ՄՈՒՆԿԻ ԿԱՄՐՋԻՆ

ԽանջյանԳուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Էդվարդ Մունկն այլևս չի զբոսնում իր կամրջով, գոնե չի անցնում, ոտք չի դնում տախտակամածին, մտածում է՝ բժիշկներն իրեն բուժել, հիվանդությունից անդին են անցկացրել, իրեն՝ իրենից անդին, մեղքերի թնջուկից, վախերից, սարսափներից, բարդույթներից անդին, ուստի ո՞նց կարող է ինքն իրենից անդին անցած՝ անցնել կամրջով…
Բայց կարոտում է, կարոտում է կամրջին, կարոտում է սև հրեշտակներին…
«Հիվանդությունը, խելագարությունը և մահը սև հրեշտակներ են, որոնք պահակն էին իմ օրորոցի, ուղեկիցը կյանքիս ամբողջ ընթացքի»:
Ամբողջ ընթացքի՝ չստացվեց, քեզ զրկեցին ի վերուստ կարգված, տեսակդ պահպանող ուղեկիցներից. առողջ հիվանդ էիր, վերածվեցիր հիվանդ առողջի:
Կամուրջն էլ քեզ է կարոտում, Մունկ, կանչում է, ասում է՝ ոչինչ, այդքան կարևորու­թյուն մի՛ տուր, արի՛: Չես գնում, կամրջից ու քեզնից թաքնված՝ ծառերի ետևում ծխում ես, – Սիգարետով ինքնանկար,- ծխում, հեռվից նայում քեզ, կամրջին, երկնքին, ջրին… Այս ջրերում այլևս չեն լողա Աղջիկն ու մահը, Վամպիրը, Թախիծը, Լուսնի լույսը, Մահը հիվանդի սենյակում, Վախը, Խանդը, Մեղքը… Այս ջրերում, ոչ էլ երկնքում, չի լողա Գոռոցը, ամենուրեք լողում է ճաճանչող մեծ Արեգակը, անչափ գեղեցիկ, սակայն անհույզ, անկիրք, անէքսպրեսիա, մնացյալը չկան, ջրասույզ են եղել՝ տարրալուծվել, ջրի ալիքով խշշում-կանչում են՝ դավաճա՜ն… Որով­հետև դու դու էիր լինելու՝ կամրջից գլխիվայր աղաղակով սառը ջրերի մեջ սուզված, նրանց գրկած՝ խեղդամահ… Զրկեցիր քեզ քեզնից, շահածդ կյանք է՝ առանց քեզ:
Սակայն շահածդ, ամեն դեպքում, աղբ չէ, Մունկ, շահածդ իսկական տեսակիդ ետադարձով կողքից նայել- տեսնելու հնարավորություն ունի… Ծառի ետևում թաքնված՝ նայի՛ր… Կարող ես խանդել, նախանձել, կարող ես հայհոյել, կարող ես հրճվել-ծափ տալ, եթե ստացվի՝ կարող ես գոռալ…
«Գոռոցը»…
Կտավ, 91×73,5 սմ., յուղաներկ: Այս ոչ մեծ, առավելագույնս հագեցած-լարված ասպարեզի վրա գոռում-աղաղակում է ամեն տարր՝ յուրաքանչյուր քսվածք, պստիկ կետ կամ գիծ, մայրամուտի արեգակով արնակարմիր ներկված երկինքը, կապտասև ծովախորշը, նույնիսկ՝ կամրջով անվրդով հեռացող երկու կերպարանքները, որոնք չեն զգում սոսկումը, չեն զգում իրենց մութ թիկունքների գոռոցը, Մունկն է զգում նրանց փոխարեն, Մունկն է գոռում հուսահատ: Մունկն է սադրիչը, պատկերն ինքը չէր գոռալու, Մունկի գոռոցի ալիքն էր պայթեցնելու այն… Եվ ահա, կատարվել է՝ Մունկը գոռում է աղեկտուր, նրա հետ պայթել-գոռում է ամբողջը՝ երկինքը, ջուրը, ափերը, լարված օդը, հեռացողների թիկունքները… Միացյալ գոռոցն այնքան ուժգին է, որ գոռացող Մունկը փակել է ականջները՝ չխլանալու համար, չկորսվելու համար, որովհետև զգում է կորուստը՝ այլայլված դեմքը, վհատ, կամազուրկ մարմինը ալիքվում, կազմաքանդվում են, ուր որ է տարրալուծվելու են անհագորեն բացված-գոռացող բնության մեջ: Միայն կամո՛ւրջը չի գոռում, չի փլուզվում, տագնապած դողում է… Մի՞թե նա էլ կգոռա, կփախչի ոտքերի տակից… Ո՛չ, կամուրջը կանգուն է, նա Կապն է պահում, նա սպասում է, սպասում է նրան, ումից Մունկը սարսափել է, սակայն սարսափով հանդերձ՝ ինքն էլ է սպասում, նույնիսկ ընդառաջ է գնում, սոսկումի աղաղակի մեջ թաքնված կանչ կա, վեհերոտ, տագնապած ողջույն կա, որովհետև ճակատագրական իրիկնապահին, սարսափի իր անսահման մոգությամբ, Նա է այցելել Էդվարդ Մունկին, Մունկի սահ­մռկած հայացքն է հուշում Նրա գալուստը, մենք Նրան չենք տեսնում, Մունկը խնայում է մեզ, կամ էլ՝ խանդում, կամ էլ ո՞նց պատկերի Նրան, ո՞նց խախտի թաբուն… Մենակ է ընդառաջում՝ չընդառաջել անկարելի է, թող սպանի՛, թող ավերի՛, տարրալուծի՛, ինչ լինելու է՝ թո՛ղ լինի…
Չեղավ, չհասցրեց…
Հիմա ծառի ետևում կանգնել՝ լուռ ծխում ես, Մունկ, կարոտած նայում…
Լսի՛ր… Լսո՞ւմ ես… Կամրջի վրա դեռ արձագանքում է աղաղակդ… Այս կամրջի վրա միշտ արձագանքելու է քո աղաղակը…
Նայի՛ր, տեսա՞ր… Դո՛ւ ես, դու և աղջիկը, Աղջիկը և Մահը, գրկախառնված անցնում եք կամրջով… Ի՜նչ ամուր է գրկել նա կմախք-մարմինդ…
Ինչո՞ւ փակեցիր աչքերդ… Բացի՛ր, նայի՛ր, հյուրեր ունես…
Ի՞նչ ահասարսուռ աղմուկ է… Ովքե՞ր են…
Մահվան Խրախճանքի զորքն է մտնում կամուրջ… Ծովախորշի վրա կախված արնագույն ամպերը հրճվանքից պարում, արյուն են անձրևում… Կմախք-ձիերի սահմռկեցնող խրխինջները, կմախք-հեծյալների հաղթական աղաղակները, զոհերի սոսկումի ճիչերը գլորվում են՝ մահվան սարսափ սփռելով ամենուրեք… Պիտեր Բրեյգելն է ուղարկել, մահվան խրախճանքի այս զորքը նրա ներսում է ապրում, հանել-դրել է կտավին, բայց չի ազատվել, կտավին կրկնօրինակն է, իսկականն իր մեջ է, մշտապես քրքրում է հոգին ու գիտակցությունը՝ մի՞թե, մի՞թե, մի՞թե…
Մթնեց, սևով պատեց ամբողջ տեսարանը՝ մինչև հորիզոն… Կատարյալ լռություն… Սև լռությունը լարված սպասում է… Ահա, մթան միջով ինչ-որ կերպարանքներ են գալիս, մերթ ընդ մերթ վախեցած ետ են նայում՝ սև հորիզոնին, ուր երևում է ծնկած, ձեռքերն անուժ տարածած Ֆրանսիսկո Գոյայի չարագուշակ կերպարանքը… Կամուրջ մտած խեղանդամ, ծռված դեմքերով, խելակորույս հայացքներով մարդիկ ծեծում, խոշտանգում են միմյանց, խեղդում, մորթում, ուտում, նայում սև երկնքին՝ գոռում հրճված՝ Նա չկա, Նա մեռել է…
Էդգար Պոն մոտեցել, սպասում է կամուրջը դատարկվի, վիսկի է խմում… ծովահենի է նման՝ շիշը ձեռքին, ագռավն ուսին… Վախեցած ծովահեն է, գլուխը կախում, նայում է ջրերի մութ հորձանապտույտներին, սարսափած ետ է քաշվում, շիշը մոտեցնում բերանին՝ խմում, նայում է ամպերի արնագույն լեզվակներին՝ դարձյալ խմում, նայում է անսահմանությունից անսահմանություն ձգվող կամ­րջին՝ խմում… Ուզում է գոռալ՝ չի զորում, քաշում է ագռավի ոտքը, ագռավն աչքերը պլպլացնում՝ ճչում է. «NEVERRRMORRR, NEVERRRMORRR»… Պոն հազում, մաքրում է կոկորդը, միանում է ագռավին. «NEVERMOR, NEVERMOR»… Խռպոտ զուգերգն աստիճանաբար մարում է կամրջի ծայրին՝ «NEVERRRMORRR, NEVERRRMORRR»…
Կամուրջը վերածվում է գունագեղ խալու՝ Արշիլ Գորկու Մոր գոգնոցն է, արևելյան հեքիաթի պես փռվել է նրանց առջև, իրենք, ձեռք ձեռքի, անցնում են նախշուն ճամփով… Ինքնասպան Գորկին վերջապես գտել է մորը, մոր ձեռքն ամուր բռնած՝ նրա ձեռքը դողում է խանդաղատանքից, էլ չի կորցնելու… Գոգնոցը ետևից հավաքվում, առջևից բացվում է՝ կածան դառնում, կածանը դանդաղ բարձրանում է… Ծիրանի այգու բույրն է մեղմորեն գրկել նրանց, ճերմակ աղավնիներ են ճախրում նրանց գլխավերևում, վարդայուղ է կաթում նրանց դեմքին, ոտնաթաթերին, իրենք սահելու պես քայլում են անսահման կապույտի մեջ ձգվող հեքիաթի նախշուն կածանով՝ վեր, վեր, վեր…
Տարակուսած հայացքը կամրջին՝ լեզուն հանել, հևում է, գլուխը թեքում է աջ, ձախ… Դիտարկություններ անող շուն է հիշեցնում… Ո՞վ է… Ուզում է անվեհեր երևալ,- կատակ բան չէ համատիեզերական Դատավարության միջով անցելը,- սակայն չի ստացվում, կամուրջ մտած՝ աստիճանաբար կորվում, երերում է, գլուխը վախեցած թեքում՝ ետ է նայում… Իսկ առջևում կապտասև երկինքը ճեղքել, ուրվականի պես խոյացել է Դղյակը… Նայում, մտածում է՝ այնուամենայնիվ փորձել է պետք, որպեսզի հետո չասեմ, թե փորձ էր տրված ու անտեսեցի: Ստվեր հայտնվեց, ետևում, ևս մեկը… Գալիս են… Կանչում են՝ «Ֆրա՛նց Կ., Ֆրանց Կ.»: Շրջվում է, հարցնում հայացքով՝ այստե՞ղ: Այո՛, ինչո՞վ լավ տեղ չի, ծնկի՛ր: Արդե՞ն: Արդեն, այո՛: Դանդաղ իջնում է տախտակամածին՝ շահած ակնթարթներ… Սահմանային սոսկումի տևողության մեջ թվում է՝ ահա, վերջապես կընդգրկի, կհասկանա… Սարսափած հայացքը որսում է պողպատի պաղ ցոլանքը, դաշույնը մխրճվում է սիրտը՝ պտտվում: «Ինչպես մի քոսոտ շան…»՝ տիեզերատարած աղաղակում է Դատապարտյալը…
Այս գա՞յլը որտեղից հայտնվեց… Շփոթված կանգնել է կամրջին, անհամարձակ ետառաջ է անում, հոտոտում շրջակայքը, նայում երկինք… Վզին ուլունք կա ձիգ կապած, վազելիս շխկշխկում է, ուզում է պոկել, բայց վիզը ոնց թեքում է՝ ատամը չի հասնում… Գազանանոցի՞ց է փախել… Տափաստանային գայլն է, ուզում է տափաստանը գտնել, երբեք տափաստանում չի եղել, փոքրուց ճաղերի ետևում են պահել, ո՞ր կողմում է տափաստանը, ի՞նչ է տափաստանը… Ոռնում է վրդովված՝ ուուուու՜… Բերանից դուրս եկող գոլորշին իջնում է ջրերի վրա, գոլորշին դեռ օդում՝ ինքը քառաթաթ սլանում-կորչում է մթան մեջ…
Հեռավոր խուլ ձայներ… Արագ են մոտենում, կրքոտ կշռույթն ուժգնանում է՝ թանձր, թավ բաս, ծանր թմբկահարված… Կամուրջը վայելքից դողում է, գերարագ ռիթմը ռեզոնանսվում է դողին, վայելքը հազարապատկվում է: «Սլեյերն» է, նրա սրընթաց, ծանր գնացքն է լավայի պես հորդում կամրջով՝ «Diabolus in musika», «Christ illusion», «Divin intervention», «God hates us all»… Ծանր, չոր, առանց կարոտախտի, առանց նվնվոցի, առանց հղումների, առանց զուգորդումների, ինքնաբավ… Սլեյերն իր համար պարզել է՝ ինչ կա՝ այս է, մի՛ սարսափիր, մի՛ արտասվիր, մի՛ աղերսիր, լսող չկա, մնում է այն, ինչ ունես՝ կյանքը, մեկ էլ՝ ըմբոստությունդ, խռովությունդ, ազատությունդ, ռոքը… Թող ամեն ինչ՝ արի ինձ հետ, տուր ինձ նվնվոցդ, արցունքդ, տարակուսանքդ, վախդ՝ մշրեմ-տարրալուծեմ իմ կրքոտ ռիթմերի հորձանապտույտներում, ազատեմ քեզ աստծուց, սատանայից, ազատեմ քեզ քեզնից… Իսկ երբ վերջնականապես հոգնես-ուժասպառվես՝ մի՛ վարանիր, մի՛ փորձիր շահել-քարշ գալ, հատի՛ր երակներդ, արյուն ցայտեցրու աշխարհի երեսին, գոռա վերջին շնչով՝ ֆա՛ք, ֆա՛ք, ֆա՛ք…
Ո՞վ է ծռված, դժգույն դեմքով, շլաչ այս մարդը… Ոտքը վստահ է դնում կամրջի տախտակամածին, իրանը երերում է, բայց վախից չէ, նյարդերից է, շատ է զգայուն, նյարդաթել-շոշափուկները մաշկի սահմանն անցել՝ դուրս են ելել, ամբողջ մարմնով է զգում, տեսնում, լսում, հատկապես՝ լսում: Ալֆրեդ Շնիտկեն է: Հարցեր ունի: Սակայն գոռալ չի կարող, իրեն թույլ չի տալիս, տեսակի խնդիր է: Բայց հոգ չէ՝ ինքն ալտ ունի, Ալտի Կոնցերտ… Աղեղը բարձրացնում՝ սահեցնում է լարերով… Արտառոց մեղեդին սարսափելիորեն գեղեցիկ, վերձիգ ոլորքով ուղղվում է երկինք… Շնիտկեն սպասում է, Շնիտկեն հավատում է՝ պատասխաններն ուր որ է իջնելու են… Չկա՞ն… Ուշանում են… Հոգ չէ, կսպասի… Չկա՞ն… Չկան… Հոգ չէ՝ կբարձրանա իր մեղեդու ոլորքով, այնտե՛ղ կսպասի, Դռանը…
Լարված-տագնապած լռություն, սպասում… Ձայն…
Ձայնն իրենից առաջ է ընկած, Ձայնը եկել՝ գլորվում է կամրջով, ճանապարհ է հարթում. «Իմ սիրելի որդին է, նրան լսեք»… Ահա և ինքը, Ջոն Քոլթրեյնն է՝ տենոր-սաքսոֆոնը ձեռքին, մերկ, մաշկատված… Լողում է կամրջի վրայով, նյարդաթելերը, անոթները, մկանները, հոդերը, գալարները միացած են սաքսոֆոնին, միաձույլ են ինքն ու իր սաքսոֆոնը: Կափույրները փափուկ կտկտում են՝ ով քնած է՝ արթնացե՛ք, ով արթուն է՝ պատրաստվե՛ք, սկսվում է: Հնչում է առաջին ֆրազը՝ թավ, թանձր, խավոտ, մեղեդային, նուրբ… Ապա ուրիշը՝ բարձր, չոր, մետաղային, բողոքող, խռովահույզ… «Expression»… Մերթ հղումներով, զուգորդումներով, մերթ մաքուր, ինքնաբավ՝ հնչյունները սուրում են սառը տիեզերքով, շիկացնում, ձևեր ստեղծում, սերմեր ցանում, կենդանություն տալիս… «Expression»… Հրաժեշտի ողբն է իջնում՝ կարոտի տաք լեզվով լիզում երկրագունդը… Ողջույնի տագնապած ֆրազն է բարձրանում՝ արշավում երկինք, հողմապտույտի պես խոյանում՝ վեր հանելով հնչյունային ամբողջ ծավալը… Դարձյալ է իջնում… Դարձյալ բարձրանում՝ որոնում, գտնում, կորցնում, տագնապում, սարսափած աղաղակում, վերստին գտնում՝ ուժ առած սլանում, հայտնաբերում աստղեր, տիեզերքներ, իր անսահման սիրով միավորում, կապում, սոսնձում, հաշտություն, համաձայնություն, ներդաշնակություն տալիս՝ բոլորին, ամեն ինչին… Ե՛վ քեզ՝ պստիկ մժղուկ, և՛ քեզ՝ հսկա հիպոպոտամ, և՛ քեզ՝ մարդ, ձե՛զ՝ քար, հող, լուսին, աստղափոշի, արեգակ, սև անցք, անհայտներ…
Հորձանք, պտույտ, թրթիռ, վերջին խոստովանություն… Հրաժեշտի տևական հնչյունը նուրբ թրթռալով տարրալուծվում է ընդառաջող լույսի մեջ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։