Հենրիկ Հովհաննիսյանի նոր ժողովածուն խորագրված է «Գեղարվեստական ձևերի բովանդակությունը»: Այն ունի նաև երկրորդ, մասնավորեցնող ենթավերնագիր՝ «Պատմաբանասիրական և տեսական զննումներ, Էսսեներ, Չափածո խոհեր»:
Ժողովածուն մեծարժեք է իր խնդիրների բազմազանությամբ: Այն յուրօրինակ ընտրանի է, որը խիստ պիտանի է թե՛ արվեստագետին և թե՛ գրականագետին:
Ժողովածուի բովանդակությունը փաստում է հեղինակի բազմագիտակությունը և նրա խոր ծանոթությունը համաշխարհային արվեստին ու գրականությանը: Նրանում գտնում ենք բանասիրական ու արվեստագիտական գյուտեր, որոնց հիմքը փաստն է և սկզբնաղբյուրների իմացությունը:
Գրքից զգացվում է լեզուների իմացություն, նաև գրաբարյան բնագրերի քաջիմացություն, որը հեղինակին հնարավորություն է տվել հետևելու հայ գրականության ու արվեստի զարգացմանը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը:
Հենրիկ Հովհաննիսյանը հայ թատրոնի պատմության և զարգացման եզակի տեսաբաններից է: Բոլոր դարերում էլ թատրոնը եղել է մարդկային կյանքի արտացոլման ձևերից մեկը, որը ձևային և բովանդակային առումով շատ փոփոխությունների ենթարկվելով՝ շարունակում է մնալ որպես կյանքը արտացոլող միջոց: «Դրամայի բնազանցական զուգահեռը» նորություններով լի հետազոտության մեջ հեղինակը թատրոնը համեմատում է շախմատի հետ. «Շախմատի վարպետներն ու մեկնաբաններն ասում են, թե դա «կյանքի արտացոլումն է» (Մ. Բոտվիննիկ) (էջ 148): Բացատրվում է, թե որքան ճիշտ են նկատել երևույթի համեմատական զուգահեռը շախմատը հասկացող մարդիկ: Ի դեպ, այդ մտքին հանդիպում ենք նաև XII դարի Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Տղայի (կաթողիկոս 1173-1193) մի բանաստեղծության մեջ.
Աշխարհ՝ ի խա՜ղ, անկեալ,//Որպէս ճատրակ է… (Գրիգոր Տղա, բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1972, էջ 167):
Գրախոսվող գրքում կարդում ենք. «Մեկնաբանները ներշնչվում են խաղի դրամատիզմով, թատրոն են տեսնում և այնուամենայնիվ արտաքին համեմատականներ չեն փնտրում» (էջ 152):
Բարեբախտաբար Հենրիկ Հովհաննիսյանը, որը հրաշալի գիտի հին հունական թատրոնը, եղել է Հունաստանի ամենահռչակավոր թատրոնում՝ Էպիդավրոսում, որն առ այսօր հիանալի պահպանված է: Հունահռոմեական թատրոններ որքան ասես կարելի է տեսնել թե՛ Հունաստանում, թե՛ Իտալիայում, թե՛ Կիպրոսում, ներկայիս Թուրքիայի հունահռոմեական տարածքում: Սակայն Հայաստանում՝ ոչ: Արտաշատի ու Տիգրանակերտի թատրոնների հետքերն անգամ ջնջված են: Երբ անգլիացի նշանավոր ճանապարհորդ Ռոբերտ Քեր Պորտըրը XIX դարի երկրորդ տասնամյակին եկավ Հայաստան, այցելեց Երևան, Էջմիածին, Արմավիր, սքանչացավ Անիի ավերակներով, սակայն հռչակավոր պատմական Արտաշատի մասին ասաց, որ տեսել է միայն նշանավոր քաղաքը որպես գերեզման: Հելլենական թատրոնի ազդեցությամբ ստեղծված հայկական թատրոնի մասին գրքի հեղինակն իրավացիորեն գրում է. «Այն, ինչ տեսնում ենք Տիգրանակերտում և Արտավազդի պալատում, հունականի շարունակությունն է Հունաստանից դուրս» (էջ 40): Սա ակադեմիական գիտական մակարդակն է, երբ ազգը չի ժխտում օտար մշակույթի բարերար ազդեցությունը: Հատկանիշ, որը շատ ցայտուն է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ:
Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմը շատերի հիացմունքի առարկան է եղել: Դա հեթանոսական Հայաստանի ազնվականների կյանքից մի չքնաղ բեկոր է: Սյունյաց Բակուր նահապետի գեղեցիկ հարճ Նազինիկի և Բագրատունի Տրդատի՝ վերջինիս փախցնելու պատմությունն է: Իսկ նման արարքի պատճառը հետևյալն է՝ ըստ Խորենացու՝ տեսեալ Տրդատայ զկին մի, զի յոյժ գեղեցիկ էր և երգէր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ՝ տրփացաւ և ասէ զԲակուր. «Տուր ինձ զվարձակս զայս». և նա ասէ. «Ոչ տամ, զի հարճ իմ է» (Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 195):
Գիտնականը այդ դեպքը պատկերող նոր փաստեր է որոնում ոչ միայն Խորենացու երկում, այլ նաև ուրիշ աղբյուրներում: Եվ գրականագետներին մատուցվում է անակնկալ: Պարզվում է՝ Վարուժանի պատկերած Նազենիկի նախատիպին գումարվել է իրական գեղեցիկ մի դերասանուհի՝ Գուստավ Սալվինիի շրջիկ թատերախմբից: Այդ դերասանուհին իր գեղեցկությամբ եղել է թատերախմբի առաջատարը: Նրա անունն է Թինա դի Լորենցո (1872-1930): Նրա մասին պատմում է հանճարեղ Փափազյանը «Հետադարձ հայացք» գրքում: Վարուժանին խորհուրդ է տրվել Թինայի համար գրել թատերական պոեմ, որը Վարուժանը սկզբում անտեսել է, իսկ հետո ծնվել է հրաշք «Հարճը» պոեմը:
Ով կմտածի, թե Այվազովսկու արվեստը բացահայտելու համար զուգահեռ կտարվի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի նավաբեկության տեսարանի հետ: Թեոդոսիան Սև ծովի ափերին է, սակայն Այվազովսկին տեսել է շատ ծովեր ու օվկիանոսներ և ավելի քան որևէ մեկը զգացել ծովի ու նրա տարերքի կործանարար ուժը: Ուրեմն՝ ո՞րն է Այվազովսկու արվեստի ուժը, որով նա բոլորովին առանձնանում է բազմաթիվ նշանավոր ծովանկարիչներից ու ստեղծում է իր հետևորդների դպրոցը: Այս հարցերը քննվում են մի հոդվածում, որում բացահայտված են հայ մեծերի ներշնչված ու անձնական կապերը Այվազովսկու հետ: Հատկապես՝ դերասան Պետրոս Ադամյանի, որը նաև նկարիչ ու բանաստեղծ էր: Թումանյանը չէր տեսել Այվազովսկուն, սակայն նրա արվեստի ներգործուն ուժով վերջինիս համեմատում է վերերկրային ուժի հետ, որը կարող է սանձել ծովի անզուսպ տարերքը:
«Կանգնեցե՛ք», գոչեց վրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին (էջ 213):
Հովհաննես Թումանյանից մեզ դրամաներ չեն հասել, սակայն ինչ-որ առումով բանաստեղծն իրեն համարել է դրամատուրգ ու սիրել է թատրոնը: Հ. Հովհաննիսյանը «Սովի ժամանակից» երկը մեկնաբանում է որպես «պատահաբար գրված դրամա» (էջ 226):
Մենք երջանիկ ենք, որ տեսել ենք Վահրամ Փափազյանի խաղը թատրոնում, կարդացել նրա շքեղաշուք հայերենով գրված գրքերը և Հովհաննիսյանի «Փափազյանի հայ ուսուցիչը. Մարտիրոս Մնակյան» հոդվածից իմանում ենք, թե որքան մեծ դեր է ունեցել Մնակյանը Փափազյանի կյանքում՝ ճիշտ ուղղորդելով դերասանի մեջ եղած աստվածայինը: Փափազյանը խոստովանել է. «Այն ամենը, ինչ սովորեցրեց ինձ Մնակյանը, ինձ համար անսպասելի էր՝ գաղտնիքներ, ավանդույթ, լայն ինչպես աշխարհը, և պարզ, ինչպես ճշմարտությունը» (էջ 246):
Շատ ուշագրավ է «Առանց Դիոգենեսի լապտերի» խոհագրությունը: Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Եթե ես Ալեքսանդրը չլինեի, կուզեի լինել Դիոգենես»: Սակայն Հովհաննիսյանի հոդվածը բացահայտում է կյանքի իմացության նոր ծալքեր, լույսի-ստվերի նոր փոխհարաբերություններ, մարդու հնարավորության ու նախախնամության կապի նոր փաստեր: Չէ՞ որ Կորյուն վարդապետն ասում էր, որ Մաշտոցն իր ստեղծած այբուբենը տեսել է երազում՝ Աստծու ձեռքով գրված: Բարձր Վերածնության վիթխարի դեմքերը լույսի ու ստվերի կապն արտահայտում էին կտավներում: Այդ կա նաև Սալվադոր Դալիի «Խորհրդավոր ընթրիք» հռչակավոր կտավում: Հովհաննիսյանը երևույթը տեսնում է նաև կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի մի դիմանկարում, որում հնչյունը ծնվում է լույսից (էջ 193):
Դավիթ Անհաղթը իր փիլիսոփայական աշխատություններով խոր հետք է թողել հայ միջնադարի մեծ մտածողների վրա: Հովհաննիսյանին քաջ ծանոթ են Դիոնիսիոս Թրակացու՝ հայ մեկնիչների գործերը, որոնք ունեն ոչ միայն լեզվաբանական, այլև արվեստագիտական ու գրաքննադատական մեծ նշանակություն: «Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին» հոդվածում Հովհաննիսյանը մեկնաբանում է Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» գրքում եղած արուեստ և արհեստ բառերը ճիշտ հասկանալու կարևորությունը: Նրա կարծիքով՝ «Արուեստ բառը գործածվել է վաղ միջնադարի հայ մատենագրության մեջ նախքան հունաբան դպրոցի թարգմանական և մեկնողական գրականության երևան գալը» (էջ 64):
Գրքում տեսնում ենք Գրիգոր Լուսավորչի վարք-վկայաբանության բոլորովին նոր մեկնաբանություն, որում երևում են միջնադարի դրամայի հետքերը (էջ 50-62):
Հովհաննիսյանի գրքի առավելություններից է նաև այն փաստը, որն, ի դեպ, կա նաև նրա մյուս գրքերում, միջազգային ընդունված եզրույթները դնել նաև հայերեն թարգմանությամբ, որպեսզի չիմացողն առավել խորն ըմբռնի գրքի հեղինակի ասելիքը:
Մարդկության հնագույն մտածողությունն ունի բազում անհասկանալի ու անիմանալի գաղտնիքներ, որոնց հասկանալն ու բացատրելը հօգուտ այսօրվա են և ապագայի: Այս գիրքը ճշգրտորեն բացատրում է մի շարք գաղտնիքներ, որոնք իմանալը պարտադիր է:
