ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Պայքարեց: Դիմադրեց: Գրում էր հերթական գիրքը: Չհասցրեց: Գիրքը չամբողջացավ, խոսքը մնաց կիսատ:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 75 տարեկան էր: Արած-թողածը՝ բազմաշերտ, ամեն արահետը՝ փորձություն: Արձակագիր էր, դրամատուրգ, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ անդամ 1984 թվականից: Մամուլում սկսել է տպագրվել 1969-ից: Առաջին գիրքը լույս է տեսել 1976-ին:

1994-1996 և 2001-2008 թթ. ընտրվել է ՀԳՄ փոխնախագահ:

2008-2010թթ. աշխատել է որպես ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:

2011-2015-ին՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ:

2014-2018-ին՝ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:

2011-2018-ին՝ կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի նախագահ:

Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, վարել բազմաթիվ հեղինակային հեռուստահաղորդումներ:

Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, լեհերեն ու անգլերեն:

«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության  Ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայություններ 1-ին աստիճանի» և Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալներով:

1994-ին տպագրվել է «Հրաժեշտ» ժողովածուն, 2001-ին՝ «Գնացքներ և կայարաններ» գիրքը, 2003-ին՝ «Մեր հին դաշնամուրը», 2005-ին՝ «Ժառանգության իրավունք»-ը, 2006-ին՝ «Оркестр в зале ожидания» ռուսերեն ժողովածուն, 2009-ին՝ «Երազների մեկնությունը», 2019- ին՝ «Կիսատ թասակով թզուկը», 2021-ին՝ «Ձեռքով գրված նամակներ»-ը և, ընդամենը մեկ տարի առաջ, «Երևանի սառը ջուրը»։

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին, գրչակից ընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու հասկացել են նրան, վայելել նրա գիրը, այն ուսանողներին, որոնք երբեք չեն մոռանալու իրենց դասախոս-ուսուցչի ինքնատիպ խոսքը:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՎԵՐՋ ԼՐԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի, ընկեր, Դավիթ, երևանցի տղա, համալսարա­նական, մշակույթի անպարագիծ դաշտը հերկող՝ մե՛րթ կինոյի մասին հրակայուն սերմեր ցանող, մե՛րթ թատրոնի վերաբերյալ ոսկեփայլ կորիզ­ներ նետելով, մե՛րթ գրականության աշխարհին բազմագույն ու բազմանուն հունդեր դնելով արևոտ գուղձերի մեջ ու ձեռնափով խնամքոտ ծածկելով, մինչև ծլեն ու բերք տան նոր ֆիլմեր, ներկայացումներ ու գրքեր։

Համալսարանի գրական ստուդիայում դու չէիր փոր­ձում շշմեցնել բանից անտեղյակ ոմանց, բայց, հավատա, ովքեր առաջին անգամ էին լսում Ֆոլքների, Մարկեսի, Կաֆկայի, Քամյուի և շատ մեծերի անուն­ներ, մտածում էին` վազեն գրադարան ու…

Երևանի պիոներպալատի հանրաճանաչ Սուսաննա Բաբայանի գրական խմբակից էր գալիս քո իմացությունների կարկուտը, սերը հզոր գրականության հանդեպ։ Կարդում եմ հատորյակիդ էսսեները և ուրախանում մտքիդ շաչող, մտքեր շարժող տքնանքից։

Մեր արվեստի ու գրականության, աշխարհի անթվարկելի արժեքները համտեսած հմտությամբ զրուցում ես պարզ ու անկաշկանդ։

Եվ մարդկային կերպարդ՝ անամպ, առանց թաքնամտած որոգայթների գայթակղությանը տրված։

Այո, դյուրին չէ դիմանալ տարատեսակ գայթակղությունների, միայն նրանք դա գիտեն, ում համար, ինչպես դու ես գրել «Հորինվածքի արվեստ» խոհագրության մեջ՝ մանկության մեջ ընկերդ… երևակայությունն է։

Ու թող նա քեզ տանի ուր կամենա՝ նա քեզ լավ գրվածքներ է պարգևելու, դու, իհարկե, համոզված ես։

Հինգ տարի առաջ, երբ վերոհիշյալ տողերը գրել եմ, համոզված էի՝ նոր գրքերիդ, էսսեներիդ, հոդվածներիդ, հեռուստառադիո հարցազրույցներիդ ի հայտ գալուն։ Քո ֆեյսբուքյան էջում մշտապես ամենօրյա հրապարակմամբ արձագանքում ես ոչ միայն մշակույթի ընթացքի երևելի հոբելյաններին, իրադարձություններին։ Գրիչդ խորանում է խոհերիդ շերտերը և լույս աշխարհ բերում ինքնատիպ վերլուծություններ, հուշեր, մտածումներ։

Անցյալ տարի հրատարակվեց «Երևանի սառը ջուրը» գիրքդ, ուր ամփոփված էին երևանյան կյանքից քաղած քո ելևէջները, թրթիռները։ Մի քաղաք, որ մեր սերնդի համար սրճարաններից չարենցյան, ազնավուրյան, Լևոն ներսիսյանական, Ժակ բրելյան, Երվանդ քոչարական, բոհեմիկ գինու և սուրճի բույր էինք առնում։ Իսկ Երևանի սառը ջուրը տաք պատմություններ ու էսսեներ է հուշել իր կժաբույր հողեղեն էությամբ։

Գիտեմ, որ նոր գիրք ես գումարելու քո ստեղծագործական թեժ ընթացքին։

Շնորհավորում եմ 75-ամյակդ և իմ ու քո համատեղ աշխատանքային օրերից ու տարիներից ներշնչված  կոչում՝ ի գործ, ի գիր։

 

Հ.Գ. – Սիրելի Դավիթ, այս տարվա հունվարի 30-ի «Գրական թերթում» քո 75-ամյակին նվիրված տպագրել էի «Անվերջ լրացվող կենսագրություն» խոսքը, որում նշել էի, թե գիտեմ, որ նոր գիրք ես  գումարելու քո ստեղծագործական թեժ ընթացքին։

Ես չգիտեի, միշտ գաղտնիք էիր պահել բանաստեղծելու ընթացքիդ վերաբերյալ ու երբ հիվանդացար, կինդ՝ Նորան, բանաստեղծությունների գրքույկդ մեզ ներկայացրեց։ Զարմանք, տխրություն և քեզ ուրախություն պատճառելու մղում գումարվեցին, և տպագրեցինք «Տողեր դեղնած թղթերից» ժողովածուդ։

Դա եղավ վերջին գիրքդ, բայց հուսով եմ՝ դեռ դեղնած ու դեռևս չդեղնած թղթերից էլի կծնվեն անտիպների գրքեր։ Գրիչդ մշտապես ներդաշնակվել է սպիտակ թղթին գրի լույսով։

Հավատացել ես երկնածի հավերժությանը և ստեղծագործողի գրի հետ մշտապես ընթանալու, ընթերցողին հասնելու, ապագայում լինելու հաստատ կեցությանը։

Ես էլ եմ հավատում քեզ ու քո գրի անվախճան հոլովույթին։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

 

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ․․․

Դավիթ Մուրադյանը համաշխարհային մշակութային ժառանգության կրող էր։

Նա այդ ժառանգությունն, ուղղակի, ուներ իր ներսում և այնքան թեթևորեն էր այն կրում։

Եթե որևէ անդրադարձ պիտի լիներ արվեստի, գրականության, կինոյի, օպերայի, երաժշտության համաշխարհային որևէ դրսևորման և այն դուրս էր սովորականի տիրույթներից, ուրեմն` անդրադարձողը Դավիթ Մուրադյանը պետք է լիներ, ուրեմն` բոլորի հայացքները պետք է ուղղվեին դեպի Դավիթ Մուրադյանը, որովհետև միայն նա կարող էր ամենաանճանաչելիի մասին խոսել խորքային շերտերով, բայց սովորականի նման։

Իր «Ծագումդ՝ մշակույթ» էսսեում Դավիթ Մուրադյանն ասում է. «Երկիրը ծնվում է իր մշակույթից։ Պատմությունը հակառակ օրինակներ չունի…»։ Ինքը մարգարեաբար բնորոշել էր իրեն՝ «Ծագումը՝ մշակույթ»։ Ինքն, իրոք ծագումով մշակույթից էր։

Ինչպես իր բնորոշմամբ` «Երկիրը ծնվում է իր մշակույթից», ինքն էլ երկրի պես, իր երկրի պես ծնվել էր մշակույթից։ Ծնվել էր գենետիկորեն, ժառանգականության փոխանցմամբ։

Ինքն ասում էր. «…Իսկ մշակույթ՝ չի նշանակում միայն արվեստներ։ …Մշակույթն ամբողջությունն է մարդու և ազգի կենսագոյության»։

Ինքը հենց այդ ամբողջությունն էր։

«…Մարդկությունը բաժանվում է երկու մասի. նրանք, ովքեր կարդացել են «Փոքրիկ իշխանը», և նրանք, ովքեր «Փոքրիկ իշխանը» չեն կարդացել։ Ջրբաժանի պես բան է, հավատացեք…»,- ասում էր Դավիթ Մուրադյանը։

Ինքը վստահաբար ու աներկբայորեն «Փոքրիկ իշխանը» կարդացածների դասում էր և ջրբաժանի այս կողմում։

Դավիթ Մուրադյանը կարող է թվալ, թե հանրագիտարանային մարդ էր, բայց հանրագիտարանային մարդիկ, սովորաբար, խորքային չեն լինում։ Դավիթ Մուրադյանը շատ խորքային էր։ Ինքն իսկապես իր արյունատար անոթներով անցկացրել էր համաշխարհային մշակութային ժառանգությունը։

«Ձեռքով գրված նամակներ»-ից անդրադառնալով հայ կինոյի երկու նշանային ֆիլմերին՝ «Մենք ենք, մեր սարերը»-ին ու «Բարև, ես եմ»-ին, Դավիթ Մուրադյանն ասում է. «…Բայց ես հիշեցնեմ, որ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը»։

Սա ճիշտ դավիթմուրադյանական խորքային դիտարկում է։

Իր նմանությամբ ասենք՝ Դավիթ Մուրադյանը սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է, և սա հավիտենության օրենքն է։

Դավիթ Մուրադյանի կորուստը ոչ միայն մարդկային կորուստ էր, ոչ միայն նրա ընտանիքի, զավակների, սիրելիների կորուստն էր, ոչ միայն մշակութային կորուստ էր, այլև տեսակի կորուստ էր։

«Բարև, ես եմ»-ում, որը նաև Դավիթ Մուրադյանի պաշտելի ֆիլմն էր, «…Իր կյանքն ու կորուստները վերապրած ֆիզիկոս Մանվելյանը (իսկ ավելի պարզ՝ Արմեն Ջիգարխանյանը) վերջին կադրերում քայլում է սարն ի վեր։ Բաց երկնքի տակ խնջույքի նստած քահանան կիսատ է թողնում իր ուրախ երգն ու թնդաձայն կանչում նրա հետևից. «Տղա ջան, հո չե՞ս մոլորվել»։ – «Չէ, տեր հայր, ես էս տեղերին ծանոթ եմ»»։

Դավիթ Մուրադյանի կորստով փոքրանում է «էս տեղերին ծանոթ» մարդկանց շրջանակը և մեծանում մոլորվելու հավանականությունը։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ։

 

Հայաստանի Կինոգործիչների միություն

 

 

ՑԱՎԻ ԲԱՑ ԵՐԱԿԻ ՄԵՋ Է   ՀԻՇՈՂՈԻԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ

Էս ի՞նչ երկրալքում է. գնում եք ու գնում։

Հիմա էլ դու՝ Դավիթ Մուրադյան։

Աշունը սիրում էիր։

Ինձ ինչո՞ւ է թվում, որ ամեն մի   դեղնած տերև արցունք է։

Քեզ «Դատիկո» էի ասում ուսանողական տարիներին՝ քոյավարի, արտիստիկ  ժպտում էիր։

Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ  եղել է  քո հայրական տանը։ Մայրդ բարակիրան պարուհի էր և արվեստորեն էր հյուրասիրում։ Հայրդ՝ բեմական աշխարհի նշանավորը, տանը չէր։

Ես շնչում էի մի ուրիշ աշխարհի  արվեստաբույր  թթվածին և նայում պատերի նկարներին. այնտեղ էին ճաշակի բարձրակետերը։ Դու  ասում էիր.

– Ես մեծացել եմ բեմի ետնամասում՝ վարագույրից այն կողմում, հուշարարների կողքին։

Այո՛, բեմը քոնն էր, բայց դու ընտրեցիր գրիչը։

Ստեղծագործական քո աշխարհում գույների հրավառություն էր, պայծառություն և հումորի ալիք։ Այնտեղ ցավն ու ողբերգությունը հեռակայում էին։

Ոսկեղենիկ հայերենի կրողն  էիր, Դավի՛թ։ Անգամ քեզ անծանոթ գրքի մասին այնպես էիր խոսում, որ թվում էր՝ երեկ ես փակել այն,  որովհետև թեկուզ հեռվից դու գերազանց էիր ճանաչում տվյալ հեղինակի նախորդ գործերը, գիտեիր նրա գրական արժեքները և ոճը, գրելաուժը։

Ախր ո՞նց գրեմ, որ արդեն չկաս։

Էլ ով պիտի սուրճը խմելիս ասի.

– Քթիս համար տեղ կթողնեք, այն հանճարեղ է…

Գեղեցիկ ու թիկնեղ չէիր, բայց քո հմայքը աստղային էր։

Դու ծնվել էիր ուրիշ մի իրականության  համար։ Քո ամեն մի շարժումի մեջ կար ասպետություն, ազնվականություն, դերասանական  էլեմենտ, խոսքի ու մոտեցման կուլտուրա։

Քո վալսը անտիկ աշխարհի  ֆիլմային  շարժումներ էր կրում. կարծես կինոն քեզ հետ էր ամենուր, և դու  նկարահանվում էիր Դավիթյան դերում։

Քո բառը  ազդեցիկ էր՝ կարճ, սեղմ, խորքային, հղկված և տարբեր բոլորից։ Գնահատեցիր անցյալի արժեքները, բայց հարգանքով մոտեցար բարձրակետին չհասած  ստեղծագործողներին, արտահայտվեցիր ավելցուկով։

Քո ընկերությունը սահմանագիծ ուներ. ընտրում էիր ըստ  ճաշակի ու ժլատորեն։

Միշտ կրկնում էիր.

– Իմ մեջ է ապրում Փարաջանովը. ինձ թվում է, որ ես նրա թոռն եմ, բայց ծնվել եմ իմ հորից ու մորից։

Պատվախնդիր տեսակդ երբեք  չհասարակացավ։

Ես բոհեմին սովոր պոետ էի, բայց գինով այդպես էլ չտեսա քեզ։ Կում-կում վայելում էիր քո կոնյակը  կամ վիսկին, անգամ այդտեղ էլ  կարծես դասական ֆիլմի դերակատար լինեիր։

Իմ կոլորիտային ընկեր Դավիթ, հիմա ես եմ պտտում հիշողության  ժապավենը, խնդրում եմ՝ դու իմ  անվարժ  անցումներին քո  նույն, ծանոթ  քմծիծաղով  չնայես։ Ախր շատ դժվար էիր ստեղծել մի դիմանկար, ուր այդքան ինքնատիպություն ու անսովորություն կա։

Իսկ քեզ շրջանակելը անհնարին է։

Դու ազատ տարածքի  անհատականություն ես, Դավի՛թ Մուրադյան։

Քո անվերադարձ ճամփորդությանը թող արարումի լույսը միշտ ուղեկից լինի։

 

ՀՌԻՓՍԻՄԷ

 

 

Խորին ցավակցությունս եմ հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, ընկերներին և Գրողների միությանը։ Մենք միշտ վառ կպահենք նրա հիշատակը, ես երբեք չեմ մոռանա նրան։

Հարգանքով և ցավակցանքով՝

Հենրիկ ԱՆԱՍՅԱՆ

Լոս Անջելես

 

 

***

…Իսկ հայ վանականը մի օր դուրս է եկել իր խստակյաց մենաստանից, կտրել-անցել այս նույն Եվրոպան ու հասել «եզրն աշխարհի», որտեղից էլ սկսվում է «համատարած ծովը»: Ոչ առանց հպարտության նա գրում է. «Եվ նոքա կու զարմանային, թե զայսչափ աշխարհս դուն ո՞նց կացիր հետեւակ քալել»:

Վանականի անունը եղել է Մարտիրոս: Մականունը՝ Երզնկացի, որ նշա­նակում է՝ Երզնկա քաղաքի կողմերից: Նրա անհասկանալի տոկունությամբ զարմացած և Հայաստանի մասին անշուշտ քիչ բան իմացող իսպանացիք հյուրընկալել են այդ էկզոտիկ օտարականին Ֆինեստեորե կոչվող հրվան­դանում, իսկ հետո նավ նստեցրել ու տարել դեպի հարավ:

Սա հին պատմություն է: Հայ գրողը այլաբանական վիպակ է գրել այս «միջաստղային թափառականի» մասին, հայ կինոռեժիսորը՝ նկարահանել երևակայության հետքերով գնացող ֆիլմ: Մարտիրոսի ուխտագնացությունը սկսվել է 1489 թվականի հոկտեմբերի 29-ին և ավարտվել հինգ ու կես տարի անց: Բոլոր այդ տարիներին նա շրջել է եվրոպական սրբավայրերով: Եթե ցանկանանք հարցնել, – ինչո՞ւ, գուցե հետևյալ պատասխանը գտնենք. նա փնտրել է իր կապը ընդհանուրի հետ: Նրա դեգերումների վկայությունը մնացել է իր իսկ ձեռքով գրված հիշատակարանում, խոշոր քաղաքների, իր համար հանգրվաններ դարձած վանքերի, տարբեր ազգերի կյանք ու սարքի նկարագրությամբ: Գիտակ մարդիկ, ըստ այդ հիշատակարանի, հաշվել են նրա քայլած ճանապարհների երկարությունը և ստացել տասներեք հազար կիլոմետր:

 

ՆՈԹԱՏԵՏՐԻ ԷՋ. Մարտիրոս Երզնկացի վանականին պատկերացնում եմ Դոն Կիխոտի կերպարանքով: Գուցե չարաչար սխալվում եմ: Բայց այդ­պես եմ պատկերացնում:

 

* * *

«Ալ չեմ կարիր քալել, անձիս տաղարն հատավ» – երեխայի պես անկեղ­ծացել է նա, բայց արդեն ճանապարհի վերջում՝ ծովագնաց բասկերին հանդիպելով:

Կոլումբոսի ժամանակների հայ: Մեկուսի վանքի զավակ, որի երկիրը այդքան հեռու է Եվրոպայի գեղեցիկ ու վտանգավոր խաչուղիներից: Նրան գրկել ու զորավոր ուժով մինչև օվկիանոսի ափն է տարել մեծ շարժման տարիների քամին:

Մարտիրոս Երզնկացի վանականը հետաքրքրասեր մարդ էր, դա ակն­հայտ է: Նաև համարձակ, այսինքն՝ անհրաժեշտ մի խենթության տեր, առանց որի ոչ ոք նոր ճամփա չի բռնում: Թերևս նա էլ էր կարծում, որ գեղե­ցիկը կփրկի աշխարհը: Որովհետև հավատացյալ էր: Համենայնդեպս, շատ չենք սխալվի, եթե այսպիսի ենթադրություն էլ անենք:

Ինքն իրեն ընդարձակելու մղում:

Ճանապարհների փոշի ու ճանաչողության լույս:

Ինձ դուր է գալիս նրա հանճարեղ մենակությունը իր հայրական բնօր­րանից դուրս, չորս կողմը ծավալվող, շարունակ մեծացող աշխարհի մեջ: Ինձ դուր է գալիս նրա հաղորդակցությունը այդ աշխարհի բազմալեզու բնակիչների հետ: Տեսնես քանի՞ անուն ու քանի՞ դեմք է փորագրվել նրա հիշողության մեջ, մինչև իր երկրային ժամկետի ավարտը: Տեսնես քանի՞ մարդ է հետո հիշել այդ թխամազ ուխտավորին, տիեզերական Կոստանդնապոլսից մինչև հավերժական Հռոմ և իսպանական հեռուներում կորած Սանտա-Մարիա բնակավայրը:

Այս մարդը աշխարհի բազմազանությո՞ւնն էր փնտրում, թե՞ նրա ցան­կալի միասնությունը: Ի վերջո նա կարողացա՞վ պատասխաններ գտնել, թե՞ միայն ավելացրեց հարցերի քանակը:

Հարց առաջին. ի՞նչն է արդյոք իրար դեմ հանում ժողովուրդներին ու մարդկանց, եթե նրանք նույն աղոթքներն են հասցեագրում ամենքին հավասարապես ծածկող երկինք:

Հարց երկրորդ. ինչպե՞ս է, որ արժեքները բոլորի համար ընդհանուր են, իսկ շահերը՝ հաճախ տարբեր:

Երրորդ հարցը. առաքինություննե՞րն են ավելի շատ միավորում մահ­կանացուներիս, թե՞ արատներն ու մեղքերը:

Հայն ի՞նչ ունի փնտրելու իրենից դուրս: Չորրորդ, բայց բոլորովին էլ ոչ վերջին մի հարց:

 

* * *

Հիմա այդ անհանգիստ կրոնավորը, գրիչ բանեցնողը և, վերջապես, արկածասեր-փիլիսոփան, ամենևին չամաչելով իր քրքրված, այլևս անպի­տան դարձող ոտնամաններից, կանգնել է ճիշտ իմ դիմաց, միջանցքի կիսա­բաց պատուհանի մոտ, և ուշադրությամբ զննում է իսպանական արագա­շարժ բնանկարը՝ հայկական դիմագծերի չափավոր խառնուրդով:

«Գնալը հասնելուց հետաքրքիր է»,- առանց մի հատիկ բառ արտասա­նելու ասում է նա, և ես չեմ փորձում մազաչափ անգամ զարմանալ, որ նրա խոսքերը այդքան պարզ լսելի են անիվների չդադարող աղմուկի միջից: «Ճանապարհները խոշորացնում են տեսողությունը»,- ավելացնում է նա՝ հայացքը դարչնակարմիր բլուրներից, արևի տակ մեջք տաքացնող երի­վարներից ու շիկացած տանիքներից չկտրելով: «Երբ հեռանում ես սեփա­կան շեմից, տունդ երևում է լրիվությամբ: Պատկերը շրջանակ է ստանում, ունեցածդ դառնում է ավելի թանկ: Բայց մարդս ծնվել է, որ ապրի բովանդակ աշխարհի հետ, նույնիսկ եթե նրա ամբողջ կյանքն անցնում է մեկ վանքի խցում»:

Միջանցքով անցուդարձ են անում իմ նոր բարեկամները: Գնացքը հրճվում է իր արագությամբ, հանդիպակաց քամին խփում է ուխտավորի դեմքին, խառնում երկարած մազերը, իսկ ես մտածում եմ, որ նրա ներկայու­թյունը բացարձակապես անհնարին է ու միանգամայն անխուսափելի…

 

* * *

Մարտիրոս Երզնկացի վանականին ես հիշել եմ արդեն երեկ, որովհետև մենք ևս հասել էինք «համատարած ծովին»: Մեր առջև Ատլանտյան օվկիանոսն էր, ավելի ճիշտ՝ նրա բաց դարպասը, երիզված պորտուգալա­կան քարքարոտ ցամաքաշերտով:

Կեսօրվա ժամ էր, խմբվել էինք բարձրադիր դարավանդին: Ներքևում, իրոք, ընդամենը ծով էր, որն առանց դժվարության տեղավորվում էր հայաց­քիդ մեջ՝ անհավակնոտ, թեթև ալեբախությամբ, վերևում՝ անամպ երկինք, իսկ աջ ու ձախ կողմերում՝ ուղղահայաց ժայռեր, որոնք լուռումունջ հսկում էին աշխարհամասի մուտքը: Մի խոսքով՝ անթերի հարավային գեղեցկու­թյուն, տուրիստական անմրցելի մի տեսարան՝ անընդհատ լուսանկարվե­լուց կատարելապես ձանձրացած:

Իսպանացի բարեկամս, որի հետ ծանոթացել էի հազիվ երկուս ու կես օր առաջ, բայց հիմա կարծում էի, թե դարձյալ հանդիպել եմ չափից ավելի եր­կար ընդմիջումից հետո, ասաց. «Այստեղ վերջանում է Եվրոպան: Կամ սկսվում, եթե այս անգամ սկիզբը արևմուտքից հաշվենք: Ի դեպ, տիտան­ների ճակատամարտը այս ափերին է եղել»:

Բարեկամիս ձայնը հատուկ շեշտեր չուներ: Հոյակապ էր նրա հպանցիկ «ի դեպ»-ը: Այսպես խոսում են վերջերս կատարված ու բոլորի հիշողության մեջ դեռ թարմ իրադարձության մասին, ուստի հենց այդ պահից էլ ծայր առավ ժամանակների ազատ խաղը, սովորական տեղանքը բացվեց իր խորհրդավորությամբ:

Իսկապես, ահա և «եզրն աշխարհի», որի դիմաց, հենց այսպիսի մի դա­րավանդի վրա, հինգ դար առաջ կանգ է առել Սուրբ Կիրակոսի անապատից ճամփա ելած ուխտավորը՝ իր ուժից ավելին գտած տղամարդը, ուսյալ ու վեցամյա դեգերումներից է՛լ ավելի իմաստացած հոգևորականը, իր կող­քին, անշուշտ, իսպանացի մի բարեկամ ունենալով: Էլ ի՞նչ կա զարմանալու, որ զուգահեռները այստեղ հատվում են՝ իրենց հիմնական օրենքը մոռա­ցած: Էլ ինչպե՞ս չհարցնես, թե ի՞նչ է մեր եկած տեղը: Տուրիստական տեղե­կագրքերով գովաբանված հասցե կամ առասպելական ափ, ուր եղելություն­ները վաղ թե ուշ դառնում են սիմվոլիկ, իսկ միֆերը՝ մեր գիտցած կյանքի չափ հավաստի: Հանգուցակետ: Սահմանագիծ: Եվրոպայի վերջը, եթե հաշ­վարկը վերցնենք արևելքից:

Մինչդեռ բարեկամս պատանու պես ժպտում ու բարձրաձայն, այս ան­գամ արդեն պատշաճ հնչերանգով, հիշում է բանաստեղծի տողերը. «In my beginnig is my end. In my end is my beginning…», որ նշանակում է. «Իմ սկզբի մեջ իմ վերջն է, իմ վերջի մեջ՝ սկիզբը իմ»: Դարձյալ ոչինչ անել չես կարող, գրականությունը մեր հին ու անբուժելի հիվանդությունն է, որն էլ տարբեր երկրներից բերել ու հավաքել է մեզ իրար գլխի՝ Եվրոպայի հայտնագործու­թյունը հենց այս վերջակետից սկսելու համար:

«Գնացքներ և ճանապարհներ»

2001