ՄՈՀԻԿԱՆՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ

Տոնինո Գուերա

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Տոնինո Գուերայի «Տաք անձրև» պատմվածքը նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Իր մեկ այլ` «Երկինք տանող աստիճանը» պատմվածքում նա դարձյալ ակնարկում է իր համար այդքան սիրելի կինոմոգին՝ վերհիշելով նրա նկարագրած տեսարանը,- թե ինչպես սևասքեմ վանականները հնձում են մենաստանի տանիքին փարթամորեն աճած խոտը, որի միջից կաս-կարմիր կակաչներ են հուր­հրատում, իսկ ընթերցողն անմիջապես պատկերացնում է «Նռան գույնը», որովհետև սա հենց փարաջանովյան կինոձեռագիր է:
Այսպես է սկսվել Հայաստանը համաշխարհային կինոյի ամենախորհրդանշական անուններից մեկի` Տոնինո Գուերայի համար, իսկ հետո դարձել դեպի վեր ձգտող երկիր, երբ նա, արդեն Երևանում, խոսում էր «հայկական ուղղահայացի» մասին, նկատի ունենալով ոչ միայն մեր հայրենիքի աշխարհագրական կերպարը, այլև պատմության խորխորատներից մինչև ներկան հասնող և միշտ այդ ներկայից ավելին երազող ընթացքը:
Իսկ ինքը` Գուերան, մեզ համար սկսվել էր այն ֆիլմերից, որոնք նախորդ դարակեսից մինչև դարավերջ դարձան կինոյի գեղարվեստական ու բարոյական արդարացումը` անողոք ժամանակի հանդիման, կազմելով գլուխգործոցների մի պատկառելի ցանկ, որն էլ մտաբերում ենք առաջին հերթին` «կինոարվեստ» բառն արտաբերելիս:
Իրոք, եվրոպական կինոմշակույթի հեղինակությունը անպատկերացնելի է առանց Ֆելինիի, դե Սանտիսի, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի կամ Տարկովսկու և էլի ուրիշ երևելիների ֆիլմերի, քանի որ այդ ֆիլմերից շատերի, որոշ դեպքերում` ամենանշանավորների հիմքում նրա գրիչն է ու երևակայությունը, ցավն ու սերը, տագնապը, երազանքը, կարեկցանքը:
Դասական կինոժամանակի այդ էջը նրա հեռացումով փակվեց: Լի ապրած կյանքի խաղաղություն կար այդ նահապետի մեջ, ով իր առաջին բանաստեղծու­թյունները գրել էր… համակենտրոնացման ճամբարում, ում գեղանկարչությունն ու քանդակները ստեղծել էին մի հատուկ կենսատարածք իտալական այն գյուղաքաղաքում, որի հետ ի բնե կապված էր նրա հոգին, և ով այդքան լուսաժպիտ նայում էր մեզ Ռուբեն ու Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» ֆիլմից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։