Բավականաչափ առաջացած տարիքում, երկար տարիների ստեղծագործական աշխատանքից հետո, Թումանյանի պես մեծ գրողը բավականին տարօրինակ մի հարցադրում արեց, թե արդյոք ինքը… բանաստե՞ղծ է։ Դե, ասենք թե, Թումանյանը չէ, ու մի այլ բանաստեղծ է, ու այսպիսի նման մի հարցադրում էլ ինքն է անում,- լավ, համարենք, որ ինքն իրոք բանաստեղծ է՝ աներկբա, անկասկած, բայց ինչո՞ւ է գրում։ Ընդհանրապես, հարցը վերաբերում է բոլոր ստեղծագործողներին, մտածողներին առհասարակ, բայց տվյալ դեպքում խնդրին նայում ենք «բանաստեղծի կտրվածքով»։ Բանաստեղծը գրելու համար կարող է երկրային, «աշխարհիկ» որոշակի դրդապատճառներ ունենալ, օրինակ՝ փող, հոնորար, բարեկեցություն (չնայած սա հազվադեպ պատահող բան է, այն էլ՝ սովետական էլիտար գրողներին ժամանակին վերաբերած, քանի որ վերջիններս կոմունիստական կուսակցության «գաղափարական մարտական ջոկատն» էին ու պետբյուջեի հաշվին «պարտավոր» էին լավ ապրել…)։ Կարող է գրել… փառքի համար ևս, ինքնահաստատման համար, ինտելեկտուալ մի յուրահատուկ հաղթանակի համար, մի տեսակ «գերմարդ» լինելու համար, բայց սա էլ է երկրային, «աշխարհիկ» հարթության վրա, մեծերի դեպքում սա կարևոր չէ, մեծերը գիտեն, որ փառքն Աստծունն է, և խուսափում են ամեն տեսակ պաշտամունքային զեղումներից ու ցույցերից։ Ֆոլքներն, օրինակ, պապարացիներից օձիքն ազատելու համար նստում էր իր տան բակի այն մասում, որտեղ պարիսպը բավականին բարձր էր, մի խոսքով՝ բառիս բուն իմաստով իր տանն իսկ հարկադրված էր թաքնվել հետաքրքրասեր աչքերից։ Բայց Ֆոլքներն այս հարցն ինքն իրեն տվե՞լ է, թե ինչու է գրում…
Եղել են գրողներ, որոնք գրելով՝ միամիտ նպատակ են ունեցել, թե գրում են՝ աշխարհը փոխելու, այն ավելի լավը դարձնելու համար,- այդպիսիք են եղել հեղափոխական բանաստեղծները, պրոլետգրողները… Նույնիսկ Նարեկացու պես հանճարն իր ստեղծագործության հարցում աշխարհիկ նպատակ է դնում, ասում է՝ աղոթանվեր պատգամավորն է համայն աշխարհի՝ Աստծո առջև և ի փրկություն մարդու։ Իսկ Նարեկացու «Մատյանն» ընթերցած և դրանով հիացած քսաներորդ դարի ֆրանսիացի մեծ բանաստեղծ Սեն-Ժոն Պերսն ասել է, թե ինքը բանաստեղծություն գրում է մի այլ, ավելի լավ կյանքով ապրած լինելու համար։
Եթե հարցն ավելի հստակ «հարմարեցնենք», կպարզվի, որ իրականում լուրջ, իսկական գրողն ինքն է՛լ չգիտի իր ստեղծագործելու շարժառիթները։ Եթե Նարեկացին ասում է՝ աղոթանվեր պատգամավորն է համայն աշխարհի, Պարույր Սևակն էլ հակադիր վեկտորի կողմնակիցն է,- ասում է՝ բանաստեղծն Աստծո քարտուղարն է։ Իսկապես, շատերն են ասում, որ գրելը, ներշնչանքի վիճակն անգիտակցական-չնպատակադրված գործողություն է՝ տիզերքից, Աստծուց, չգիտես՝ որտեղից, Բանը (որին մուսա էլ են ասում) գալիս է ու բանաստեղծից պահանջում իրեն թղթին հանձնել…
Ըստ իս՝ բանաստեղծություն գրելը ՀՈԳԵՎՈՐ ԱԿՏ է, Հոգու կենսագրություն, Հոգին իր կատարելագործման, ՄԻ ԱՅԼ լինելու, աճի՝ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ընթացքի մեջ է (հիշենք՝ Սեն-Ժոն Պերսն ասում էր՝ գրում է ՄԻ ԱՅԼ, ավելի լավ կյանքով ապրելու համար, թեև սա նույնպես «աշխարհիկ» նպատակամղում է…)։ Հոգին իր ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ընթացքի մեջ է և իր աճի աստիճանները վավերացնելու, ֆիքսելու կարիք ունի, և հենց գրված բանաստեղծություններն էլ այդ նպատակին են ծառայում… Գուցե սխալվում եմ, բայց սա էլ իմ՝ այսինքն՝ ա՛յս բանաստեղծի տեսակետն է։ Ինչպես որ նկարիչն է, վրձնահարվածներ դնելով կտավին՝ ստեպ-ստեպ մի քիչ հեռանում ու նայում իր կիսատ գործի ընթացքին, այդպես Հոգին է թղթին դնում իր վրձնահարված-բանաստեղծությունները և հետևում սեփական կատարելագործման ընթացքին՝ կարծես հսկելով-վավերացնելով այն։
Թումանյանն, ասացինք, կյանքի մի առաջացած շրջանում տարօրինակ հարցադրում արեց, թե արդյոք ինքը բանաստե՞ղծ է, բայց կյանքի վերջին՝ ողբերգական, բայց առավել իմաստուն մի շրջանում հասկացավ, թե ինչու է ինքը գրում, ահավասիկ.
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Ահա,- «Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում»՝ նշանակում է, ըստ Թումանյանի, որ ամեն մի գրված ստեղծագործություն Աստծո՝ Իր տվածը ետ վերցնելն է նշանակում, և ստեղծագործության հանրագումարի վերջնարդյունքում բանաստեղծն այն Հոգու տերն է, որ նորից միանում է «անճառ Մինին»… Այսինքն՝ ստացվում է, որ ստեղծագործողն իր ողջ ստեղծագործական կյանքում ընդամենը մի բան է անում,- քանդակում է իր սեփական ՀՈԳԵՎՈՐ ՄՈՆՈՒՄԵՆՏԸ և գուցե Պիգմալիոնի պես այլևս արդեն չէր էլ ցանկանա, որ իր կերտածը կենդանանա Այսկողմնայինի համար, դա կենդանացրել է, հարություն է տվել Այնկողմնայինի համար,- Թումանյանի ևս մի պարադոքս-գլուխկոտրուկը՝ «Ո՞ր աշխարհում ունեմ շատ բան՝ էս թե էն…»… Մինչդեռ եղել են, այո, մեծ պոետներ, որոնք իրենց կառույցն արել են ա՛յս աշխարհի «գրունտի» համար, այստեղայի՛ն փառքի համար՝ ի հեճուկս ցարի, ամբոխի կամ չգիտես՝ էլ ինչի… —
Я памятник себе воздвиг нерукотворный,
К нему не зарастет народная тропа,
Вознесся выше он главою непокорной
Александрийского столпа.
А. С. ПУШКИН
Հ.Գ. Ինչպես Լութերի դեպքում, երբ թանաքամանը շպրտեց հայտնված սատանայի վրա, հանկարծ ինձ էլ է հայտնվում սատանան ու ասում. «Լա՜վ, ասենք թե՝ հասկացանք, թե ինչու ես գրում բանաստեղծություն, բայց այդ դեպքում ինչո՞ւ ես այն՝ բանաստեղծությունը, տպագրում,- աշխարհը, մարդկանց փոխելո՞ւ, քո փառքի՞, ինչի՞ համար…»։ Այ, այստեղ նեղն եմ ընկնում, չգիտեմ՝ ինչ պատասխան տամ սատանային… Բայց պատասխանել պե՞տք է, որ… մեկ է, այդ ստահակն ամեն ինչ գիտի…
