Հին հունական դիցաբանական ավանդության մեջ Թրակիայի թագավոր Թերեուսի, նրա կնոջ՝ Պրոկնեի, և վերջինիս քույր Ֆիլոմելայի մասին առասպելը կարելի է դիտարկել որպես կնոջ ինքնարտահայտման վաղագույն խորհրդանշական մոդել կամ գրավոր ինքնարտահայտման արքետիպ։ Այս առասպելը ներկայացնում է ոչ միայն բռնության ու լռեցման պատմությունները, այլև խոսքից զրկված սուբյեկտի կողմից այլընտրանքային հաղորդակցական համակարգի ստեղծման օրինակ, որտեղ գիրը ինքնադրսևորման վկայության և գոյության ապահովման միջոց է։ Ըստ առասպելի՝ Թերեուսը սիրահարվում է Ֆիլոմելային և նրան հյուրընկալության տանելու պատրվակով մեկուսացնում է հովվի խրճիթում, բռնությամբ պահում է անազատության մեջ և կենակցում է։ Հուսահատության մատնված Ֆիլոմելան սպառնում է բացահայտել կատարված հանցանքը՝ հայտարարելով, որ աստվածները ականատես են եղել տեղի ունեցածին, և արդար հատուցումն անխուսափելի է։ Ի պատասխան՝ Թերեուսը կտրում է Ֆիլոմելայի լեզուն, զրկում է նրան ֆիզիկական խոսքի հնարավորությունից և դատապարտում է հավերժական լռության։ Սակայն խոսքից զրկված Ֆիլոմելան ստեղծում է հաղորդակցման այլ միջոց․ նա գոբելենի վրա ասեղնագործում է բռնության պատմությունը և այն գաղտնի ուղարկում է քրոջը՝ Պրոկնեին։ Այս կերպ կնոջ գրավոր տեքստը ընկալվում է որպես լռեցված կին-սուբյեկտի դիմադրության և ինքնավկայության ձև։ Հետագա զարգացումներում քույրերը վրեժ են լուծում Թերեուսից՝ սպանելով նրա և Պրոկնեի որդուն՝ Իտիսին։ Թերեուսը հետապնդում է քույրերին, սակայն Օլիմպոսի աստվածները նրանց փոխակերպում են թռչունների․ Պրոկնեն դառնում է ծիծեռնակ, որի երգը մեկնաբանվում է որպես որդեկորույս մոր սգո ձայն, իսկ Ֆիլոմելան կերպափոխվում է սոխակի։ Ֆիլոմելայի լեզվահատումը առասպելում խորհրդանշում է կնոջ խոսքի բնական իրավունքի բռնի օտարումը, որը նրան դուրս է մղում խորհրդանշական լեզվի տիրույթից։ Լեզուն՝ որպես ասացում և ինքնարտահայտման միջոց, ոչնչանում է, բայց և վերածնվում է գոբելենի միջոցով՝ փոխարինվելով նշանային տեքստ-հաղորդագրությամբ։ Այսպիսով, առասպելում լեզուն (այստեղ՝ կնոջ տեքստը) ապրում է իր յուրատեսակ երկրորդ ծնունդը՝ անցում կատարելով բանավոր խոսքից դեպի նյութականացված գրություն (մարմին → լռեցում → գիր → սուբյեկտություն), մարմնի փորձառությունը վերածելով գրի առասպելի։ Այսօրինակ սյուժեները գործում են նաև կնոջ ենթագիտակցության մակարդակում, քանի որ մտածողությունը, խոսքը և ստեղծագործական գործունեության ցանկացած ձև, նախ և առաջ, սեռական էներգիա է և պայմանավորվում է մշակութաբանորեն ձևավորված սեռային առաջնայնությամբ։ Մշակութային այդօրինակ նախապաշարումներից մեկը, ըստ հանրային կարծրատիպերի, այն է, թե կանայք, տղամարդկանց համեմատությամբ, ունեն սահմանափակ ստեղծագործական կարողություններ։ Կամ, որ նրանց գործունեությունը սահմանափակվում է որոշակի գործնական հմտություններով (օրինակ, ձեռքի աշխատանքով), մինչդեռ նրանց գործունեությունը կամ ներգրավվածությունը մտավոր ոլորտում խիստ սահմանափակ է։ Տարածված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ կինը մշակութային դիսկուրսում ընկալվել է ոչ թե որպես ինքնուրույն ստեղծագործող սուբյեկտ, այլ` տղամարդ ստեղծագործողի ներշնչանքի աղբյուր կամ մուսա (Բախտին)։ Այս ընկալումը կնոջը վերագրում է ներշնչողի, սակայն ոչ ստեղծողի դերակատարություն՝ նրան դուրս մղելով հեղինակության և ստեղծագործական ինքնավարության տիրույթից։ Անդրադառնալով այս համակարգային բացառման մեխանիզմներին՝ մատնանշելով այն, ինչ պայմանականորեն կարելի է անվանել գրադարանի պարադոքս, կանայք պատմականորեն դուրս են մնացել խորհրդանշական լեզվի, գրի և գրավոր մշակութային հիշողության ձևավորման գործընթացից։ Այլ կերպ՝ նրանք օտարվել են ոչ միայն ստեղծագործելու, այլև գրական-մշակութային պատմության մեջ սեփական ներկայությունը ապահովելու հնարավորությունից։
Բրիտանացի արձակագիր և մտածող Վիրջինիա Վուլֆը իր «Սեփական սենյակը» (1929) էսսեում ընդգծում է, որ կանանց կողմից գրականության ստեղծման ու մտավոր գործունեության լռեցումը կապված է ոչ միայն ֆինանսական կամ սոցիալական սահմանափակումների, այլև գրական և մտավոր դիսկուրսի ավանդական, արական կառուցվածքների՝ կարդալու և գրելու իրավունքից զրկման համակարգի հետ։
Իսկ ֆրանսիացի փիլիսոփա և գրականության տեսաբան Հելեն Սիքսուն առաջին անգամ écriture féminine հասկացությունը ձևակերպում է «Մեդուզայի ծիծաղը» էսսեում և առաջարկում է կնոջ գրականությունը դիտարկել որպես արևմտյան ֆալլոգոցենտրիկ մշակույթի քննադատական այլընտրանք։ Սիքսուի մեկնաբանությամբ՝ կնոջ գրական տեքստը (այստեղ՝ ստեղծագործությունը) ազատագրության գործընթաց է, որը նրան հնարավորություն է ընձեռում հաղթահարել գրական գործընթացին մասնակցելու պատմականորեն ձևավորված վախը և հաստատել սեփական սուբյեկտությունը՝ աշխարհի արական, նորմատիվ տեսլականից դուրս։ Սիքսուն կնոջ գրականությունը կապում է հիշողության, մարմնի փորձառության ու ճնշված ինքնության վերականգնման հետ՝ ընդգծելով, որ կանայք գալիս են մշակութային մոռացության և խորհրդանշական մեկուսացման տարածքներից․ այն պատմական ժամանակներից, երբ նրանց փորձառությունը համակարգայնորեն լռեցվել և դուրս է մղվել մշակույթից․ «Վերջապես, կանայք գալիս են շատ հեռու ժամանակներից, որտեղ ամեն ինչ մշտապես այնպես է, ինչպես հարկն է. նրանք գալիս են խոտածածկ դաշտերից, որտեղ կախարդներին թույլ են տալիս գոյատևել, գալիս են մանկության զնդաններից, իրենց մանկությունից, որը տղամարդիկ հուսահատորեն ստիպում են նրանց մոռանալ՝ դատապարտելով հավիտենական նինջի. մանկամարդ աղջիկները ու նրանց՝ դեռևս չձևավորված կուսական մարմինները շղթայված են իրենց ներսում և գաղտնագրվում են ամենատես հայելու արգելող աչքի ներքո» («Մեդուզայի ծիծաղը», 1972)։
Սիքսուի այս տեքստը ստեղծվել է ամբողջականության, տրամաբանության և ռացիոնալության սկզբունքներով, մինչդեռ կնոջ գրականությունը դուրս է այդօրինակ կառուցվածքից․ այն հակված է սահմանների խախտման։ Այս տարբերությունը պայմանավորված է նրանով, որ կինը աշխարհի հետ հաղորդակցվում է ոչ միայն բանականության, այլև մարմնի փորձառության միջոցով՝ առաջնահերթ դարձնելով նաև զգայական ընկալումները՝ հույզը, ձայնը, գույնը, հոտը և համը։ Մարմինը՝ որպես ֆիզիկական ներկայություն, անմիջականորեն կապված է լեզվի, մտածողության և տեքստի ստեղծման գործընթացների հետ։
Սիքսուն բազմիցս շեշտադրում է մարմնի և գրականության փոխադարձ կապը՝ կոչ անելով կանանց գրել սեփական մարմնից և սեփական փորձառությունից բխող լեզվով․ «Գրե՛ք ինքներդ ձեզ համար։ Ձեր մարմինը պետք է լսելի դառնա։ Միայն այդ դեպքում անգիտակցականի անսպառ պաշարները դուրս կարտամղվեն»։ Այսպիսով, կնոջ գրականությունը մեկնաբանվում է որպես մարմնական հիշողության լեզվականացում և ճնշված փորձառության խորհրդանշական վերականգնում։
Ամերիկացի գրականագետ և գինոքննադատության հիմնադիր Էլեյն Շոուլթերի մեկնաբանությամբ («Նրանց գրականությունը: Բրիտանացի կին գրողներ: Բրոնտեից մինչև Լեսսինգ»)՝ կանանց գրականությունը զարգացել է այնպիսի փուլերով, որոնք համադրելի են մարգինալացված այլ մշակույթների զարգացման գործընթացների հետ՝ ներառյալ ճնշված էթնիկ կամ սոցիալական խմբերը։ Նա առանձնացնում է կանանց գրական ենթամշակույթի ձևավորման երեք հիմնական փուլեր․ ա․ feminine – գերիշխող գրական մոդելների յուրացման և կրկնօրինակման փուլ, բ․ feminist – հաստատված արժեքային համակարգերի դեմ քննադատական դիմադրության փուլ, գ․ female – ինքնուրույն գեղագիտական արժեքների ձևավորման և կանացի ինքնության որոնման փուլ։
Մարմնին, լեզվին և սոցիալական հայրիշխանական կառուցվածքերին անդրադարձել է նաև ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն։ Նրա «Բառեր և իրեր․ հումանիտար գիտությունների հնագիտություն» և «Վերահսկել և պատժել․ բանտի ծնունդը» աշխատություններում առաջադրվում է սոցիալականը մարմնի շարունակությունն է դրույթը, քանի որ աշխարհընկալումն իրականացվում է մարմնական փորձառության միջոցով։ Ըստ Ֆուկոյի՝ մարմինը մակերես է, որի վրա արտագրվում և վերահաստատվում են սոցիալական չափանիշները, կարգապահական մեխանիզմներն ու հայրիշխանական հարաբերությունները։
Կնոջ և նրա գրականության հիմնախնդրի վերաբերյալ կարելի է գրել հատորներ, սակայն եզրափակելով՝ նշեմ, որ եթե հայրիշխանական մշակույթ(ներ)ում կնոջ մարմինը ընկալվում էր (է) որպես սոցիալական չափանիշերի, իշխանական վերահսկողության և սիմվոլիկ կարգի ազդեցություններին ենթարկվող օբյեկտ, ապա ներկայում ոչ հայրիշխանական սոցիումներում կնոջ գրականության մեջ այն վերաիմաստավորվել է որպես իմաստաստեղծման ակտիվ սկզբունք և չի սահմանափակվում կամ վերահսկվում, այլ՝ դառնում է լեզու, հիշողություն և փորձառություն գեներացնող աղբյուր։ Այն կարողացել է ապակենտրոնացնել արական ռացիոնալ-լոգոցենտրիկ լեզվական համակարգը՝ գրավոր տեքստ ներմուծելով մարմնի փորձառության բազմազանությունը, զգայականությունը և աֆեկտիվությունը։ Գրելու ակտը այլևս լուծում է ոչ միայն գեղագիտության, այլև կին-սուբյեկտի վերակազմավորման գործընթացի հարցերը, որի ընթացքում կինը վերականգնում է սեփական մարմնի և գրավոր տեքստի հանդեպ իր իրավունքը։ Այս առումով գրականությունը իրացվում է նաև որպես վերջինիս ինքնության ստեղծման տարածություն, որտեղ լռեցման բոլոր փորձերը ձևակերպվում են լեզվի միջոցով և դառնում են մշակույթի կարևոր բաղադրիչ։ Այդպիսով, կնոջ գրականությունը կարելի է ըմբռնել նաև որպես դիմադրության դիսկուրս՝ ուղղված մարմնի օբյեկտացման, լռեցման և խորհրդանշական բացառման մեխանիզմներին։ Այն ստեղծում է նոր խորհրդանշական տիրույթ, որտեղ մարմինը այլևս իշխանության գրանցման մակերես չէ, այլ՝ սուբյեկտության դրսևորման և ինքնության շարունակական իմաստավորման հիմք։
