Թարգմանչաց տոնը Օշականում և ԿԱՆԹԵՂ թարգմանական մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 10-ին Օշականում  նշվեց  Թարգմանչաց տոնը: Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  գրողներն ու թարգմանիչները մասնակցեցին  Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված պատարագին ու ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի հանձնումը:  Այն  սկսվեց  Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի օրհնությամբ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Օշականում, որտեղ Մեսրոպ Մաշտոցն է հանգրվանել հավիտյան,  «Կանթեղ» մրցանակ հանձնելը մեծ իմաստ ունի: Ամեն ժամանակ իր պահանջներն է բերում, բայց ամեն ժամանակի մեջ հայոց գիրը, թարգմանչաց գործը մեծ սատարում է եղել պատմությանը»: Այնուհետև մրցանակները հանձնեց թարգմանիչներին: Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայաստանի գրողների միությանը իրենց թարգմանությունների արժևորման ու գնահատանքի համար: Սաքսոնիա-Անհալթի Ֆրիդրիխ-Բյոդեքեր միության նախագահ Թորսթըն Օլլեն խոսեց  Ֆրիդրիխ-Բյոդեքեր միության  և ՀԳ միության գործընկերության, թարգմանված «Վերջապես անցան սառը օրերը», «Հողը կը խօսի», «Ափ մը մոխիր» և «Կարոտի կամուրջներ» գրքերի ու համագործակցության շարունակման կարևորության մասին: «Ցավոք, այս անգամ ես այստեղ եմ կարճ ժամանակով, բայց գիտեմ, որ կվերադառնամ ձեր երկիր։ Խոսելու այն մասին, թե ինչ է փոխվել այստեղ։ Լսելու, թե ինչպես եք, ինչի մասին եք գրում։ Ո՞ւր է տանում ձեր ուղին»,- նշեց նա:

Էդվարդ Միլիտոնյանը «Գրական բարեկամ» դիպլոմ հանձնեց լեհ բանաստեղծուհի, թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլային՝ հայ դասական ու ժամանակակից գրականության`  հայերենից լեհերեն թարգմանությունների համար և նվիրեց ՀԳՄ-ի և  «Ծիծեռնակ» հրատարակչության հրատարակած՝ նրա լեհերեն-ռուսերեն-հայերեն բանաստեղծությունների «Խոստովանություն» ժողովածուն: Կալինա-Իզաբելա Զիոլան շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի արժևորման ու գրքի հրատարակման համար: Անդրե Շինքելն ընթերցեց հայ բանաստեղծների ստեղծագործությունների իր գերմաներեն թարգմանությունները, իսկ հեղինակները՝ հայերենը: Իրենց բանաստեղծություններն ընթերցեցին Խաչիկ Մանուկյանը, Գոհար Գալստյանը, Հերմինե Նավասարդյանը, Շանթ Մկրտչյանը, Գագիկ Դավթյանը, Անուշ Վարդանյանը և Գագիկ Սարոյանը: Դրանք մեծամասամբ այն բանաստեղծություններն էին, որ տպագրվել են հայ և գերմանացի գրողների ստեղծագործությունների «Կարոտի կամուրջներ» ժողովածուում: Արփի Ոսկանյանն ընթերցեց Անդրե Շինքելի բանաստեղծության իր թարգմանությունը:  Կալինա Իզաբելա Զիոլան ընթերցեց իր թարգմանած Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» գրքից նույնանուն բանաստեղծությունը: Հայերենն ընթերցեց բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը: Իր  թարգմանություններից  ընթերցեց վրաց բանաստեղծուհի, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին:

Տարբեր լեզուներով հնչող խոսքն ու բանաստեղծությունը  վկայում էին այն լույսի ու խաղաղության մասին, որ ի սկզբանե տրված էր ազգերին:

Սեփ. լրտ.

 

 

Ներկայացնում ենք Անդրե ՇԻՆՔԵԼԻ շնորհակալական խոսքը:

ԲԱՌԵՐԻՑ ԱՐԱՐՎԱԾ ԼՈՒՅՍ

Տիկնայք և պարոնայք, սիրելի ընկերներ.

Կարող եք պատկերացնել, թե այսօր Օշականում լինելուն արժանանալու  լուրն ինչպիսի անակնկալ էր ինձ համար: Ես քիչ բառեր գիտեմ ձեր գեղեցիկ լեզվից, և այս մրցանակն ընդունում եմ որպես գեղարվեստական թարգմանիչ, միջնորդ, որպես ձեր երկրի և ձեր մշակույթի բարեկամ։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինելը։ Ես առաջին անգամ Օշական եկա 2011 թ. և այն ժամանակ, ինչպես և հիմա, տպավորված եմ այն մեծ հարգանքով, որ «խոսքի մարդիկ» վայելում են Հայաստանում։ Քանի որ ես ինքս բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր և մանկական ստեղծագործությունների հեղինակ եմ, խորապես հուզված և երախտապարտ եմ դրա համար։

Այն, որ գիրը, գրավոր խոսքը պետք է սուրբ լինեն, ավելի ճիշտ, որ դրանք սուրբ են, ես այստեղ սովորեցի՝ Օշականում, Երևանի Մատենադարանում, Շիրակում և Գորիսում։ Ես դա զգացի նաև 2012 թ., երբ դեռ հնարավոր էր տեսնել Շուշին, Ստեփանակերտն ու Վանքը, որտեղ Գանձասարի վանք այցելեցի և մասնակցեցի օծման մի արարողության՝ փորձառություն, որը երբեք չեմ մոռանա։ Այս անհանգիստ, անդունդի ծարավի ժամանակներում մենք հաճախ մոռանում ենք, որ լեզուն ու գիրը մեր հաղորդակցման միջոցներից են, և որ ճիշտ է շարունակել զրույցը, գրի առնել մեր մտքերն ու զգացմունքները և այդպիսով լավագույնս պահպանել դրանք հավերժության համար։

Ձեր մշակույթի մեծ մարդիկ, որոնց այսօր մենք մեծարում ենք, Մեսրոպ Մաշտոցը կամ Սայաթ Նովան, այդպես են վարվել, և դա օգնել է այն դժվարին ու մութ ժամանակներում։ Մենք նրանց կարիքն ունենք նաև 21-րդ դարում, մենք պիտի կառչենք բառերի վեհությունից և գեղեցկությունից՝ հուսալով, որ դրանք կխեղդեն զայրույթի ճիչն ու գոռոցը, սուտն ու կեղծիքը, ցասումն ու մոլեգնությունը, որոնք, տարօրինակ է, դարձյալ կան: Հայ ժողովրդի անդունդի հետ ունեցած փորձառությունները, այն փորձառությունները, որոնք նա ստիպված է եղել ունենալ, հուզում են ինձ, և ես հիշում եմ Գրականության տանը Հալլեում խորապես հուզիչ ընթերցումը, որ վարում էի իմ հայերեն առաջին թարգմանչի՝ Հերմինե Նավասարդյանի և Արմենուհի Դրոստ-Աբգարյանի հետ։ 2023 թ. աշունն էր. Լեռնային Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ Արցախը, նոր էր ընկել։ Ես հազվադեպ եմ ունեցել նման հուզիչ երեկո։ Ես խոսել եմ դրա մասին դասախոսությունների ժամանակ, երբ Գերմանիայում ներկայացրել եմ Հայաստանը, հայ ժողովրդին, նրա մշակույթն ու պոեզիան, 2024 թ. Էդենկոբենում կայացած «Հարևանների պոեզիա» հանդիպման ժամանակ, և անցյալ տարի, երբ մենք միասին Նաումբուրգի մոտ համաժողովի ընթացքում  «Կարոտի կամուրջներ» անթոլոգիայի թարգմանության վրա աշխատեցինք, որ շատ կարևոր էր… հատկապես Հալլեում, որտեղ քաղաքի կենտրոնում խաչքար կա, որ պատմում է Եվրոպայի անծայրածիր ստեպների ու Կովկասի բարձունքների միջև բարեկամության մասին։ Ես այն ներառել եմ մի քանի բանաստեղծություններում՝ «Արարատի ներքո», որին հաջորդում են Ծաղկաձորի, Սևանա լճի և Էրեբունի ամրոցի մասին տեքստերը: Եվ վերջապես, իմ բանաստեղծությունների վերջին հատորն ավարտվում է «Հրաժեշտ Գանձասարին» լուռ հարգանքի տուրքով… Մտածում եմ սուրբ լեռան տեսարանի, այնտեղի մարդկանց բարության մասին, մտածում եմ Հայաստանի հովիտների, Հանրապետության հրապարակի պատմության թանգարանի մասին, մտածում եմ Էջմիածնի և Ծիծեռնակաբերդի, Սիամանթոյի ու Ռուբեն Սևակի բանաստեղծությունների մասին, մտածում եմ  Սյունիքի ժայռապատկերների մասին, այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, և վերադառնում ​​տառերին, որոնք ամեն ինչ միավորում են գրելու սնուցող, բուժիչ շնորհին։

Գրող դառնալը փրկեց իմ կյանքը։ Ես ավելի ուշ հասկացա, որ պոեզիան համաշխարհային լեզու է, իր լավագույն դրսևորմամբ՝ սիրո լեզու։ Թարգմանելը, բանաստեղծականացնելը նույնպես այս սիրո մի մասն է, և այս մրցանակի անունը, որ տրվեց ինձ, խոսում է դրա մասին. այն  լույսի, որ թարգմանչի լեզուն բերում է բնօրինակ լեզվից, որը մինչ այդ, երբ մայրենի լեզու չէ, անհասկանալի է մարդուն, սիրո և կարեկցանքի, միաժամանակ խոնարհության և համարձակության վարժանք է. միայն այս կերպ կարող է ձայնը ճամփորդել մի լեզվից մյուսը և մեզ փոխանցել այն մարդկանց զգացողությունները, որ խոսում են դրանով իրենց ուրախության և հույսի, իրենց տառապանքի և իրենց արցունքների մասին: Թարգմանությունը սիրո և հասկանալու ցանկություն է, մեր նմանությունը ճանաչելու։

Ես միշտ սիրելու եմ այս երկիրը ու նաև մտահոգվելու եմ նրա համար։ Քաոսի դարաշրջան է, և ես ուզում եմ ձեզ ասել՝ եկեք կարգի բերենք քաոսը և սանձենք այն՝ միմյանց հետ զրուցելով և շարունակելով զրուցել՝ հետաքրքրված ու լուռ, բարձրաձայն ու զարմանքով։ Եկեք հավատարիմ մնանք մարդկայնության սկզբունքներին, եկեք չկորցնենք մեզ։ Մենք կհաղթահարենք աշխարհի սպառնալիքները, եթե լսենք միմյանց և բաց լինենք այն ամենի առջև, որ հուզում է ուրիշներին։ Ես շնորհակալ եմ բոլոր բանաստեղծներին, որոնց հանդիպել եմ այստեղ, հատկապես նրանց, որոնց ստեղծագործությունները կարողացել եմ թարգմանել։ Շնորհակալ եմ իմ թարգմանիչներին՝ Հերմինե Նավասարդյանին, Արփի Ոսկանյանին և այլոց: Շնորհակալ եմ Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսությանը և Հայաստանի գրողների միությանը, Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայսին և նրա ներկայացուցիչներին, այն կանանց, որոնք ինձ շնորհեցին  իրենց սիրելու արտոնությունը, ընկերներիս՝ իմ սառը հայրենիքում և այստեղ՝ Կովկասում։ Շնորհակալություն Սանդրա Հոյխելին, Թորսթըն Օլլեին, Էդվարդ Միլիտոնյանին, Լևոնին, Յանկոյին, Արմենուհուն:

Ես պատվով կվերադառնում  Գերմանիա և, նույնիսկ եթե այնտեղ այժմ արվեստի համար պայմաններն ու հանգամանքները բարդանում են, չեմ հոգնի հանդես գալ հանուն ժողովուրդների ու մշակույթների մերձեցման և բարեկամության… Ես մաղթում եմ հայ ժողովրդին՝ Հայկի զավակներին, խաղաղություն, ուրախություն, լսելիություն աշխարհում և երջանկություն։ Եթե Արգիշտին ասում է՝ «Հողն ամայի էր…», թույլ տվեք, թերևս, Մեսրոպի շուրթերով հնչեցնել նրա խոսքերը՝ «այստեղ ես մեծ գործեր կատարեցի»: Այս մրցանակի լույսը նվիրում եմ իմ դուստրերին, որոնք շատ ավելի մեծ են, քան այն ամենը, ինչի մեջ ես երբևէ ներգրավված եմ եղել։ Նրանք ինձ որպես երջանիկ մարդ են տեսնում… Շնորհակալություն:

 

ԿԱՆԹԵՂ

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

 

Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Ռուսերենից հայերեն գեղարվեստական թարգմանությունների համար

 

Գառնիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ֆրանսերենից հայերեն գեղարվեստական թարգմանությունների համար

 

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Գերմաներենից և անգլերենից հայերեն գեղարվեստական թարգմանությունների համար

 

Անդրե ՇԻՆՔԵԼ

Հայերենից գերմաներեն գեղարվեստական թարգմանությունների համար