«Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել»,- կյանքի վերջում, մահվան մահճին գամված՝ դժգոհում էր Հովհաննես Թումանյանը: Թերևս ամեն անգամ մեծ գրողներին նորովի կարդալու սերունդներին ուղղված այս պատգամն էլ նրա ստեղծագործությունը դարձնում է այնքան կենսականորեն անհրաժեշտ, որ մեզնից յուրաքանչյուրն ունի ի՛ր Թումանյանը: Նույնքան կենսական, ինչպես Աստծո տված օդն ու արևի լույսը, ինչպես բնության անխարդախ գեղեցկությունը, ինչպես ճշմարիտ արժեքը: Թումանյանը հայ մարդու մեջ է մտնում մայրական կաթի հետ և դուրս է գալիս վերջին շնչի հետ՝ ձևավորելու այն միասնացնող մթնոլորտը, որտեղ թրծվում է ազգի ոգին, միտքն ու ազատության տենչը, մթնոլորտ, ուր փոխադարձ ատելության ու թշնամանքի փոխարեն պիտի թագավորեն հույսն ու հավատը, սերն ու համերաշխությունը, ազգայինը համաշխարհայինին հավասարակշիռ զուգորդելու խոհեմությունը:
Մեծերի հոբելյանները ինքնանպատակ չեն լինում. հատկապես, երբ խոսքը հանճարեղ լոռեցու մասին է՝ հեռացող տասնամյակների շնչից չխամրող իր իմաստուն դասերով:
Այսօր, երբ աշխարհն ալեկոծվում է համաշխարհայնացման աննախադեպ ցնցումներից, և մեր ցանուցիր ժողովրդի գերխնդիրը միասնության ու համերաշխության կամքի որդեգրումն է, մենք ջլատված ենք, տարբաժան ենք, ընկղմվել ենք անհանդուրժողության, չարության, չարափառության ժահրի մեջ, Թումանյանը մեզ է բերում բարության քարոզը.
«Մենք շատ ենք քարացել չկամության և չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը և դարձել ենք ատելի: Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար և տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի»:
Այսօր, երբ մեր հասարակությունը աստիճանաբար կորցնում է իր լավագույն հավաքական որակները, երբ սոցիալական աղետների ու խոր հուսախաբության որոգայթում հայտնված հայը տառապում է ներքին հակասությունների թնջուկից, որ որդի պես ներսից է կրծում նրա ազգային տեսակի միջուկը,- Թումանյանը ցույց է տալիս բարոյական ախտերից փրկության միակ բալասանը՝ ինքնամաքրումը.
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը:
Այլ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
Այսօր, երբ թշնամական խրամատներ են առաջացել մեր հասարակական դաշտում, երբ ժողովուրդը ծվատվում է կուսակցական ու խմբային շահերի բախումից, մականունավոր իշխանիկների նախընտրական ու ետընտրական սուտ խոստումներից, որոնք ամենուր ժողովրդի անունը տալով՝ ժողովրդին անհուսության վիհն են տանում, Թումանյանը զգոնության կոչ է անում, հորդորում է վստահել նրանց, ովքեր «կարեկից ու զգայուն են դեպի կարիքավորների դատն ու վիճակը, ովքեր վեր են ազգային նախապաշարմունքներից, ովքեր միշտ անաչառ են բնավորությամբ և մաքուր»: Եվ մանավանդ զգուշացնում՝ չհավատալ նրանց դերասանությանը, ովքեր թամաշավոր- ժողովրդի սիրտը շահած «խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովրդով»: Ժողովուրդն այսպես է կամենում… Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողեր ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական ազգ եմ ես…»:
Այո, աշխարհը վատն է, անկատար է, – ազգի նահապետի դաժան անկեղծությամբ ասում է Թումանյանը, բայց մենք նրա մի մասն ենք, և ոչ մեկս թող արդարացում չփնտրի, եթե մեր մեջ չի ապրում այն վերափոխելու կամքը:
Իսկ բառացի… շուրջ մեկ դար առաջ գրում է իր ժամանակի մասին՝ հանճարեղ խորաթափանցությամբ կանխատեսելով մեր օրերի բարքերը. «Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես ազգի նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու…»:
Եվ եթե օրենքով կարգ սահմանվի, որ ամեն առավոտ քաղաքական գործիչը, երեսփոխանական ճամարտակը, ազգի կարծեցյալ փրկիչը, մտավորական առաջնորդը, սեփական գրպանով արդարադատությունը նժարող դատավորը, աղքատն ու հարուստը աղոթքի պես հաղորդվեն Թումանյանի ստեղծագործության իմացական լույսով, օրը մեզ համար չի բացվի հերթական աղետի ուրվականով, մեր հասարակությունը կլինի մի քիչ բարի ու բարեկեցիկ, կհանդարտվի մարդկությանը տենդի պես բռնած հևասպառ իրարանցումը, և գուցե թե մարդ-գազանի վերհուշը մնա լոկ Թումանյանի հայտնի քառյակի մեջ…
Այսօր, երբ հայոց կրթական համակարգը, մանավանդ գյուղական դպրոցը, հայտնվել է ծանր կացության առաջ, երբ նոր սերունդը կիսագրագիտության ռեկորդներ է սահմանում «բարեփոխումների» արևմտյան սիրուց հալումաշ, Թումանյանը, որի համար ազգային վերածնության հիմքը կրթությունն ու գրականությունն են, հորդորում է առաջին քայլն անել ուսուցչի վիճակը բարելավելուց. «Ամենագլխավոր պատճառն այն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե՛ մտավորապես և թե՛ բարոյապես:
…Եվ եթե մենք ուզում ենք հետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնեցնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ»:
Այսօր, երբ գրողը հայտնվել է հասարակության ամենաչքավոր խավերի շարքում, երբ չի ձևավորված մշակույթի, ընդհանրապես հոգևոր ոլորտի ազգային հայեցակարգ, երբ պետության և ժողովրդի կողմից լիարժեք չի գիտակցվում մեր գրականության ռազմավարական դերը, Թումանյանը մեգ սովորեցնում է. «Գրականությունը թողած է քամու հոսանքին և տակավին չի հասկացված, թե ազգային լեզվի և ինքնաճանաչողության և առհասարակ քաղաքակրթության գործի մեջ ինչ արժեք ու նշանակություն ունի էս կամ էն գրողի գոյությունը…
Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և, նույնիսկ, պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասից մինն է միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը՝ տաղանդավոր և հազարից մինը՝ հանճարեղ:
Այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել»:
Այսօր, երբ նոր սերունդը պատեպատ է խփվում օտարամուտ և ազգային արժեքների չհամակարգված ու չվերահսկվող շփոթի մեջ, երբ հայրենիքը կամաց-կամաց վեր է ածվում ժամանակավոր բնակավայրի, երբ օրըստօրե բարակում է հավատը վաղվա օրվա հանդեպ, Թումանյանը ապավինում է հայրենասեր մարդկանց նվիրումին և կոչ է անում մեզ, ձեզ, բոլորիս չընկրկել ժամանակավոր դժվարությունների առաջ, պայքարել լուսավոր գալիքի համար:
Անցած տարիների «ծանր տպավորությունների տակ ծնվել ու մեծացել է մի սերունդ, որ շատ հասկանալի հոգեբանական ու իրական պատճառներով թերահավատ է տակավին, բայց էն մարդիկ, որոնք լավ գիտեն, թե կարճատև ու անցողական են ամեն վատ մարդիկ ու վատություններ, էն մարդիկ, որոնք անսասան հավատում են լավ գաղափարների աստիճանական, բայց հաստատուն զարգացումին ու հաղթանակներին, ինչպես անհատների մարդասիրությանը, այնպես էլ ազգերի առաջադիմությանն ու ազնվացումին, էն մարդիկ, որ պարզ աչքով տեսնում են պատմական ու իրական էն հիմունքները, որ ապահովում են ազգերի լավ հարաբերությունները, պետք է հավատան լավ օրերին և լավ հարաբերություններին և պետք է ակնկալեն հայի համար մի մարդավայել ազգային վիճակ և մի ցանկալի ապագա»:
Ահա սա է Թումանյանի քաղաքական ու հոգևոր կտակի էությունը:
Ահա այսպիսի հանճարեղ պայծառատեսությունն է Հովհաննես Թումանյանին դարձնում մեր անցյալի, ներկայի, թերևս նաև ապագայի ամենայն հայոց բանաստեղծը:
Թումանյանն ինքը դեմ էր հոբելյաններին, առանձին հոդված է գրել հոբելյանական համաճարակի դեմ, որը մի կաթսայի մեջ է խառնում արժանավորն ու անարժանը՝ խախտելով արժեքների գնահատման չափանիշները: Սակայն տարեթվեր կան, որոնք ոչ թե հոբելյարին են մեծարում, այլ նրան ծնող ժողովրդին: Հովհաննես Թումանյանը հայոց հավերժական հոբելյարն է, այն տիտաններից, որոնք ցույց են տալիս ճանապարհը, որով պիտի անցնի մարդկությունը: Այդ ճանապարհով մեծ բանաստեղծը իր ժողովրդին առաջնորդում է դեպի Անհունը:
2003 թ.
