ՎԱՅՐԻ ՎԱՐԴԵՆԻ ՔԱՂԱՔԻ ՏՂԱՆ
Ես ապրում եմ քարե թերթերիդ,
Ինչպես ցող,
Ես ուզում եմ դու ձգվես ինչպես շեփորի ճիչ առավոտյան
Ու գետը տանի կարմիր մասուրը քո օրերի,
Երևան, վայրի վարդենի:
Էդվարդ Միլիտոնյան
«Երևանցի տղան» խորագրով լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի 98-րդ գիրքը, որը գրական տարբեր ժանրերի համադրումով մի ամբողջական գործ-հավաքածու է՝ բաղկացած երկու բաժնից՝ «Պոեզիա» և «Արձակ»։ Տպավորիչ ու խոսուն է գրքի ձևավորումը, որը որոշակի զգացողություն ու տրամադրություն է ստեղծում։ Կազմին միլիտոնյանական շարժուն մտածողությանը հատուկ բազմախորհուրդ հայացքներ են՝ մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսին նման դիմանկարներից ճառագող և խորքային, ինչպիսին Արարատով երևանյան համայնապատկերն է։
«Երևանցի տղան» գիրքը սկսվում է «Պատահականությունը՝ գրական և ճակատագրական» հեղինակային նախախոսքով, որում նախանշվում է, թե ինչպես մայրաքաղաքային միջավայրում, երբ «Քո տեղն իմացող//Հազար թռչուն կա, հազար ծանոթ,//Քեզ հիշեցնող հազար անցում կա,//Հազար անցորդ», ոչ պատահական պատահականությամբ՝ ֆուտբոլի, շախմատի, գրականության և նկարչության թռչող գորգերի ճախրանքում ձևավորվել է երևանցի տղան՝ Էդոն («Եղբայր իմ Էդո, պայծառ տղա//Այս առօրեական ու խելառ կյանքում»), Էդվարդը («…ցնդած Էդվարդ՝//Քեզ հիշեցնող հազար-հազար բան»), ապագա գրողը՝ Էդվարդ Միլիտոնյանը («Գիտեմ գինը ցավի, փորձության, հաղթանակի։//Թույլ տվեք ուրեմն ինձ համարեմ//Օդի պես ազատ ու թափանցիկ,//Թույլ տվեք ինձ պես տողերն իմ բացվեն//Ու սրբորեն ընդունեն կյանքը»)։ Նախախոսքը եզրափակվում է Միլիտոնյանի երախտագիտության խոհով. «Շնորհակալ եմ իմ Երևանին, որին, ինչպես փոքր տարիքում, երբ բացակայում էի որոշ ժամանակ, կարոտում էի անասելի։ Այս մասին դեռ չեմ գրել։ Մի օր կարոտն ինքը կգրի»։ Սակայն գրքում էջից էջ հենց կարոտն է դրդում գրող Էդվարդ Միլիտոնյանին, որպեսզի խորաթափանց շրջահայացությամբ ու ներըմբռնողությամբ, վայրիվերումներով լի մի ժամանակաշրջան իր ներաշխարհով անցկացնի ու դարձնի հոգուց պոկված թերթերի գիր, որի էությամբ հոսում է հայրենական «տարագույն տուֆերի, բազալտի, բազմագույն մարմարի, գրանիտի ու խճաքարերի բույրն ու հրաբխային ջերմ հուշը»՝ ճախրանքի պես ազատ, անբռնազբոս ու հախուռն։ Չէ՞ որ շատ է ապրվել, և որքա՜ն բան կա հիշելու, նորից վերաիմաստավորելու, հասկանալու կյանքի տակնուվրան, ինչն էլ խոհագրությանը դիմելով՝ հաջողությամբ կատարել է Էդվարդ Միլիտոնյանը։
«Երևանցի տղան» գրքի բանաստեղծություններում ու էսսեներում հայի ինքնության հազարամյա ծանրությամբ ու թեթևությամբ, մտազգայնության իմաստավորված փորձով է անցնում գրող Էդվարդ Միլիտոնյանը մայրաքաղաքային նորօրյա կենցաղի միջով, ուր. «Ամեն տուն պահում է պայտը//Հեռավոր մի գավառի,//Ամեն անկյուն բոցկլտում է ուրույն իր բարբառի//փշրանքներով»։ Նա անդրադառնում է քաղաքային առօրյայի և՛ լավին, և՛ վատին՝ որպես գրային արժեք դրանք չտարբերակելով իրարից։ Միլիտոնյանի գեղարվեստական խոսքը վեր է պատմագրությունից կամ հուշագրությունից. այն գտնվում է աշխարհը տեսնելու խոհագեղարվեստի հմայքում, ուստի, նա կարողանում է նաև թևել «վարդագույն կամարակապ թռիչքների» հոգևոր երկնքում և շարունակաբար ընթանալ, ինչպես ինքն է գրում՝ «Երկու թռչուն՝ մի սրտով»։ Այդ ամենը գրքում մասնավորեցվում է Սարի թաղի մեջ կատարվող պտույտով մը, սակայն այս պարագայում տեղանքը բնութագրիչ երևույթ է, որն ունակ է իրենով ընդհանրացնելու Երևանն ու երևանցուն, քանի որ ի սկզբանե գենետիկորեն «Եղել է փոխներարկում լույսի»՝ մասնավորի և ընդհանուրի միջև։ Այս իմաստով՝ նշանակալիորեն հաջողված ու ինքնատիպ օրինակ է «Բազմահարկ շենքի առօրյան» շարքը, որը կարծես քաղաքի կոլորիտային միջավայրին բացված մի պատուհան լինի։
Անշուշտ, Էդվարդ Միլիտոնյանը քաղաքագիր գրող է, սակայն ավանդական գյուղագիրների պես նրա մեջ էլ ելևէջում են անաղարտ բնությունը, պարզ ու անխոտոր հավատն ու անպաճույճ երևակայությունը, ինչի արտահայտությունն է նրա բացախոս մտածողությունը, շիտակ անմիջականությունն առ Երևան.
Ամեն բացված պատուհանից երևում ես դու,//Ամեն դուռ բացելիս դիմավորում եմ քեզ,//Մենք դեմ առ դեմ ենք սեղան նստում://Ձյունդ կիսվում է հացի նման,//Գինիդ հոսում է առավոտի պես,//Աղդ փայլում է, երբ նայում ենք իրար։
Ահա թե ինչու կենցաղում անգամ բանաստեղծը երկինք է փնտրում.
Դժվար էր հասնել այս գրին,//Եթե դեռևս վայրի մնացած փոթորիկը աղբանոցից//Երկինք չհաներ գույնզգույն, թռչնորեն ճախրող/Ցելոֆանե տոպրակներ, որոնց արանքում//Հազիվ իրենց երկինքն են գտնում մի քանի սերմագռավ։
Էդվարդ Միլիտոնյանն իր «Ծնվել եմ Երևանի Մարգարյան ծննդատանը» քերթվածքում գրում է.
Ասեմ՝ ծնվել եմ 1952 թվականի//Մայիսի 12–ի լույս գիշերը://Նորմալ ճչացել եմ,//Իբր հայ-հարայ ծնվեցի։
Եվ Երևանի Սարի թաղում «Ամեն բացված պատուհանից» նա սկսեց դիտել ու ճանաչել աշխարհը.
Այն օրը հասկացա՝ ինչ է հարազատությունը,//Երբ պատուհանից, միջնակ եղբորս գրկից//Տեսա առաջին անգամ շառագույն//Լիալուսինը://Տան կավճավուն պատերը մաքուր էին,//Եվ տաք էր մորս կուրծքը՝//Ամոթխած դուրս եկած չթի ճեղքից://Իրերը թիթեռների պես մերթ կպչում,//Մերթ պոկվում էին մտքիս թույլ սոսնձից://Ամեն բառս հրճվանքի ծաղիկ էր//Լսողների ժպտացող շուրթերին,//Ու ես ապահով էի գազանիկի//Փափուկ մորթու մեջ://Ժամանակն անցնում էր, ես ընկնում էի //Իմ տեղը, որպես մանուկ, որին դիպչելու չափ//Մոտենում էր անտառը, քարհանքը բազալտի։ Այնժամ էր, որ հայացքը զարնվեց Սարի թաղի քարհանքի բազալտին, հոգին կայծքարի պես կայծեր արձակեց, և նա հպատակվեց գրողի ճակատագրին. «Մորս օրհնանքն էր, որ գրի մարդ դառնամ»։ Ի դեպ, կարծում եմ՝ բազալտը Էդվարդ Միլիտոնյանի համար ավելի շատ զուգորդվում է մարմնական Երևանին՝ ստանալով ամրության ու հիմնայինի նշանակություն, իսկ վարդագույն տուֆը՝ հոգևոր, թևաբախ Երևանին, ու այս կենդանի, փխրուն ու կոշտ քարաշխարհում պեծպեծում է նրա գիրը. «Ուրեմն՝ ապրում եմ, որ գրում եմ,//Գրում եմ, որ ապրեմ»։
Անցյալ դարի վերջին քառորդից սկսած՝ տարիներ շարունակ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է իր թանկը՝ երևանյան աշխարհի սկիզբների սկիզբ հենարանին՝ Սարի թաղին.
Սարի թաղի որ անկյունից նայես, երևում է լեռը, որին Մասիս, Արարատ ենք ասել, ինչպես մեր մայրերը, ինչպես նախամայրերն ու նախահայրերը և, հետո իմացանք, նաև Արգիշտի ցորնամորթ արքան։
Արարատյան հայրական շուքի տակ սարիթաղցին ստեղծել է Երևանը հարստացնող, իրեն բնորոշ ժողովրդական քաղաքային մշակույթը. «Դե, արի ու մի հավատա, որ աշխարհը մի մեծ մաղ է, որի միջով վերև նայում՝ ծիծաղում ես արեգակին, որի միջով հողին նայում՝ ու տեսնում ես քարերի տակ քնած օձը և բոլորն էլ մաղի միջից ոչ ներքև են ընկնում վախով, ոչ էլ վեր են թռչում ահով»։ Սարի թաղի ստեղծարար «նորեկի ու տեղացու» շնորհիվ «Մեր բազալտները հասկանում են իրենց վրա շարված տուֆին, տուֆն էլ՝ խճին, խիճն էլ՝ հանգի համար ասեմ՝ խղճին։ Բայց դա այդպես է, իբրև թե խիղճ կա ամեն ինչի մեջ, իսկ այդ մասին ո՞վ պիտի ասեր, եթե դուդուկը չլիներ («…բոլոր կողմերից եկած հայերի//Տաք արցունքներով խցանված դուդուկ»)»։ Այնուամենայնիվ, Երևանի դիմապատկերի կնճիռներին, որոնք առաջացել են նրա ծիծաղից ու ցավից, սարիթաղցին հաղորդում է հայի գենին հատուկ տոկացող և բարությամբ հուսադրող համբերություն.
Սա մի քաղաք է հրաբուխ ծաղկի վայրի բուրմունքով,//Ռունգն հավերժի շնչել է նրան մեղվի արբունքով։
Էդվարդ Միլիտոնյանը դրվագ առ դրվագ, պատկեր առ պատկեր, բառ առ բառ՝ ուղղակի կամ փոխաբերական իմաստով, խոսեցնում է երևանյան համայնապատկերի նշանային համակարգը, որով հստակորեն պարզում է հինավուրց քաղաքի նորացող կերպարը։ Դրանում նշմարելին ու անգամ աննշմարելին, անձնական մեկնաբանության տիրույթում, պատճառահետևանքային տրամաբանությամբ հսկայական երևութային խորհուրդ են ստանում, ինչը փաստում է քաղաքի կենդանի օրգանիզմ լինելը, որին հատուկ են հոգևոր և կենսական օրինաչափությունները.
Թաղը՝ մի լար,//Վրան՝ մարդիկ ագռավաշար,//Մեկն Հալեպից,//Մյուսն ահա Սալոնիկից//Երգ է մռռում՝ է՛, սաղապո://Ռադիոյին ականջ կպած՝//Լուր Բաղդադից://Թուրքերեն խոսք, որ չըմբռնի//Հարևանը զանգեզուրցի://Բաստուրմաջի Լևոնն անցավ քիթը կախ://Դասարանում սուջուխի հոտ ախպարական://Թավլուի շուրջ ղահվե խմեց Գրիգորը://Փողոց ելած հարսը քաշեց երեխայի/Մրոտ ձեռից՝ բոշա է նա://Եվ մի տատմեր՝ հագի շորը հին, հնամաշ,//Ուրկի՞ց բերած, գուցե Թավրիզ շոգ քաղաքից://Տոլմայի հոտ,//Վաղոն պարեց Յուրի–յուրի, խմած է նա։
Բայց ամենակարևորը՝
Հացը սուրբ է այս փողոցում://Գետնից վերցնում, համբուրում են, քարին դնում,//Հարսանիքի սեղանի շուրջ եղեռնից են խոսում նրանք։
Էդվարդ Միլիտոնյանը «Երևանցի տղան» գրքի ծավալումների մեջ իրեն հատուկ դիպուկագրությամբ, որի գրավականը գրողի սուր միտքն ու աչքն են, կարողացել է հստակորեն տարբերակել կարևորն ու երկրորդականը, ընթերցողին և, մեծ հաշվով, պատմությանն առաջարկել գեղարվեստորեն մշակված վկայություններ, որոնք պատմազգագրական արժեք ունեն։ Դրանք ճշմարիտ գրական վավերագրություններ են՝ Երևանի քաղաքային կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, հասարակական, ավանդական և այլն) վերաբերող։ Անշուշտ, գրքի կենսամիջավայրին առանձնակի կենարարություն է հաղորդում հեղինակի հումորով օծված կենդանի խոսքը։ Ի դեպ, միլիտոնյանական հումորային խոսքին նախկինում անդրադարձել ենք «Բազմահարկ հումորի բառօրյան» հոդվածով։
Էդվարդ Միլիտոնյանի «Երևանցի տղան» ժամանակակից ասքերգության ձևն ու բովանդակությունը նախապես կանխորոշված չեն եղել. զգացվում է, որ այն թելադրել է ասելիքի մտավոր ու զգայական հարաբերակցությունը, հետևաբար՝ արդյունքում ծնվել են չափածո և արձակ ստեղծագործություններ, անգամ «Ու ծնվեցի» գործում միաժամանակ համադրված են չափածոն ու արձակը։ Արժե հիշատակել, որ բոլոր ստեղծագործություններն ունեն վերնագրեր, որոնք, ինքնավարությամբ օժտված լինելով հանդերձ, մեկ ամբողջական թեմայի մաս են կազմում։ Նույնը վերաբերում է իրենց հերթին գրքում զետեղված բուն ստեղծագործություններին, ինչն էլ կայացնում է գրքի կառուցիկ, աստիճանական ինքնավարությունը։ Ուշագրավ է նաև ախպարներին ներկայացնող՝ հեղինակի ընտրած դիտանկյունը (սովորաբար ախպարների մասին հանգամանալից գրում են հենց ախպարները)։
Հակիրճ գրախոսությունս եզրափակեմ մի դիտարկմամբ. անոտացիայում գրված է, որ Էդվարդ Միլիտոնյանի «Երևանցի տղան» ժողովածու է, ձևաչափն էլ այդ է հուշում, բայց սխալված չենք լինի, եթե ասենք՝ այն կառուցված է գրքի տրամաբանությամբ, որի կոնստրուկտիվ-ֆունկցիոնալ միասնական արարվածությունը հաջողությամբ գործում է հետաքրքիր լարվածության մեջ։
