Արքայանարինջը/ Արարատ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ

(Հայտարարված Աճուրդ-Մոնոդրամա քաղաքային սրճարանում)

Քաղաքային սրճարան (փակ կամ բացօթյա)՝ կահավորված մինիմալիստական ոճով: 8-10 սեղան, մատուցողներ, հաճախորդներ, որոնք նաև աճուրդի մասնակիցներ են դառնում: Քաղաքային դիմագիծ և կոլորիտ ձևավորող հաճախորդ-մասնակիցներ՝ Կենսագիրը, Գնդապետ Գասպարը, Մեգապոլիսից «Գիշերաթիթեռ» հյուրանոցային ցանցի համահիմնադիր տիկին Նուարան, օրիորդ Ջիջին, գրականագետ, դոկտոր Մանուչարը, լրագրող Հովհաննես Զորավիգը և այլն: Սրճարանի երևացող դիմապատից հաճախորդներին է ժպտում ագորացի հանրահռչակ կենսափիլիսոփա, երջանկահիշատակ պարոն Ֆուֆուի՝ Արքայանարինջ համտեսող դիմանկարը: Հնչում են ջութակի հաճելի մանրանվագներ, ժամը 19:00, մեղմ, հոգեթով երեկո:

Սրճարանի մի անկյունից հայտնվում է տիկին Լաուրան (61 տարեկան)՝ իր մշտական կոլորիտային հագուստով, աջ ձեռքին՝ բավականին մեծ (385 գր.), թարմաշունչ, արևաշող Արքայանարինջ.

– Ադամնե՛ր, Մադամնե՛ր և Ֆանդամնե՛ր, սիրելինե՛րս, դուք այստեղ եք՝ հույզերով ու սիրով լեցուն, հեշտագին գիշեր պարգևող կապուղիների տիրույթում: Ողջունում եմ ու երախտապարտ եմ: Ուղղե՛ք ձեր ժամացույցները, հայտարարված Հրաշք-Աճուրդն արդեն իսկ մեկնարկել է: Ահա՛ տեսնում եք՝ իմ ձեռքին է  3 սերունդների բացառիկ խորհրդանիշը՝ շենշող Արքայանարինջը: Կանոնակարգի համաձայն՝ Նրան կտիրանա  այն համարձակ գնորդը, որն իրապես կգնահատի Նրան: Ի դեպ, վճարված ամբողջ գումարը կփոխանցվի «Արքայանարինջ» բարեսիրական հիմնադրամին, որն էլ նպատակ ունի նաև այդ միջոցներով Ագորա լեռան հարավային ջերմ լեռնալանջին կառուցելու արևաշող Արքայանարինջի այգիներով պարուրված զբոսաշրջային Կենսատարածք:

Բոլոր հաճախորդները բարձր ծափահարում են:

– Շնորհակալությո՛ւն, սիրելինե՛րս, շնորհակալությո՛ւն: Հիմա թույլ տվեք մեծագույն ներշնչանքով ներկայացնել Հրաշք Արքայանարինջի անկրկնելի պատմությունը, Նրա փառահեղ ոդիսականը, որը Նրան կերպավորեց այնպիսին, ինչպիսին գիտեք և տեսնում եք: Եվ ահա՛, այդ հրաշալի պատմությունն սկսվում է այն հեռավոր Ամանորի գիշերից: 50 տարի է անցել այդ օրից, ես 11 տարեկան էի, երբ հանկարծ Ամանորի բազմապիսի ուտեստներով ու մրգերով ծանրաբեռնված սեղանի վրա նկատեցի այդ շողշողացող, արևափայլ Արքայանարինջը.

– Շտապի՛ր, արա՛գ, վերցրո՛ւ այդ Արքայանարինջը,- ներքին մի ձայն անմիջապես հուշեց ինձ:

Ես ժամանակ չկորցրի, կանգնեցի աթոռին, որ ձեռքս հասնի Նրան, և, ուր որ է, ցանկանում էի վերցնել, տեսա, որ մեզ հյուր եկած հարևան պարոն Ադամը ևս ցանկանում է տիրանալ Արքայանարինջին:

– Է՛յ, հե՜յ, ի՞նչ ես անում, ապա մի թո՛ղ, դա աղջկա Բախտն է,- լսվեց նրա տիկնոջ՝ Մադամի միջամտող ձայնը:

Ես շտապ վերցրի շողշողացող Արքայանարինջն ու վազեցի դեպի իմ ննջարանը: Քիչ անց իմ ետևից ննջարան մտավ հարևանի տղան՝ 13-ամյա Ֆադամը:

– Այդ ի՜նչ գեղեցիկ Արքայանարինջ է, թույլ կտա՞ս՝ ձեռք տամ Նրան:

– Այո՛, կարող ես, Ֆադա՛մ, ձե՛ռք տուր, շոշափի՛ր, միայն զգո՛ւյշ, հոգատա՛ր:

Ծափահարություններ սրճարանի հաճախորդների և մատուցողների կողմից:

– Տարիներն անցնում էին, ես հասունացել էի, մեծ օրիորդ էի դարձել, իսկ Արքայանարինջն օր օրի էր գեղեցկանում, Նրանից տարածվող բույրն ուղղակի խենթացնող էր դարձել:

– Լաո՛ւրա, հասկանում ենք, դու անկրկնելի, բացառիկ Արքայանարինջ ունես, բայց Նա հասունացել է, հասկացի՛ր, ժամանակն է, որ դու ընտրություն կատարես և թույլ տաս, որ քո ընտրյալը ևս խնամի ու տիրություն անի, պաշտպանի Նրան, հոգեպարուրվի Նրա հետ,- ամեն օրվա հետ բոլոր կողմերից սաստկանում էին օրակարգային քննարկումները…

Ի դեպ, որպես իրազեկում Արքայանարինջի խնամքի մասին: Հետևում եմ ժամանակակից բոլոր պրոտոկոլներին՝ ապահովելու և կիրառելու ստանդարտացված չափորոշիչները, որպեսզի բարձրակարգ խնամք ապահովող միջավայր ստեղծեմ: Մշտապես պահպանվում է բնական միկրոկլիման՝ Արքայանարինջի էնդեմիկ կենսագործունեությունը կանոնակարգելու համար, ջերմաստիճանը կայուն 88° է՝ ըստ Ֆարենհայտի, օդի անխոչընդոտ հոսքը և խոնավացման համակարգերը միջազգային հանձնարարականներին համահունչ են: Հիգիենիայի բոլոր պրոցեդուրաները՝ միայն ու միայն հանրահայտ ֆիրմաների գործիքակազմով: Այս ամենը մշտապես փաստագրվում է և պարբերաբար հայտարարագրվում բոլոր շահառու կառույցներում:

Սիրելինե՛րս, ահա՛ այսպիսի իրականություն, սակայն ես հիմա նաև ուրիշ բան եմ ուզում ասել: Անցած 50 տարիների ընթացքում Արքայանարինջի հանդեպ աննախադեպ ու բացառիկ հարգանք ու հոգատար վերաբերմունք եմ ցուցաբերել, ի վերջո Նրա բոլոր իրավունքները պաշտպանված են Կոնվենցիայով, և լինենք անկեղծ ու մարդկային. Նա ոչ մի բանի Կարոտ երբեք չի զգացել: Նա տեսել ու վայելել է, քայլել է Աշխարհի  հավերժական ճանապարհներով, դիմավորել է արևածագը Պոնտական ծովի ոսկյա ափերում, հեքիաթային հյուրատներում ներկա է եղել հրաշք խրախճանքների, հատել է շատ ու շատ կարմիր գծեր ու պատնեշներ: Նա իրոք ապրել է ու իմաստուն դարձել:

Բարձր ծափահարություններ հաճախորդների ու սրճարանի անձնակազմի կողմից.

– Սիրելինե՛րս, Արքայանարինջը հիմա է՛լ առավել քան թարմ է և մրցունակ, լեցուն կենարար պտղահյութով ու բուրմունքով: Երեք օր առաջ էր պտղահյութի հերթական ստանդարտացման փորձաքննությունը: Բոլոր ցուցանիշները նույնիսկ գերազանցում էին լավագույն շատ չափորոշիչների: Տեսե՛ք՝ ինչպես է հրճվում Նա, հիմա հերթով մոտեցնեմ բոլորիդ, վայելե՛ք Նրա կազդուրիչ բուրմունքը:

(Տիկին Լաուրան մեկ առ մեկ մոտենում է սրճարանի հաճախորդներին և թույլ տալիս, որ նրանք վայելեն Արքայանարինջի բուրմունքը:)

– Տեսնո՞ւմ եք՝ ինչպես է զվարթանում Նա, արևի պես է նայում ձեզ: Նա սիրում է ձեզ: Նրա այս անանց թարմությունը և պտղահյութի նրբահամ բուրմունքը, իհարկե, նաև լավ ժառանգականության արդյունք է, բայցև անկասկած հետևողական գրագետ խնամքի և առողջ ապրելակերպի հետևանք է: Ինչպես արդեն նշել եմ, Արքայանարինջի բացառիկ խնամքը և լիցքավորող մարզումների օրակարգը ոչ միայն կանոնակարգված պրոցեդուրաների հստակ ժամակարգ են ենթադրում, այլև պահանջում են մի շարք ոչ շաբլոն մտքերի նյութականացում: Պարականոն խնամքի ողջ գործիքակազմը և հարակից ուղեցույցները, սննդակարգի բացառիկ բաղադրատոմսերի բանաձևերը, ինչպես նաև ալպիական մարգագետիններում հավաքված կազդուրիչ խոտաբույսերի փնջերը և նրանց կիրառման ցուցումները ես սիրով կփոխանցեմ այս օրվա Հրաշք Աճուրդի հաղթող մասնակցին, որ նա կարողանա անխոչընդոտ ու սահուն  փոխկապակցվել ու սիրել Արքայանարինջին:

(Ծափահարություններ:)

– Շնորհակալությո՛ւն, կրկին երախտապարտ եմ ձեր ներկայության և ակնկալվող մասնակցության համար և, կարծում եմ, արդեն ժամանակն է՝ հայտարարենք այսօրվա մեր բացառիկ Աճուրդի մեկնարկը.

– Եվ այսպե՛ս, վաճառվում է արևաշող ու անկրկնելի Արքայանարինջ, կշիռը՝ 385 գրամ՝ նրբահամ պտղահյութի կիրառման, երկարաժամկետ պահպանման ուղեցույցներով: Մեկնարկային գինը՝ 100 ոսկի:

– Տիկի՛ն Լաուրա, առաջարկում ենք 500 ոսկի:

– Շնորհակալությո՛ւն թանկագի՛նս: Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ Աճուրդից ստացված գումարի մի մասը պետք է նպատակաուղղվի Ագորա լեռան հարավային ստորոտում էնդեմիկ Արքայանարինջի ինտենսիվ այգի հիմնելու համար:

– Տիկի՛ն Լաուրա, 1100 ոսկի…

– Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն, սիրելի՛ս: Բարձրաձայնեմ նաև, որ «Արքայանարինջ» բարեսիրական հիմնադրամի մոտակա ծրագրերում ամրագրված է երիտասարդ Մադամների համար կիրակնօրյա դպրոցի կազմակերպումը, որտեղ հմուտ դասավանդողները նրանց կուսուցանեն Արքայանարինջի խնամքի, նրբահամ պտղահյութի երկարաժամկետ պահպանման, գրագետ օգտագործման և նպատակային կիրառման նրբագույն արհեստի հաճելի գաղտնիքները:

– Տիկի՛ն Լաուրա, առաջարկում եմ 2700 ոսկի…

– Շնորհակալությո՛ւն, հարազա՛տս, միշտ երախտապարտ եմ, տիկի՛ն Նուարա, ցանկանում եմ ձեզ բոլորիդ, մեր հանրությանն իրազեկել հիմնադրամի մի անչափ կարևոր նախաձեռնության մասին: Եկող Ամանորին լրանում է Արքայանարինջի համընդհանուր ճանաչման ու կերպափոխման հոբելյանը: Կարծում ենք՝  շատ պատեհ առիթ է՝ կազմակերպելու մի համաժողով՝ «Գլոբալ անվտանգությունը Արքայանարինջի դարաշրջանում» խորագրի ներքո, որը, հավատում ենք, մեր քաղաքն այդ օրերին կդարձնի ավելի ճանաչելի ողջ աշխարհի համար:

– Տիկի՛ն Լաուրա, առաջարկում եմ 5400 ոսկի:

– Bravo, պարոն Գնդապետ, Bravo, շնորհակալությո՛ւն: Եկեք բարձր ծափահարենք պարոն Գնդապետ Գասպարին՝ մեր քաղաքի պատվավոր քաղաքացուն, համապարփակ անվտանգության իրական ջատագովին, արհեստավարժ զինվորականին, Արքայանարինջի իսկական գնահատողին ու մեծարողին: Ինչպես նկատում եմ, հարգելի՛ Գնդապետ, արդեն իսկ հաղթել եք Հրաշք Արքայանարինջի բացառիկ Աճուրդում, ուրիշ առաջարկներ, տեսնում եմ, այլևս չկան, շնորհավորում եմ Ձեզ, Bravo: Արքայանարինջի հետագա ճակատագիրը, հավատում եմ, Ձեր հոգատար ձեռքերում է: Կրկին շնորհավորում եմ, պարո՛ն Գասպար, սիրում եմ Ձեզ:

(Մոտենում, գրկում և համբուրում է, փոխանցում է Արքայանարինջը Գնդապետին:)

Ցանկանո՞ւմ եք ինչ-որ բան ասել, պարո՛ն Գնդապետ… Այո՛… Հասկանալի է, այսօր մինչ ուշ գիշեր սրճարանի բոլոր հաճախորդների համար անվճար հյուրասիրություն եք առաջարկում Ձեր կողմից՝ այս հրաշք իրադարձության առիթով: Bravo: AGORA համազգային սիրելի գարեջրի անսահմանափակ հյուրասիրություն, դե ուրախացե՛ք սիրելիներս, պարային երաժշտությո՛ւն միացրեք, ուրախացե՛ք…

Հրաշք երեկոն շարունակվում է…