Ստևան ՏՈՆՏԻՉ
ՍՈՒՐԲ ԳԻՐՔ
Սուրբ մատյանները արտագրել են
Մագաղաթներին,
Մորթուն ընտանի կենդանիների…
Իսկ առյուծները, վագրերը նաև
Լուռ շրջանցել են
Գրչագիրներին ծանոթ վայրերը:
Հետո պարզվել է,
Որ ամենալավ մագաղաթները
Մատաղ գառների մորթուց են սարքում՝
Հուսալիորեն կրելով անմար հուրը հավերժի
Խավարից խավար
Եվ դարերից դար:
Ընդօրինակման համար Սուրբ գրքի
Գառների ամբողջ մի հոտ են մորթում,
Որ երբեք, երբեք գաղտնի չմնա
Առեղծվածն անմեղ խաչված գառնուկի.
Իսկ դա՝ դո՛ւ ես, դո՛ւ,
Ի՛նքդ՝ Խաչվա՛ծդ:
Միլուտին ՄԻՉՈՎԻՉ
ՄԻ ՆՈՐ ԽՈՍՔ ԵՂԻՐ
Որսի՛ր ժամերը, օրերը որսի՛ր,
Եվ գիշերները՝ մեծ ու աստղաշատ,
Երբ քեզ չեն տեսնում ու չեն լսում քեզ
Բացի Աստծուց թանկ ու սիրելի,
Ով վար է իջնում,
Քեզ հանդիպելու, քեզ ընթերցելու,
Հետո ասելու՝ Գիրք ես կենդանի,
Եվ դա է եղել ցանկությունը իր…
Սիրի՛ր անսահման լռությունը այդ,
Որում խաղաղ են
Ամենաշքեղ ձայները բոլոր,
Որոնք հուզում են Տիրոջը անգամ…
Սիրի՛ր, ինչպես է Տերը ընթերցում
Գիրքը կենդանի,
Ունկնդրիր նրան
Եվ սիրի՛ր սրտով դու անլսելի երգը երգերի,
Որը արծաթե ջրվեժ է երկնից,
Որով հպվում ես քո արմատներին,
Որով նոր մարդ ես դու դառնում մեկեն
Մի նոր ճառագայթ ու շունչ երկնային
Հոգնած աշխարհում…
Մի նոր խոսք եղիր
Նաև խուլերի, կույրերի միջև,
Խելագարների, կաղերի միջև…
Եվ հեռու մնա դու էգոիզմից,
Հավասարապես ընդունիր կյանքում
Թե՛ հարվածները, համբույրները թե՛
Դարում այս մռայլ,
Որում վխտում են
Ինքնասպանները, կախարդները և…
Դրագան ԴՐԱԳՈՅԼՈՎԻՉ
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Թափվում է ձյունը
Ամբողջ կեսօրին…
Վաղուց ամեն բան
Մարել է, ասես,
Լոկ ծուխն է ելնում
Տանիքից իմ տան։
Դուռը քեզ համար
Բացված է վաղուց…
Բուք է ու գիշեր
Լամպեր են վառվում
Պատուհաններին։
Իսկ դու դեռ չկաս:
Միխայլո ՕՌԼՈՎԻՉ
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ
ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ծաղիկը, որի անունն անհայտ էր,
Ժպտաց ինձ ժայռից,
Բզեզը, որի անունն անհայտ էր,
Ցույց տվեց ճամփան,
Թռչունը, որի անունն անհայտ էր,
Ուղեկցեց մինչև բացատն անտառի:
Իսկ աստղը անհայտ
Օգնեց իր փայլով,
Որ չսայթաքեմ…
Եվ կինն այն, որի անունն էր անհայտ,
Ձեռք մեկնեց սիրով:
Ու անհայտ մի գետ
Իր ակունքներին հասցրեց իսկույն,
Մի անհայտ երգ էլ
Ինձ քաջալերեց,
Ու երբ նայեցի նրա աչքերին,
Ես ճանաչեցի նրան իր ձայնով,
Որը կոչվում էր
Հետաքրքրասեր բնավորություն:
Ռիստո ՎԱՍԻԼԵՎՍԿԻ
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Հավատով ու լուռ
Տաճար է մտնում ժողովուրդը հեգ,
Փորձում քայլերով չընդհատել հանկարծ
Պահը սրբալույս…
Ու խոնարհվում է սրբերին բազում,
Մոմակալներին մոտենում սիրով,
Որ մոմեր վառի
Ողջերի համար
Ու մեռածների:
Մեղմօրոր ձայնով, շշուկով ծածուկ
Հիշատակվում են անուննե՜ր լուսե,
Եվ հուրհրացող մոմերի լույսից
Լուսավորվում է ճամփան մեզ ծանոթ
Երկրային կյանքի,
Նաև՝ Երկնային:
Սեփական հրից
Դանդաղ մարում են մոմերը վառվող,
Ջերմացնում ձեռքե՜ր,
Ջերմացնում դեմքե՜ր
Եվ հալեցնում են
Կրծքում ծանրացած սառույցն անհաղորդ
Ու ամենքի մեջ ներարկում, ասես,
Ինչ-որ թանկ մի բան անբացատրելի,
Որ կամրջում է մարդկանց սիրաբար`
Հաղորդակցելով Աստծու սրբերին:
Շաքե ջան, էսքանը…
ՆԵԲՈՅՇԱ ԼԱՊՉԵՎԻՉ
ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇ
«ՀԱՅԱՍՏԱՆ»
Ի՞նչն է ինձ համար սուրբ այս աշխարհում.
Բաբկեն Սիմոնյան պոետն է խորհում
Ու կոչ է անում նա աշուղներին,
Որոնք հպվում են երկնակամարին իրենց երգերով:
Վերում գագաթներ, տաճարներ են վեհ
Եվ նժույգներն են ճախրում թևավոր
Ուր արարատյան սուրբ աստվածների հանգրվաններն են։
Այդ ո՞ր Աստվածն է
Գժտության սերմեր շաղ տվել մեկեն
Շեն ու բարեբեր հողերին Հայոց,
Որ երջանկության խնձորը խլեն
Տիրակալները ամենակարող՝
Վիշապները նեռ թե՛ եվրոպական
և թե՛ ասիական։
Մերսոպ Մաշտոցը՝ աստղակիրը սուրբ
Բառեր է կերտում,
Բազմած թևերին բյուր կռունկների,
Եվ ուղորդվում է
Դեպի խորքերը բանականության։
Աստվածաշնչյան մի հեգ աղավնի
Մի ավետաբեր այսպես է ասում՝
Մի մարդ արարած,
Հանուն մի բառի,
Միակ մարմինն իր
Դաջեց սուրբ խաչին։
Ի՞նչն է ինձ համար սուրբ այս աշխարհում.
Բաբկեն Սիմոնյան պոետն է խորհում՝
Հայրս ու մայրս, տունս հարազատ…
ՄԻՉՈ ՑՎԻԵՏԻՉ
ԴԱՐԸ
Դեռ նոր է անցել դարը մշուշոտ,
Տարիներն անցա՜ն ու դարձա՜ն փոշի,
Սահեցին մեկեն հալվող ձյունի պես…
Իմ հոգին ինչ-որ բան է երազում՝
Անամոք մի ցավ է, որ կրում եմ դեռ՝
Լսելով անվերջ հեռու շառաչը ծանոթ ջրերի:
Տեսա ես նաև աշխարհը լուսե,
Որով իմ ստվերն է թափառում ասես,
Ձեռքբերումներս ու կորուստներս,
Կշռում եմ հիմա,
Ինչպես ափիս մեջ փոշին եմ կշռում
Շողացող ոսկու…
Որտե՞ղ է, որտեղ քավարանը այն,
Հարցնում եմ ես շվարած ու լուռ՝
Երկրի ընդերքո՞ւմ,
Բարձունքո՞ւմ երկնի,
Թե ծվարել է
Բանտված, արնածոր իմ ցաված սրտում:
ՊԵՐՈ ԶՈՒԲԱՑ
ԿՄՆԱ ՄԻԱՅՆ
Աչքդ կմոռանա
Քայլը իմ անորոշ,
Ունկդ կմոռանա
Իմ ծիծաղը անզուսպ,
Եվ շուրթերդ կմոռանան, գիտեմ,
Բառերն իմ դառնագին…
Ուսդ կմոռանա
Ափը իմ անկայուն
Միայն վարսերը քո
Կհպվեն իմ ձեռքին,
Որը կընդիմանա
Հորինված մի քամու:
ՊԱՈՒՆ ՊԵՏՐՈՆԻԵՎԻՉ
ԱՐՄԱՏՆ Է ՈՂՋ ՄՆՈՒՄ
Երբ գեղջուկն է մեռնում, ցավից հետո անգամ
Որպես առողջ արմատ` զավակներն են մնում…
Ու զվա՜րթ են նրանք, ինչպես օ՜րն է զվարթ,
Կյանքի կածաններով ժպիտնե՜ր են տանում,
Երազանքի այն նոր այգաբացի համար,
Երբ շուշաններ դարձած` շքեղաշուք ու վեհ,
Կիրագործեն մի օր սուրբ պատգամը նախնյաց:
ՅՈՎԱՆԿԱ ՍՏՈՅՉԻՆՈՎԻՉ-ՆԻԿՈԼԻՉ
ՄԻ ՔԻՉ
Եթե դու մասն ես իմ չունեցածի,
Ուրեմն՝ վերցրու տառապանքներս,
Որոնք մահվանից ծանր են ավելի…
Լոկ այն ժամանակ դու կհասկանաս
Որքան քիչ լույս է անհրաժեշտ կյանքին:
ՄԻԼԵՆԱ ԴՐՊԱ
…ՈՐ ՔԱՐ ՉԴԱՌՆԱՄ
Սովորեցրել են,
Որ հոգուս խորքում
Ես հյուսեմ բներ,
Թռչուններ սիրեմ,
Քանի դեռ իրենց թևերով նազուկ
Չեն ճախրում հեռու…
Երբ թևեր առան
Ու թռան մի օր թռչունները իմ,
Դասավորեցի բառերս հատ-հատ
Նրանց բներում,
Որ այնտեղ, խորքում,
Ձեռքերս հանկարծ
Քարեր չդառնան…
Թարգմանությունը սերբերենից
Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԻ
