ՌՈՄԱՆՍ՝ ԳՐՎԱԾ ՍԻՐՈՎ/ Նարինե ԱՎԱԳՅԱՆ

ՌՈՄԱՆՍ՝ ԳՐՎԱԾ ՍԻՐՈՎ

Մնա ինձ հետ, ինձ հետ մնա այսօր,

Խելապատառ վազքի մեջ կյանքի,

Մղումով՝ կենսական, անգիտակից,

Թևերին սիրո աննենգ տենչանքի,

Անձրևից ասղընտված քնատ մայթերին …

 

Մնա ինձ հետ, ինձ հետ մնա այսօր,

Խենթ նկարչի վրձնի միջամտությամբ,

Անցյալի հետագծով մոռացության,

Գինու զգլխիչ անուշահոտությամբ,

Լուսաճառագված օրոցքում սիրո…

 

Մնա ինձ հետ, ինձ հետ մնա այսօր,

Կտրվենք մթին ջրերի ճոճքին,

Հետո կհագնենք լույսը սրսփուն,

Կդիտենք հրախաղն իրիկնամուտի,

Կդիմավորենք այգը ոսկեվարս…

 

Մնա ինձ հետ, ինձ հետ մնա այսօր …

 

***

Ու քո մատները կրկին կընկղմվեն

Մեղքորեն բորբոք իմ վարսերի մեջ,

Թրթռումները նրանց կգրկեն,

Կսուզվեն անանց վայելքների մեջ:

 

Մի ուրիշ երկինք կժպտա վերից

Կբացվի քո դեմ մի ուրիշ աշխարհ,

Հոգիդ՝ խոնջացած տամուկ օրերից,

Կարթնանա գրկում իմ սիրածրար…

 

Եվ սիրո աննենգ տենչանքի ծովում

Խռովուն վայելք կծնվի նորից,

Կըեռա սիրո կարմրափայլ քաղցուն,

Կըմբոշխնենք նրան կենաց տակառից…

 

Մեր հին օրերի ուրվականներին

Չեմ ուզում որսալ խորանիս ստվերում,

Մենք հեռացել ենք մեր անցյալներից,

Բայց հայտնվել ենք միմյանց ներկայում…

 

Քո մատները տաք կրկին կդողան

Սիրով տոչորված խենթ օրերի մեջ,

Հույսեր կծնվեն, լույսեր կշողան

Գիշերվա մթար հրայրքների մեջ…

 

Ասում են՝ սերը ապրում է այնտեղ,

Որտեղ սերերը երբեք չեն մեռնում…

 

 

 

 

ՈՒ ՔԻՉ ԷՐ ԷԼԻ…

Հոգիս հանեցի, տվեցի նրան,

Վրձնեցի կյանքին սեր անանձնական,

Ու քիչ էր էլի…

 

Մատներիս քնքուշ շոյանքը գրկեց,

Փայփայանքներս տրոփից զրկեց,

Ու քիչ էր էլի…

 

Խարիսխ ձգեցի անհոգի ափին,

Հանձնեցի սիրտս պիրկ բազուկների

Անդուռ վանդակին,

Ու քիչ էր էլի…

 

Սպառվեցի անկիրք մոմալույսի պես,

Հեռացավ հանգիստ, անլուր ու անտես,

Ու քիչ էր էլի…

 

Լռության ճիչը արցունքով օծվեց,

Ծվատված ցավը իր գիրկը բացեց,

Ու քիչ էր էլի…

 

Կարկամեց ժպիտն, ու լացը ցնծաց,

Լուսինը թախծիս մրմունջով տնքաց,

Բայց քիչ էր էլի…

 

Ախ, քիչ էր էլի…

 

*

Գազօջախին

բլթբլթացող սուրճն

ինձ վերադարձրեց

իրականություն:

դուռը քեզնից անջատող

նեղ արահետը

տարավ ննջասենյակ,

որտեղ ապրում ենք

ես ու վերնաշապիկդ…

այն չեմ լվանում.

քեզաբույր է…

անձրև է, և զգում եմ

պատուհանի տակ աճող

ծաղկից ինձ փոխանցվող

կաթիլների սարսուռը.

տես՝ ինչպես է

թպրտում երկինքը.

աստղերն են դողում…

մերկ են…

իմ ներսում

կանգ է առնում ժամանակը…

վերադառնում եմ սենյակ…

շարունակում եմ ապրել

վերնաշապիկիդ մեջ…

*

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,

Որ ես գունանամ քո յոթնալույսով…

Ի՜նչ է մի կյանքը, երբ քո գրկի մեջ

Հազար կյա՜նք արժե մեռնելը հույսով…

 

Դու ելևէջվիր, ջութակվիր իմ մեջ,

Եվ թող դաշներգեն համբույրներս քեզ,

Կյանքը ի՜նչ է որ, ա՜խ, մեռնել արժե,

Թե օրս մերկ է, թե օրս՝ անքեզ…

 

ԿԱՊՈՒՅՏԻ ՄԻՋՈՎ

Ծաղկահյութվել ես լայնբաց թևերիս,

ու տանում եմ քեզ կապույտի միջով,

քո նեկտարվելը քաղցրասեր քիմքիս

խլացրել է տանջանք ու խռովք…

 

մտահայել եմ հոգուդ տներում,

ուր ամեն անկյուն իր ժպիտն ունի,

երբ վերադառնամ, իմ տաք ափերում

քո հեռուներից գարուն կլինի…

 

ներսում հնչում են քեզասեր տաղեր,

դրսում մեկ է թե` ինչ լինի, լինի…

ես ներսերում եմ սիրում ամբարվել,

դուրսը իմը չէ, դու հանգիստ քնիր…

 

Ծաղկահյութվել ես մերկ պարանոցիս,

ու շափաղում ես իմ աշխարհներում,

քո նեկտարվելը քաղցրասեր քիմքիս

կպչուն մատներիդ տրոփն է բերում…

 

ես տանում եմ քեզ կապույտի միջով…

կապույտի… միջով…

*

Օդի մեջ կախվել է մի կապո՜ւյտ երազ։

Ա՜խ, տեր իմ Աստված,

ինձ թևեր են պետք…

Մատներիս միջով սյուքի պես լռի՜կ

երջանկությունը մաղով է անցնում,

ինձ թևեր են պետք՝

լայն փետուրներով,

որ ծակոտիկներ

չունենան բնավ։

Կապույտ երազը՝

նա ինձ է սպասում…

 

*

այս գինին կապույտ-կապույտ երակներ ունի,

կապույտ-կապույտ մատներ,

կապույտ-կապույտ հոգի…

 

այս գինին  հոսում է

գվատեմալական լեռներից

և թափվում ծոցը գուանաբարայի…

 

այս գինին գիշերվա քունը ծվատող ծղրտոց ունի,

որի մեջ խեղդվում են ակնաբիբերի

պայթյունները խուլ …

 

այս գինու միջով կապույտ-կապույտ ժամանակն է հոսում,

և մի զույգ կապույտ ոտքեր ըմբոշխնում են

հավաներայի հնչյունները կապույտ…

 

այս գինին երգում է իմ կապույտ-կապույտ երակներում,

այս գինին կապույտ-կապույտ կամուրջ է իմ ու քո

կապույտ անցյալների միջև…