Այսօր հանդիպում ունեմ ինձ համար շատ կարևոր անհատների հետ. մի մանուկ աղջնակի, մի պարմանուհու, մի երիտասարդ կնոջ և մի հասուն, կայացած անհատի հետ: Նրանք ընկերներ չեն, բարեկամներ չեն, ոչ էլ՝ հարազատներ: Նրանցից յուրաքանչյուրն ուղղակիորեն շարունակությունն է մյուսի:
Մանկան աչքերում խաղաղություն է` մոր հարատևող սիրո և ընտանեկան ջերմության լույսի ներքո, պարմանուհին այդ ժամանակների համար մեծագույն վստահությամբ իր հաստատուն քայլերն է անում. նա գիտի, որ ոչ ոք և ոչինչ չեն կարող խանգարել իրեն` դեպի նպատակը տանող ճանապարհին (մինչև հիմա էլ այդպես է), երիտասարդ կնոջ նպատակասլացությունն ու իր կյանքում ամեն բան հասցնելու ձգտումն այս պահին էլ ուղեկցում են նրան, մայրական առաջին քայլերն էլ նույնքան վստահ են ու հաստատուն, ինչպիսին կլինեն տարիներ հետո` կրտսեր դստեր լույս աշխարհ գալուն զուգընթաց: Իսկ նրա սրտի ձայնն այդ պահին և նրան հաջորդող դեռ անչափելի շատ տարիներ (երեք տասնյակ ու ավելի) լսելի կլինեն այն մարդուն, որն այդ պահից սկսած ու շարունակվող ամբողջ մի կյանք կբռնի նրա ձեռքն ու բաց չի թողնի ո՛չ տխրության, ո՛չ հիվանդության, ո՛չ նեղության պահին (նրանք այդ ճանապարհները միասին կանցնեն), և, վերջապես, այս աշխարհում, այս նույն արևի տակ ուղիղ կես դար քայլող այս անհատը, հասուն այս կինն ու մայրը, ուսուցիչն ու ստեղծագործ հոգին, այսօր արդեն տատիկն ու դեռ իր մոր համար մեծ ճերմակ ժապավեններով այս աղջնակը, որ գիտի սիրել, գիտի, որ կյանքում չկա առավել մի թանկություն, քան ընտանիքն է, սիրելի և հարազատ մարդիկ, որոնք փոխադարձաբար օգնել և օգնում են միմյանց, սիրել և սիրում են միմյանց` հենց այնպես, առանց որևէ եթե-ների ու բայց-երի, առանց փոխադարձության մասին գոռալու և արածի դիմաց որևէ ակնկալիքի:
Երբ նայում եմ այս կնոջ անցած ճանապարհին, զարմանքի, հուզմունքի, հարգանքի և գնահատանքի զգացողություններով եմ լցվում նրա նկատմամբ, երբ նայում եմ նրա աչքերին, այնտեղ տեսնում եմ մանկությունս՝ ոչ որպես հեռացած ժամանակ, այլ որպես իմ ներսում ապրող մի զարմանահրաշ աշխարհ, որի դռները երբեք էլ չեմ փակել, տեսնում եմ այնտեղ երիտասարդությունս՝ աշխարհի հետ վիճելու և այն անմնացորդ սիրելու իր խենթ համարձակությամբ, հասուն տարիքս, որտեղ երջանկությունը զարդարուն ճառեր չի պահանջում, տեղավորվում է ակնթարթի մեջ, իմաստությամբ լռելը մեծագույն արժեք է, և կյանքի կարևորագույն պահերն ապրվում են ոչ թե ամեն բան իմանալով, այլ ամեն մանրուքն իմաստավորելով:
Այսօր ես հիսուն տարեկան եմ: Ես հարուստ եմ այն բոլոր օրերով, որոնք ապրել եմ, մարդկանցով, որոնց սիրել եմ, ճանապարհներով, որոնք անցել եմ, երազանքներով, որ դեռ սպասում են իրենց իրականացմանը:
Մեծ երախտագիտությամբ ու սիրով եմ փաստում տարիքս, ընդունում նրա գոյությունն ու քայլում առաջ: Շնորհակալ եմ իմ շուրջն ու իմ մեջ իր գոյությունն ամուր պահող մարդասիրությանը:
Կյանքն աննկարագրելիորեն գեղեցիկ կարող է լինել, եթե դու ներսումդ ունես լույս և կարողություն` գեղեցիկը տեսնելու:
Ն. ԱՎԱԳՅԱՆ
