Մայրը / Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Շուրջբոլորը բոցավառվում էր: Ագահ ճռթճռթան բոցը, խժռելով խիտ մթնշաղը, անսանձ սլանում էր դեպի վեր: Արյունոտ հրացոլքը կախվել էր մեռած քաղաքի վրա:

Այո, քաղաքը թվում էր մեռած. վախենալով հրեշավոր հրետակոծության վերսկսումից` մարդիկ դուրս չէին գալիս նկուղներից ու թաքստոցներից: Պատերազմի անդունդի մեջ ակամայից հայտնվել էր նաև խաղաղ բնակչությունը, սակայն չնայած սեփական կյանքին ուղիղ սպառնալիքին` մարդիկ ավելի շատ անհանգստանում էին նրանց համար, ովքեր գտնվում էին առաջնագծում: Քաղաքի արվարձանի մի կիսավեր տան մեջ չէր քնում մի տարեց կին` մտածելով միակ որդու մասին…

Հենց պատերազմի սկզբին հորն ու քրոջը մեքենայի մեջ հրկիզել էին ազերի գրոհայինները: Քույրը Ստեփանակերտ էր եկել հարազատներին տեսության, հայրն էլ հետը գյուղ էր մեկնում՝ թոռնիկներին և փեսային տեսնելու: Այդ ուղևորությունը ճակատագրական դարձավ: Երկու տարի անց, 93-ին, կռվում զոհվեց ավագ եղբայրը, և Ռոբերտը մենակ մնաց մոր հետ…

Երկրորդ շաբաթն անընդմեջ չէին հանդարտվում բարձրաբերձ լեռնանցքի համար մղվող մարտերը: Հաղթանակը երկու կողմերի համար էլ ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Բոլորը լարված, համակ ուշադրությամբ սպասում էին ռազմաճակատից եկող ամեն մի լուրի: Գիշերները մոր աչքին քուն չէր գալիս Ռոբերտի մասին մտածելուց: Կարծես արդեն պիտի համակերպված լիներ այն վիճակին, որ որդին ամիսն ընդամենը երկու անգամ էր տուն գալիս. ամսվա կեսին և վերջին: Այնուամենայնիվ, հրաշքի ակնկալիքով, անընդհատ հետևում էր սանդղահարթակի ամեն մի ոտնաձայնի:

Վերջապես որդին գալիս էր՝ հոգնած ու մրոտած: Խնամքով լվացվում էր, արագ-արագ ընթրում, ընկղմվում թարմաշունչ անկողնում: Մայրն էլ, որ երևակայության մեջ ժամերով զրուցում էր հետը, չէր հանդգնում բերան բացել: Նման պահերին դժվար էր որդուց բառ անգամ դուրս քաշել: «Ոչինչ, մյուս անգամ ավելի ուշադիր կլինեմ նրա հանդեպ»,-  ադամամութին հեռանալով՝ ինքն իրեն խոստանում էր որդին:

Պատրաստվում էին հերթական մարտին, և Ռոբերտը սովորականի պես իր «գազիկով» արկերը պիտի հասցներ դիրքերը: Ստորաբաժանման ճաշի ժամին հանկարծ մի բան խլրտաց սրտում. մարտից առաջ անպայման պիտի տեսնի մորը…

Տան ճանապարհին անընդհատ մոր մասին էր մտածում: Ամուսնու և դստեր մահը ջարդել էր նրա մեջքը: Կքվել էր, նիհարել, սակավ էր խոսում՝ դողացնելով անատամ բերանը: Ավագ որդու մահը վերջնականապես կոտրեց նրան, միայն մի ստվեր էր մնացել: Նստում էր անկյունում դրված վառարանի մոտ, չտեսնող հայացքը հառում մի կետի, իսկույն էլ չէր արձագանքում, երբ կանչում էին:

Ռոբերտը միայն այդ ժամանակ գիտակցեց նրա վիճակը և որդիական  սաստիկ խղճահարություն զգաց: Չէ՞ որ ինքը միակն էր, որ մորը կապում էր այս աշխարհի հետ…

Մայրը, կռացած, սեղան էր գցում: Ռոբերտը վաղուց էր նկատել, որ ընթրիքին մշտապես մատուցվող կարտոֆիլը երեկվա եփած է: Կռահում էր, որ մայրը, ասես որդու գալուստն արագացնելու հույսով, նախօրոք էր պատրաստում ընթրիքը, բայց ձեռք չէր տալիս մինչև իր գալը: Իսկ ինքն այնքա՜ն հաճախ էր ուշանում…

Լույսը հազիվ էր նշմարվում, երբ Ռոբերտը վեր կացավ անաղմուկ՝ մորը չարթնացնելու համար: Բայց նա արդեն ոտքի վրա էր: Վառարանի առջև կռացած՝ կրակն էր բորբոքում փչելով: Ցավագին խղճահարության ծանոթ զգացմունքից սեղմվեց սիրտը, երբ նավթավառի աղոտ լույսի տակ տեսավ մոր լղարիկ, ասես փշրված պարանոցն ի վար փռված նոսրացած մազերը…

Մայրը անսպասելի համառությամբ սկսեց որդուն աղաչել, որ հետաձգի գնալը: Ռոբերտը հիանալի գիտեր, թե իրեն ինչպես են սպասում առաջնագծում: Ամեն ինչից բացի, ուշանալը սպառնում էր խիստ պատժով: Սակայն մի ներքին ձայն հուշում էր, որ չի կարելի անտեսել մոր խոսքը. վաղուց նա չէր խնդրում ոչինչ:

Լույսը բացվել էր, իսկ նրանք դեռ նստած  էին սեղանի շուրջ: Որդին երբեք այդ օրվա նման անկեղծ ու քնքուշ չէր եղել մոր հանդեպ: «Էլի նստիր, մի գնա»,- անընդհատ շշնջում էր:

…Ռոբերտը մինչև վերջ սեղմում էր գազի ոտնակը: Պիտի հասցներ, ընկերներին երբեք հուսախաբ չէր արել…

Երբ հասավ, չկարողացավ միանգամից ըմբռնել ավագի խոսքերի իմաստը. նա մի տեսակ մեղավոր, ասաց՝ պետք չէ բեռնել, տղաներն այսօր իրենք մի կերպ դա կանեն…

Ռոբերտը փորձում էր հասկանալ մարտական ընկերոջը խոսքերը… մինչդեռ ինքը քարքարոտ ճանապարհով սլանում էր դեպի դիրքերը, այնտեղ՝ տանը, հոգին էր ավանդել մայրը:

Կտրվեց իր նախնիներին կապող վերջին թելը…