր,//Որ… անմահանամ: («Աղերս վերհուշի»)
Սիրո շարունակական ընթացքն է բանաստեղծին զբաղեցնողը: Ճշմարիտ գրողի ու գրականության հարգն իմացողի համար մի հայտնի ճշմարտություն կա այն մասին, որ չի կարելի թույլ տալ անթույլատրելին. չի կարելի թույլ տալ, որ Սերը մեռնի:
Շանթ Մկրտչյանի դեպքում ևս, ճշմարիտ գրողին զբաղեցնողը սիրո անընդմեջ շարունակականությունը պահպանելու հարցն է: Նա համոզված է, որ սերը ոչ թե ոտքերի առաջ, այլ` վերևում է, իսկ նրա պահպանության ընթացքում մոլորվելը բացառվում է` ճշմարիտ բանաստեղծների համար.
Սահմանը վերջին – Սեր,//Սահմանը վերին – Սեր,//Եվ ուր մոլորվեմ հիմա,//Երբ օրը եկեղեցի է դարձել,//Ձյունը` հարսնացուի ստվեր: («Երգ երգոց»)
Ճշմարիտ բանաստեղծների դեպքում խոսքը ոչ թե մոլորվելու, այլ կյանքի ոլոր-մոլոր ոլորանների մասին է, երբ մեկ էլ հանկարծ, կամ` ոչ միայն հանկարծ, տեսնում ես` խոփը դեմ է առել քարին, երբեմն էլ` ապառաժ քարի: Կյանքի ցելերն ու մացառը դասդասող խոփի վրա ահա կաթում է բանաստեղծի ազնիվ քրտինքը, որովհետև տքնաջան է դառնում ոչ միայն սիրո ետևից գնալու նրա աշխատանքը, այլև սերն ինքն է պաշտպանողի ձեռք խնդրում: Պատրա՞ստ է բանաստեղծն ստանձնել Սիրո պաշտպանի դերը, երբ`
Ավա՜ղ, աստղերը//Էլ չեն ցատկելու//Խաղաղ ծովի մեջ//Իրենց հեռավոր//Աշտարակներից://Ծովը կարծր է, ալիքը` սապատ, //Թանձր է աստղերի խանդը միգապատ: («Ավա՜ղ, աստղերը»)
Մանկության վարդագույն քամիներով պարուրված մնալու համար Տիրոջն ուղղված խնդրանքը մնում է օդում կախված հարցականի պես, ապա իջնում սպիտակ թղթին` որպես ամպաքուլա երազանքներից պոկված ծվեն`
Եվ մի՞թե հիմա//Ճապաղած մի ձեռք//Կարող է դիպչել… («Նույն տեղում»)
Օր օրի միջով, սակայն, ճապաղած ձեռքը բազմապատկվում է, մի ձեռքի տեղ` ձեռքեր, ձեռքերի տեղ` անտառ… վտանգվում է վերին սահման տանող ճամփան, որից անդին Սերն է: Բայց որքան մեծ է վտանգը, այնքան հզոր, հագեցած ու սրտանց է Սիրո պաhպանությունը` բանաստեղծի կողմից: Դեպի վեր անցման ճանապարհի ողջ ընթացքում բանաստեղծը զինվում է լավագույնով` սկսած աշխարհարար իրողություններից ժառանգված զորություններով, մինչև ծաղկաթերթը կապույտ մանուշակի: Քայլում է բանաստեղծը` դարը դարի փոխող ճամփամիջով, առօրեական մշուշներից վեր պահելով Ճանաչման գիրքը:
Ճանաչման գիրքն սկսվում է դրախտի պարտեզի աստվածային պատմությունով, ուր բնության երանությունը վաղուց է փոխվել խնձոր կոչվող ապարանքով: Բանաստեղծը գլուխ է խոնարհում մանկության վարդագույն քամիների առաջ, որովհետև ամբողջովին արդեն կարդացել էր կյանքի ճանաչման գիրքը, որը խնձորի մեջ ապրող ու մեռնող աղջկա մասին էր: Պատմությունն այդ «կծու է, դառն ու լեղի»:
Խնձորի մեջ ապրող աղջիկ,//Քեզ քամում է մի ձեռք դեղին,//Ախ, կաթում ես նրա լեզվին`//Կծու, դառն ու լեղի://Խնձորի մեջ մեռնող աղջիկ,//Արցունքներդ հիմա//Թափառում են այգիներում//Ու մատներիս վրա: («Խնձորի մեջ ապրող աղջիկ»)
Երբ այգիներում լալիս են խնձորների մեջ ապրող աղջիկները, երբ ափսոսանքն է խառնվում մեղքի գիտակցությանը, ծայր է առնում «Ռեքվիեմը», որպես հանդիսավոր հանգստություն, որպես հարազատի ձեռքով ճակատից քրտինքը սրբելու արարողություն:
Ռեքվիեմն սկիզբ է առնում որպես երկու տարեթվերի արանքում տեղավորվել փորձող մի բարակ գծիկ, որպես «կերպարանք` գզգզված մութի», որպես հրավեր` «ֆոսֆորափայլ բազուկների մեջ փայփայվելու»: Տարեթվերի արանքում տեղավորվել փորձող բարակ գծիկը, սակայն, բանաստեղծի համար չի կարող դառնալ խեղդող պարան, և ոչ էլ գուժկան տեսիլները կխեղդեն նրան, որովհետև ինչպես հաստատում է ինքը ազդու ձևով`
Ցաված աչքերով ապավինում եմ//Գիշերվա միջով//Մութը հալածող հանդիսաքայլին… («Ռեքվիեմ»)
Ահա «գիշերվա կամարատակով» ու հանդիսաքայլ գալիս է մեկը, ով «մութը քամել է կենաց գավաթում»:
Նա իմ աչքերի սիրուց է սերվել//Ու ոսկե թելով իր պայծառ սրտի//Ընդելուզել է սերը` Անհայտին…//Ես գիտեմ նրան-//Աստղն է նա իմ,//Քույրը սիրասուն,//Եվ օդը, որն ինձ գգվում է, ասես//Շունն իր տիրոջը:
Որքան էլ վարդագույն զգացումները հմայում են քամիներին ու որքան էլ նրանք հեռանում են նույն քամիների հետ, նրանք հոգեպարար վերհուշներ են թողնում իրենց ետևից, ճանապարհի վրա:
Ռեքվիեմի հանդիսավոր ու վեհաշունչ հնչյունների տակ ձևավորվող տողերի արանքում բանաստեղծի ձայնը հույսի կանաչ գույն ունի: Ճիշտ այնպես, ինչպես Ուիթմենի լայնամասշտաբ աշխարհընկալումն իր հիմքում կանաչ գույն ունի: Այդ մասին նա ինքն է խոստովանել իր «Խոտի տերևներ» ժողովածուի խորագրի մասին հետևյալ մեկնաբանությունն անելով. «Դա հույսի գույն ունեցող կանաչ կտորից գործված իմ զգացմունքների դրոշն է»:
Այո, դեպի վեր անցման ճանապարհին որքան էլ տրվես վերացումներին, Շանթ Մկրտչյան բանաստեղծի համար մի կարգախոս կա.
Ինչ էլ որ լինես,//Միայն դռներդ քո վրա փակիր,//Որ գիծը, գի՜ծը տարեթվերի//Տարածվի իբրև անհուն շառավիղ,//Մինչև թրթռա – հավիտենությամբ:
Հավիտենություն տանող ճանապարհի գաղտնիքներին հաղորդ է Շանթ Մկրտչյանը: Այն կայանում է հետևյալում`դառն ու լեղի ապրումների մեջ կանգուն մնալու գաղտնիքը լուսեղեն վարդ ունենալու մեջ է: Որքան վտանգներ ու փորձություններ անցան, «շաքար-շուրթեր դիպան», ու դանակներ հանդիպեցին, սակայն`
Վարդ, քնքույշս, ինձից խռով դու մի՛ մնա.- խնդրում է բանաստեղծը:
«Դարը դարին ոտնահարեց», «ոտատակիդ հողն ավլեցին», բայց և «վարդի» գինն իմացող բանաստեղծը նրա համար վերին անցումներում` ճիշտ հավիտենության դռների մոտ է փորձում տեղ ապահովել:
Ես քեզ համար կյանք եմ գտել`//Աներևույթ օդի պարտեզ,//Որն հոսում է բիլ երկնքով://Ապրիր ազատ, թռչունի պես,// Նամակներ տար քո կնիքով://Եվ ինձանից, վարդ, քնքույշս,//Երբեք խռով դու մի՛ գնա…
Ավելորդ է խոսել առանց փշի պատճառած ցավի ապրելու մասին: Ոչ թե հարմարվողականության մասին է խոսքը, այլ` իմացության և ճանաչողության: Նույն իմացությունն ու ճանաչողությունը մի կողմից փուշ է, մյուս կողմից` վարդեղեն հաճույք: Ուստի բանաստեղծի խնդրանքը չափված ու ձևված որոշում է դառնում.
Փշերդ թող, որ ես ապրեմ,//Մոխրից, հրից ու դարերից դու վե՜ր մնա: («Վարդ»)
Պարադոքսներով լի կյանքի աչքերին նայող բանաստեղծը վերանցումը հատելուց առաջ ծանր ու թեթև է անում, թե ինչն է մնայուն և ինչն է անցողիկ, քաջ գիտակցելով, որ մի բան, սակայն, ի վերուստ է սահմանված` մարդու կյանքն անցողիկ է, լույսը` մնայուն:
Ինչու է մարդը հայտնվել անցողիկության ոլորտներում: Դառը ճշմարտությունները տակն ու վրա անելուց հետո բանաստեղծը հայտնաբերում է.
Իմացության//ծառի//պտուղն//ըմբոշխնելուց//հետո…//մարդը//կրծեց բունն// ու// արմատը ծառի: («Համլետ»)
Ուրեմն, անցողի՞կ լինել, թե՞ անանց, որոշված է վաղուց, սկսած այն օրից, երբ աղջիկը խնձորե ապարանքը մտավ, և տղամարդն սկսեց ծառերը կեղևահանել:
Բանաստեղծի համար չկա անցյալ կամ ներկա, այսօր կամ երեկ, չկան հին նվաճողներ, կամ` ներկա իշխողներ: Անցյալ դարն այսօրվա մեջ է, այս դարն` անցյալում… Ամեն ինչ այնտեղ է, որտեղ հենց ինքն է: Իսկ ինքն այնտեղ է, որտեղ կրակն է բոցկլտում Մովսեսի թփից, որտեղ հրեշտակապետ Գաբրիելն է, որտեղ իր ընկեր Վահանն է, Արիստոտելը, Մակեդոնացին, Թումանյանը, Իսահակյանը, Չարենցն ու Տերյանը, Վան Գոգը, Լյուդվիգ Դուրյանը, Արմենը Մարտիրոսյան… Ավելորդ է խոսել հնդիկի, չինի ու Բասյոյի մասին ճապոնացի:
Անցյալը բախում է հանց ներկան,//Ներկան սուզվում է,//Ինչպես ծովի մեջ ձկնորսական ուռկան:-//Ես կա՞մ, թե՞ չկամ… ես կա՞մ, թե՞ չկամ… («Այն բոցը, որն ինձ այրում է»)
Կրակը բոցկլտում է «Դարձի փուլերի» մեջ, բոցը ելնում է Մովսեսի թփից, և բանաստեղծը գնում է թփից ելնող ձայնի ետևից: Ահա, երբ մտնում է ֆանտասմագորիաների օվկիանը` ձայնը հաստատում է.
Չափը ժամանակի` շնչակտուր երամ, անշնչավոր վտառ,//Բայց դու` ծարավ ես դեռ,//Ուրեմն` կաս, եռք ես, թեկուզ հևասպառ//Եվ հավերժի բուռը//Բացես պիտի բառ-բառ:
Այսպես է աշխատում Հավերժի հետ Շանթ Մկրտչյանը:
«Եղերերգն», ասես, երեք գործողությամբ թատերական ներկայացում է, որտեղ գործող անձերի թվում երկինքն ու երկիրն են և բանաստեղծը` դեպի վեր անցման` վերանցման ճանապարհին: Առաջին գործողության մեջ երկինքն է` ուր քամիները ոչ միայն սրտացավ վկաներն են անցումը հատող բանաստեղծների աստղային լինելու մասին, այլև դասական մահվանն ուղեկցող լաց ու ողբերի ուրույն դերակատար: Թեպետ վաղաժամ, դաժան ու ողբերգական է հեռացումը բանաստեղծների, բայց և լուսավոր է նրանց հանգստարանը, որ «արծիվներն են կեռ կտուցով փորում»:
Հաջորդ արարում`//…Մարդիկ հեռու են, մարդիկ մտազբաղ,//Մարդիկ իրար կից մահվան թափորում:
Ահա հավերժության ճամփան, ահա հեռացող բանաստեղծները` աստղաբույլերով.
Սգո երկիր է, պսակներ դրեք//Մոլորակների ոգուց անարատ:
Կյանքի ու մահվան, ապրումի ու հեռացումի թեմաները Շանթ Մկրտչյանին զբաղեցնող հիմնական թեմաներից են: Նա հենց բանաստեղծավայել է նայում հեռացման իրողությանը, որը նրա համար վերացում, դեպի վեր անցում է, ոչ թե անգո վիճակ` չգոյություն: Վերացած վերացումն է նրան զբաղեցնում, և ոչ` աշխարհը ետևից տանել փորձելով, աշխարհի ետևից ընկնելով սպառվելը: Վերացած վերացումն է հասցնում «հյուղերին լույսի», որոնք գտնվում են «այգիների մեջ կարմիր, կանաչ…»:
Ուր էր քո տարածումն անսկիզբ// Հասներ խրճիթների ֆոնին`//Երկնքին, Աստուծո երկնքին: («Վերացո՜ւմ-վերացա՜ծ-վերանցո՜ւմ…»)
Քրիստոսասեր հավատքի այբուբենին քաջ ծանոթ բանաստեղծը խրճիթների ֆոնին է տեսնում Աստուծո երկինքը, որովհետև հաղորդ է նույն այբուբենով կշռադատված Աստծո «Երանիներին»: Այն մեկն է այստեղ`ուր ասվում է` «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Աստծո երկինքը հաստատուն է «խրճիթների ֆոնին», իսկ «խրճիթներին» արժանանում են «վերացա՜ծ» վերացողները:
Վերացումը խելագարության աստիճան է` ոչ ուղիղ իմաստով, այլ` հոգով աղքատն է վերացածը, ոչ թե աշխարհիկ բարիքներն իր հոգում ամբարածը: Նրան չի սպառնա վտանգը, երբ կանգնի վեր անցման սահմանագծին.
Ու թե ես ընթանամ խելագար//Ու հասնեմ պռնկին քո կիրճի,//Միևնույնն է, ցած չեմ վիժի`//Կփարվեմ թևերին իմ խաչի…
Այդպես, տիեզերական անձավներից մինչև ծառի փոքրիկ տերև, հուզում է բանաստեղծին որպես մակընթացության ու տեղատվության ալիքներն ընկած նավի ղեկավար: Դժվար է` չի բողոքում, անտանելի է` չի հայհոյում, օգնության կարիք կա` չի հեռանում, թե ասելիք ունի` չի նայում ճամփի հեռավորությանը, Մուշից դուրս է գալիս կարոտով, սիրում` Երևանը: Սիրում է մաքուրն ու անապականը, որովհետև անապակ անդորրի մեջ է հայտնվում Աստծո լույսը.
Ջո՜ւրն է խշշում անապական,//Իմ արյունն է անմակընթաց,//Եվ հոգուս մեջ, ասես նոր է//Օրվա լույսը վառե՜լ Աստված: («Օ՜, քամու հետ համբուրվող ծառ»)
Բանաստեղծի կյանքը նամակ է` ուղղված աշխարհին, և, թեպետ «ծրարում մրսում, սառույցներով է խորքը զմռսում», բայց հույսի դրոշակը նա ցած չի դնում: Օվկիանոսի մեջ բացվող եթերի ակնկալիքը մեծ է, նա գիտի, որ գարունը կգա անսպասելի.
Անսպասելի՜ գարունը կգա,//և իմ նամակը տեղ կհասնի, տեղ,//գետը կհոսի//սառնամանիքի խուփը փշրելով//քարերի վրա//ու գետը կանցնի//հալված սառույցի գույժը տանելով//ստորերկրյա սուրհանդակներին… («Սպասում» )
Շանթ Մկրտչյանի նամակն արդեն տեղ է հասել: Բացում ես և հավատում, որ իր բանաստեղծական առաքելությանն անհողդողդ տեր կանգնած այս հայորդին ճիշտ է վկայում` գարունը կգա անսպասելի…
* * *
Սեփական անձի ու ոգու շարունակության փնտրտուքների ճանապարհին բանաստեղծի անհանգիստ հոգին՝ ծույլ հայացքի դիմակն առած նայում է ետ՝ «ճամփաներին լույսուխավար», համոզված լինելով, որ միանալու է նոր մի մասնիկի: «Մեկ է, հոգիս պիտի չվի դեպի մարմինն իմ մանկական», – համոզված է բանաստեղծը, սակայն, դեռևս հարցեր կան, որոնք սպասում են իրենց պատասխաններին: Ո՞վ է ինքը, ո՞վ կլինի «իր»հաջորդը, մա՞ս են, ամբո՞ղջ… որոնումներ…
Հակվում է իմ հայացքը ծույլ//Գագաթներից՝ անդունդներին, // Անդունդներից՝ հովիտներին, // Հովիտներից՝ գագաթնե- րին,//Գագաթներից՝ երկինքներին… («Վերամարմնավորում»)
Ի վերջո, ցնորքներից ազատված, մանկան ձեռքով երկինք սլացած օդապարուկի պես թեթև, բանաստեղծի դեգերումներն ազատություն են գտնում մայրամուտի երկնքում՝ մարդ-թռչնի տեսքով: Սա մի բերկրանք է, զուգահեռ միայն՝ մոր կրծքի տակ լսվող շնչառությանն ու թրթիռին: Դեպի լույսն ուղղված հոգին ազատվել է ուզում վիշտ-կապանքներից, նվվացող ձագից ու ձգտում հեռու՜ն…
…Տողեր են, – ինչ-որ հիշում եմ, -//աչքեր ու շուրթեր՝ տարրալուծվող տարտամ//և վիշտը մարդուս՝ կպած իմ կրծքին՝//փայփայված արևագունդն այդ – քոթոթը://Պարզի՜ր ձեռնափերդ քո հեռուներից//և հացն հանապազօր իմ ափերից առ -//աշունքվա նվվացող իմ ձագին,//թող թրթռա՜մ ցանցի մեջ վառ,//ծփամ խուռներամ… («Արտացոլանքը հեռու, բազմադեմ»)
Կատարյալ ու հավերժական կյանքի գաղտնիքը բանաստեղծը գտնում է հին գրքերի անհուններում: Խինդ ու կարեկցանքի, խանդ ու հանցանքի ձուլածո են դրանք, իրեր են, որոնց անհատակ խորքերից ձեռքով են անում թե՛ ողջ, թե՛ մեռած:
…ու թվում է քաոս//արարչանքը Աստծո,//և մենք՝ մարդու թռչուն,//տոհմածառից պոկված տերևները որպես//շփշփում ենք դեմքին//այդ սի՜ն//բազմախորհո՜ւրդ,//անզգա՜ քաոսի: («Հին գրքեր»)
Մարդն ու թռչունը որպես անքակտելի համաձուլվածք են հանդես գալիս բանաստեղծի աշխարհում: Թռչունների երամները դրախտ տանող երկնային գետեր են, որոնք գաղթում են «շուքերի աշխարհ»… Երամի չուն ու ետդարձը կյանքի ու մահվան ուղի-հետագիծն է, ոգու շարունակականության վկան:
Հոսող ստվերի մեջ//կանգ էինք առել,//ասես ջրի վրա երկու պայծառատես//և ուղեկցում էինք թևավորաց գաղթը://Եկող գարունքին խենթը լավացավ,//իսկ ընկերոջս քաղցկեղը բռնեց, -//նա նմանվել էր լորի լերկ ձագի://Ու հեռացավ շուտով շուքերի աշխարհ,//որպեսզի ե՜տ բերի գաղթած թռչուններին: («Թռչունների ետևից»)
«Հայրս երազ է տեսել,//թե ես երազ եմ տեսել…» («Ի հիշատակ»)
Ու տեսավ…
Կյանքի ճամփաներում մոլորված բանաստեղծի ձեռքն ահա մեդիումն է բռնում, ուղեկցում… դրախտ՝ մի ակնթարթով: Մի ակնթարթ՝ ձուլված տիեզերական ու մարդկային ժամանակների խաչմերուկին… ահա թե ինչն է ի զորու մարդկային մեղքի նվագարան-մարմնից դուրս հանել ոգին, կանգնեցնել նրան աստվածային անպարագիծ տեսողության և մարդկային մի դրվագի առջև, բացել եդեմական պարտեզի դռները ու, թեկուզ երազ, ուղեկցել նրան դրախտի յոթը հարկերում…
…Յոթ հարկ, յոթ երկինք խշխշում էին շնչով միածին,//Եվ օդն էր բուրում յոթ երկինքների մրգերով մեկեն:
Բանաստեղծն իր երախտապարտությունն է հայտնում բարձրյալին՝ «հեռարձակված» երազի համար…
Տե՜ր, պարտատու եմ, -//Այդ այգին քեզնով դու պարուրեցիր,//Եվ աճեց ինձնից՝ մարմինս գարունից՝//Մի հարկ ներքևում՝ նվագարանից…
Բույրն է շնչում, ձայնն է լսվում, գույնն է ապրում Շանթի տողերում: Եղանակն, օրը, ամիսը, րոպեն համ ու հոտ ունեն, նաև՝ ջերմություն: Խորն է Շանթի բանաստեղծական աշխարհը, լի քաոսային վայրիվերումներով ու դրախտային պարզությամբ: Տողատակը՝ պռնկեպռունկ է ասելիքներից, զգացմունքներից, ցասումից, հույսից, սիրուց, պահանջից, զղջումից, աղերսից, ուժից ու կամքից… ու այն բախշվում է, բախշվում ամենքին…
Ում նայում եմ, ժպտում է ժիր՝ ոտը դրած դարդի զեհին//Ասես հա՛վք եմ մի հազարան, ասես թռի՜չք եմ բազեի,-//Ով գիշերներ կտրեց-անցավ հանուն շնչի, հանո՜ւն արյան,//Ի՜ր շուրթերից պիտի սիրո շատրվանը հասնի զենիթ:
Այդպես է, Շանթ Մկրտչյանը լույսին ձգտող լուսավոր բանաստեղծ է: Անգամ վերքերով, միայն թե՝ լուսավոր.
Նետահար եղջերուն//Դուրս վազեց անտառից,-//Մահն արևի տակ – անմահություն է:
Շանթի խոստովանությամբ, դեռևս չի գրվել իր ամենալավ գիրքը, որովհետև դուրս է եկել, բայց դեռևս թափառում է օդում: Գրված ու հրապարակված «Հատընտիրը» նրա չգրված ու ամենալավ գրքի մասին է այն իմաստով, որ պատմում, խոսում է այն ամենի մասին, ինչը ներաշխարհային գրվածք է, կամ այլ խոսքով ասած՝ անգրվելի գրվածք:
Ես ընթերցեցի «Հատընտիրը», ընկալեցի, ճանաչեցի Շանթի ներաշխարհային թափառականին՝ որքան կարող էի: Հասկացա, որ նա դուրս էր եկել «խոհանոցային» բոհեմից, ուր ճիշտ իր հագով տողեր ունեցող ապրումը «էյֆորա» էր կոչվում: Իսկ էյֆորան արդյունք էր մենությունը նվաճելու պայքարի, որի մեջ էլ վերքեր ու սպիներ էր ձեռք բերել: Այդպես էլ դուրս էր եկել Շանթի չգրված գիրքը, այդ թափառականը, վերքերով ու սպիներով է դուրս եկել այն: «Իմ ամենալավ գիրքը թափառում է օդում, թե բռնեք, ինձ կանչեք, երևի ճանաչեմ…»,- գրում է Շանթ Մկրտչյանը:
Այդ անէջ թափառականին հանդիպեցի, երբ ճաշակեցի Շանթի խոհանոցային բոհեմականության սերուցք Հատընտիրը: Ճանաչեցի, զրուցեցի հետը: Ասաց, որ չի կարող ետ վերադառնալ ու լցնել գրողի գրասեղանին դրված թղթերի ճերմակ էջերը, որովհետև, արդեն անփոշման սիրով զբաղեցրել է իր տեղը: «Որտե՞ղ, որտե՞ղ ես զբաղեցրել քո տեղը»,- իմ այս հարցին նա ցուցամատով պատասխանեց, որն ուղղված էր ուղիղ իմ սրտին:
Ահա սա է իմ արձագանքը մկրտչյանական ստեղծագործական աշխարհին: Իմ սիրտը չգրված ամենալավ գրքերի ժողովածու է, ուստի այնտեղ իր պատվավոր տեղն է զբաղեցրել Շանթի՝ օդում թափառող գիրքը: Կուզենայի ավելացնել, որ ամեն թափառող ունի իր հայրենի տունը: Այս դեպքում՝ Շանթ Մկրտչյանի այն գիրքը, որն իր տեղն է զբաղեցնում չգրված լավագույն գրքերի ժողովածուներում, ունի իր հայրենի տունը, որ մի պարզ անուն ունի՝ «Հատընտիր»: